01 12 2021

«Կարճ ասած»․ Երբ ազգային անվտանգության խնդիր է ոչ թե խրամատ չունենալը, այլ վարչապետի փորացավ ունենալը



 

Երեկ ուշ երեկոյան Ամիրյան փողոցում մի կին գումար էր հավաքում, նոր դեմք էր, ու զգացվում էր,, որ առաջին անգամ է։ Բավականին առաքինի արտաքինով կին էր։ Երևանով քայլելիս ձեզ քա՞նի հոգի է մոտենում փող ուզելու․ նայում ես՝ նման չէ էն մշտական մուրացկաններին։ Աղքատությունը մեր երկրում հասել է արդեն աստղաբաշխական թվերի։ Դա ազգային անվտանգության խնդիր է։

Հունվարի 1-ից ջուրը կտրուկ թանկանում է․ ջրի մեկ խորանարդ մետրը միանգամից 20 դրամով թանկանալը շատ կտրուկ է։ Ջուրը թանկացավ այն դեպքում, երբ Նիկոլը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը ոչ մի կոպեկ չի թանկանալու։ Մեր երկրում սարսափելի գնաճ է, ամեն ինչն է թանկանում՝ սկսած հացից, մինչև ավազ, սարսափելի գնաճ է։ Մեր երկրում այս տարի միջին ամսական անվանական աշխատավարձը ավելի քիչ է եղել, քան գնաճը։ Պետական հիմնարկներում միջին աշխատավարձն աճել է 3,6 տոկոսով, բայց գնաճը եղել է կրկնակի։ Քաղաքացիներից շատերն են գնում արտագնա աշխատանքի, աշնանը վերադառնում․ հիմա հաշվել են, որ չեն կարող հա՛մ էնտեղ, հա՛մ էստեղ վճարել, ընտանիքներին տանում են։ Միայն տարվա սկզբի 9 ամիսներին 34 հազար հայաստանցի դարձել է ռուսաստանցի, քաղաքացիություն է ստացել։ Միայն այս տարվա 9 ամիսներին մեր երկրից հեռացել է 100 հազար մարդ։ Դուք մարդուն Հայաստանում ապրելու շանս չեք թողնում։ Սա ազգային անվտանգության խնդիր է։

Թշնամին միայն մայիսի 12-ի գործողությունների արդյունքում 45  կիլոմետր մտել է մեր տարածք։  բանավոր պայմանավորվածությամբ, չպաշտպանվելով, Նիկոլը երկիր է տալիս․ դա ազգային անվտանգության խնդիր է։ Թշնամին մեր տարածք է մտել, խորացել, պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա չի տալիս․ մառախուղ է լինում, թշնամուն չենք նկատում, իշխանականները տարածում են, թե հետ են քաշվել։ Դու չունես սարքեր, դու չունես դիրքապահներ, չունես բանից տեղյակ ՊՆ։ Սա հենց ազգային անվտանգության խնդիր է։

Դու պատերազմից մեկ տարի անց չես կահավորել դիրքեր, խրամատ չես փորել։ Չեմ ասում՝ տաանկ կամ Սու-30 չես գնել, խոսում եմ տարրական պայմանների մասին, որ զինվորդ ցեխի մեջ չքնի։ Դու նրան նվազագույն պայման չես տվել, դա պետական անվտանգության լրջագույն խնդիր է։

Իսկ դուք գիտե՞ք որն է ազգային անվտնգության խնդիրը՝ ըստ նիկոլական կառավարության․ ԱԺ նախագահի կույրաղիքը։ Ազգային ժողովի պատգամավորն օրենքի նախագիծ է ներկայացնում, որ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ և անվճար, բայց կառավարությունն ու ՔՊ-ն դեմ են: Էն մարդիկ, որ ասում էին՝ բանակ ենք բարեփոխում, մենք ապահովում ենք ամեն ինչով, մեզանից առաջ զորամաս ու զորք չի եղել, հիմա զինվորներին քնեցնում են ցեխերի մեջ ու ասում են՝ եթե մեր պատճառով դու ստանաս, ասենք, ռևմատիզմ, պիտի, օրինակ՝ մեկ տարի սպասես, մինչև բուժենք։ Զինվորի առողջությունը պետական անվտանգության հարց չէ սրանց համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը ազգային անվտանգության հարց է։ Համաձայն եմ, որ լավ նայեք առաջին դեմքերին, անկախ պետությանը նրանց տված օգուտից կամ վնասից․ բայց դու պե՞տք է առաջնահերթություն ունենաս, թե՝ ոչ․ օր ու մեջ տուն ու ավտո փոխող Աժ նախագահի կույրաղի՞քն է կարևոր, թե՞ քո պահած պայմաններում հազար ու մի հիվանդություն ձեռք բերող զինվորը։ Սիմոնյան Ալենին տվել ես 200 հազար դոլարանոց ավտո, կառավարական ամառանոց, անձնական բժիշկ, զինվորին ի՞նչ ես տվել։ Զինվորին տվել ես մահ, կորուստներ։

Երեկ մի սարսափելի դեպքի մասին կարդացի։ Պատերազմում զոհված մեր հերոս տղաներից մեկի հայրն ու մայրն իրենց որդու մահից հետո անկողին էին ընկել ու վերջերս մահացան։ Քո բերած պատերազմը՝ Նիկոլ, մարդկանց տարավ գերեզման, քո իշխանությունը մարդկանց տարավ գերեզման։ Ձեր կարծիքով, պատերազմից քո մարդկային կորուստները 4 կամ 5 հազար զինվո՞ր է, միայն 10 հազար վիրավո՞ր ունենք։ Իր զավակի հետևից քա՞նի ծնող մահացավ, քա՞նիսն ընկան անկողին, քա՞նի հոգի անբուժելի հիվանդություն ձեռք բերեց։ Մարդու եմ ճանաչում, որ տղու զոհվելուց հետո լացից տեսողությունը իջել է մինչև 3 տոկոս։ Դու միայն էդ զինվորներին չեք տարել գերեզման, որովհետև զինվոր կորցրած ծնողն էլ չի ապրում։ Ո՞ր մեկի հետ եք աշխատում, ո՞ր մեկի դուռն եք բացում։ Դա ազգային անվտանգության հարց չէ՞։

Ազգային անվտանգության հարց չէ՞, որ մեր երկրում ցանկացած մարդու, որ բարձր հեղինակություն ունի, մի բան գլխին սարքում-կալանավորում եք։ Աշոտ Երկաթին ինչի՞ կալանավորեցիք։ Միջակությունների, ցածրների երկիր եք ուզում սարքե՞լ, ձեզ նմաններով լցնե՞ք։ Հենա՝ էսօր էլ պարզվեց Արոնյան Լևոնն է արդեն ԱՄՆ դրոշի տակ հանդես գալիս։ Ինչքան նորմալ մարդ կա՝ վանեք Հայաստանից։

Իրանի հետ ճանապարհը սարքել եք ոչ անցանելի․ ասում են՝ անկլավներ եք տալու, ու Վրաստանի հետ ճանապարհն էլ անցնի Ադրբեջանին։ Էս բոլորը ազգային անվտանգության հարց է։ Ազգային անվտանգության խիստ հարց է, որ ծնելիությունը երկրում քչացել է, արտագաղթը շատացել է, մահերը շատացել են, բուժսպասարկման բացակայությունից մարդիկ են մահանում։

Նիկոլը չէր խոստացել, որ ինքն ու Արմեն Սարգսյանը իմ հաշվին պետք անձնական բժիշկ ունենան։ Ինչ խոստացել էր, չարեց, ինչը չէր խոստացել՝ արեց։ Որովհետև մենք սկզբից գիտեինք, թե ազգային անվտանգության հարց է սահմաններն ամուր պահելը, երկրի ներսը գործակալներով չլցնելը, թուրքերի գործակալներին պաշտոններ չտալը, բայց հիմա էդ փաստերի վրա թքած ունեն, հիմա ազգային անվտանգության հարցը Նիկոլի փորացավն է։

Կարճ ասած ազգային անվտանգության մասին այս իշխանության պատկերացումներն այնքան են այլասերվել, որ այդ անվտանգությունը պատկերացնում են միայն սեփական ապահով միջավայրը, նեղ անձնական կուխնյան։ Դրանից այն կողմ, ոչինչ կարևոր չէ։ Իսկ դու՝ խեղճ ու հարիֆ իմ ժողովուրդ, հույս ունեցիր, թե սրանք քո մասին կոտորվում են մտածելով։

Ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկը սուտ խոսացող, իր տված որևէ խոստում չկատարող ղեկավարությունն է։ Ու ցավ է, որ այս ամենին ադեկվատ չենք արձագանքում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ