07 02 2022

«Կարճ ասած»․ Երբ իրենց ժողովրդավար համարողները կռանում են բռնապետի առաջ



 

Հայաստանի դատական համակագը խայտառակության այսօրվա չափաբաժինը բարեհաջող ստացավ։ Վերաքննիչ դատարանի տխրահրչակ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը այսօր կալանավորեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Դատավոր Դավիթ Արղամանյանն էլ կալանավորեց դատավոր Բորիս Բախշիյանին։ Հայաստանում քաղբանտարկյալ քաղաքական գործիչներին, քաղ հասարակության ակտիվիստներին, համայնքապետերին ավելացավ քաղբանտարկյալ դատավոր։ Այո, Հայաստանում արդեն կա քաղբանտարկյալ դատավոր։ Ընդ որում, դատավորը դարձավ քաղբանտարկյալ, երբ ազատ արձակեց քաղբանտարկյալներին՝ Սիսական ջոկատի հրամանատարին, Քաջարանի համայնքապետին, Գորիսի համայնքապետի տեղակալներին։ Եթե ուսումնասիրեք, թե վերջին շրջանում ում են բաց թողել կալանքից, կհիշեք երկու անուն՝ Մանվել Փարամազյան, Աշոտ Մինասյան, երկուսին էլ կալանքից բաց է թողել Բախշիյանը, ու հենց նա կալանավորվեց։ Հայաստանում մարդկանց կալանքից բաց թողնելու դեպք չկա, ընդհակառակը՝ պահում են փակի տակ՝ ի տես բոլորի, որ հանկարծ չշշկռեք հակաիշխանական մի բան անեք, ասեք։ Մեկը մի քիչ ակտիվ է խոսում, ասում են՝ չես վախենո՞ւմ, որ կգան հետևիցդ։ Այ էդպիսի ժամանակների ենք հասել։ Բոլորը պետք է ողջունեն, որ Արցախ են հանձնել, հազարավոր էրեխեքի դրել գերեզման ու հիմա թուրքերի հետ քիրվայություն են անում․․․ Եթե այդ ամենը չես ողջունում, կալանքի մատերիալ ես։

Մարդկանց պատժում են կալանքով, պատժում են կալանքի տակ պահելով, պատժում են նաև քրեակատարողականներում․ մարդը ընկնում է բանտ, մեկ ամիս անց արդեն տեսնում ես, որ հիվանդանոցի մատերիալ է դարձել, քայքայել են առողջությունը։ Երեկ փաստաբաններն ահազանգեցին, որ անհիմն կալանքի տակ պահվող Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը վատացել է։ Նարեկ Մանթաշյանն ունեցել է հիվանդության սրացում, շաքարը հասել է 27-ի, թույլ չեն տվել անգամ փաստաբանին զանգել, ասել են՝ քո զանգերի վրա արգելանք է դրված։

Եթե մենք ապրեինք աշխարհից կտրված մի վայրում, չհայտնաբերված ջունգլիներում, քաղաքակրթության երես չտեսած ինչ-որ ցեղախմբում, որտեղ ընդունված է մարդակերությունը, հագուստն էլ մեկ-երկու հատ տերև է, կասեի նորմալ ա, ուրիշ ի՞նչ սպասենք սրանցից։ Բայց ապրում ենք մի երկրում, որը, պարզվում է, համաձայն ինչ-որ միջազգային կառույցների, ժողովրդավարության մեջ ոչ թե քայլերով, լոնքերով է առաջ գնում։ Ու ի՞նչ են անում միջազգային կառույցերը այս կալանավորումների վերաբերյալ։ Բացարձակ ոչինչ։

Հայաստանում ժողովրդավարության դեսանտ ԵՄ դեսպան տիկին Վիկտորին, էն որ բարևելուց  մինչև ծնկները կռացել էր Նիկոլի առաջ, մի հատ ծպտունը դուրս չի հանում։ Մենք մինչև էսօր լրիվ ուրիշ բան ենք իմացել եվրոպական արժեքների մասին, հիմա տեսնում ենք, որ եվրոպական արժեքների մեջ մտնում է մարդկանց խոշտանգումը, կալանքը որպես պատիժ կիրառելը։ Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկին մասնակցում էր ընդդիմության հանրահավաքների, դատերին, ակտիվիստի կալանքի համար դիմում էր իշխանություններին։ Դա Նիկոլից առաջ էր։ Իսկ հիմա ակտիվիստ, համայնքապետ, քաղաքապետ, դատավոր, բոլորին կալանավորում են, ո՞ւր ես, ԵՄ դեսպան։ Եթե Եվրամիության դեսպան տիկին Վիկտորինի ծննդավայր Գերմանիայում լինի այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, ի՞նչ կասեին։ Եթե սա կոչվում է ժողովրդվարության առաջընթաց, ապա թող ողջ եվրոպայում տարածվեն նիկոլական այս արժեքները, տեսնենք կստացվի՞։

Հայաստանում բռնապետություն է, ու դա ամրապնդվում է մեր երկրում առկա միջազգային կառույցների մասնակցությամբ, նրանց լռությունը հանցակցություն է, առնվազն երեսպաշտություն, իսկ իմ կարծիքով՝ ինչ-որ բանի փոխարեն։ Ասում են՝ Հայկ Մամիջանյանը ինչո՞ւ է դեմ քվեարկել ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին այն մասին, որ Նիկոլի օրոք ժողովրդավարությունն առաջ է վազում, հետևից չենք հասնում։ Ուզում եմ իմանալ, էդ ո՞վ, ո՞ր մի կառույցն է ժողովրդավարության առաջընթաց տեսել, գրանցել։ Հիմա ես ուզում եմ այդ կառույցներն անկեղծորեն ասեն՝ ի՞նչն է, որ առաջ վատ է եղել, ու նույն բանը հիմա լավ է, ասեք իմանանք։ Ո՞րն է լավը, ասեք էդ ոլորտների հետ առնչվենք։ Ազնիվ ու մրցակցային ընտրություննե՞ր են եղել, ժողովո՞ւրդն է ձևավորել իշխանություն, մեր երկրում կա քաղաքական ու սոցիալական հավասարությո՞ւն, ազատությո՞ւն։ Ի՞նչ է եղել մեր երկրում, որ դուրներդ էդքան գալիս է ու ուզում եք նույն կերպ շարունակենք։ Ցույց տվեք այս իշխանության ժամանակ մի դեպք, որ ժողովուրդը բողոքի ցույց է արել ու իր պահանջի կատարմանն է հասել․ մի դեպք։ Ժողովրդի ձայնի բացարձակ անտեսում է։

Հենց միայն այս կալանքները բավական են, որպեսզի փաստես, որ ժողովրդվարությունից հեռու է Հայաստանը և գլորվում է դեպի խայտառկող բռնատիրություն։ Բերեմ մի քանի փաստ ևս։ Նիկոլ Փաշինյանի օգնականը քաղաքական երանգ ունեցող քրեական գործով քննիչին ցուցում է տալիս, հետո ասում է՝ խորհրդատվություն եմ տվել։ Նիկոլ Փաշինյանն ինքը խորհրդակցություն է անում, քննչական կոմիտեին ու դատախազությանը հանձնարարականներ է տալիս։ Մարդու մեղադրանքը փակուղում է հայտնվում, նոր մեղադրանք է հորինվում, ինչ է, թե մնա կալանքի տակ։ Ու սա նորմալ ա՞ ժողովրդավարության ջահակիրների համար։

Մարդը իր իրավունքների համար ոտքի է ելնում, ձերբակալում են։ Մարդիկ հոգնում են, նյարդայնանում են, հայհոյում են՝ բերման են ենթարկվում, քրգործ են սարքում գլխին, տանում կալանքի։ Freedom House-ն արձագանքել է, որ էդ վիրավորանքի քրեականացումը Հայաստանը ժողովրդավարությունից հետ է մղում, կարճ ժամանակում արդեն 260 հոգու դեմ գործ եք հարուցել, մարդու ազատ խոսքը իրավունք չունեք սահմանափակեք։ Ասում են՝ Հայաստան, դու քո հանձնառությունները չես կատարում, սրանք ասում են՝ լավ ենք անում։ Կրկնում եմ, այս ամենը չէր կարող լինել, եթե այդ միջազգային կառույցները այսքան լուռ ու հանդուրժող չլինեին․ որքան որ նախկինում էին, այ հենց էն նախկինների ժամանակ, այ էդքան հիմա աղմկեին։     

Կարճ ասած՝ Ես խիստ կասկածում եմ, որ այս իշխանությունը խելքի է գալու․ դա անհնար է, հաղթահարել այս փուլը հնարավոր կլինի իշխանափոխությամբ։ Բայց այս պահին կոչ կանեի Հայաստանի այս վիճակով ոգևորված միջազգային կառույցների մասնաճյուղերը հասկանան՝ արդյո՞ք Հայաստանում իրենց գործունեությունն իմաստ ունի, եթե իրենց շարունակելու են դնել հայտնի համառ կենդանու տեղը։ Արդյո՞ք իրենք իրավունք կունենան վաղը, արդեն, հաջորդ իշխանությունների ժամանակ որևէ բանի մասին առհասարակ խոսելու։

Հայաստանցիներն ապրում են ծանրագույն ժամանակներ, թվում է, թե մեր պետության, ժողովրդի շահերի դեմ են աշխատում բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ իշխանության գործողությունները չտեսնելու տվողները։ Սա երկիրը տանում է սրացումների, որի վատ հետևանքները շուտով արդեն կտեսնեն բոլորը։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ