08 08 2020

Պայթյունից հետո բողոքի ալիք և բախումներ՝ Բեյրութում․ կա զոհ. ՈւՂԻՂ



Հազարավոր մարդիկ դուրս են եղել Բեյրութի փողոցներ, ինչպես նաև մայրաքաղաքի գլխավոր հրապարակ՝ իրենց բողոքը հայտնելով իշխանությունից:

Նրանք իրենց հետ խորհրդանշական օղակներ են բերել, որոնցից, իրենց պնդմամբ, պետք է կախվեն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են այս շաբաթ տեղի ունեցած պայթյունի համար:

Բեյրութում բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրան»՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր խաչին, 22 ցուցարար հոսպիտալացվել է, ևս 87-ին բուժօգնություն է ցույց տրվում Նահատակների հրապարակում:

Լիբանանյան բանակը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով հարձակումներ չգործել հանրային և մասնավոր սեփականության վրա: «Բանակի հրամանատարությունն ըմբռնում է լիբանանցիների սրտում առկա ցավը և ցուցարարներին կոչ անում հավատարիմ մնալ իրենց բողոքն արտահայտելու խաղաղ միջոցներին և զերծ մնալ փողոցներ փակելուց և հանրային ու մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգություն անելուց»,- ասվում է բանակի հայտարարության մեջ:

Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը բռնկվել է և պատճառ դարձել օգոստոսի 4-ին տեղի ունեցած սարսափելի պայթյունի համար, Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի:

Պայթյունի հետևանքով ավերվել է Բեյրութի շինությունների մեծ մասը, որոնց թվում նաև նավահանգստին մոտ բնակվող բազմաթիվ հայերի տներ: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի, ավելի քան 6000-ը վիրավորվել են, 158-ը՝ մահացել: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են ԱԳՆ շենքը, որի մոտ ոստիկաններ են հավաքվել և բանակցություններ են վարում ցուցարարների հետ:


Ցուցարարներն այրել են երկրի նախագահ Միշել Աունի նկարը և ԱԳՆ շենքը հայտարարել են իրենց կենտրոնակայան:

Լիբանանյան մայրաքաղաքի ողջ կենտրոնը շաբաթ վերածվել է հատուկ ուժայինների և ակտիվիստների միջև բախման ասպարեզի: Նշվում է, որ զանգվածային ցույցի կոչ է արել «Քաթայիբ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ