14 07 2022

Ուզում եք բիզնեսը ծաղկի՞, տնօրեն նշանակեք Փաշինյան ազգանուն ունեցողի

Ուզում եք բիզնեսը ծաղկի՞, տնօրեն նշանակեք Փաշինյան ազգանուն ունեցողի

Մամուլը օրերս նյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես 50 հազար դրամով գնվել է ՀԷԿ, որի տնօրեն է դարձել Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, իրենց պատկանող՝ Մարց գետի վրա գործող ՀԷԿ-ը վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն՝ աչաջուրցի 20-ամյա Յուրի Քոքոբելյանին։ Նույն օրն այդ ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել միայն 2018-ի հեղափոխությունից հետո։ ՀԷԿ-ը, Խաչատուր Քոքոբելյանի 20-յա եղբորորդուն վաճառվել էր 50 հազար դրամով։

Յուրի Քոքոբելյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ նշելով, որ այդ ՀԷԿ-ը աշխատել է ոչ ամբողջ հզորությամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ունեցել է վարկային պարտավորություններ, որ չի կարողացել կատարել։ Բանկի, ՀԷԿ-ի նախկին սեփականատիրոջ և Յուրի Քոքոբելյանի միջև եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարք, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը:

Քոքոբելյանը նշում է․ «Ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որևէ կապ և առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առքուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է և իրականացնում է իմ՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահված գործառույթները»։

Իհարկե` հարցեր շատ են առաջանում և գլխավորը՝ ինչու են որոշել տնօրեն նշանակել Նիկոլ Փաշինյանի եղբորը, այն էլ մի ընկերության, որը չի կարողացել աշխատել, ունեցել է շուրջ 2,5 մլն դոլարի պարտավորություններ։ Եթե հնարավոր չի եղել այդ ՀԷԿ-ը աշխատացնել այնպես, որ միլիոնավոր դոլարների պարտավորությունը փակի, ինչո՞ւմ է վստահությունը, որ հիմա հնարավոր կլինի։ Գուցե վստահությունը նոր տնօրենի ազգանվան մե՞ջ է։ Արդյո՞ք Արմեն Փաշինյանը տնօրեն չի նշանակվել, որպես երաշխավոր, որ այդ թերի գործող բիզնեսը կծաղկի։ Բնականաբար, որպես երաշխիք էլ ներկայացվել է եղբոր վարչապետ լինելու փաստը։

Փաստերի ստուգման հարթակը օրերս հրապարակել էր փաստեր, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ ընդամենը հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած եղբայր Արմեն Փաշինյանը միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։

Նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրեն։ «Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։

Արմեն Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։

 

 

Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։

Նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։ 

 

 

Ստացվում է, որ Հեղափոխության արդյունքում մեր երկրում ի հայտ է եկել մի տաղանդավոր մենեջեր, որը մինչ այդ անտեսված էր ու ստիպված գնացել էր Ռուսաստան՝ խոպան։ Հիմա վերադարձել է Հայաստան և օգտագործելով ազգանունը` փող է աշխատում՝ այլ ազգանուններով ղեկավարներ ունեցող ու բանկրոտի հասած բիզնեսներին «երկրորդ կյանք» տալով։