18 01 2022

«Կարճ ասած»․ Նիկոլը մուռ է հանում ժողովրդից



 

Ականջդ կանչի, Նիկոլ, հեղափոխությունն անելուց երկու օր անց ասում էր՝ մենք ատամներով, եղունգներով իշխանություն պահելու, ճանկռելու խնդիր չունենք, չենք անելու։ Ուզում եմ իմանալ՝ էսօր էլ է՞ էդ կարծիքին։ Եթե այո, ապա ո՞նց հասկանանք հենց հիմա Վարդենիսում, Թալինում, Վեդիում, Փարաքարում, Վանաձորում կատարվողը, միառժամանակ առաջ՝ Գորիսում, Կապանում, արտահերթ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ և հետո։ Էդ ի՞նչ էիք անում, որ չէիք ճանկռում։ Արդեն բացահայտ ցուցադրում եք որ թքած ունեք ժողովրդի կարծիքի վրա, ընտրության վրա, ձեզ մերժելու վրա։

Հայաստանում արդեն մեկուկես ամիս է՝ մի շարք քաղաքներ, կարելի է ասել, չեն աշխատում։ Շիլա-շփոթ է։ Կաթվածահար վիճակ է, լարված՝ էլ ասելու չէ։ Տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ՔՊ-ն պարտվել է, բայց արդյունքում մի երկու տեղ ստիպելով, ճնշելով կարողացել են նստել քաղաքապետ, օրինակ՝ Թալինում, Փարաքարում, մի երկու տեղ առևանգել են ընտրված քաղաքապետին, օրինակ՝ Վարդենիսում, Վանաձորում։ Վարդենիսում նախկինները, այսինքն՝ ՔՊ-ն, պարտվել է, բայց չի համակերպվում, կրքերը բորբոքում է, նորերին չի թողնում աշխատել, թքած ունի, թե ում է ընտրել ժողովուրդը։ Վանաձորում մեկ մանդատի կռիվ եք տալիս՝ Էդմոն Մարուքյան եք գործի դրել, թե՝ գնա գոնե մի մանդատ բեր, տեսնենք՝ ինչ ենք անում։ Գորիսում համայնքապետին բանտից ազատ չեք արձակում, որ գնա իր քաղաքին տիրություն անի։

Է՞լ որը բաց թողեցի․ հա Վեդին․ Վեդիում ՔՊ-ն պարտվել է, բայց թեկնածուներից մեկին առևանգելով, ծեծելով, հասել են արտահերթ ընտրությունների։ Սրան ի՞նչ անուն կտաք։ Հը՞ն, Նիկոլ, ի՞նչ ասենք սրան, բա ասում էիր ժողովուրդնա որոշում, բա որոշել ա, մերժել ա քո կոկորդիլոսագետ Գարիկին, բա համակերպվի։

Կամ՝ քո Կարգին Հայկոյին գործից հանեցիր, որովհետև, ասում էիր՝ ո՞նց կարող է աշխատել, եթե չունի ավագանու մեծամասնության աջակցումը։ Նույնը քեզ եմ հարցնում․ Թալինում պարտվեցիք, հետո հաղթողներին սկզբում քաղաքականով ճնշեցիք, չստացվեց, հետո գողականով ճնշեցիք, ձեր թեկնածուին ընտրել տվեցիք, բայց հիմա չունի մեծամասնության աջակցությունը, անգամ նիստերը չեն կայանում։ Զավեշտը գիտե՞ք որն է, Թալինի քաղաքապետ կարգված Տավրոս Սափեյանը հայտարարություն է տարածում, թե՝ «ընդդիմությունը չի մտածում Թալինի մասին, բոյկոտում է, բայց թող որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ կարող է դավադիր ճանապարհով հասնել իշխանության»։ Ցինիզմը պատկերացնում ե՞ք․ ՔՊ-ն հաղթողներից, ժողովրդից, հաղթանակը խլել է, հիմա ասում է՝ «դավադիր ճանապարհ» և այլն։ Եթե դուք մտածում էիք թալինցու մասին, բա չե՞ք մտածում՝ եթե աջակցություն չունեք, ո՞նց եք ղեկավարելու։ Եթե դու աջակցություն չունես, եթե անգամ ունես մեծ ցանկություն, չես կարող լավ բան անել Թալինի համար․ Տե՞ս, Նիկոլն էլ աջակցություն չունի, դրա համար էլ չի կարողանում մեր երկրում մի լավ բան անել։ Չնայած, իմ կարծիքով, ինքը չի էլ ուզում լավ բան անել՝ մուռ է հանում․ ինձ չե՞ք ընդունում․ դե տեսեք՝ ձեզ հետ ինչ կանեմ։

Ի՞նչ է անում հեկտարն ու սանտիմետրը իրարից չտարբերող Գարիկ Սարգսյանը Վեդիում․ Մարդը դիմել է, որ ընտրվի, խայտառակ պարտվել է, հետո էլի քուչի մակարդակի խոսակցություններով, հետո գողականով հասան նոր ընտրությունների․ չեն համակերպվում ժողովրդի ցանկության հետ․ իսկ մինչ ընտրություններ կլինեն, Նիկոլը պարտված թեկնածուին՝ Գարիկ Սարգսյանին, նշանակում է Վեդիի համայնքապետ։ Տեսեք աբսուդը, Նիկո՛լ, տես՝ վեդեցին քո Գարիկին մերժել է, դու՛ վեդեցիների ինադու էլի նրան ես նշանակում։ Սա էլ էն համայնքներում, որտեղ պարտվել է, ապօրինի կերպով ղեկավարներին աշխատանքից ազատում է, որ իրոնցականներով լցնի, իբր թե ընտրվի։ Նիկո՛լ, ժողովուրդը չի ուզում քո թեկնածուներին, էս ի՞նչ պայքարի մեջ ես մտել, Հայաստանի հպարտ ժողովրդի հետ։

Բա Վարդենի՞սը։ Վարդենիսի համայնքապետի աշխատեսանյակի բանալին չկա, կնիքը չկա․ կա նոր քաղաքապետ, չի կարողանում աշխատել ու կրկնում եմ՝ սահմանամերձ քաղաքում, որը մի քանի համայնք միացել են ու խոշորացել, որ թազա ընտրություն լինի՝ իրենցականին ընտրել տան․ չընտրվեց․ հիմա մանր խուլիգանություններ են անում, ինչ է, թե իրանց ուզածով չի ընտրության արդյունքը։ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն պարտվել է, հիմա ասում է՝ չէ, եկեք գնանք նոր ընտրությունների․ ինչի՞, պարտվե՞լ ես, համակերպվի, ժողովուրդն է ընտրել, քեզ մեր սաղի գլխին բերած ժողովուրդն է։ Ինչո՞վ եք համոզված, որ նոր ընտրություններում կանցկացնեք։ Իմ կարծիքով, էլ ավելի վատ պատկեր եք ստանալու։

Ժողովուրդ, սա հենց իշխանությունը ճանկռելով պահել է, զոռբայությունն է, սրանք անհանդուրժող են բացի ՔՊ-ից՝ բոլորի նկատմամբ, անգամ իրենց բերած ժողովրդի, պատերազմում զոհվածի, բոլորի։ Թքած ունեն քաղաքացու քվեի վրա էլ, ժողովրդի կամարտահայտության վրա էլ, ազատ ու թափանցիկ ընտրությունների վրա էլ։ Փաստ է՝ Հայաստանում որ համայնքում ՔՊ-ն պարտվում է, սարքում են գյուղապետի գլխին, նստացնում են կամ ահաբեկելով տիրանում են աթոռին։

Ավագանու նիստերը տեսել ե՞ք, մի կողմում ժողովուրդն է միտինգ անում, մի կողմում ոստիկաններն են լիքը լցված, ավագանին է կռիվ անում, ոստիկանները ժողովրդին են ծեծում, բերման են ենթարկում։ Բանը հասել է այնտեղ, որ քաղաքապետը դրսում է երդումն ընդունում։

Լուրջ եմ ասում, իմ կարծիքով՝ Նիկոլը մուռ է հանում էս ժողովրդից։ Ու միշտ է մուռ հանել, ասել է՝ հպարտանում եմ, բայց հանել-ուղարկել Բայրաքթարների տակ, որովհետև էդ տղերքը, ի տարբերություն իրեն, հայրենասեր էին։

Արձանագրենք՝ ՔՊ-ն մի մանդատի համար հոգի է տալիս, կյանքի ու մահվան պայքար է տանում մի գյուղում գյուղապետի համար։ Վստահ եմ՝ սրանք կասեն՝ թող Փարաքարը տանք ադրբեջանցիներին, բայց ՔՊ-ականին նշանակեն քաղաքապետ։ Սրանք պատրաստ են գյուղեր տալ, բայց պաշտոնը չտալ․ քաղցր է էդ անտերը։

Էսքան պաշտոնի մեռա՞ծ, էսքան պաշտոնից կառչա՞ծ։

Կարճ ասած՝ բոլոր տեղերում ընտրությունները մթնոլորտ թուլացնելու փոխարեն այն լարել են․ Հայաստանում ՏԻՄ ու խորհրդարանական արտահերթ ընտրություններն ապացուցեցին՝ մեր երկրում ընտրություններով հարց չի լուծվելու։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զավթել են Հայաստանը։ Մարդիկ ընտրվում են քաղաքապետ, բայց Նիկոլը չի թողնում նստեն, կալանավորում է, գործարքների է գնում, գործեր է սարքում, ահաբեկում է։ Մարդիկ, այս ամենը տեսնում են, ում հետ խոսում ես, սպասում են ինչ-որ մի բանի, ինչ-որ մի ուժի, որ փողոց դուրս գան։

Վաղ թե ուշ՝ դա է ճանապարհը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ