20 12 2021

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ հենց Ռուբինյանը, ոչ թե դիվանագիտությունից բան հասկացող մասնագետ



 

Պատկերացրեք էսպիսի բան․ Հայաստանին, իր ուզելով կամ ոչ, հնարավորություն է ընձեռնվում, մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հավաքական պետք է մեկնի, ու ֆեդերացիայի նախագահը որոշում է, որ հայկական թիմից Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը կամ ֆուտբոլ խաղալ իմացող այլ մարզիկներ պետք է այդ խաղը հեռուստացույցով դիտեն, իսկ խաղին կմասնակցի, օրինակ՝  մեր կանանց հավաքականը։ Դե էն, որ 19։0 պարտվեց։ Կամ պատկերացրեք, որ մեր երկրում նոր թաղամաս են սարքում կամ էն ինժեներական քաղաքը, որ սարքում-սարքում են՝ չեն ավարտում, և ճարտարապետ են նշանակում մեկին, որը միայն լեգո է շարել իր կյանքում։ Ասենք՝ ավտո-ռալլի մրցույթին քո ներկայացուցիչ ես նշանակում մեկին, որ ուղղակի երեկոները հավեսի համար սամակատ է քշում օպերայի բակում։ Ցավոք, այս տիպի օրինակները, օրինաչափություն են Նիկոլի ղեկավարած երկրում, մանավանդ որ նայում ենք, թե ում են նշանակել հայ-թուրքական հարաբերությունների այսպես ասած՝ կարգավորող բանագնաց։

Դու գնում ես հարաբերությունները կարգավորելու քո թշնամի երկրի հետ։ Ու ընտրում ես գուցե քո թիմի մասշտաբով իմաստուն, բայց պետության համար ամենակասկածելի կադրերից մեկին։ Մեղմ եմ ասում։ Առավոտից իրիկուն Հայաստանին սպառնում են, նախապայմաններ են առաջ բերում․ հենց էսօր Թուրքիայի արտգործնախարարը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին ու ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են Զանգեզուրի նախագծի համար, իսկ իրենք դրան ասում են միջանցք։ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրավիճակին հակառակ շարժվել ու ինչ-որ խաղաղության դարաշրջան բացել մեր հասցեին թշնամական հայտարարությունների ֆոնին, սուպեր կլե քսել Ալիևի ու Էրդողանի հետ քանդված կամրջի վրա։ Ինքն էլ չգիտի ոնց, բայց ասում է, որ որոշել են, ու բանակցում են, և իհարկե՝ բոլորից թաքուն, ներկայացուցիչներ են նշանակում։ Առանց որևէ քննարկման, միայն իրենք իրենց մեջ։

Լավ, հիմա տեսնենք՝ որ կողմը ինչպես է վերաբերվում այդ գործընթացին։ Չհիշեցնեմ, թե մենք ուր ենք, մանավանդ 2020-ից հետո, Թուրքիան՝ ուր․ բոլորիս պարզ է։ Թուրքիան բանագնաց է նշանակել մարդու, որն ԱԱԾ խորհրդի գլխավոր քարտուղար է եղել, հմուտ դիվանագետ է՝ մի քանի երկրում Թուրքիան ներկայացնող դեսպան է եղել, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Ցավոք, Էրդողանը Փաշինյանի պես 0 պետական մտածելակերպ ունեցող մարդ չէ, որ Վաշինգտոնում դեսպան նշանակեր մեկին, ով ուղղակի վարժ անգլերեն է խոսում, այլ էդ գործից լավագույնս հասկացողի էր նշանակում։ Հիմա այդ մարդը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանագնացն է։ Իսկ հայկական կողմից բանակցություններին մասնակցում է դիվանագիտությունից  կիլոմետրով հեռու, դրանից բոլորովին գլուխ չհանող մեկը, մարդ, որը միջազգային հարթակներում անգամ քվեարկություն կատարելիս խառնվում է իրար ու սխալ կնոպկաներ է սեղմում՝ դիվանագիտական սկանդալ հարուցելով։ Խոսքը Ռուբեն Ռուբինյանի մասին է․ նա բանակցելու է Թուրքիայի այնպիսի ներկայացուցչի հետ, որի դիվանագիտական կարիերան իր տարիքից մեծ է։ Էդ թուրքը 6 տարի արդեն դեսպան էր, նոր Ռուբենչիկը լույս աշխարհ է եկել։ Ռուբենչիկ Ռուբինյանը, ճիշտ է՝ մեծացավ, բայց մինչ օրս ո՛չ դիվանագիտական, ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ պետական կառավարման ու քաղաքական շկոլա չանցավ։ Ռուբենը բանակ է գնացել-եկել, փաբերում ժամանակ է անցկացրել, ՔՊ-ական օֆիսում քիչ միչ բզբզացել է, 2018-ին չգիտես ում ուղղորդմամբ փողոցներն է ընկել ու միանգամից նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար՝ հեղափոխության ուժով։ Այքանն է, նրա կյանքի փորձը։ Իհարկե՝ չենք կարող ասել, թե մասնավորապես Թուրքիայի հետ կապեր չունի, ունի ու շատ կասկածելի։ 2017-2018 թվականներին «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող համալսարաներից մեկին կից «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»։ Ինչ-որ ուսումնասիրություն է արել, ինչ-որ բաներ սովորել։ Իսկ Սերդար Քըլըջը, ենթադրում եմ, իր ջահել ժամանակ, լինելով ԱԱԾ-ական, Թուրքիա ժամանող հենց նման մարդկանց փորձել է հավաքագրել կամ հավաքագրել է։ Այդ մարդը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հազարավոր քաղաքացիներով ցույց էր կազմակերպել ԱՄՆ-ում։ Ռուբինյանը ԱՄՆ-ում ի՞նչ հազար, սկի 100 հոգու չի կարող փողոց հանել ու տակից դուրս գալ։

Լավ, բա ինչի՞ է նշանակել հենց Ռուբինյանին էսքանից հետո։ Մեր երկրում կան, չէ՞, փորձառու դիվանագետներ։ Բնականաբար՝ փորձառու դիվանագետ ասելիս նկատի ունենք հենց նախկիններին, նախկինների նախկիններին, անգամ սովետի ժամանակներից, որոնք մնացել և աշխատում են կամ համակարգից դուրս են եկել, բայց դիվանագետներ են, հայտնի են, մասնագետներ են, որոշ դեպքերում՝ տեղյակ են Թուրքիայի հետ հարաբերությունների ողջ բանակցային կամ կուլիսային պատմությանը, 2009-10 թվականին հարաբերությունների կարգավորման փորձին։ Փաստաթղթեր կան, բան կան, էնպես չէ, թե էս էլ ղարաբաղյան բանակցությունների պես քանդեց ու սկսեց իր կետից կամ գուցե հենց այդպես է։ Բա ձեզ չի՞ հետաքրքրում, թե 2009 թվականին սկսած փորձը ինչի քանդվեց, դրանից առաջ ինչու չկարգավորվեց։

Հենց իրենք, դիվանագետները կասկածանքով են վերաբերվելու, չէ՞, էս գործընթացին։ Կասեք՝, ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի վստահում փորձառու դիվանագգետներին։ Այո, նրանք կարող են հակաճառել, նրանք կարող են չհամաձայնել որոշակի հարցերի, չեն կարող գնալ զիջումների, իսկ Ռուբեն Ռուբինյանը կարող է ընդամենը լինի մարդ, որը չի հակաճառի Նիկոլ Փաշինյանին, վատ լինի, լավ լինի՝ կբանակցի, իսկ ամենից կարևորը խոսք դուրս չի հանի, վստահելի է։ Բայց վստահելի է, ոչ թե պետության, այլ Փաշինյանի համար։ Երևի թե, նույն տրամաբանությամբ, նա որևէ ոլորտ լավ մասնագետ չի գործուղել ղեկավարելու, այլ իր աչք ու ականջն է ուղարկել, քեզ համար խոսք փոխանցող ես ուղարկել։ Անգամ զարմանում եմ, որ Փաշինյանն ինքը չի գնում բանակցելու։ Էնպես չէ, թե Ռուբինյանից ավել բան է հասկանում։

Իմ կարծիքով, եթե դու ուղարկում ես ամենաթույլին, ուրեմն համաձայն ես էն բոլոր պայմանների հետ, որ առաջ են քաշելու, ֆորմալ մարդ ես նշանակում, որ լինի․ էդքան բան։ Թուրքիայի արտգործնախարարը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների մասին ու ասում է, որ իրենց նպատակն է ամեն գնով հասնել այդ զանգեզուրյան նախագծին․ դա արդեն նախապայման է, ու նշանակում է դու համաձայնում ես՝ ինքդ էլ բանագնացի ուղարկելով։ Պատերազմում պարտված, ծնկի եկած Նիկոլին արդյո՞ք նախապամանններ չեն առաջադրի։ Կարծում եմ, կառաջադրեն, նախապայման էլ, պայման էլ։

Սա կեղծ հարաբերություն է, իրար հետ հարաբերություն են ուզում կարգավորել, բայց Հայաստանը երկարացնում է թուրքական ապրանքի ներմուծման արգելքը, գնում է հարաբերությունները կարգավորելու մի երկրի հետ, որը իր զավակներին բայրաքթարերով սպանում էր։ Այս ծանր փուլում նման եղբայրության հայտ են ներկայացնում։ Ես չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ մենք շահող դուրս գանք․ կներեք բայց ես դա բացառում եմ։ Մենք ամենաթույլ վիճակի մեջ ենք ու մեր թշնամին ասում է արի բանակցենք։ Սահմանը բացվելու դեպքում թուրքական ողջ ապրանքը կլանելու է Հայաստանը, հայկականը դառնալու է ոչ մրցունակ, թուրք գործարարներով ու թուրքական շուկայով լցվելու է Հայաստանը։ Էլ չասեմ, որ ամեն անգամ, երբ իրենց ձեռնտու է լինելու, փակելու են սահմանը ու ճնշեն։ Պարսկաստանից բեռնափոխադրում գրեթե չկա, Վրաստանի հետ հաղորդակցության խնդիրներ կլինեն, երբ սահմանագծում-սահմանազատումն իրականություն դառնա։ Էլ չեմ ասում, որ այս իշխանությունը հրաժարվելու է ազգային հարցերից։ Վաղը սահմանադրություն են ուզում փոխել ու հետաքրքիր է՝ հարց լինելո՞ւ է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության մասին։ Այդ ամենի արդյունքում մենք դառնալու ենք այս հողի վրա թուրքական ապրանքները տանել բերելու ու իրենց վարորդներին, առևտրականներին այլ քաղաքացիներին սպասարկող ազգ, ժողովուրդ։ Էդ էր Նիկոլի ապագան։ ․․․Դէ, ծափ տվեք, ա՛րա։

Կարճ ասած՝ Հայաստանի այս իշխանությունը ու նրանց իշխանության բերողները շատ լավ հաշվարկել են մեր բոլոր թույլ կետերը, մեր բոլոր զգացմունքային կետերը ու հիմա տրորելով գնում են՝ դեպի իրենց դարավոր երազանք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր համար իզմեր չկան, նրա համար չկան ոչ մի սկզբունք, ոչ մի արժեք։ Նա պատրաստ է հիմնահատակ քանդել ամեն ինչ՝ զուգահեռ բթացնելով հանրության զգոնությունը՝ սահմանը բացենք, լավ կապրես կարգախոսի ներքո։ Նիկոլը այս անգամ էլ Հայաստանն է տանում կապիտուլյացիայի։ Տեսեք, կասի, նախկինները չկարողացան, բայց ես կարողացա անել դա։

Ծափ տվեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ