Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին գնում է Բրյուսել՝ Ալիևի հետ հանդիպելու, ու ամբողջ ժողովուրդը տագնապի մեջ է՝ ի՞նչ է զիջելու։ Հայաստանում չկա մեկ հոգի, անգամ՝ Նիկոլի շրջապատից, անգամ, վստահ եմ, Նիկոլական ուսապարկերից, որ մտածում են, թե գնալու է ձեռքը խփի սեղանին ու պահանջներ ներկայացնի։ Ոչ մեկը չի մտածում, թե գնալու է ու պահանջի, որ Ադրբեջանին հայտարարեն միջազգային հոնցագործ պետություն, կամ առնվազն՝ գնալու է ու ասի՝ նախ գերիներս, հետո նոր մյուս հարցերը։ Բայց բոլորս վստահ ենք, որ Նիկոլի՝ Բրյուսել մեկնելուց հետո Հայաստանը այլևս չի լինելու այսօրվա 29,800 քառակուսի կիլոմետրի մեջ, նեղանալու է։ Նիկոլը գնում է, որ տա․ ուրիշ սպասելիք, առնվազն վերջին մեկ տարում, ժողովուրդը նրանից չունի։
Ու տալիս է ժողովրդից թաքուն, ժողովրդին ինադու և ժողովրդին դեմ։ Սա արդեն որոշել է, երևի բանակցել է, վերջում պայմանավորվել է, պլանավորել է ու գնում է ստորագրի, բայց որոշել է եթեր դուրս գալ ու ուղիղ եթերում իբր թե «անկեղծանալ» ժողովրդի հետ։ Իրականում, սա կոնկրետ մարդկանց ականջներից լապշա է կախելու, նա չի ասելու՝ ինչ է ստորագրելու, բայց համոզելու է, որ այն, ինչ անելու է, բխում է մեր շահերից, որ մենք այլ ավելի լավին ի վիճակի չենք, նախկիններն են մեղաոր, գերիները, բանակը և այլն։ Գիտենք է՜, ախար, ամեն անգամ նույնն է, ինչպես ղումարբազ տան անդամի հետ է լինում, և տանեցիները բռնացնում են տան ունեցվածքը տանից գողանալուց։ Դա քաղաքացիներն էլ արդեն լավ գիտեն, դրա համար էլ նրան ուղղված հիմնական հարցն է՝ ե՞րբ ես հեռանալու, ե՞րբ ես հանգիստ թողնելու մեր երկիրը, ինչո՞ւ մեզ խաբեցիր, Նիկոլ, մեր ազգը քեզ ի՞նչ վատություն էր արել, ե՞րբ ես չքվելու, ամաչում ենք, որ քեզ հավատացել ենք, լայվ մտնելու փոխարեն գերիներին բեր և այլն և այլն։ Քոմենթների մեծ մասը սրանք են, դավաճան ու կապիտուլյանտ են համարում։ Ազգի փրկությունը համարում են Նիկոլի հեռացումը ու հայհոյում, անխնա հայհոյում։
Ու գիտե՞ք ինչն է զավեշտալի, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ամբողջ օրը զբաղված էր քոմենթ ջնջելով․ խայտառակություն է, որ վարչապետ կոչեցյալը օրը անցկացնում է իր հասցեին հայհոյանքները ջնջելով։ Լավ, ջնջի, ինչ ուզում ես արա, բայց դու հո գիտե՞ս ինչ է մտածում քո մասին ժողովուրդը։ Հա, Նիկոլը մի քանի անկապ հարցեր կջոկի՝ երկրորդական ու տասներորդական ու կսկսի դրա շուրջ միտինգ անել, պոպուլիզմ անել՝ թալան, Սաշիկի արագաչափեր, մարտի 1 և այլն։ Բայց հարցերի հարցը կմնա՝ դեռևս քա՞նի հոգի պետք է մահանա, զոհվի ու գերի ընկնի, անհետ կորի Նիկոլի քաղաքական նպատակներն իրականացնելու համար։
Մենք շարունակելու ենք ոչինչ չիմանալ ստորագրվող փաստաթղթի մասին։ Իմացեք, նա գնում է եթե ոչ ստորագրելու, ապա սահմանազատման ու սահմանագծման այդ գրողի տարած թուղթը պայմանավորվելու, որը չի քննարկվել ժողովրդի հետ, նա արդեն ամեն ինչ պայմանավորվել է, հիմա մտնելու է եթեր, որ մեզ կտեր տա։
Նիկոլ Փաշինյանը մեր թշնամի ու հակառակորդ պետություններին ամենաձեռնտու տարբերակն է, Հայաստանը պատմության մեջ որևէ այլ ժամանակ չի ունեցել նման կամազուրկ իշխանություն։ Ադրբեջանի ներկա ու նախկին պաշտոնյաները շնորհակալություն են հայտնում Նիկոլին, որ բանակցությունները տարավ փակուղի և դրա արդյունքում հողերը հանձնեց։ Ադրբեջանը հո գիտի, որ էլ նման ղեկավար չի լինի Հայաստանում, դրա համար էլ փորձում է որքան հնարավոր է՝ երկար պահել իշխանության ղեկին, կլինի՝ շանտաժով, Նիկոլի հակառակորդների հասցեին սուտ ու փուչ բաներ տարածելով։ Ալիևն ու Նիկոլը պասերով խաղում են մեր դեմ։
Եվ ուրեմն, Նիկոլի որևէ օնլայն ասուլիս, արդարացում մեզ չի հետաքրքրում․ նա պոպուլիզմի, ստի վարպետ է, ստի թագավոր։ Մեզ հետաքրքրում է մեկ բան՝ ի՞նչ է անելու ժողովուրդը։ Հարցն այն է, որ մենք ունենք նաև թուլացած, հիասթափված, ծայրաստիճան անտարբեր հասարակություն, մարդիկ, որոնք միայն սոցցանցերում են «փիղ ճղում»։
Այս ամենից ելքը դիմադրությունն է․ Նիկոլ Փաշինյանի ամեն մի քայլ պետք է արժանանա դիմադրության։ Այսօր առավոտյան Երևանի մի քանի փողոցներ փակել էին քաղաքացիները։ Կարճ էր, բայց բավականին արդյունավետ։ Պետք է դա անել ամեն օր։ Ոստիկանության հետ եղան բախումներ, եղան բերման ենթարկումներ։ Բայց ժողովուրդը դրան չի նայելու։ Այս ակցիաները ոգևորիչ են դառնում բոլորի համար։ 18 թվին ո՞նց էր․ ամեն մեկն անում էր իր ուժերի առավելագույնը․ ունես բեռնատար, փակի քո քաղաքի ամենաբանուկ փողոցը, Երևանում ես ապրում, փակի պետական հիմնարկների դեմը, մարզպետարանը, գյուղապետարանը, ցույց տուր, որ չես ընդունում այս հողատու թիմին։ Չի կարող իր պետության, իր ընտանիքի համար մտահոգ մարդը ընդդիմանալ այդ ակցիաներին, չի կարող մարդ ասել փողոցը բացեք գործից ուշանում եմ, մտածիր, որ վաղը հենց դո՛ւ ես բռնելու գաղթի ճամփան։ Դու պարտք ունես երկրի առաջ, ժողովրդի առաջ, եթե դու 2018-ին դուրս ես եկել ու Նիկոլ ես բերել իշխանության, դու հիմա 100 անգամ ավելի շատ ես պարտավոր դուրս գալ փողոց ու քշել Նիկոլին, դու քո սխալը պետք է ուղղես։
Հայաստանում ձևավորվել են բազմաթիվ շարժումներ, ամեն մեկդ ձեր համակիրներին լցրեք փողոցները, մի սպասեք, որ ձեր փոխարեն պետք է դա անեն ուրիշները, այլ քաղաքական ուժերը․ ամեն մեկն իր անելիքը կանի, իր ծրագրով առաջ է գնում, բայց պետք է ցույց տալ, որ պատրաստ եք, պատրաստ եք միանալու ընդհանուրի գործին։
Այո՛, լինում են նաև բերման ենթարկումներ, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, բայց դա պետք է չդառնա վախենալու պատճառ․ ոստիկանության արածը դատապարտելի է, չի կարելի մարդկանց հետ նման կերպ վարվել՝ իմանալով, որ հենց ոստիկանների ու նրանց ընտանիքների համար են բողոքի դուրս եկել, նրանց փոխարեն են նաև պայքարում։ Բայց վստահեցնում եմ՝ ոստիկանությունն ինքը ամենաշատն է զզվել Նիկոլից ու իր վախկոտ թիմից։ Երբ դու ոտքի կանգնես, ոստիկանությունն առաջինն է հրաժարվելու Նիկոլից, երբ տեսնի, որ դու կանգնած ես․ հիշիր, թե ինչպես կապիտուլյացիայից հետո բազմաթիվ ոստիկաններ հրապարակավ վայր դրեցին իրենց աշխատանքը․ դուք չեք պատկերացնում, թե այսօր որքան են զզված ոստիկանները․ այո, բերման են ենթարկում, քաշքշում են, բայց նրանք դա անում են Նիկոլին հայհոյելով, ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկածներին ասում են՝ ե՞րբ եք դուրս քշում սրանց։ 72 ժամ հերթապայություն է անում ոստիկանը, ստիպված է Նիկոլի ամառանոցի մոտ սառել, ձեռքերը ցրտից ճաքճքել են, ցրտահարվել են, նա անիծում է իր աշխատանքը։ Ու նրան իշխանությանը, անօրինական հրամաններին դեմ դուրս գալու համար կայծ է պետք։ Բայց դրա համար պետք է թափ հավաքի փողոցը, հանրությունը։ Ովքեր մինչև հիմա ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, նրանք կործանված մարդիկ են մեզ չեն էլ հետաքրքրում, ազգին հետաքրքրում են դեռևս անտարբերները, որոնք կզարթնեն։
Կարճ ասած՝ ինչպես կասեր Նիկոլը՝ և այդ մեկ մարդը դու ես։ Որպեսզի չասեք՝ բեմում կանգնած այսինչը դուրս չի գալիս, սա վատ է հագնվել, լավ է հագնվել, բոյով է, կոլոտ է, դու ինքդ ձևավորի քո համախոհներից բաղկացած թիմը ու դիմադրիր։ Իմ կարծիքով, եթե կա նպատակ, որ սրանք պետք է հեռանան, պետք է հանգիստ չտալ իշխանությանը, պետք է սրանք ապրեն դիսկոմֆորտի պայմաններում։
Իմացեք՝ Նիկոլը միշտ մտածել է, թե ինչպես իր քաղաքական նպատակների համար օգտագործի ժողովրդին, ու միշտ օգտագործել է, ու միշտ դու՝ ժողովուրդ, այդ նպատակների իրականացման ճանապարհին եղել ես սանդուղքի դերում․ պետք է՝ ձեր ուսերի վրայով քայլելով կգա իշխանության, պետք է՝ ձեր դիակների վրայով քայլելով կպաշտպանի իշխանությունը։ Քո պայքարը առաջին հերթին քո՛ համար է, որ դու չգաղթես քո գյուղից, քաղաքից, երկրից։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը