28 07 2018

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը` ամբողջությամբ



Հուլիսի 27-ին մամուլի ասուլիս էին հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները և գրասենյակի ղեկավարը: Նրանք անդրադարձան երկրորդ նախագահի դեմ քրեական գործին և կալանավորմանը:

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք մի քանի հատված նրանց խոսքից:

Վիկտոր Սողոմոնյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ու ընդհանրապես քրեական գործը, առաջադրված մեղադրանքը բացարձակապես ապօրինի են, և սա քաղաքական ու անձնական հետապնդում է:

Սա ակնհայտ վենդետա է ու իրավական դաշտում չի տեղավորվում: Հասկանո՞ւմ եք՝ ինչ խնդիր կա և ինչու այսպես արագ կալանավորվեց Քոչարյանը, և այս գործը ընդհանրապես կապ չունի Մարտի 1-ի տասը զոհերի հետ:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պեսբրեդել չի լինելու, սա չի անցնելու: Նախագահը ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են, այս ճանապարհին չկա որևէ օրինական գործիք՝ քաղաքական ու իրավական պայքարի, որը մենք չօգտագործենք:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում, որպեսզի արդարացվի այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից: Պատմությունը հիմա վերաշարադրում ենք: Այսինքն՝ ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր իր թիմակիցների հետ միասին, և նրանք ոչ միայն մասսայական անկարգություն էին կազմակերպում, դուբինկաներ էին խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը և գործող նախագահն էլ ինչ-որ աբսուրդային պատճառաբանություններով, որը բերվում է ՀՔԾ-ի հաղորդագրությունում, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը:

Ի՞նչ է ստացվում՝ Ռոբերտ Քոչարյանն այսպես մենակ Միքայել Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի հետ ինչ-որ գործողություններ է արե՞լ: Մի քանի, ներողություն արտահայտությանս համար, հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ անընդհատ ասում են՝ դե Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Ներողություն, այդ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում քաղաքական գործընթացների մեջ: Իսկ հիմա այդ մարդիկ ո՞ւր են:

Հասարակությանը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ, հասարակության մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են, եկղծ փաստեր են բերել:

Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, և ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու:

Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել: Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ:

Բանակին այսպես պախարակելով պարզ չէ, թե ինչպես ենք դիմակայլեու նոր մարտահրավերներին: Այս առումով մեծ մտահոգություններ ունենք:

 

Ռուբեն Սահակյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին միջնորդության քննարկումները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ցույց են տվել, որ սա պատվեր է Քոչարյանի դեմ:

Ակնհայտ է, որ գործը կարճվելու է հանցակազմի բացակայության հետևանքով:

Նախաքննական մարմինը պատճառաբանում է, թե հարցաքննության ծանուցում Քոչարյանին ուղարկվել է հուլիսի սկզբին, բայց նա չի ներկայացել և հետաձգել է ներկայանալը: Բայց չի նշվում, որ Քոչարյանը աշխատակազմի միջոցով հայտնել է, որ երկրում չէ և կներկայանա հուլիսի 26-ին: Այս աստիճանի խախտումներ իրավապահների կողմից հանդիպեցի առաջին անգամ, այս աստիճանի իրավական անգրագիտություն երբևէ չեմ հանդիպել: Եթե այսպես շարունակվեց, վիճակը ավելի է վատթարանալու:

Գործի քննության ժամանակ շատ առեղծվածային բաներ տեսանք, իրավաբանական տգիտություն և փաստերի խեղաթյուրում տեսանք, չեն հասկանում ինչ են անում:

Քննչական համակարգը սպանված է երկրում։ Մենք դատավորների փոքր խումբ կարող են առանձնացնել, որոնց վրա կարող ենք հույս դնել:

Միջնորդություն էր ներկայացվել՝ կիրառել գրավ և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Բավականին մեծ գումարի մասին էր խոսքը: Միջնորդությունը մերժվել է:

 

Արամ Օրբելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ:

Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի, չբացահայտումը ՀՀ-ում խնդիրներ է առաջացնում զարգացման առումով:

Մոտավորապես այսպիսի տեքստ է՝ Արամ Օրբելյանն առավոտյան արթնացավ, գնաց սափրվեց, մեքենա նստեց ու դրա համար մեղադրվում է: Անհասկանալի է, մեղադրվում է զորք մտցնելու, արտակարգ դրություն հայտարարելու մեջ: Արարքը հստակ չէ: Մենք չենք կարողանում հասականալ՝ իր՝ արտակարգ դրություն հայտարարելու հանգամա՞նքն է, խորհրդակցություն հրավիրելու հանգամա՞նքն է մեղադրման առիթ:

Մեզ համար պետք է պարզ լինի, որ կա իքս հանցագործություն, որը կապվում է Քրեական օրենսգրքի հետ: 300.1 հոդվածի և ցուցմունքների մեջ կապը չհասկացանք: Բավական տարօրինակ էր իմունիտետների չկիրառման հարցը:

Սա ապօրինի որոշում է և մենք բողոքարկելու ենք այն:

 

Սարգիս Գրիգորյան, իրավաբան

ՀՀ նախագահը մարտի մեկի դրությամբ ուներ լիազորություններ և իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կա սահմանադրական կարգին սպառանացող վտանգ:

2012 թվականին ընդունվել է արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը, որը շրջանառվել է 2007 թվականից սկսած: Հստակ ֆիքսված է, որ ՀՀ ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը: Դա պետք է հասկանալ շատ լայն՝ մարդու անվտանգությունը: Նախագահը, ըստ օրենքի, անվտանգության երաշխավորն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ