12 01 2022

«Կարճ ասած»․ Զոհվում են, որ Նիկոլը խաղաղության դարաշրջան բացի



 

Մի քանի անգամ վտանգ եմ զգացել և անհանգստություն եմ հայտնել, որ ամենավատն այն կլինի, որ սահմանային այս խայտառակ դեպքերը սկսեն դառնալ սովորական մի բան, հանրությունը հարմարվի սրան, ինչպես որ հարմարվել է իշխանությունը, Արցախի կորստին, պարտությանը ու նվաստացմանը։ Փաստացի՝ ծանր վիճակ է սահմանին, ու դա սովորական է ժողովրդի համար։ Մարդիկ հարմարվել են, որ մի քանի օր կկրակեն, գերի կտանեն, մարդիկ կզոհվեն, կվիրավորվեն, ֆեյսբուքում կխոսենք, կհայհոյենք, կանհանգստանանք, լույսը կբացվի ու կանցնենք մեր գործերով՝ մոռանալով, որ մեր տղերքը զոհ դարձան Նիկոլի «խաղաղության դարաշրջանին»։ ԱԺ-ն կքննարկի կաթնամթերքի յուղայնության, սնդիկի մասին օրենքներում փոփոխություններ։ Ի՞նչ է եղել որ։

Երեկ Գեղարքունիքում ամբողջ օրը ահավոր վիճակ էր։ Պաշտպանության փոխնախարարը ասաց ամեն ինչ նորմալ է, ինֆորմացիա չենք թաքցնում, ու գնացին-կորան։ Երեկոյան ամբողջ լրահոսը ողողված էր ահաբեկող լուրերով, ունեինք երեք զոհ, վիրավորներ, այնտեղ մարդիկ նկուղներում էին թաքնվել, այստեղ՝ պաշտպանության նախարարությունը, բոլոր պետական հիմնարկների պես, 6-ից հետո չկար։ Երեկոյան մի պահ եկավ՝ ընդամենը հաստատելու մամուլի տեղեկությունները։ Սուրեն Պապիկյանի կառույցը դարձել է մամուլի հրապարակումները հերքող, հաստատող, մեկ էլ զոհված տղերքի կորստյան վիշտը բառերով կիսող մի բան։ Երեկ մենք գիտեինք, որ երեք զոհ կա, առավոտյան նոր ՊՆ-ն հաստատում է երրորդ զոհը։

Հարցը հետևյալն է․ 2021թ․ մայիսի 12-ին, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, Ադրբեջանն առաջ եկավ Սյունիքում ու Գեղարքունիքում, գրավեց ռազմավարական կարևոր դիրքեր․ հիմա թշնամին հայկական բարձունքներում կանգնած է, ամբողջ տեսադաշտը բաց ու կրակում է․ մեր տարածքից թշնամին կրակում է մեզ վրա ու սպանում է մեր տղերքին։

Մարդիկ հարց են բարձրացնում՝ Նիկոլ, բա ապագա էիր խոստացել, խաղաղություն էիր բերել, ՀԱՊԿ էիր աշխատացրել, ասում էիր՝ պատմության մեջ առաջին անգամ, էդ սաղ ի՞նչ եղավ։ Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գրավոր դիմի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանին, նա էլ քննարկի Շորժայի դեմ ագրեսիան կանխելու հարցը։ Բա դիմիր, ինչի՞ չես դիմում, կմերժի՞ ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Էս ի՞նչ մուլտիկ եք խաղում։

Հողերը տվել եք, բա մեզ պահած հատվածը ինչի՞ չեք կահավորել, ինչի՞ դիրք չունեք։ Ո՞նց է լինում, որ Հայաստանի երկնքում թշնամու անօթաչուներ են պտտվում, ու դու չես խփում, ունե՞ս հակաօդային պաշտպանության համակարգ, թե՞ սպասում ես Նազարբաևը գա-կրակի։  Պատերազմից մեկ տարի երկու ամիս է անցել, քա՞նի դիրք ես կարգավորել, ի՞նչ ես արել։ Ի՞նչ զենք ես առել։ Ադրբեջանցիները ֆիլմ են նկարել, ցույց են տալիս հայկական դիրքերի անմխիթար վիճակը՝ խաղաղություն խոստացող Նիկոլի օրոք․ իրար վրա դրված մի քանի քար, որոնց արանքից անգամ պարզ երևում են ամեն պահի զոհվելու համար հարմար կանգնած մեր զինվորները։ Ինչ-որ ժեշտերով ծածկված են հենակետերը, ակնհայտ է, որ դրանք չեն պաշտպանում առհասարակ ոչնչից։ Հայ զինվորը այս պայմաններում պետություն է պաշտպանում։ Վերջերս Կապանի շրջանից մեր զինվորները հրապարակեցին իրենց ծանր պայմանների մասին տեսանյութ, որտեղ բառիս բուն իմաստով ցեխերի մեջ էին քնում, տարրական պայմաններ չկային, ռազմական ոստիկանությունը գնաց հետևներից, թե՝ թշնամուն ցույց եք տալիս, պետական գաղտնիք եք բացահայտում։ Նիկոլը ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե՝ ինչի՞ եք ասում դիրքերը կահավորված չեն, թշնամուն եք ինֆորմացիա տալի՞ս։ Թշնամին, Նիկոլ, քո շնորհիվ, մեզանից 70 մետր է հեռու, ու նրանք նկարում են, աշխարհին ցույց են տալիս, որ մեր զինվորին դու պահում ես խայտառակ պայմաններում․ ու աչքներս են մտցնում՝ «Հայաստանի ղեկավարությունը չի մտածում իր զինվորների մասին»։

44-օրյա պատերազմից հետո քա՞նի զինվոր է զոհվել հենց այն պատճառով, որ դուք դիրք չեք կահավորել, երեկվա զոհերը ի՞նչ պատճառով էին։ Էս իշխանությունը զինվորի անվտանգության մասին մտածելու փոխարեն ի՞նչ է արել․ ճոխ պարգևներ է բաժանել՝ ՔՊ-ական պաշտոնյաներին, պետբյուջեի փողերը մեջ-մեջ են արել, պարգևատրել եք ՊՆ աշխատակազմին, ՔՊ պատգամավորներին, նախարարներին, մարզպետներին, որ ձեր համար ձայներ էին ապահովում, 200 հազար դոլարանոց ավտոմեքենա եք առել ԱԺ նախագահի համար։ Զինվորի կյանքը անվտանգ դարձնելու համար փող չկա, բայց փող կա վարչապետի Սևանի դաչան ռեմոնտ անելու համա՞ր, ճոխ ճոխ շրջագայությունների համար, հունական կղզիներում հանգիստներ անցկացնելու համար։

Դուք էդ զինվորների անվտանգության մասին մտածելու փոխարեն ընդամենը նրանց կենացն եք խմել ցուցադրաբար, գնում եք դիրքեր ու փոխանակ հարց լուծեք, քեֆ-ուրախություն եք կազմակերպում, հետները պարում, նկարում, որ ձեր հ1-ներով ցույց տաք, թե տեսեք     ամեն բան կարգին է, խաղաղություն է, զինվորները սաղ օր քեֆերի մեջ են․ իսկ գուցե հենց այդ քեֆի մասնակից զինվորը զոհվում է երկու օր անց։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին Սուրեն Պապիկյանի հետ այցելել էր Վարդենիսի զորամաս, մարտական դիրքեր, կենաց ասաց, մեդալ տվեց ու ինքնամոռաց պարում էր տղերքի հետ։ Դա պար էր այ երեկվա մեր երեք զոհերի շիրիմների վրա։ Էդ քեֆի օրը՝ դեկտեմբերի 31-ին, բանակում էլի զոհ ունեինք․ էդ մասին մենք ուշ իմացանք, բայց դրա մասին գիտեր Նիկոլը, գիտեր պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը․ նրանք թաքցրել էին զոհին ու պարում էին, որովհետև գնացել էին դա անելու, ոչ թե հարց լուծելու, գնացել էին նկարվելու թե տեսեք՝ ամեն բան կարգին է, հանգիստ Նոր տարի արեք։ Տոնական տրամադրությունը պահելու համար զոհին թաքցրեցին մինչև հունվարի 4-ը ու 5 օր անց միայն հայտնեցին, որ գիտե՞ք ինչ դեկտեմբերի 31-ի առավոտյան Վայոց ձորի մարզում մարտական հենակետում․․․

Նիկոլը գնացել էր ու զինվորին մաղթում էր պատվով ու անփորձանք ծառայություն։ Դա ես պետք է մաղթեմ, դու՝ Նիկոլ, պետք է կարողանաս որպես պետության ղեկավար, որպես ՀԱՊԿ չգիտեմ ինչի նախագահ՝ ապահովես այդ անփորձանք ծառայությունը, դու քոնը անում ե՞ս։ Էդ տոնական ընթրիքին զորամասում դու ընդամենը այդ օրը զոհված զինվորի հոգու հացը տվեցիր, ուրիշ ոչինչ։

Ինչ մեղք է մեր ժողովուրդը, մեր զինվորը, որ սկի արդեն չի էլ ջոկում, թե ինչ է կատարվում։ Նիկոլը գնացել էր զինվորներին խաղաղ ծառտայություն մաղթելու, բայց զինվորների ավտոմատների վրայից հանվել են պահեստատուփերը՝ մագազինները։ Դիրքապահների զենքերն առանց փամփուշտների պահեստատուփերի էին։ Վարդենիսում քա՜նի անգամ ենք լսել, որ առանց զենքի ուղարկել են պոստ պահելու։ Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը 14 ամենագնացից բաղկացած շարասյունով սլանում էր Երևան-Սևան մայրուղով։ Պետք է տեսնեիք էդ տեսարանը, մայրուղու բոլոր ավտոմեքենաներին ստիպեցին կանգնել, ով շարժվում էր` ոստիկանական ուղեկցողը քշում էր այդ մեքենայի վրա։ Նիկոլը երկրի մեջտեղով շարժվում է 14 ամենագնացով, ու էնքան է վախենում, որ մյուս ավտոները պետք է կանգնեն, որ իր շարասյունն անցնի․ այդ օրը, անգամ թուրքի դեմ կանգնած դիրքապահի ավտոմատի մեջ պատրոն չկար։ Հասկանում ե՞ք, Նիկոլին միայն իր անվտանգությունն է պետք։

Զինվորին էս վիճակի մեջ դրած գերագույն գլխավորն ու պաշտպանության նախարարը գիտե՞ք ինչով են զբաղված․ ասեմ՝ հարսանիքներով․ Նիկոլը պատրաստվում է տղու հարսանիքին, Սուրեն Պապիկյանը՝ սեփական հարսանիքին։ Իսկ դու, զինվոր ջան, պետք է երեկ զոհված 19-20 տարեկան մեր տղերքի՝ Վահանի, Ռուդիկի ու Արթուրի պես քո կյանքով ապահովես Նիկոլի անվտանգ խնջույքները։ Զոհերից մեկը չեմպիոն էր, մյուսն ուզում էր մենաշնորհները վերացրած մեր երկրում բիզնես աներ․․․ Նրանց երազանքները մնացին կիսատ, որովհետև Նիկոլը իր պլաններ ուներ, ավելի կարևոր, քան էտ տղերքի պլաններն են։

Կարճ ասած՝ հենց տարվա սկզբում այս ծանր դեպքերը նորից եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զոհեր է արժենում, զոհ ու մահեր։ Էդպես է լինելու։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչ օրս, ունեցել ենք 88 զոհ, որից 39-ը՝ մարտական կորուստներ։ Հասկանում ե՞ք, ժողովուրդ։ Սա՛ է իրականությունը։ Քանի Նիկոլն է, բոլորս էլ պատենցյալ զոհ ենք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ