18 06 2020

Ռոբերտ Քոչարյանը կալանքից կազատվի՞․ դատավորը հրապարակում է որոշումը․ ուղիղ



Դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը ։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը ներկայացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երեք միջնորդություն՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին, ինչպես նաև՝ գրավ կիրառելու մասին։ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունները, որի դեմ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Մայիսի 22-ին բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ով դատավորների շրջանում ունի ամենացածր՝ -20 վարկանիշը։ Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։ Բացի այդ՝ նա նաև բեկանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով գործի նյութերը տրամադրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Արմեն Դանիելյանին բողոքի մակագրումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները՝ գտնելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան լինել։ Հունիսի 1-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր բողոքներ է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Հունիսի 8-ին բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։

 Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ