04 04 2022

Կա՛մ մերժում ես նիկոլիզմն ու ապրիլի 5-ին հրապարակում ես, կա՛մ...

Կա՛մ մերժում ես նիկոլիզմն ու ապրիլի 5-ին հրապարակում ես, կա՛մ...

Ապրիլի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը միանգամայն սպասված քայլ է: Դժվար չէր կռահել, որ ներկա համակողմանի մղձավանջային իրավիճակում ու դրա ուժգնացման պայմաններում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է որոշակի գործողությունների դիմեն: Այդպիսին է նաև քաղաքականապես ակտիվ ու առկա փաշինյանական ռեժիմն ու դրա աղետային հետևանքները մերժող, այդ ամենի ու նորանոր կորուստների հետ չհամակերպվող քաղաքացիների ազնիվ մղումը, անկախ իրենց քաղաքական, գաղափարական կամ այլևայլ պատկերացումների տարբերություններից:

Կռահելի ու սպասելի էր, որ ընդդիմությունը չի՛ կարող ու չի՛ էլ պատրաստվում լռելյայն հետևել, թե ինչպես է իշխանություն հորջորջվող խմբակը նոր կորուստների տանում երկիրն ու ժողովրդին, ինչպես է «խաղաղություն» մուրալով վերջնական տնաքանդության տանում ու սիլի-բիլի անում ցեղասպան թշնամու հետ: Բայց այդ կռահելիությամբ հանդերձ, նիկոլական ռեժիմի ամենատարբեր մանկլավիկներն ու Փաշինյանին «ծառայություններ մատուցողները» իրար խառնված, փրփրաբերան, ով ոնց կարող է, հարձակվել են ընդդիմության վրա: «Ֆեյքերի ֆաբրիկայում» զազրախոսական հրահանգներն իջեցված են, ընդդիմության, առհասարակ, նորմալ հայ մարդկանց դեմ վայրահաչի նիկոլական դիրեկտիվան տրված է: Իրար խառնված ակտիվացել են նաև զանազան-զարմանազան, ֆեյք, չֆեյք կերպարներ ու կերպարիկներ, որոնց խնդիրն էլ նիկոլական դեմագոգիկ քարոզչակաղապարների շրջանառմամբ հավելյալ ժխոր հարուցելն է:

Մի փոքր «դրական հանգամանք» կարելի է համարել այն, որ բացարձակ բացահայտվեց, թե հատկապես այդ ի՛նչ «կլասիկ» «հատուկ հանձնարարությունների» համար է Նիկոլ Փաշինյանը իր դեսպան նշանակել ոչ անհայտ Էդմոն Մարուքյանին: Նրան տրված քպ-ական հատուկ հանձնարարությունն ընդդիմությանը քլնգելն է: Նրա անձը անհետաքրքիր է՝ նախադասություններ ծախսելու համար: Երևույթն ու մանիպուլյատիվ-կաղապարային դրսևորումն է մի փոքր ուշագրավ:

Եվ նկատի ունենանք, Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հիստերիկացել է դեռ ապրիլի 5-ի հանրահավաքը տեղի չունեցած: Դժվար չէ պատկերացնել, թե «իշխանական» քարոզչասայլն ինչ անտանելի ճռճռոց է դնելու անմիջականորեն միտինգից առաջ, ընթացքում և հետո:

Բայց: Հնուց եկած խոսք կա. Ամեն հաչոցի վրա որ շրջվես, տեղ չես հասնի: Ընդդիմությունը, կարծում եմ, խելացի կվարվի և բանի տեղ չի դնի իշխանական հրահանգով իրականացվող այդ վերբալ ագրեսիան: Դրա ոչ ժամանակը կա, ոչ էլ տրամադրությունը:

Ընդդիմությունը, վստահ եմ, կկենտրոնանա հիմնականի վրա: Իսկ հիմնականն այն է, որ արդեն անտանելիության շեմը անցած այս մղձավանջից ու այն ձևավորած փաշինյանական ռեժիմից ու դրա հետևանքներից դժգոհ կամ բորբոքված մարդիկ ակնկալում են կոնկրետ գործողությունների առաջարկություններ: Գործողություններ, որոնք, ցանկալի է, որ ազատվեն այս անտանելի ու աղետաբեր ռեժիմից ձերբազատվելով:  

Հանրահավաքն ընդամենը քաղաքական ակցիա: Բայց դա՝ սովորական, բնականոն գործընթացների դեպքում: Ներկայիս օրհասական և լրջագույն սպառնալիքներով հագեցած վիճակում քաղաքական ակցիան սպասելի է, որպես քաղաքական ակտի ու ակտերի անցնելու նվազագույն տակտիկական նախադրյալ: Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորություն ունեցող յուրաքանչյուր անհատի անմիջական ներկայությունն ու մասնակցությունը, տեղում՝ ապրիլի 5-ին, հանրահավաքի հրապարակում:

Շատ պարզ է ամեն ինչ. կա՛մ դու մերժում ես նիկոլիզմը, հետևանքներով հանդերձ, կա՛մ քեզ համար միևնույն է Արցախի ու Հայաստանի կործանումը, պարզապես պատճառ ու պատրվակ ես մտմտում՝ սեփական անհաղորդությունդ արդարացնելու համար:

Այսօր, դասական առումով ընդդիմության-իշխանության խնդիր չի դրված: Այլ չափազանց պարզ, բաց նյարդերով դրված է Հայրենիք, երկիր, պետություն ունենալ-չունենալու հարցը:

Եթե իսկապես ուզում ես, որ զավակներդ ու թոռներդ երկիր ունենան, դու հրապարակում ես՝ քո պահանջներով, դիտողություններով ու ակնկալիքներով:

Այնպես որ, ֆիզիկական անկարողությունից բացի, բացակայության մյուս բոլոր պատճառներն անհարգելի են:

Արմեն Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ