07 06 2022

Բերետավորներին պետք է փորձաքննության ենթարկել

Բերետավորներին պետք է փորձաքննության ենթարկել

Դեռ նախքան հունիսի 3-ին Դեմիրճյան և Պռոշյան փողոցների միջակայքում ՀՀ ոստիկանության համազգեստ կրող հանցավոր տարրերի կողմից հայ մարդկանց բողոքի խաղաղ, անզեն ցույցի մասնակիցների վրա իրականացված թրքաբարո հարձակումը, արդեն կային որոշակի կասկածներ:

Ինչ վերաբերում է հունիսի 3-ին տեղի ունեցած և բազմաթիվ տեսագրություններով արձանագրված, փաստագրելի վայրագություններին, ապա այստեղ երկու կարծիք լինել չի՛ կարող. Այդ դեպքերի վերաբերյալ պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ, որի շրջանակներում անպայման որպես մեղադրյալներ պետք է ներգրավվեն ու անհապաղ կալանավորվեն ՀՀ ոստիկանապատի պաշտոնն զբաղեցնող՝ Նիկոլ Փաշինյանի «զեմլյակը», ոստիկանության զորքերի հրամանատարն ու տեղակալները, ոստիկանական համազգեստով քաղաքացիներին հոշոտող, միտումնավոր առողջությանը ծանր վնաս պատճառող բոլոր նույնականացված էակները: Հատուկ չեմ նշում՝ մարդիկ, որովհետև դրանք մարդ կոչվելու ոչ մի իրավունք չունեն: Ինչպես չունեն ազատության մեջ գտնվելու իրավունք, քանի որ վտանգավոր են հանրության ու շրջապատի համար:

Իշխանություն կոչված կամ կոչվող խմբոնը, իհարկե, հանձնարարել է կատարվածը բնորոշել որպես «զանգվածային անկարգություններ» ու այդ՝ բացարձակապես իրականությանը չաղերսվող բնորոշման պատրվակով ռեպրեսիաներ իրականացնել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Առավել քան ակնհայտ է, որ կատարվածը ոչ մի «զանգվածային անկարգություն» էլ չէր։ Չի արձանագրվել ցուցարարների կողմից ոչ մի ոստիկանի նկատմամբ հաշվեհարդարի, ոստիկանական որևէ տեխնիկա փչացնելու կամ հրկիզելու, որևէ շենք-շինության ապակիներ ջարդելու, կոշիկի կամ մթերային խանութ թալանելու և ոչ մի դեպք: Այսինքն, այն ամենը, ինչ եղել է ու տեսել ենք 2008-ի մարտ 1-ին, անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ իրականացված դեպքերի ժամանակ:

Ինչ վերաբերում է ներկային, ապա նմանապես, քննության են արժանի ոստիկանության համազգեստով հանդերձավորված, հատկապես՝ կարմիր և սև բերետներով մարդատյացների հետ կապված մի շարք կարևոր հանգամանքներ: Եթե նախորդ դեպքերում, մասնավորապես, մայիսի ընթացքում տարբեր ակցիաների ժամանակ արձանագրված ոստիկանական վայրագություններ կասկածներ էին հարուցել, ապա հունիսի 3-ին կատարվածից հետո սկսում է ձևավորվել համոզմունք, որ. Ա) դրանք իրականում ոստիկաններ չեն, բ) նրանք գտնվում են ինչ-ինչ թմրանյութերի, խթանող կամ անադեկվատ վիճակի հասցնող դեղանյութերի ազդեցության տակ:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա հայատյաց, մարդատյաց շրջապատը լիովին ընդունակ է ոստիկանության շարքեր ներգրավել ինչպես հանցավոր տարրերի, այնպես էլ՝ իր «օլիգարխների» այսպես կոչված «ախռաննիկներին» կասկածից վեր է: Ոտքից գլուխ ոճրագործությունների և հայ մարդկանց արյան մեջ թաթախված այդ անձինք ընդունակ են ցանկացած ստորության, ցանկացած արարքի: Անգամ, շատ հավանական է, որ նրանք, օրինակ, իրենց գործատու Էրդողանից ու Ալիևից նման կարգի աջակցություն խնդրած և ստացած լինեն: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այսպես կոչված կարմիր կամ սև բերետների տակ թուրքեր չեն:

Երկրորդդը. նույնիսկ հատուկ նման դեպքերի համար վարժված կամ վարժեցված լինելու հանգամանքը հաշվի առնելով, միևնույն է, անհնար է չնկատել կոնկրետ դեպքերի ընթացքում մի շարք կարմրասև բերետավորների ծայրահեղ անադեկվատ, մարդկային նկարագրի հետ ոչ մի աղերս չունեցող գազանային վարքն ու պահվածքը: Դա իսկապես էլ հիմքեր է տալիս լրջորեն կասկածելու, որ տվյալ կոնկրետ «բերետները» ինչ-որ հաբերի, խթանիչ նյութերի այդեցության տակ են: Ու դա, ի դեպ, հնարավոր է պարզել՝ համապատասխան փորձաքննությամբ:  

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ