10 12 2018

Ձայների, վերահաշվարկի, մանդատների բաշխման և այլնի մասին՝ առաջին ձեռքից



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն դեկտեմբերի 10-ին ամփոփել է ընտրությունների ընդհանուր արդյունքները։

Հայաստանուն ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 591 հազար 276, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 262 հազար 164 կամ 48․ 67 տոկոս, անվավեր ճանաչված 4675։

Կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ըստ կուսակցությունների՝ 

ՀՀԿ – 59 հազար 068 կամ 4․7 տոկոս,

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8533 կամ 0,68 տոկոս,

ՀՅԴ – 48 հազար 822 կամ 3,89 տոկոս,

«Իմ քայլը»,  դաշինք – 884 հազար 849 կամ 70,44 տոկոս,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80 հազար 049 կամ 6,37 տոկոս,

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6460 կամ 0,51 տոկոս,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4122 կամ 0,33 տոկոս,

«Մենք» դաշինք - 25174 կամ 2 տոկոս,

«Օրինաց երկիր» - 12 հազար 390 կամ 0,99 տոկոս,

«Սասնա ծռեր» համահայկական  կուսակցություն - 22 հազար 868 կամ 1,82 տոկոս,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103 հազար 837 կամ 8,27 տոկոս:

Անճշտությունների գումարային չափը 521 է:

Տիգրան Մուկուչյանը նաև ներկայացրեց մեխանիզմը, թե ինչպես են բաշխվելու մանդատները: Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ հաշվարկ չի կատարել` ասելու, թե յուրաքանչյուր կուսակցություն քանի մանդատ է ստանալու: 

«Առաջին քայլով որոշվում է կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են 5 և 7 տոկոսանոց շեմը: Դրանից հետո ԸՕ-ով ամրագրված  105 մանդատները համամասնորեն բաժանվում են ստացված ձայներին համապատասխան: Ստացված մանդատների կեսը տրվում է համամասնական ցուցակին, մյուս կեսը` տարածքային ցուցակներին: Տարածքային ընտրական ցուցակներում մանդատները բաշխելու համար ևս բանաձև է կիրառվում` նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը: Երբ արդեն պարզ կլինի, թե յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր տարածքից որքան մանդատ է ստանալու, նոր միայն կորոշվի կոնկրետ անձինք, ովքեր կարող են ստանալ այդ մանդատները` պայմանավորված այդ տարածքում ստացած քվեների թվով»,-ասաց Մուկուչյանը: 

Անդրադառնալով վերահաշվարկին ԿԸՀ նախագահն ասաց, որ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, այսինքն` ուղղակիորեն կարելի է պահանջել վերահաշվարկ:

Ըստ նրա` վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել վստահված անձը, թեկնածուն, որոնք ներկա են եղել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, և հանձնաժողովի անդամը, որը ներկայացրել է հատուկ կարծիք քվեարկության արդյունքների վերաբերյալ և այն արձանագրել:

«Որևէ լրացուցիչ հիմնավորում այդ դիմումների համար, ինչպես նաև ապացույցների ներկայացման անհրաժեշտություն չկա: Երբ արդեն կլրանա ժամկետը, մենք կամփոփենք ու կներկայացնենք, թե քանի դիմում ենք ստացել վերահաշվարկի պահանջով: Ընտրական օրենսգիրքը սահմանում է հստակ ժամկետներ, և բնականաբար, այդ ժամկետները պետք է հաշվի առնվեն, սակայն աշխատանքը կկազմակերպվի այն ժամկետներում, որպեսզի որևէ մեկի մոտ քվեարկության արդյունքները կասկած չհարուցեն»,-ասաց Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված է վերջնաժամկետ` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ