28 02 2022

«Կարճ ասած»․ Թե՛ Փաշինյանն ու Զելինսկին, թե՛ քարոզչական տեխնոլոգիաները նույն կերպ են աշխատում



 

Ռուս ուկրաինական պատերազմը որքան ձգվում է, այնքան աղետալի հետևանքներն ավելի են նշմարելի դառնում։ Աղետալի շատ-շատերի համար, թե՛ ուկրինացիների համար, թե՛ ռուսների համար, թե՛ անգամ նրանց համար, ովքեր սահմանում են պատժամիջոցներ, թե՛ մեզ համար, որ թվում է, թե հեռու ենք։ Օրինակ՝ ռուբլին թուլացել է շատ արագ։ Հայաստանը ռուբլուց ուղղակի կախված է․ միայն այն, որ մեր բազմաթիվ արտագնա աշխատանքի մեկնողներ գումար են փոխանցում, որ այստեղ իրենց ընտանիքները ապրեն, արդեն բավարար է ՝ հասկանալու համար, թե ռուբլու փոխարժեքի այդ կարգի անկումը ինչ ազդեցություն կունենա։ Էնտեղ ստացածը դրամ սարքելով՝  նույն բանն է դառնում, ինչ այստեղ աշխատեն մարդիկ․ արդեն ֆինանսապես ոչ ձեռնտու է մարդկանց հա՛մ էնտեղ ապրել, հա՛մ Հայաստանում ընտանիքը պահել, ուրեմն կամ ընտանիքը կհավաքեն-տանեն, ինչը նշանակում է արտագաղթ, կամ իրենք են գալու այստեղ, որտեղ բավարար աշխատատեղ չկա, նշանակում է աղքատության է՛լ ավելի աճ։ Հայաստանը նախորդ տարի ունեցել է 850 մլն դոլարի արտահանում Ռուսաստան, արտահանման տեմպը կթուլանա, որովհետև Ռուսաստանում արդեն գնողունակությունը կպակասի, մեր ապրանքի գինը կթանկանա ու չի սպառվի։ Կնվազեն ռուսական ներդրումները։ Իհարկե՝ այս պահին տնտեսական մտահոգությունն ամենակարևորը չէ, քանի որ փաստացի տեղի են ունենում ավերածություններ, մարդիկ են զոհվում, կորցնում տունը, վիրավորում են ստանում։ Պետք է ուկրաինական իրադարձություններն ավարտվեն րոպե առաջ, դա միանշանակ է։

Մենք նաև այս ընթացքում տեսնում ենք, որ այս բարդ փուլում Ուկրաինայի ճակատագիրը ստանձնած անձը իր տեղում չէ։ Մենք տեսանք, թե ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնաց կապիտուլյացիայի ու տեսնում ենք, թե ինչպես է Ուկրաինայի նախագահը լրիվ նույն մեթոդներով շարժվում։ Ընդ որում, մեր փողոցային հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը հենց այդ նմանություններն է տեսնում։ Օրինակ, բոլորս լավ հիշում ենք, որ հենց պատերազմի երկրորդ շաբաթում Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց կանոնավոր բանակի համալրումը և ասաց ֆիդայական ջոկատներ հավաքեք։ Ուկրաինայում ևս դրա մասին հայտարարեցին։ Հայաստանը իբր զենք-զինամթերքի ավելցուկ չուներ, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ով ինչ ունեք՝ վերցրեք-եկեք, կասկա, զրահաբաճկոն։ Ուկրաինան պարզվում է, զենքի մեծ պաշարն ունի, Արևմուտքն ու ԱՄՆ-ն զինել են և շարունակում են զինել մինչև ատամները, կբավականանցնի մի քանի պատերազմի համար ու էլի շարունակում են զինել։ Բայց այստեղ ել մեկ այլ ծայրահեղություն է, Զելինսկին էլ հայտարարել է՝ ով ուզում է զենք ձեռքը բռնել, եկեք, ստացեք, փողոցի մեջտեղում կանգնեցրել են բեռնատարները ու հենց այդտեղ մարդկանց զենք են բաժանում, առանց հաշվառելու, ստուգելու թե ու՞մ են տալիս։ Ավելին ասեմ, բանտերից ազատել են հանցագործության համար դատապարտվածներին, զենք են տալիս ձեռքները ու ասում են՝ դե կռվեք։ Ու՞ր, որտե՞ղ, ոչ մեկ չի բացատրում։ Էդ կռիվը սարերում ու չոլերում չէ, քաղաքների մեջ են տեղակայվում, շենք շինություններում, պատկերացրեք՝ դատապարտված հանցագործներ, մոտները զենքեր։ Արդեն պարզ է՝ ով ում հետ ինչ խնդիր ունի, զենքով է լուծելու, ու չզարմանաք, որ էդ զենքերի մի մասը հենց ուկրաինացիների վրա կրակեն։ Արդեն նման դեպքեր եղել են։ Հիմա ասեք՝ Զելինսկիի արածը պատասխանատու մարդու որոշո՞ւմ է, պահվածք է, որը պաատրաստվում է շարունակել Ուկրաինա պետության ղեկավարո՞ւմը։ Որ Արևմուտքը մտահոգված է Ուկրաինայով ընդամենը այնքան, որքան պետք է իր ծրագրերի համար, հասկանում ենք, բայց ուկրաինացիներին այդ երկիրը պե՞տք է, թե՞ ոչ։ Հայաստանում ի՞նչ եղավ պատերազմից հետո․ մարդկանց մոտ անօրինական զենքն այնքան շատ է, որ ամեն օր լսում ենք սպանությունների մասին, ոստիկանությունը փորձում է վերահսկել, բայց դժվար է, երկար կտևի, միանշանակ։ Իսկ Ուկրաինան, արդեն այս օրվա դրությամբ, 28 000 ավտոմատ է բաժանել՝ առանց ստուգելու, հաշվառելու, պատկերացնու՞մ եք դրանք որքան են դեռ կրակելու։ Փաստացի՝ այդ երկիրը հիմնահատակ քանդելու հերթական հիմքն են դրել։

Քարոզչական տեխնոլոգիաներն էլ են Հայաստանում ու Ուկրաինայում նույն կերպ աշխատում։ Զելինսկիի ու Արևմուտքի քաղաքականությունը Ուկրաինան բերեց նոր պատերզմի՝ նախորդ պատերազմի դասերը չքաղելու արդյունքում․ էսօր համացանցի ուկրաինական տիրույթները լցված են գիտե՞ք ինչ մեկնաբանություններով՝ «Խեղճ Զելինսկին ի՞նչ անի, նախկին իշխանություններն են մեղավոր»։ Հիշեցի՞ք, պատկերացնումե՞ք։ Խնդալու աստիճանի նմանություն է, սրանք լրիվ նույնն են։ Զելինսկին կարող է արևմուտքի դրդմամբ գնալ մինչև վերջ, սաղ վարի տալ՝ մեկ է արդեն գտել են ձևը՝ բոլոր կորուստները էնտեղ էլ կբարդեն նախկինների վրա, բայց զատո իրեն չեն ասի դավաճան։

Նիկոլ Փաշինյանի և Զելինսկիի անգամ ելույթներն են իրար նման․ Զելինսկին պատերազմի ժամանակ հիշել է, որ բոլոր ուկրաինացիները նախագահ են, Նիկոլն էլ բոլոր քաղաքացիներին հռչակել էր վարչապետ, ու դա չխանգարեց, որ վարչապետներից 5 հազարը զոհվեն, իսկ մի վարչապետ իր վարչապետների փոքրաթիվ թիմով առոք-փառոք ապրի, վտանգի պահին էլ մտնի բունկեր։ Ի դեպ, պատերազմի առաջին օրվա վերջում էլ Զելինսկին մտավ բունկեր, դիմեց ԱՄՆ-ին, որ իր անվտանգությունն ապահովի, մինչդեռ քաղաքացիներին կոչ էին անում դուրս գալ փողոց և բողոքել պատերազմի դեմ․ կա՛մ Ռուսաստանը կխնայեր ու չէր խփի մարդկանց կամ էլ կխփեր ու կճանաչվեր ռազմական հանցագործ։ Հայաստանում էլ, ինչպես հիշում եք, կռվելու փոխարեն քաղաքացիներին կոչ էին անում պատերազմի օրերին շերեփ-կաստրուլյա խփել, գնալ հավաքվել զինվորական հավաքատեղի, անգամ տեղն ու ժամն էր ասում, ուղիղ եթերում։

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հարցում ամեն երկիր շարժվում է իր ազգային շահով։ Մեր հարևան Վրաստանն անգամ ասաց, որ ազգային շահերից չի բխում, որ իրենք միանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Ադրբեջանը, որ Ռուսաստանի հետ դաշնակցային փաստաթուղթ էր ստորագրել, օգնում է Ուկրաինային․ լավ, ուզում եմ հասկանալ՝ Հայաստանը գիտակցո՞ւմ է իր ազգային շահը, այստեղ հաշվե՞լ է, թե որն է ու ինչ է անում, ոչ թե սպասենք ինչ կլինի, այլ որևէ քայլ անել։ Եթե Հայաստանի իշխանությունը ունենար ինչ-որ կշիռ, կարող էր ինքը ևս այս կոնֆլիկտում որոշակի դեր կատարեր, գոնե հաշտեցնելու փորձ աներ, չէր հաջողի, բայց կաներ մի բան։ Բայց էնպես չէ, թե ոչինչ չեն անում․ Փաշինյանը խորհրդակցում է այն քաղաքական ուժերի ու գործիչների հետ, որոնք ընդգծված հակառուս են, ու հանդիպումից հետո նրանք լցվում են եթեր, սկսում են Ռուսաստանի դեմ խոսել։ Հայաստանի վրա հարձակում եղավ, Արցախում պատերազմական հանցագործություններ արեց Ադրբեջանը, տեսա՞ք եվրոպական որևէ երկիր, Հայաստանում գտնվող որևէ դեսպան դատապարտեր, իսկ հիմա չասեմ մարմնի որ մասն են պատռում։ Դա էլ է Հայաստանի կշռի արդյունք։ Էսօր օր ու մեջ գնում են Հայաստանում ուկրաինական դեսպաանատուն։

Անգամ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը չի աշխատում նորմալ։ Դեսպանատունն ինքն է ասում հայերին՝ ոնց կարողանում եք՝ գլխներիդ ճարը տեսեք։ Դեսպան Վլադիմիր Կարապետյանն անհասկանալի է, թե իչով է զբաղված։ Մեր իշխանությունը բախտի քմահաճույքին է թողել մարդկանց ու գիտե՞ք ինչ է քննարկում՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանի ֆեյսբուքյան էջի լոգին-պարոլի հարցը։

Կարճ ասած՝ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը դրել է ամեն ինչ, արդյունքից կախված է նաև Հայաստանի վիճակը՝ թե՛ անվտանգային առումով, թե՛ տնտեսապես։ Հաղթեց Ուկրաինան, Թուրքիան Հայաստանում է, հաղթեց Ռուսաստանը, իրեն լավ դաշնակիցներ են պետք, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ են այդ դաշնակիցը լինելուն․ Հայաստանը ձայնի իրավունք չունի, ինքն իրեն զրկել է այդ իրավունքից։ Հայաստնը կորցնելու շատ բաներ ունի, եթե չունենա նորմալ ղեկավարություն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ