10 03 2022

«Կարճ ասած»․ 1 զոհ, երկու վիրավոր, հրդեհված այգիներ․․․ Խաղաղության դարաշրջանը եկել է



 

Հայ-ադրբեջանական սահմանին սկսած մարտի 7-ից՝ իրավիճակը շատ է լարվել, մարտի 7-ին հրադադարի խախտման պատճառով զոհվել է 33-ամյա սերժանտ Հրաչ Մանասերյանը։ Եվս մեկ զինծառայող վիրավորում էր ստացել։ Այսօր իմացանք, որ Նախիջևանի կողմից են կրակել, կան նյութական վնասներ։ Արցախում կրակում են անդադար, մի քանի գյուղերի վրա։ Այսօր վիրավորվել է Խրամորթ գյուղի 51-ամյա բնակիչ, ով իր հողն էր մշակում, Մարտունու շրջանում կրակում են, մարդիկ չեն կարողանում մշակել հողը, ականանետերով են կրակում, խաղողիայգիներ են հրդեհվել, Ադրբեջանական բանաը մեր գյուղերի մոտ ինժեներական աշխատանքներ է անում, մի շարք գյուղերից երեխաներին դուրս են հանել ապահով տեղ, եթե իհարկե, Արցախում ապահով տեղ կա, բացի Արայիկ Հարությունյանի նստավայրից։

Ամբողջ Արցախում գազ չկա, ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, պայթեցրել են գազատարը կամ ինչ-որ ձևով վնասել են, ամբողջ Արցախում էս ցրտերին ջեռուցում չկա, ու թշնամին խոչընդոտում է, թույլ չի տալիս նորոգել, մարդկանց ապահովել գազով։ Հայաստանի ու Արցախի միջև ընդամենը մի ճանապարհային կապ կա․ դա էլ, արդեն, մեծ է վտանգը, որ ամեն պահի կարող են փակել, քանի որ Հայաստանի իշխանությունը չենք հասկանում ինչով է զբաղված։ Ադրբեջանն Արցախում հումանիտար պրոբլեմներ է ստեղծում։ 

Այս ֆոնին ի՞նչ են ասում Հայաստանի ղեկավարներն ու ղեկավարող ուժի անդամները։ Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը ու ոչ մի բառ չի խոսում նրա մասին, որ երկու օր առաջ հայ զինվոր է զոհվել, երկու մանկահասակ երեխա մնացել է որբ, ոչ մի բառ վիրավորների մասին, Արցախում կրակոցների մասին։ Ասում է՝ «կա լարում Արցախում, գազատարը վնասվել է, բայց եկեք գնահատական չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ»։ Ինչի դու էդ պոստին ես իրավաիճակն արձանագրելու համա՞ր։ Եթե դրա համար ես, մենք քեզանից երեք օր առաջ ենք արձանագրել։ Իսկ գուցե դու արձագանքե՞ս։ Իսկ Ալիևի ո՞ր արածին ու ասածին է արձագանքել, որ էս մեկին արձագանքի։ Գնում է Ֆրանսիա, ասում է անթույլատրելի է Ադրբեջանի պահվածքը, գալիս է Հայաստան ասում է չեմ ուզում գնահատեմ, երկրից դուրս իրեն հերոս է զգում, բա էստե՞ղ, թե՞ մտածում էր Մակրոնը պետք է իրեն պաշտպանի։ Իսկ գուցե խեղճ Նիկոլը չգիտի՞ զոհի մասին։ Հարսնացուն Հյուսիսից կինոյի հերոսի պես, իրենք տղամարդ են միայն տան ներսի հարցերում։ Մարդը ասում է՝ կրակում են-չեն կրակում, թքած, ես գնում եմ խաղաղություն հաստատեմ։

Թազա նախագահ ունեք ոնցոր, անաչառ ՀՀՇ-ական, լրագրողներն ասում են պարոն Խաչատրյան, ձեր խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, պատասխանում է՝ «Հա, հետո՞ ինչ»։ Սահմանին զոհ ունենք, ասում է՝ հետո՞ ինչ, Արցախում գազ չկա, մրսում են, ասում է՝ հետո՞ ինչ։ Հասկանու՞մ եք, իրեն համար մեկ է, չտեսա՞ք դեմքը երջանկությունից փայլում էր, մարդը հասել է մի պաշտոնի, որը ամբողջ կյանքում չէր էլ կարող երազել, որովհետև ոչ մի ողջամիտ տարբերակով չէր հասնի նման պաշտոնի։ Ասում է՝ «Որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, չպետք է շեղի խաղաղության ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»։ Իր արևին, Ադրբեջանին խաղաղություն է պարտադրելու, ոչինչ չանելով, ձայն չհանելով։

Մի հատ էլ բեղավոր դեպուտատ ունեն, նա էլ ասում է՝ «Խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները համարժեք են» ու դրանք, ասում է, չեն համընկնում Yerevan.Today-ի լրագրողի և լրատվամիջոցի ղեկավարության պատկերացումներին։ Այսինքն, ըստ Քոչարյան Անդոյի, էս վիճակը որ կա, որ Ադրբեջանը կրակում է, սպանում է, գազատարը պայթեցնում է, հումանիտար աղետի է վերածում, լրիվ բխում է Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումներից, էսպես են ուզում երկուսն էլ։ Կամ իսկապես սա համատեղ գործողություններ են։ Ասում ենք՝ ախր առանց իրենց՝ չես կարող իրենց հետ խաղաղություն անել։ Ասում են՝ ոչինչ, մենք կանենք։ Ո՞նց կանես, ո՞ւմ հետ կանես։ ՀՀ թազա նախագահն ասում է՝ «Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»։ Ադրբեջանը կրակում է, Նիկոլը ասում է ես գնահատական չտամ, հետո էլ ասում են՝ մեզ հետ այսպես չեն կարող խոսել։ Այ ընկեր, ի՞նչ խոսել, կրակում են, պայթեցնում են, վնաս են տալիս, ահաբեկում են, դու ասում ես պետք է պաշտպանվենք։ Է բա, պաշտպանվի, ո՞վ է ձեռքդ բռնել։ Թէ՞, էդ պողպատյա մանդատը կառավարության դեմ բողոքողի վրա միայն պատում։ Ու ընդանհրապես, ինչի՞ եք ճեպազրույց տալիս, ինչի՞ եք իզուր տեղ ձեզ հայհոյել տալիս, դուրներդ գալիս ա՞, ձեզ թվում է բոլորը հիմա՞ր են, չեն հասկանո՞ւմ դուք ով եք, որտեղից եկաք։

Ադրբեջանի նախագահ Ալիևը առավոտ ասում է պատրաստ ենք բանակցել խաղաղության համաձայնագրի շուրջ, մի ժամ հետո զինվոր է սպանում ՀՀ սահմանին, մի ժամ հետո հայտարարում են, թե Հայաստանը պետք է չունենա զենք, չունենա զորք, Հայաստանի տարածքներն իմն են, սրանք ասում են՝ Ալիևը ինչ ասում է՝ հեչ, մենք խաղաղություն ենք հաստատում տարածաշրջանում, նենց տպավորություն է, թե Ալիևը գիժ է, գիժ-գիժ բաներ է անում, ինքը խաբար չէ իրական գործընթացների մասին։ Ինչ է, ձեզ թվում է, որ գազատարը որ փակում է, դա վկայում է, որ խաղաղություն է՞ ուզում։ Լրիվ էն հոգեբանի պատմությունն է, որ կինը բողոքում է, թե ամուսինս ինձ ծեծում է, սա պատասխանում է՝ որ ծեծում է, ուրեմն սիրում է։

Ալիև, դե ուրեմն իմացի, որ ինչ ուզում ես արա, Նիկոլը գալու ա քո հետևից ու խաղաղության դարաշրջան պարտադրի, լսում ե՞ս, արա, դու մեր Նիկոլի հետ կատակ չանես հանկարծ։

Ընդ որում, էդ խաղաղության օրակարգն էլ մի բան է, որը Ղարաբաղի հարցի չափ երկար է։ Ալիևն ասում է՝ այդ օրակարգը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հայաստանը դեռ բան չի ասել, գնահատական չի ուզում տալ Նիկոլ Փաշինյանը, երևի կարծիք էլ չունի։

Խնդիրներն էլ գցում են Ռուսաստանի ջեբը, ոչ թե Ադրբեջանն է մեղավոր, որ կրակում է, այլ մեղավոր են ռուսները, որ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ են մտել, Ղարաբաղին շատ ուշադիր չեն, Ադրբեջանն էլ սա տեսնելով կրակում է։ Դե մարդը չի ուզում, բայց կրակում է։ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ պետք է հարցը լուծվի Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությամբ։ Մեր հարցերը պետք է լուծեն Ռուսաստանն ու Ադրբեջանը իրար մեջ։ Բա դո՞ւք ով եք, ինչի՞ համար եք։

Երկու օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողի դատապարտել են 18 տարվա ազատազրկման։ Դուք էս մասին տեղյակ ե՞ք, ՀՀ իշխանություն։ Դուք էս մասին տեղյակ ե՞ք գերիների հարազատներ, էդ ի՞նչ կարգի խոստումներ են ձեզ տվել, որ էդպես հանգիստ նստած եք ձեր տեղերում։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյան ասում է, որ Հայաստանի սահմանների, Արցախի հարցով իրենք չունեն դիրքորոշում, իրենք չեն ուզում խոսել, չեն ուզում Ալիևին զայրացնել։ Հայաստանն ամբողությամբ բախտի քմահաճույքին է թողնված, երկրի ղեկավարները իրենց նետել են թուրքերի գիրկը ու ուղիղ եթերով ուսումնասիրում են Հայաստանի կործանումը։

Խաղաղության դարաշրջանը եկել է, սա՛ է, ժողովուրդ, այն, ինչ լինում է հիմա, սա Նիկոլի բերած խաղաղությունն է, անընդհատ կրակոցներ, զոհեր։ Հատկապես Նիկոլ ընտրածներին տեղեկացնեմ՝ ապագան եկել է, խաղաղությունն էլ հետը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ