05 09 2022

Առաջարկությունը ցինիզմի ոչ եզակի նմուշ է

Առաջարկությունը ցինիզմի ոչ եզակի նմուշ է

Նիկոլ Փաշինյանի գլխավոր դատախազը, նախկին դառնալուց առաջ, ցնցող առաջարկություն արեց՝ վերականգնել մահապատիժը: Ըստ որում, վերականգնել կոնկրետ 1 հանցատեսակի հետ կապված. պետական դավաճանության:

Մեր առօրյայում ու շուրջբոլորը ծավալվող ողբերգական ֆարսի պայմաններում մահապատժի վերականգնման առաջարկությունը ցինիզմի ոչ եզակի նմուշ է: Մանավանդ, որ առաջարկությունն արվում է այն «գործչի» կողմից, ով, ունենալով առավել քան բավարար հիմքեր ու փաստեր, այդպես էլ չհամարձակվեց անցած երկու տարվա ընթացքում պետական դավաճանության համար մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարության ու կուսակցության անդամների:

Սկզբունքորեն, մահապատժի վերականգնումը, որն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի մնացորդների դեմ պատժամիջոցների կիրառմանը, կարող է ընդունելի լինել երբեմնի հասարակության մի որոշակի մասի համար: Պետական դավաճանության համար մահապատիժը, օրինակ, կարող է ընդունելի լինել շատերի համար, պայմանով, որ անխուսափելիորեն կիրառվի անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր քաղաքական շրջապատի նկատմամբ, հասկանալի է՝ համապատասխան «նյուրնբերգից»՝ դատ-դատաստանից հետո: Կլինեն մարդիկ, որ կպահանջեն, որ ոչ միայն մահապատիժ կիրառվի, այլև կոնկրետ պատժատեսակ կնշեն:

Բայց մյուս կողմից, կարելի է չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանի գրպանային «գլխ.դատախազի» հիշյալ առաջարկությունն ընդամենը էժանագին քարոզչական հնարք է՝ լրացնելու համար Արցախն աղետի մատնելու, Հայոց բանակին ահռելի կորուստներ պատճառելու, հայությանը պարտության մատնելու մեղավորության անջնջելի խարանը Նիկոլ Փաշինյանի վրայից «մաքրելու» և զանազան «սլաքավարների» գրպանները գցելու այս օրերին ծավալվող «օպերացիան»:

Խոսքը, տվյալ պարագայում, Արցախի ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանին, նրան այդ պաշտոնում նախորդած Ջալալ Հարությունյանին մեղադրանքներ ներկայացնելու մասին է: Ըստ որում, նրանցից առաջինը ձերբակալվել էր, երկրորդի նկատմամբ կիրառվել է խափանման այլ միջոց: Նրանցից առաջինը Արցախի նախագահ համարվող Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր ձերբակալվելու պահին, երկրորդը՝ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Արցախն աղետի մատնելը, Հադրութը, ապա նաև՝ Շուշին թշնամուն հանձնելու ամբողջ մեղքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ձգտում է ջարդել այս երկու գեներալների վրա: Ավելին, փորձ է արվում պետական մակարդակով ամրագրել բացարձակ կեղծիք առ այն, թե Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը բացարձակապես միանձնյա են կայացրել որոշումներ, որոնք ունեցել են ճակատագրական հետևանքներ:

Ու այստեղ հարցեր են ծագում: Հարցերից առաջինն այն է, թե 2020-ի նոյեմբերից մինչև հիմա, համարյա 2 տարի, այդ ինչո՞վ էին զբաղված, որ նոր-նոր են մեղադրանքներ ներկայացնում: Երկրորդ. եթե Ջալալ Հարությունյանը նման ծանր մեղադրանքների ենթակա մեկն է, ապա այդ ինչի՞ համար ու ինչի՞ հիման վրա է, օրինակ, նույն Արայիկ Հարությունյանը 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ այժմ գեներալին մեղսագրվող սխալների հետևանքները գոնե նրան ու իր վերադաս Նիկոլ Փաշինյանին ակնհայտ էին, նույն Ջալալ Հարությունյանին շնորհել Արցախի հերոսի կոչում: Ավելին, Ջալալ Հարությունյանին, պատերազմից հետո, ինչպես նշվեց, վստահվել է բարձր պաշտոն ՀՀ ՊՆ համակարգում: Ինչի՞ հիման վրա:

Է՛լ ավելին. անձամբ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 15-ին հանդես է եկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին (երևի հաջորդ մեղադրյալը կլինի) գեներալ-գնդապետի կոչում շնորհելու միջնորդությամբ: Ինչի՞ հիման վրա: Ու առավել ևս՝ հենց այն ժամանակ, երբ հոկտեմբերի 6-ի «ափալ-թափալ հակահարվածի» ձախողման ու ծանր հետևանքների մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող տեղեկացված չլինել:

Հարցեր շատ ու շատ կան: Եթե, օրինակ, Ջալալ Հարությունյանն էր միանձնյա որոշումներ կայացնում (ինչը բացարձակ փչոց է, իհարկե), ապա ի՞նչ բանի էր Աննա Հակոբյանը հրամանատարական «բունկերում», ինչո՞վ էր զբաղված, օրինակ, Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը, ի՞նչ էր անում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Այդ ինչո՞ւ էր նա՝ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 6-ին օտարերկրյա ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում աքլորանում «հուժկու հակահարվածի» թեմաներով:

Բայց լավ է, լավ է, որ և՛ Ջալալ Հարությունյանին, և՛ Միքայել Արզումանյանին մեղադրանքներ են ներկայացվել: Լավ է այն իմաստով, որ նրանք միգուցե հասկանան, որ քանի դեռ իրենց չեն գնդակահարել կամ, քանի դեռ նիկոլական ռեժիմը որևէ այլ կերպ իրենց գլուխները չի կերել, ազնվորեն պիտի պատմեն հանրությանը, թե «ում հետ էին շաշկի խաղում», թե ովքեր են եղել իրական դավաճանները, միտումնավոր սխալ որոշումներ պարտադրողները, Արցախի ու Հայոց բանակի նախկին ղեկավարներին պատերազմից ու որոշումների քննարկումներից արհեստականորեն մեկուսացնողնաերը:

Հա, իսկ կոնկրետ պետական դավաճանության համար մահապատիժը իսկապես արժե վերականգնել: Ցից հանելն էլ վատ տարբերակ չէ, ի դեպ: 

 

Արմեն Հակոբյան

 

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ