Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստը դիտելիս ինձ սարսափելի վատ եմ զգացել։ Միշտ ասել եմ ու շատերն են ասել, որ Նիկոլ Փաշինյանից ու հատկապես այսօրվա թիմից ամեն ինչ սպասելի է․ բայց մտածել ենք նաև, որ ինչ-որ գծեր կան, որ չեն անցնի, որպեսզի գոնե իրենց համար ղեկավարելը հարմար լինի, նեղ չլինի տարածքը։ Էսօր Ազգային ժողովը քննարկում էր Ալիևի ու Էրդողանի ընդունած Շուշիի հռչակագիրը դատապարտելու նախաձեռնությունը, որը առաջարկել էր «Հայաստան» խմբակցությունը։ Էդ հռչակագիրը ուղնուծուծով հակահայ փաստաթուղթ է, Հայաստանի ազգային անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր, Հայաստանի տարածքային ամբողջականությանը դեմ է, Հայաստանի անկախության հռչակագրին դեմ է, Արցախին դեմ է։ ՔՊ-ն ասաց՝ մենք Ադրբեջանին ու Թուրքիային դեմ բան չենք անի։ Նրանք ասում են, ուզում ենք քիրվայություն անել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խաղաղություն ենք ուզում։ Ի՞նչ խաղաղություն, չգիտեն։
Թուրքիան ու Ադրբեջանը գնում են իբր խաղաղության, բայց միաժամանակ վավերացնում են էդ փաստաթուղթը, որով Ղարաբաղը Ադրբեջան է, Թուրքիան էլ պատրաստվում է օգնել Ադրբեջանին ռազմական ճանապարհով խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խաղաղություն։ Էդ փաստաթւղթն ընդունվել է նախորդ տարվա հունիսին, դրանից հետո նրանք բազմիցս խախտել են հրադադարը, ներխուժել են մեր տարածք, գերիներ են տարել, սպանել են բազմաթիվ զինվորների, հիմա էլ վավերացնում են էդ անտեր թուղթը, ի՞նչ խաղաղություն։ Հայաստնին էդ փաստաթղթով համարում են ագրեսոր, խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին, ասում են, որ համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։
Լսում ես հանձնաժողովի ՔՊ-ական անդամների ելույթները ու զարմանում ես՝ սրանք Հայաստանի խորհրդարանի անդամ ե՞ն, Հայաստանն ե՞ն ներկայացնում, թե՞ թուրք-ադրբեջանցիներին։ Խոշոր գործարար Գուրգեն Արսենյանն ասում է՝ ժողովուրդը մեզ ա ձայն տվել, լավ ենք անում՝ սենց ենք անում, մենք չենք դատապարտի թուրքերին, դուք վաղը եկեք իշխանության, ինչ ուզում եք արեք, էսօր մենք ենք, սենց ենք անում։
ՔՊ-ական Մարիա Կարապետյանը, էն որ ադրբեջանցիների հետ Նովրուզ էր տոնում, ասում է՝ բա ՀՀԿ-ն 2010 թվականին ինչի՞ չէր դատապարտում Ադրբեջանի այսինչ համաձայնագիրը, բա ինչի՞ է Էդվարդ Նալբանդյանը մասնակցել Էրդողանի գահակալության 2000 եսիմվոր թվին։ Ձեռք ե՞ք առնում։ Էն ժամանակ հաղթած էինք, Արցախն ու Շուշին մերն էին, դրանց ղեկավարները մեր ազգին ամեն օր նոր ցեղասպանությամբ չէին սպառնում։ Ձեր կարծիքով էս անցած 25 տարվա մեջ պատվիրակություններ չեն եկե՞լ-գնացել։ Եկել են, բայց նրանք եկել են գլուխները կախ, ամոթի տակ, որովհետև ջախջախված էին, մենք գնացել ենք հպարտ, որովհետև հաղթել ենք։ Հիմա ամոթ ենք ապրում, որովհետև ձեր պատճառով մեզ նվաստացած ենք զգում։ Նախկիններին որ օրինակ եք բերում, հիշեք էլի, մի հատ․ էն վատը, որ հիշում ու հիշեցնում եք, դա էլ հիշեցրեք, որ ինչել որ եղել է՝ հաղթած էինք։
Ի վերջո, այսօր Հայաստանի, կրկնեմ՝ Հայաստանի Ազգային ժողովը Էրդողան-Ալիև հակահայ հռչակագրի դեմ հայտարարությունը չընդունեց, որովհետև ՔՊ-ն չմիացավ։ Կարդացեք մի հատ ադրբեջանական մամուլը, ինչ ոգևորություն է։ Նրանք էլ են ասում, որ Հայաստանի իշխանությունը աշխատում է Ադրբեջանի օգտին, հակաադրբեջանական ու հակաթուրքական հայտարարությունները չեն ընդունում, առաջ են ացել, հիմա էլ ասում են՝ կարող ենք հանգիստ իրականացնել այդ Շուշիի հռչակագրում գրվածները, Հայաստանը համաձայն է։ Ադրբեջանցիներին առաջարկում եմ դիմել Նիկոլին՝ Էրդողան-Ալիև հռչակագիրը Հայաստանում ևս վավերացնելու համար, ՔՊ-ական խմբակցությունը, էն որ Գուրգեն Արսենյանն ասում է ժողովուրդն է ընտրել, մեկ մարդու պես կողմ կքվեարկի, այսքանը տեսնելուց հետո արդեն վստահ եմ։
Սրանք ասում են՝ Ցեղասպանությունը Սփյուռքի հարցն է, թշնամիներին պատասխանելը ընդդիմության հարցն է, մեզ էլ ժողովուրդը մանդատ է տվել, որ ինչ ուզենք՝ անենք, ամեն սրիկայության գնալու են ժողովրդի անունից։ Ասում են՝ մեզ ժողովուորդը ձայն է տվել, որ հե՛նց սա անենք, ինչ անում ենք։ Դուք ժողովրդին հարցրե՞լ եք։ Վերջերս հարցումների արդյունք հրապարակվեց, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական հայ-ադրբեջանական հաշտեցմանը, էդ դուք ո՞նց եք ժողովրդի անունից գնում դրան։ Մի հատ դուրս էկեք փողոց, գտեք մեկին որ ուզում է թուրքի հետ խաղաղ հարաբերվել, այս պատերազմից հետո, գտեք, խնդրում եմ մեկին, քպ կուսակցությունից դուրս։ Ժողովուրդը ձեզ Հայաստանը թրքացման տանելու մանդատ չի տվել, ու այն, ինչ անում եք, դրա մանդատ չի տվել։ Տվել է որ, կյանքը լավանա, իրական խաղաղություն լինի, որը դուք չեք անում, անում եք հակառակը։
Նիկոլի վախվորած, թրքահպատակ քաղաքականության վերջը պատերազմն է․ եթե պատերազմ անգամ չլինի, լինելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիա՝ թրքացման ճանապարհով, բանտիկը կապելու է մեր հայրենիքի վրա, հանձնի թշնամուն՝ մեզ համոզելով որ ամեն բան ճիշտ է, ու դուք էլ հենց դրա համար եք քվե տվել։ Երկու օր առաջ Նիկոլն ուղերձ էր հղել, ասում էր՝ մենք շուտով կթոթափենք պատերազմի հետևանքները, կմոռացնենք վիշտը։ Մի ձևով նա կարող է մոռացնել տալ այս վիշտը՝ էլ ավելի մեծ վիշտ բերելով․ այ էդ մեկը կարող է։
Մի հատ նայեք ԱԺ արտաքին հարաբերությունների էդ հանձնաժողովի ՔՊ-ական պատգամվորների ցանկը։ Մարիա Կարապետյան, ով նովրուզ էր նշում ադրբեջանցիների հետ, գործարար Գուրգեն Արսենյան, որը շարժվում է փողի թելադրանքով, DJ էդո․․․ սրա՞նք են դեմ խոսելու Ադրբեջանին։ Եթե որևէ մեկի մոտ կասկած կար, նրանք այսօր կողմ եղան Ադրբեջանին, ու դեմ Հայաստանին։ Արարատ Միրզոյանն ասում է՝ չխոսենք, որ չբորբոքենք։ Ավելին ասեմ, Հայաստանում ով ասում է Շուշին օկուպացված է, սրանք ու Ալիևը համարում են ռևանշիստ։ Մեր ազգային տեսակին Ալիևն ու Նիկոլի ՔՊ-ն համարում են ռեվանշիստ։
Ու էս պահին արդեն ինձ հետաքրքիր է՝ էն լրտեսական ցանցին ինչի՞ եք ձերբակալել, եթե ադրբեջանական քարոզչություն են անում ներսում ՔՊ-ական պատգամավորները։ Մեկը 400 դոլարի դիմաց ա հայրենիք ծախում, մյուսը, ասենք, 5 մլրդ, բայց հիմքում ծախելն է, չէ՞։ Ղարաբաղցիների դեմ, տունը կորցրած ղարաբաղցիների դեմ ատելություն են տարածում, ՔՊ-ական դեպուտատները լայքում են։ Հիմա որ ԱԱԾ-ն դավաճանների է բռնում, ուզում եմ հասկանալ՝ պաշտոնական օղակներում փնտրո՞ւմ է, թե՞՝ չէ։
ԱԺ պատգամավորներ Իշխան Սղաթելյանը, Աղվան Վարդանյանն ու Արամ Վարդևանյանն առաջարկում են քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, դա հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Տուգանք է ու 2-5 տարվա ազատազրկում։ Կասեք, է հա, ի՞նչ կա որ, բնականաբար պետք է ընդունել։ Ես վստահ եմ, որ էս նախաձեռնությունն էլ է տապալվելու, որովհետև դրանով չի կարող Նիկոլն օր ու մեջ ասել՝ Շուշին մերը չէ, Սյունիքի էն հատվածները, որ եկել գրավել են մերը չէ, հրաման եմ տալիս զորքերը հետ քաշել և այլն։
Այսօր մի հատ լուր կարդացինք․ ադրբեջանական մամուլը գրում է, որ ՀՀ նախկին նախագահների նկատամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում և հետախուզում է հայտարարվել: Արցախյան շարժման և ազատագրական պայքարի համար: Բնականաբար, եթե Նիկոլենք չագուչով խփում են անկախության հռչակագրի հիմքերին, ադրբեջանցիներն էլ էսպես կանեն։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանում քրգործերն ու հետախուզումը նոր չէ։ Խնդիրը ժամանակն է, եթե առաջ ծիծաղով էինք անդրադառնում, հիմա մտահոգված եմ, համարում եմ վտանգավոր, որովհետև Նիկոլ Փաշինյանը, որը Ադրբեջանում հերոս է և նրա մասին երգեր կան, վախենամ ամեն ջանք գործադրի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կալանավորելու և Ադրբեջանին հանձնելու համար։ Ես վախենում եմ, որ վաղը կարող է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով քրգործը փլվելուց հետո մեր դհոլչի դատախազը նրանց նկատամբ մեղադրանքը փոխել։ Նստեն-քննարկեն, կարողա՞ իսկականից Քոչարյանը, Սերժը, Վազգեն Սարգսյանը ռազմական հանցագործներ են, եղբայրական Ադրբեջանի հողերն էին գրավել ու 25 տարի պահում էին։ Ամեն ինչի սպասում ենք։ Ի միջի այլոց, Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրգործի մասին ու հետախուզման մասին հայտարարեց Հայաստանի խորհրդարանում Էրդողան-Ալիև հռչակագրի դատապարտումը մերժելուց հետո։ Նիկոլի լավության տակից դուրս եկավ։
Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Ընդդիմությունը դեմ է եղել սև ու սպիտակ բաժանումներին, բայց էսօրվա ԱԺ նիստը ջրբաժան էր։ Բոլորը, ընդդիմությունը առաջին հերթին պետք է վերաարժևորեն իրենց պայքարը, պետք է արդեն իրենց պլանները գծեն՝ մտածելով, որ գործ ունեն մի թիմի հետ, որը Ալիևի ու Էրդողանի ներկայացուցիչն է Հայաստանում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը