Բարձրագույն դատական խորհրդում նիստ է։ Քննվում է դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նախաձեռնված կարգապահական վարույթի քննությունը։
Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան էջում այդ առիթով գրել էր․ «Վարույթի քննությունը ընթանում է համապատասխան ընթացակարգերի և օրենքների հնարավոր և անհնարին բազմաթիվ և կոպտագույն խախտումներով, որոնց մասին մեր կողմից դեռ կբարձրաձայնվի հետագայում, այդ թվում նաև միջազգային ատյաններում: Այժմ նշեմ արձանագրված բազմաթիվ խախտումներից ևս մեկ, կրկին անձի հիմնարար իրավունքներից, պաշտպանության իրավունքի խախտման հերթական դեպքի մասին, մասնավորապես դեռևս նախորդ դատական նիստում՝ 2023 թվականի հունիսի 23-ին, պաշտպանության կողմը, նախապես, մինչև ԲԴԽ կողմից հերթական դատական նիստի օր հայտարարելը, հայտարարեց, որ պատրաստակամ է մասնակցելու ցանկացած օր նշանակվելիք դատական նիստի, բացառությամբ 2023 թվականի հունիսի 26-ի, քանի որ նշված օրը փաստաբանները պետք է մասնակցեն նախապես նշանակված վերապատրաստման պարտադիր դասընթացի (հայտարարությանը զուգահեռ ներկայացվեց համապատասխան դասընթացների ժամանակացույցը և մատնանշվեց դասընթացի առարկան), ինչը սակայն բնականաբար անտեսվեց և տեղում մերժվեց ԲԴԽ նախագահի կողմից, որից հետո վերջինս հայտարարեց, որ խարհուրդը արդեն իսկ նախապես որոշել է, որ փաստաբանների կողմից նշված օրը և նշված ժամին պետք է սույն գործով դատական նիստ անցկացի և որ դա իրենց վերջնական որոշումն է: Նշվածի կապակցությամբ առարկացեց նաև Դատավոր Դավիթ Հարությունյանը, հայտարարելով որ չի ցանկանում առանց ներկայացուցիչների մասնակցել դատական նիստի, ինչին ի պատասխան, Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ արդեն ունի վերջնական որոշում այդ մասով:
Նշեմ, որ նմանատիպ կարգապահական վարույթների քննության համար օրենսդիրը նախատեսել է երեք ամիս քննության ժամկետ, իսկ որոշ դեպքերում նաև, կողմի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով, հիշեցնեմ, որ սույն վարույթի քննությունը մեկնարկել է ընդամենը սույն ամսվա 19-ին, դատական նիստեր նշանակվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, դրանց տևողությունը՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը… ԲԴԽ կողմից սույն վարույթով դրսևորվող աննախադեպ շտապողականության և վարույթը ցանկացած խախտման գնով օր առաջ ավարտելու պատճառների բացահայտումները և այդ կապակցությամբ եզրահանգումները թողնում ենք Ձեզ…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը