11 04 2022

Փաշինյանի «կլասիկ» հատուկ դեսպանը բավականին սև գործի վրա է

Փաշինյանի «կլասիկ» հատուկ դեսպանը բավականին սև գործի վրա է

Մի որոշ ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ «ընդդիմադիր աշխատելուց» հետո, «Լուսավոր Հայաստան» անվանմամբ կուսակցություն ձևավորած Էդմոն Մարուքյանը բացահայտվեց, որպես մոլեռանդ նիկոլական՝ ստանձնելով Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով դեսպանի» պաշտոնը կամ կարգավիճակը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց լիարժեք բացահայտել Մարուքյանին, որպես իր հանձնակատարի, թերևս գտնելով, որ նա որպես «գրպանային ընդդիմություն» արդեն իրեն անհրաժեշտ արդյունավետությունը չունի և սպառվել է: Ինչևէ:

Արձանագրենք. Էդմոն Մարուքյանը, որ ինքզինքը «կլասիկ» քաղաքական գործիչ է համարում, մեծ սիրով ու թերևս քղանցքահամբույր խոնարհ երախտագիտությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկած «հատուկ հանձնարարություններով դեսպանի» խալաթը և բուռն գործունեության է անցել: Արդեն իսկ պարզ է նաև, թե ո՛րն է Փաշինյանի կողմից նրան տրված հիմնական «հատուկ հանձնարարությունը», այն է՝ խառնակչական հայտարարություններ անել իրական ընդդիմության, հակաիշխանական ուժերի և գործիչների հասցեին, ի լրումն՝ հանրային հարթակներում որոշակի «գաղափարաքաղաքական հիմքեր» ստեղծել փաշինյանական հակաժողովրդական ռեժիմի կողմից ընդդիմադիրների ու իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների դեմ նորանոր բռնաճնշումներ, ազատությունների նոր սահմանափակումներ իրականացնելու համար: Նա, ինչպեսև բնորոշ է նիկոլական իշխանության տիպիկ ներկայացուցչին, բառերն ու հասկացությունները գլխիվայր շրջված գործածելու դիրքերում է (դա էլ, ի դեպ, մի առանձին ու հետաքրքիր դիտարկման առարկա է, ոչ միայն սույն դեսպանի պահով): Որքան էլ ասի՝ «Լուսավոր Հայաստան», նրա մղումներն ու գործողությունները միտված են Հայաստանի խավարմանը:

Այդ տեսանկյունից Փաշինյանի «հատուկ հանձնակատար-դեսպանի» վերոնշյալ խավարամուղ «առաքելության» բնորոշ նմուշ է նրա ապրիլի 11-ի ֆեյսբուքյան գրառումը: Էդմոն Մարուքյանն, ինչպես հայտնի է, օրերս մեկնել էր Արցախ: Նկատենք, որ փաշինյանական իշխանության ներկայացուցչի համար դա հազվագյուտ դեպք է՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում: Հայտնի է նաև, որ Ստեփանակերտի շուկայում Էդմոն Մարուքյանին բավականին «ջերմ» են ընդունել, այնպես, որ նա, ըստ այդ դեպքի մասին սոցցանցերում եղած գրառումների, այսպես ասենք՝ իր նախատեսածից ավելի քիչ ժամանակ է այնտեղ գտնվել ու շատ ավելի արագ է հեռացել:

Չնայած դրան, Էդմոն Մարուքյանը մի սրտակեղեք գրառում է արել առ այն, որ Արցախում մոտ 100 հոգու հետ է զրուցել և բոլորը կամ մեծ մասը հանդիմանել է, որ նրա ներկայացրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ «…ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», «Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն:

Հետագա հարցուփորձից Էդմոն Մարուքյանը, ըստ իր գրառման, հասկացել է, որ նման թեզերն իր զրուցակիցները բանաձևել են… դիտելով «5-րդ ալիք»-ի հաղորդումները և ինտեռնետային ԶԼՄ-ներ: Դրանից հետո, Էդմոն Մարուքյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի անմիջական, ավելին՝ «հատուկ դեսպանի» կարգավիճակակիր ներկայացուցիչ, վատ քողարկված, կամ ո՛չ էլ քողարկված եղանակներով, գործնականում կոչ է անում եթերից զրկել «5-րդ ալիք» հառուստաընկերությունը: Ըստ էության, Էդմոն Մարուքյանի տվյալ գրառումը ոչ այլ ինչ է, եթե ոչ.
ա) իշխանության վերահսկողության տակ չգտնվող լրատվամիջոցի նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու կոչ, կամ առնվազն հրահրում (դրանում համոզվելու համար բավարար է թռուցիկ դիտարկել նրա գրառման տակ եղած մեկնաբանություններում ընդդիմության ու կոնկրետ ԶԼՄ-ի դեմ բորբոքված ատելության խոսքի, վիրավորանքների հեղեղը),
բ) ոտնձգություն խոսքի ազատության հիմնարար սկզբունքների վրա,
գ) գրաքննության հիմքեր ստեղծելու դրսևորում:

Հընթացս նկատենք, որ գործող իշխանության պաշտոնական ներկայացուցչի կողմից այդ գրառումը պետք է արժանանա ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությանն ու դատապարտմանը: Ներկայիս ՄԻՊ-ին դիմելն անիմաստ է, քանի որ նա էլ է միանգամից բացահայտվել որպես Նիկոլ Փաշինյանի՝ «հատուկ հանձնարարություններով» մեկ ուրիշ դեսպան:

Իսկ հիմա գանք այն թեզին, որը Էդմոն Մարուքյանին այդքան դուր չի եկել, և որը նա մանիպուլյատիվ եղանակով օգտագործում է իր գրառման մեջ: Այն է՝ «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից»:

Այստեղ, իհարկե, պետք է որոշակի ճշտում անել. Արցախից ու Արցախի հայության ինքնորոշման իրավունքից «ձեռքերը լվացել է» ոչ թե Հայաստանը, որպես ժողովրդի ամբողջություն, այլ կոնկրետ Էդմոն Մարուքյանի ներկայացրած Նիկոլ Փաշինյանի վարչախումբը:

Ընդգծենք, որ Էդմոն Մարուքյանը ներկայացնում է մի իշխանություն, որը ա) կանխամտածված փակուղի է մտցրել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, բ) ժողովրդից գաղտնի ինչ-ինչ ուղղակի պայմանավորվածություններ է կայացրել Արցախը ոչնչացնելու և հայությանը բնաջնջելու ձգտող Ալիևի հետ, գ) միտումնավոր հրահրիչ հայտարարություններով արագացրել է թշնամու կողմից պատերազմական գործողությունների անցնելը և խնդրի ռազմական տարբերակով լուծելու «քարտ բլանշ» է տվել նրան, դ) ակնհայտ սխալ որոշումներով է վարել սկսված պատերազմը, թշնամուն է հանձնել Արցախի վերահսկած տարածքի մոտ 75-80 տոկոսը, դ) հազարավոր արցախցիների դարձրել է հայրենազուրկ և փախստական (Հադրութ, Շուշի, Կովսական, Քաշաթաղ, Քարվաճառ և այլն), ի լրումն՝ ե) կապիտուլյատիվ համաձայնություն է կնքել թշնամու հետ, զ) «բանավոր համաձայնություններով» թշնամուն արել է հավելյալ այնպիսի զիջումներ, որոնք անհնարին են դարձնում կամ էապես բարդացնում են Արցախի մնացած բեկորների վրա հայության անվտանգության ու արդյունավետ ինքնապաշտպանության հետագա հնարավորությունները:

Մի՞թե այդ ամենը հենց այն չէ, ինչը նշանակում է «ձեռքերը լվալ»: Ու պետք է չէ մանիպուլյատիվ բաներ ասել, թե՝ այ տեսեք, այսքան ու այսքան բյուջեից միջոցներ են հատկացվել Արցախին: Իսկ ի՞նչ է, ուզում էիք չհատկացնե՞լ, նոր ու թանկանոց «պադավատների» ախորժակներդ դեռ չեք բավարարե՞լ: Բա՛յց:

«Դասական» Էդմոն Մարուքյանին մի փոքր հուշում ոչ այնքան վաղ անցյալից: Բառացիորեն օրերս իր սիրելի Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպեց վերջինիս սիրելի գործընկեր Ալիևի հետ: Արցախի մասին այդ հանդիպման ժամանակ բան ասվե՞լ է: Ո՛չ: Արցախի հայության ինքնորոշման մասին բան ասվե՞լ է: Ո՛չ: Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի, ինքը լռությամբ է շրջանցել Ալիևի հրամանով այդ հանդիպման նախաշեմին Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերի հայաթափման, Քարագլխի՝ ռազմավարական նշանակության բարձունքը զավթելու ագրեսիվ գործողությունների փաստերը: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, որի ներկայացուցիչն է «հատուկ դեսպան» Մարուքյանը, Արցախում ծագած խնդիրները 99, եթե ոչ՝ 100 տոկոսով պատվիրակում է «ՌԴ խաղաղապահ ուժերին»:

«ՀՀ իշխանություն» ներկայացողների կողմից նման դիրքավորումը կարելի է վերծանել նաև այսպես. «Այ, Ռուսաստանը թույլ չտվեց, որ Արցախն ամբողջությամբ հանձնենք մեր խաղաղ հարևան ադրբեջանական թուրքերին, դե հիմա Ռուսաստանն էլ, ոնց կարողանում է, թող լուծի այդ խնդիրները»:

Սա ավելին է, քան «Արցախից ձեռքերը լվանալը»: Սա մի պահվածք է, որի համար քրեական օրենսգրքում կան որոշակի հոդվածներ: Երևի իշխանափոխությունից հետո, Էդմոն Մարուքյանն էլ շատ մոտիկից կծանոթանա այդ հոդվածներից մեկնումեկին:

Ի դեպ, եթե Էդմոն Մարուքյանը մոռացել է, թե նախքան պատերազմը, Նիկոլ Փաշինյանի հետ կոֆե խմելուց հետո ինչ կարգի մոլորեցնող հայտարարություններ է արել, ապա շետ-շատերը հիշում են ու տեղին և ժամանակին նրան դա՛ էլ կհիշեցնեն:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ