Երեկ տեղի ունեցավ այն, ինչը ընդդիմությունն ու բոլոր գիտակից մարդիկ պայքարում էին, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի չունենա․ Փաշինյանը հանդիպեց Ալիևին՝ միայնակ։ Հազար անգամ պնդել ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է չբանակցի, ինքը չի կարող տակից դուրս գալ։ Ալիևին ու Նիկոլին առանձին մի սենյակում թողնելը չի կարող մեզ համար դրական արդյունք տալ։ Նախորդ առանձին հանդիպումը հիշում եք, Ալիևին խնդրել էր չկրակի, մինչև երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծի։ Հետո ուղիղ կապով էին շփվում, ու արդյունքը մեր հայրենիքի մի հատվածի կորուստն է, մեր տղերքի զոհվելն է, վիրավորվելն է, մեր հայրենակիցների արտագաղթելն է Արցախից ու Սյունիքի մի հատվածից, անտուն մնալն է։ Ու հիմա նորից երկուսը փակ սենյակում են։ Հիմա ի՞նչ է լինելու, բոլորը մեկը մյուսին հարցնում են։
Նախ, չմոռանանք, որ անցած մեկ տարվա ընթացքում, Ալիևը Նիկոլ Փաշինյանին ասել է ինչ ուզել է, ամենավատ ձևով հայհոյել է, սա չի պատախանել, հիմա իրենք դեմ դիմաց փակ հանդիպել են, ձեր կարծիքով, ի՞նչ եղած կլինի ներսում։ Խոսքս բնավ հայհոյանքների իրականացման կամ դրանց հակադարձման մասին չէ։
Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից ասում էր, թե՝ «2018թ․-ին ստացած բանակցային բովանդակությամբ, Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Ավելին՝ 2016թ․-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»։ Նախ, իր իշխանությանը գալուց 3,5 տարի հետո ենք պարզում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել և բանակցում է այն մասին, որ Արցախի հարցին այլ լուծում չի էլ ունեցել, քան Ադրբեջանի կազմում թողնելը։ Հիմա, էսօր, սա ասող մարդը էլ ի՞նչ պիտի բանակցի։ Ես չեմ ասում, դուք չեք ասում, Նիկոլն է ասում, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ ամբիոնից։ Նա խոստովանեց իրականում, բայց այնպես, որ բոլորս հասկացանք, որ նա երբեք էլ հույս կամ հավատ չի ունեցել, որ կարող է Արցախի համար կարգավիճակ ստանալ, բայց մեզ ասում էր՝ Արցախը Հայաստան է։
Ի՞նչ է ասում Ալիևը այսօր, այս հանդիպումից հետո․ ասում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ նման որևէ այլ բանի մասին բանավեճի վերադարձ չկա: Նիկոլ, քեզ հետ առանձին քննարկումից հետո է ասում։ Դու չես արձագանքում։ Քո ուսապարկերը չեն արձագանքում։ Ալիևը շատ վատ բաներ էլի է ասում։ Ասում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։ Ասում է՝ Ադրբեջանը թողնում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքով կապ ունենա Արցախի հետ, Հայաստանն էլ պետք է անվտանգ ու անխոչընդոտ կապ տրամադրի Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն միջև։ Եթե դուք միջանցք չտաք, ես մաքսակետ կդնեմ ու կարգելեմ մտնեք Արցախ։
Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցելու, որ միջանցք չտանք Ադրբեջանին, այլև Արցախի հետ ամուր կապ ունենանք․ ինքը Ադրբեջանի գործակալ էր համարում նրանց, ովքեր ասում էին, որ դու միջանցքս ես տալիս․ հիմա Նիկոլի հետ բանակցությունների շրջանակներում Ալիևն ասում է՝ կա՛մ միջանցք կա՛մ Արցախի հետ կապը փակում եմ, օդերը փակում եմ, Արցախի կարգավիճակի թեման էլ փակ է, մոռացեք։ Ի պատասխան ի՞նչ է ասում Նիկոլը․ ասում է՝ ուրախ եմ տեղեկացնել, որ պոեզի գիծ կփռենք ու չերեզ Պարսկաստան կգնանք Ռուսաստան։ Ո՞ւմ է պետք քո պոեզը, եթե Արցախ չի լինելու, հայաթափվելու է ու մնա դրանց, ու՞մ է պետք էս կապիկությունը։ Դուք աբսուրդը հասկանում ե՞ք։
Երեկ ասացի, կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի ինչ է հանձնելու, երբ է հանձնելու, ոնց է հանձնելու, բայց մեզ կտոր-կտոր է պատմում ու էնպիսի երանգավորմամբ, որ աղմուկ չբարձրանա։ Ուշադրություն դարձրեք հայտաարությունների բովանդակությանը նոյեմբերի 9-ից ի վեր՝ կա՛մ պտի պատերազմը շարունակեի, ձեր տղերքը զոհվեին, կա՛մ կապիտուլյացիայի գնայի, ես ընտրեցի կապիտուլյացիան, որ չզոհվեն։ Կա՛մ պիտի պատերազմը տևեր 44 օր, մինչև Շուշին վերցնեին, կա՛մ պետք է առանց պատերազմի հանձնեի՝ ինձ ասեին դավաճան։ Կա՛մ պիտի Գորիսի ճանապարհին մաքսակետ դնեին, կա՛մ պիտի միջանցք տայի։ Հիմա էլ ասելու են՝ կա՛մ պիտի միջանցք տանք, կա՛մ պիտի Ղարաբաղի հետ կապը կորցնենք։
Բայց որևէ մեկիդ մտքով անցնո՞ւմ է, որ էս բոլոր «կամ»-երը կարող էին չլինել։ Դու ամեն անգամ ավելի վատ փաստաթուղթ ես բերում, քան նախորդն է, քո ամեն հանդիպում-բանակցություն ավարտվում է քարտեզի վրա Հայաստանի սեղմումով։ Դու պատկերացնում ե՞ս մի պահ՝ փակվի էդ միջանցքը, Հայաստանը կորցնում է կապը Արցախի հետ, չի կարողանա ապրանք, մթերք, զենք տեղափոխել, մարդասիրական օգնություն տեղափփոխել, հա՛ց տեղափոխել։ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները հագնեցնում են նրան, որ Արցախը լրիվ հանձնվի Ադրբեջանին, արցախցիներն արտագաղթեն Հայաստան կամ Ռուսաստան, առանց այն էլ քիչ մարդ է մնացել։ Ասում է՝ ոչինչ, զաթո երկաթուղի կունենանք․ էլի եմ ասում, ո՞ւմ է պետք էդ քոսոտ պոեզը։ Արցախը Հայաստանից հույսն ամբողջությամբ կտրել է, հիմա արցախցու հույսը Ռուսաստանն է ու անհատնգստանում են, թե ինչ է լինելու, երբ խաղաղապահների գործունեության ժամկետն ավարտվի։ Դու ամեն անգամ մի կարևոր պատճառ ես բերում զիջումները հիմնավորելու համար, բայց որ ասում են՝ չես կարողանում, հել-գնա, ասում ես չէ՝ ժողովուրդն է ինձ մանդատ տվել։ Այ ընկեր, ժողովուրդը քեզ ե՞րբ է մանդատ տվել, որ Արցախը հանձնես, տեղը պոեզ սարքես։ Ե՞րբ, հլը ասա։ Ժողովուրդը քեզ չի լիազորել, գնալ Ալիևների հետ արիշ-վերիշներ անել, լրիվ հանձնել, բոլորի հետ կռվել, վերջում էլ հանձնել թուրքերի քմահաճույքին։
Ալիևը բանակցում է միջանցքի համար, դու՝ պոեզի համար։ Որովհետև էդ պոեզը իրենց օրակարգում էլ կա, մեկ է՝ դու այդ մի բանը անկախ ամեն ինչից ստանալու ես, բայց ներկայացնում ես որպես հաղթանակ։ Չկա էդտեղ հաղթանակ, դա հերթական ստորացումն է և կապիտուլյացիան։
Հասկանալի չէ՞, որ դիտմամբ Հայաստանի դեմ են խաղում մեր ղեկավարն ու թիմի անդամները, սրան ի՞նչ անուն դնենք։ Դուք հասկանում ե՞ք, թե ինչու է հրաժարվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստի գալ, որտեղ սահմանագծման ու սահմանազատման հարցերն են․ որովհետև էնտեղ պետք է հայտարարություն ընդունեն, որ ՀՀ շահերի դեմ ոչինչ պետք է չարվի, Արցախի շահերի դեմ ոչինչ պետք է չարվի․ սրանք մերժում են, որովհետև իրենք էլ գիտեն, որ այն, ինչ անում է իրենց ղեկավարը մեր պետությանը դեմ է․․․ Ու իրենք մերժում են։ ՔՊ-ն չի միանում հայտարարությանը, որով պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Հայաստանի տարածքներ ներխուժումը, գերիների նկատմամբ քայլերը, սահմանագծումը ինչ-որ քարտեզներով։ Էս փաստաթղթինել են հրաժարվում միանալ։ Բա՛։ Որովհետև իրենց անելիքը Հայաստանի, Արցախի շահի համար չէ․․․
Կարճ ասած՝ Նիկոլ, չե՞ս հասկանում, որ էս կարգի բանակցությունները քո խելքի, քո քաշի բանը չեն․ ի՞նչ ես ուզում մեր ժողովրդից, ի՞նչ ես ուզում մեր երկրից, ինչո՞ւ չես գնում, հերիք չէ՞ր էն աղետը, որ բերել ես։ Գնա, էլի։
Ախար տեսնում, հասկանում ես, որ գնալով հերն անիծում ես այն ամենի, ինչ ձեռք ենք բերել տասնյակ տարիներով, արյունով, քրտինքով, բայց չես գնում․ վա՜յ, հասե՜ք, ընդդիմությունը աթոռս տանում է։ Ոչ մեկ ոչինչ չի ուզում ձեռքիցդ տանել, մանավանդ որ հորդ տնից չես բերել․ թող գնա, էլի, հնարավորություն տուր թեկուզ մի որոշ բան փրկելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը