Արդեն երկու օր է, ինչ սոցցանցային լրահոսն ուղղակիորեն ողողված է հետևյալ ֆլեշմոբով․ «Ես (անուն ազգանուն)՝ որպես ՀՀ քաղաքացի, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել:
Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել:
Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք»:
Սա, հասկանալի է, ֆլեշմոբ է, մի նախաձեռնություն, որը, ի դեպ, այս ընթացքում տարբեր մարդիկ հասցրեցին նաև քննադատել (հիմնական դիտողություններից մեկը, որ այդ կերպ հարցեր չեն լուծվում, մյուսը, որ՝ Նիկոլ Փաշինյանին միևնույն է, թե ով իրեն մանդատ չի տվել կամ տվել է): Բայց դրսևորումն ինքնին ուշադրություն է գրավում, բնութագրական է և որոշակի դիտարկումների առիթ է տալիս:
Ամենից առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանին մանդատ չտալու մասին վերոբերյալ տեքստը շատ կարճ ժամանակում որքան լայն տարածում ստացավ: Սա ևս մեկ ակնհայտ վկայություն է այն բանի, որ թե՛ Նիկոլ Փաշինյանն անձամբ, թե՛ նրա այսպես կոչված՝ «թիմը», քպ-ներն ու մնացյալ սատելիտները չունեն հանրային աջակցություն: Պարզ է, որ հանրային տրամադրությունները ոչ միայն Ալիևի հետ սիլի-բիլի անող Փաշինյանի ու նրա քպ-ների օգտին չեն, այլև ուղղակիորեն դեմ են:
Այդ ֆլեշմոբի գրառման մեջ «մանդատ» բառի գործածումը դիտողության առիթ է տվել, թե՝ մանդատը ընտրություններով է տրվել: Առաջին հայացքից հիմնավոր դիտողություն է, բայց կան նրբերանգներ: Նախ՝ Արցախի խնդիրը, առհասարակ, Հայաստանի հետագա գոյության հարցը համազգային նշանակություն ունեն և չեն կարող վերաբերվել միայն Հայաստանի քաղաքացիներին: Երկրորդը. ոչ որպես ՀՀ քաղաքացի, այլ որպես հայ մարդ, արտերկրում գտնվող մի շարք հայրենակիցներ ևս նշել են, որ Նիկոլ փաշինյանին ոչ մի իրավունք չեն տվել՝ իրենց անունից հանդես գալու, առավել ևս՝ Արցախն ու Հայաստանը նրա ու իր քպ-ների սիրելի գործընկեր թուրքերին հանձնելու իրավունք չեն տվել: Առավել ևս, Նիկոլին նման մանդատ չեն տվել Արցախի հայերը:
Երրորդ, ինչ վերաբերում է ընտրություններին ու դրանով Նիկոլ Փաշինյանի ստացած իբր՝ «չագուջե» մանդատին, ապա այստեղ էլ հարցեր կան: Նախ, նրա ու քպ-ի օգտին, ըստ պաշտոնական արդյունքների, ձայն է տվել գրանցված բոլոր ընտրողների (2,5 մլն) մեկ երրորդից էլ քիչ մասը (688 հզ.): անկախ այն բանից, թե 2021թ. ամռանն ով է գնացել ընտրատեղամաս, ով՝ ոչ, հիմա դրված է մի հարց, որն ուղղակիորեն վերաբերում է բոլորին: Ուստի սխալ է ասել, թե ընտրություններով «մանդատը տրված» է, քանզի այդ ընտրության ժամանակ իրավունք ունեցողների մի զգալի մասը ընդհանրապես այսօր դրված կենսական խնդրի վերաբերյալ դիրքորոշում չի արտահայտել:
Չորրորդ. նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն տված, նկատի ունենք, ոչ թե կեղծված, ոչ թե ֆեյք, այլ որոշ թվով իրականում գոյություն ունեցող անձանց, ահա նույնիսկ նրանց մեծ մասը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի՛ տվել, որ նա Արցախն ու Հայաստանը հանձնի թուրքին ու ադրբեջանական թուրքին: Սա, կարծում ենք, նույնպես կարևոր հանգամանք է:
Ինչ էլ ասեն-խոսեն իշխանական քարոզիչները, Նիկոլին սպասարկող զանազան-զարմանազան սուբյեկտները, իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի մանդատ էլ չունի, ըստ որում՝ ոչ մի բանի համար չունի:
Ի դեպ, Բրյուսելյան նրա այս վերջին հանդիպումը լրացուցիչ ընդգծում էր այն հրամայականի, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կենսական անհրաժեշտություն է:
Ներկա մղձավանջից դուրս գալու գոնե փոքր հնարավորություն ձևավորելուն, Հայաստանի, Արցախի հետագա գոյության թեկուզ նվազ հիմք ապահովելուն, երկրի ու հայության գոյության պաշտպանության համար ցանկացած քայլի առաջին նախապայմանը ՀՀ պետական կառավարման ղեկը օտարահպատակներից ազատելն է: Հայաստանի վերականգնումը, Արցախը չկորցնելն ու վերաազատագրելը հնարավոր են, բայց բոլոր դեպքերում ու ամենից առաջ պետք է ազատվել թուրքի առաջ կզած այս կործանարարների իշխանություն կոչվող աղետից:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը