29 10 2021

Կորսված հաղթանակ․ Դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն քննարկումը՝ ՈւՂԻՂ



ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է քննարկում 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ 

Քննարկման նախաբանում ասվում է․ «44-օրյա պատերազմը Հայաստանի պատմագրության մեջ կմնա որպես ամենաարյունալի, ամենահերոսական, սակայն միևնույն ժամանակ ամենախորհրդավոր դրվագներից մեկը: 44 օր Հայ զինվորը կյանքի և մահվան պայքար էր մղում ագրեսոր թշնամու դեմ` չխնայելով իր կյանքն ու առողջությունը: Սակայն այդ նույն ժամանակահատվածումմարտնչող Հայ զինվորի թիկունքում Հայաստանի քաղաքական իշխանությունները` ռազմական էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ, քաղաքական դավեր էին նյութում` փոշիացնելով և զրոյացնելով Հայ զինվորի կողմից ռազմի դաշտում ձեռք բերած հաջողություններն ու ձեռքբերումները:

Ռազմական գործողությունների ավարտից հետո ի հայտ են եկել բազմաթիվ փաստեր և տեղեկություններ, որոնց համադրումն ու խորքային վերլուծությունը աներկբայորեն վկայում են Հայ ժողովրդի և Հայկական պետականության դեմ մանրակրկիտ մշակված դավադրության մասին, որին զոհ գնացին հազարավոր հայորդիներ և Հայկական երկրորդ պետության` Արցախի ինքնիշխան տարածքի 2/3-ը, աննախադեպ ստորացվեց Հայի արժանապատվությունը, Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր տարածաշրջանային սուբյեկտայինությունը:

Անցած տարվա ընթացքում բացահայտվել են արյունալի և դավադիր պատերազմի բազմաթիվ դրվագներ, որոնք վկայում են վաղօրոք մշակված և մանրակրկիտ մշակված պետական դավաճանության մասին: Սակայն մեր հասարակության մի ստվար զանգված դեռևս կարծում է, որ ամոթալի պարտությունը ռազմաքաղաքականիշխանության անգրագիտության և նախկինում թույլ տրված աններելի սխալների հետևանք էր: Բազմաթիվ անպատասխան հարցեր են մնացել, իսկ Հայրենիքի դավաճանությանկասկածը օրեցօր խորանում է հասարակության մեջ և արգելակում Հայկական պետությունների արհարվիրքից ուշքի գալու և նորովի վերակազմակերպվելու բոլոր հնարավորությունները:

Պանելային քննարկման նպատակն է Հայաստանի անվանի քաղաքական և հասարակական գործիչների, բարձր որակավորում ունեցող փորձագետների հետ վերլուծել Հայաստանի հասարակությանը ներկայացնել պատերազմի պարտության իրական և խորքային պատճառները, ինչպես նաև բացահայտել, թե ինչպիսի ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շարժառիթներ են եղել Փաշինյանի քաղաքական վարքագծի հիմքում, ինչ գործոններ են ազդել նրա կողմից կարևորագույն որոշումների կայացման վրա, մասնակցել են արդյոք Հայաստանի ռազմական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները այս որոշումների կայացմանը և ունեին արդյոք հնարավորություն ազդել ճակատագրական որոշումների ընդունման վրա»:

Քննարկումը երկու մասից է բաղկացած։

Մասնակցում են քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեկովան, Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը,  տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանը, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը, «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղազինյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Պանելային քննարկման մոդերատորներն են «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը և քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանը։

Քննարկումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ