26 03 2018

Փողոցային պայքարի ռեսուրսը՝ ըստ իշխանության և ընդդիմության



ՀՀ ազգային ժողովում մարտի 26-ին տեղի ունեցան ճեպազրույցներ, որի ժամանակ ՀՅԴ, «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին շաբաթվա քաղաքական և խորհրդարանական կարևոր իրադարձությունները:

Ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ բանախոսների պատասխաններից:

 

Աղվան Վարդանյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար

ՀՅԴ-ն առաջարկում էր, որ ՏՄՊՊՀ-ի 6 անդամներից մեկի թեկնածությունը համախոհությամբ առաջադրի խորհրդարանական ընդդիմությունը. սա մեզ համար եղել է սկզբունքային հարց:

Ընդդիմությունը պետք է հակակշռի և դերակատարում ունենա, որ վստահելի դարձնի պետական համակարգի թափանցիկությունը:

Անձնավորված պայքարին ես չեմ հավատում, ես կողմ եմ համակարգված փոփոխություններին:

Այս սահմանադրությամբ արդեն հասկանալի էր, որ վարչապետի թեկնածխու առաջադրելու իրավունքը մեծամասնությանն է:

Ես փողոցային պայքարի ռեսուրսը չեմ տեսնում: Ես չեմ տեսնում հեռանկար, լուրջ հիմք և ռեսուրս, բայց ամեն մեկն իր պայքարը յուրովի է ընտրում:

Բնականաբար, իշխանությունը փողոցում ընկած չի լինելու:

Ո՞ր փողոցում է ընկած լինելու իշխանությունը. բա որ Փաշինյանը գնա այն փողոցները, որտեղ իշխանությունն ընկած չէ՞:

Ծայրահեղական պայքարի ցանկացած փորձ դատապարտելի է մեր կողմից, չի կարող երկրում լինել փոփոխություն զինված պայքարով, մոռացեք: Նրանք, ովքեր այդ կոչով են հանդես գալիս, մարգինալ են և մնալու են լուսանցքում:

 

Գևորգ Գորգիսյան, «Ելք» խմբակցության քարտուղար

Էն ճանապարհային քարտեզը, որ մեզ է ներկայացվել ժամանակին, մենք չենք պատրաստվում միանալ, մենք դեռևս չենք հավատում էդ ճանապարհով ինչ-որ բան փոխելուն:

Մենք Սերժ Սարգսյանի և հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ պայքարել ենք մեր կուսակցության ստեղծման առաջին իսկ օրվանից:

Ճանապարհային քարտեզի շուրջ մենք ունեցել ենք մի շարք մտահոգություններ:

Գլոբալ խնդիրները միայն ճանապարհային քարտեզի մեջ չէ, այլև՝ դրվող խնդիրների:

Մեր պայքարն անձի դեմ չէր, այլ մեր թեկնածուի սատարման համար էր:

Մենք մեր ընտրողներին երբեք չենք խոստացել, որ հեղաշրջում ենք անելու:

Էս համակարգով եթե դուք էլ լինեք վարչապետ, կդառնաք անկառավարելի:

 

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Դուք երկար համբերել եք, մի քանի օր էլ համբերեք, մենք լուծումը կտանք և կհայտարարենք վարչապետի թեկնածուի մասին:

Դուք պետք է զգաք, որ մենք որևէ անհանգստություն չունենք:

Ինձ համար հասկանալի չէ, երբ խորհրդարանական ուժը կարող է թողնել խորհրդարանը և գնալ փողոցային պայքարի ճանապարհով:

Նրանք հանգիստ պետք է սպասեն 22 թվականին, հավաքեն ձայներ և հասնեն իրենց նպատակին:

Իշխանությունն արկղ չէ, որ գնան-վերցնեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ