18:26
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ինքնաբացարկի միջնորդությունների ներկայացումը։ Դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ուղղված ինքնաբացարկի մեկից ավելի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Որշումը կհրապարակվի հունիսի 18-ին, ժամը 16։00-ին։
18:20
Վերաքննիչ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց.
«Եթե տեսախցիկները դահլիճում չլինեին, չէի արձագանքի: Կասեմ հետևյալը՝ ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, արդարադատությանը երբեք չեմ միջամտել:
Դուք դատավոր եք, ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ շփումներ չեմ ունեցել: Ես ուզում եմ իմանաք, որ ասում են ինչի՞ չի բացահայտվել, ուղղակի արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ուենցել, դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իրողությանը, ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, չի եղել որևէ նման արձանագրած դեպք»:
17:20
ՀՀ երկրորդ նախագահը միացավ իր պաշտպանների միջնորդությանը և իր ելույթում ասաց.
«Հարգելի դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, առաջին հերթին, որովհետև փաստաբանների պես ծանոթ չեմ բոլոր այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սեդա Սաֆարյանը:
Բոլոր այդ քրեական գործերը դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետը ավարտելուց հետո, հետևաբար ծանոթ չէի, չէին զեկուցում, ուղղակի տեղյակ չեմ ինչ է եղել։
Չեմ բացառում, որ որոշ գործերում կարող է սխալներ եղել են կամ չեն եղել, դրա համար չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, մենք դեռ հասնելու ենք դրան, եթե ինքնաբացարկ չտաք, հուսով եմ կտաք: Բայց ելնելով այս ամեն ինչից և հնչեցրած ձեր նկատմամբ անվստահության կարծիքներից ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: իրոք լավ հոտ չի գալիս էս ամեն ինչից։ Եվ այս գործը սարքելու համար, այս գործը կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու՝ շատ խիստ:
Ինչ վերաբերվում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, որ ես ինձ վատ եմ զգում այդ հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Լավ բան չէ՝ տարիների ընթացքում լինելով համակարգում, այսպիսի համբավ ձեռք բերել: Ոնց որ այս գործը, էսպես ասեմ, ձեր թափի գործը չէ»:
Դատավորի հարցին՝ միանո՞ւմ է Երկրորդ նախագահը պաշտպանների միջնորդությանը, Քոչարյանը պատասխանեց. «Միանում եմ և հնչեցրած ինքնաբացարկի միջնորդություններին և միանում եմ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը»։
16:42
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատավորին բացարկ հայտնեց և ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
16:33
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը և ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը ևս դատավորի ինքնաբացարակի միջնորդություն ներկայացրին. «Դուք չեք կարող քննել այս գործը, պարզապես չեք կարող։ Երբ ես որոշ ուսումնասիրություններ անցկացրեցի շատ հետաքրքիր կարծիք ունեցա հեղափոխությունից հետո Հայաստանում արդարադատության վերաբերյալ։ Այսօրվա առարկան ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում, այլ վերաբերում է ազատության սկզբունքին, անմեղության կանխավարկածին, և սա է պատճառը, որ ես այդքան կիլոմետր հատել եմ ու եկել այստեղ», - ասաց Սևակ Թորոսյանը:
16:11
Դատական գործը վերսկսվել է: Պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի գրավոր միջնորդությունը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:
15:46
Դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց:
15:34
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:
15:18
Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունը:
15:15
Վերաքննիչ քրեական դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը հրապարկում է պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, քանի որ խախտում է համարել այն, որ նույն դատավորին մակագրվել է թե՛ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը