25 03 2022

Երբ քո երկրում կառավարման ղեկին գտնվող խմբավորումը ծառայում ու սպասարկում է օտարներին ու թշնամիներին

Երբ քո երկրում կառավարման ղեկին գտնվող խմբավորումը ծառայում ու սպասարկում է օտարներին ու թշնամիներին

Հայաստանում, կամ այնտեղ, ինչ մնացել է երբեմնի Հայաստանի Հանրապետությունից, այսօր այնպիսի իրավիճակ է, որի դեպքում գրեթե իմաստազրկվում կամ ավելորդ են դառնում «գործող իշխանության» քայլերի ու հայտարարությունների վերաբերյալ բոլոր կարգի մեկնաբանությունները, գնահատականները, բնորոշումները: Առավել ևս, ծիծաղելի կամ զավեշտական են դառնում զանազան հարցադրումները՝ Արցախի Հանրապետության, ինչպեսև՝ ՀՀ տարածքի այս կամ այն հատվածը, բնակավայրը, ճանապարհը, գերիշխող բարձունքը թշնամուն հանձնելու կամ թշնամու առաջխաղացման համար բավարար պայմաններ ստեղծելու վերաբերյալ:

Օրինակ, ի՛նչ իմաստ ունի որևէ, թեկուզ ամենասուր հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, եթե նա բացեիբաց, հրապարակայնորեն Արցախի կամ Հայաստանի այս կամ այն բնակավայրը հռչակում է ադրբեջանական, իսկ նրա դամքաշները իրենցով հեղեղում են ուլտրաիշխանական քարոզչամիջոցները, թե՝ «բա իհարկե՜, դրանք ադրբեջանական տարածքներ են...», ֆլան-ֆստան:
Մեկ այլ կարկառուն նիկոլական, նախկինից էլ նախկին Քոչարյան Անդոն էլ քարոզում է... որ արցախցիները համակերպվեն առանց բնական գազի ապրելուն: Մեկ ուրիշը մեկ այլ անհեթեթություն է ասում: Այլ բան որ չլինի, ԱԳ նախարարի պաշտոն զբաղեցնող Արարատ Միրզոյանն ու հանրությանը դիջեյությամբ հայտնի Աղաջանյանը մշտապես ձեռքի տակ են:

Եթե այդքանն էլ բավարար չէ, ապա մեջտեղ կհրեն նախկիններում սուսուփուս բանակի մատակարարման վրա նստած այն անձնավորությանը, դե, գեներալին, էլի, որ հիմա նիկոլական դեպուտատ է: Փաշինյանի խմբավորման կազմում անհեթեթություններ ասողների պակաս չկա: Ծայրահեղ դեպքում, կվերաակտիվացնեն Սաֆարյանին կամ Բաբաջանյանին, կամ էլ Շիրինյանին, որ գա ու համոզի, թե «ավելի լավ է թուրքի շուն լինել...»:

Չնայած, դատելով իրավիճակից, կարծես արդեն դա քարոզելու կարիք էլ չունի: Այն իմաստով չունի, որ նրա պաշտամունքի առարկա Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հենց «թուրքի շուն» էլ դարձնում է, ու դա չի հանդիպում ոչ մի դիմադրության, եթե այսպես կոչված խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների ելույթները կամ հարցադրումները չհաշվենք: Միամտություն է կարծել, թե ընդդիմադիրների նույնիսկ ամենասուր ելույթներից նիկոլական խմբավորման ներկայացուցիչները կարող են թեկուզ մի փոքր ազդվել: Ինչ վերաբերում է հանրությանը, լայն ընդգրկմամբ, ապա բացի քաղաքականապես ակտիվ փոքր հատվածից, մնացածին, գոնե մեկերևույթից դատելով, առանձնապես ոչինչ չի հուզում կամ հետաքրքրում: Ընդհանրական տպավորությունն այն է, որ հասարակություն ասվածին փոխարինել է հոժարակամ ոչնչացման ընթացող մարդկային սելավ:

Մի խառնամբոխ, որը, նույնիսկ տեսնելով, որ իր աչքի առաջ թշնամին ու իր ընտրած կառավարությունը կործանում են երկիրն էլ, իրեն էլ, իր երեխաների ապագան էլ (ի վերջո, հո բոլորը, մի նախկին դեսպանի օրինակով իրենց զավակներին կանադաներում չեն տեղավորե՞լ), շարունակում է «դե հույս ունենանք, որ լավ կլինի», կամ՝ «դե խաղաղություն կլինի» կամ նմանօրինակ այլ, բովանդակազուրկ ու հիմնազուրկ, ի լրումն, մաշված կաղապարներ կրկնել: Պատկերացրեք մեկին, որ հայտնվել է բոլոր կողմերից այրվող փայտե տան կենտրոնում, արդեն վրայի հագուստից ծուխ է բարձրանում, իսկ նա պարզապես կանգնել և ասում է. «Դե լավ կլինի, կարևորը տաքացա, ու տան հարկ էլ չեմ տա, ու ամենից կարևորը, որ մարշրուտկեն չդարձավ 150 դրամ...»

Հատկանշականն այն է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա խմբավորման մասնակիցներն արդեն բացարձակ բացեիբաց են սպասարկում թուրքական ու ադրբեջանական շահերը: Ավելին, Ռուբինյանի կարգի մեկը, իր պաշտած «թափ տվողից» ոգևորված, ճվճվում է այլոց վրա... Այսինքն, դեռ մի բան էլ իրենք են գոռգոռում: Այդքան անպատկառ ու ցինիկ դրսևորմամբ է իրականացվում Հայաստանի վիլայեթացումը:

Հանրագումարում, երբ քո երկրի այսպես կոչված իշխանությունը բացեիբաց սպասարկում է օտարների շահերը, ծառայում է օտարներին ու թշնամիներին, ինքնաբերաբար իմաստազրկվում են բնորոշումներն ու գնահատականները, խոսքե՛րը: Անհրաժեշտ են գործողություններ, քայլեր: Ի վերջո, ո՞ւմ հասկանալի չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանն ու ինչ է անում, և ո՞վ դեռևս չի կռահել, որ Նիկոլ Փաշինյանն ու նիկոլականները, իրենց սիրելի գործընկեր թուրքերի նմանությամբ, հասկանում են միայն մեկ լեզու:

 

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ