Հունիսի 3-ի երեկոյան, Դեմիրճյան-Պռոշյան փողոցների միջակայքում, իսկապես էլ դրվեց վերջնական ջրբաժանը: Այլևս ակնհայտ է. կա՛մ դու Նիկոլի հետ ես ու դեմ ես Հայաստանի և հայության գոյությանը, կա՛մ դու հայ ես և կամենում ես նիկոլական ռեժիմից Հայաստանն ազատագրել, պետություն ու ազգություն ունենալ: Ու հարցն այս դեպքում այլևս Նիկոլի ու նրա ՔՊ-ին դեմ տրված հստակ հայտարարությունը չի, որի քննարկումից անգամ նիկոլական ռեժիմի սպասարկուները փախան, ինչպեսև՝ նախապես իրենց հանձնարարվել էր:
Փորձենք հակիրճ ու ամփոփ արձանագրել, թե ի՛նչ տեղի ունեցավ հունիսի 3-ի երեկոյան, այսպես կոչված «կառավարական դաչաների» մերձակայքում.
Ա) Այլևս ակնհայտորեն թշնամական՝ Հայաստանի գոյությանն ուղղակիորեն սպառնացող շահեր սպասարկող Նիկոլ Փաշինյանին ու նրա ռեժիմը հեռացնելու համար ավելի քան 1 ամիս ծավալված խաղաղ, ոչ բռնի պայքարում, որ յուրօրինակ «նյարդերի լարում» է նաև, սպասելիորեն, առաջինը տեղի տվեցին Նիկոլ Փաշինյանի նյարդերը:
Բ) Դրանով, կարելի է ասել, որ նրա «իշխանությունը» վերջնականորեն սպառվեց, պայթած ոստիկանական լուսաձայնային նռնակների հետ պայթեցին և նիկոլական ռեժիմի լեգիտիմության վերջին փշրանքները:
Ավելին, հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած վայրագությունների թե՛ քաղաքական, թե՛ քրեաիրավական ամբողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում են Նիկոլ Փաշինյանը, նրա անձնական պահպանությանը լծված «ոստիկանության» պետը և բոլոր այն «ոստիկանները», որոնք կատարել են դրանց ապօրինի հրամանները:
Գ) Նիկոլ Փաշինյանի հեռացումն ու անխուսափելի դատապարտումն այլևս անշրջելի է, անխուսափելի: Ծավալված և արդեն լիարժեք ազգային-ազատագրական բնույթ ստացած վերքաղաքական պայքարի որոշակի մարտավարության պարագայում, դա կարելի է նաև օրերի խնդիր համարել:
Դ) Բնութագրական է, որ ռեժիմի միակ հենարանը մնացած «ոստիկանությունը» վայրագությունների դիմեց, բռնություն և բիրտ ուժ, շատերի կյանքի համար վտանգավոր հատուկ միջոցներ կիրառեց բացարձակապես չարդարացված, անհիմն պայմաններում: Ըստ էության, «ոստիկանությունը» նախահարձակ եղավ ազգային-ազատագրական շարժման խաղաղ, անզեն, առանց բռնության կոչերի ընթացող երթի, խաղաղ ցուցարարների վրա:
Գործնականում, ցուցարարներն ընդամենը ցանկանում էին երթը շարունակել Դեմիրճյան փողոցով, որը «ոստիկանությունն» այդ պահին փակել էր, ինչն արդեն ոչ մի կերպ հիմնավորված չէր, քանի որ ԱԺ արտահերթ նիստի համար նախատեսված «պահեստային» 4 ժամն էլ էր լրացել: Առավել ևս՝ պայքարն առաջնորդող գործիչները որևէ պահպանվող տարածք մտնելու, որևէ այսպես ասենք՝ «շենք գրավելու», բռնությունների որևէ կոչ չէին արել, ոչ մի նման ընդգծված մտադրություն որևէ մեկի կողմից չէր դրսևորվել:
Նույնքան հատկանշական է, որ Նիկոլի «ոստիկանության կիրառած «հատուկ միջոց» լուսաձայնային առաջին նռնակները պայթեցին... հենց ոստիկանական պատվարի առաջին շարքում ու «ոստիկաններով» շրջապատված պարսպի մոտ: Ի դեպ, «ոստիկանների» շարքերում բեկորային վնասվածքներ ստացածների առկայությունը միմիայն դրանով է պայմանավորված: Այսինքն՝ կա՛մ Նիկոլի «ոստիկանները» բանի պիտանի չեն, այլ միայն կանանց մազեր քաշելու, ընկածի բերանին քացով հարվածելու, երեխայների ձեռք ուև ոտք կոտրելու ընդունակ սադիստներ են, բայց՝ «նռնակով կապիկ»-ի սինդրոմով, կա՛ս դա հատուկ էր արված, ցուցարարների «գրպանը գցելու» հեռահար նպատակով:
Առհասարակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը մի նոր «մարտի 1», զանգվածային արյունահեղություն անելն է, տասնյակ, իսկ միգուցե նաև՝ հարյուրավոր հայ մարդկանց սպանելն է: Դա՛ է նրա և նրա սպասարկուների սատանայական, հակահայ բուն նկարագիրն ու նեռային բնույթը: Պատահական դիպվածով զոհեր չեղան, բայց ոչ միայն «դիպվածով»: «Ոստիկանական» նախահարձակ սադրանքով ու սրիկայություններով հրահրված ընդհարումը, բացառապես պայքարն առաջնորդողների և ցուցարարների մեծամասնության շնորհիվ, չվերաճեց զանգվածային բախման:
Ե) Հունիսի 3-ից այլևս թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ռեժիմի ներկայացուցիչները, թե՛ նրանց ապօրինի, հակահայ ու անմարդկային հրամանները կատարող «ոստիկանները» օրենքից դուրս են: Ըստ որում, նրանք իրենք են իրենց դրել այդ վիճակում:
Զ) Ամենից կարևորը. ծավալված ազգային-ազատագրական պայքարը ոչ միայն չմարեց ու չի՛ մարելու, այլև շարունակվելու է շատ ավելի մեծ թափով և հասնելու է առաջադրած նպատակին: Հունիսի 3-ը իսկապես էլ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմի վերջի սկիզբը կարող է լինել: Ու նաև իրոք դրվեց վերջնական ջրբաժանը: Ըստ որում, այրված են ոչ միայն բոլոր կամուրջները, այլև բոցավառված են Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցավոր ռեժիմի հնարավոր «խաղեր տալու» ճանապարհները:
Այժմ Փաշինյանը միայն մեկ բան կարող է տալ. հրաժարական: Դատելով ամենից՝ նա ուզում է հարկադրանքով հրաժարական տալ: Մեղքն իր վիզը, ի հավելումն արդեն գործած նրա երկրավեր ոճիրներին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը