19 11 2021

«Կարճ ասած»․ Փաշինյանը հիմա էլ սպառնում է գերիներին․ ինչո՞ւ



 

Չնայած մեր երկիրը թաղված է բազմաթիվ պրոբլեմների մեջ, սակայն այս օրերին այլ թեմաներից խոսելու պարզապես հնարավորություն չկա, ամեն ինչ պտտվում է անվտանգության շուրջ։ Որովհետև մեր գերխնդիրը մեր անվտանգության խախտված լինելն է։ Օրինակը շատ եմ բերել, ու էլի կրկնում եմ, որ այս առումով նախկինում ուղղակի երջանիկ էիր, որովհետև չէիր մտածում սահմանների մասին, ամեն մեկս մեր գործերով էինք, հիմա բոլորը վերլուծում են սահմանային ու աշխարհաքաղաքական իրողությունները։ Մեր երկրում ամեն օր զարթնում է 2․5 միլիոն պաշտպանության նախարար ու վարչապետ, որովհետև մարդիկ տեսնում են, որ էդ պոստերին նստածները իրենց տեղում չեն, ու ամեն մեկը մտածում է, որ ինքը շատ ավելի լավ կղեկավարեր։ Քաղաքացին տանը նստած տեսնում է, որ Նիկոլը ՊՆ է գնում ու հայտարարում՝ մենք պատկերացնում ենք սահմանային հարցերը ոնց ենք լուծելու, հետո պարզվում է՝ չորս դիրք տվել ենք։ Մարդն ասում է, չէ՞, ախպերս, եթե տենց ես լուծելու, հել-գնա, թող ուրիշը գա լուծի, կարող է՝ էնպիսի մարդու ենք բերում ղեկավար, որ ոչ թե դիրքերը զիջելով է հարցեր լուծում, այլ նոր դիրքեր վերցնելով։

Ու իշխանությունը մարդկանց շեղելու համար ուղղակի թեմաներ է մտածում, որ չպատասխանի կարևորագույն հարցերին։ Մենք խոսում ենք այն մասին, որ Նիկոլը սահմանային փաստաթղթեր է ստորագրում, ժողովրդի թիկունքում, խիստ գաղտնի։ Մենք գիտենք, որ եթե չի բացահայտվում բովանդակությունը, ուրեմն մեզ համար խիստ վտանգավոր է, ոչ ձեռնտու։ Նիկոլի դեպուտատն ասում է՝ մենք սահմանագծում ենք անելու զրոյական կետից։ Ու ոչ ոք չի հասկանում էդ զրոյական կետը որն է։ Նիկոլը մի անգամ ասաց՝ իմ կետից եմ բանակցում, երկրի հերն անիծեց, հիմա իր կետից ի՞նչ սահմանագծում է անելու։ Էս հարցերը թողել են ու մեզ քննարկման թեմա են տվել՝ գերիները հերո՞ս են, թե՞ դավաճան։

Մարդը գերի է ընկել իր պետության սահմաններում, իշխանությունը պարտավոր է նրան հետ բերել, հնարավորինս արագ, անվտանգ։ Սրանք ուղիղ մեկ տարի է՝ գերիներին չեն կարողանում բերել, նոր գերիներ են տալիս ու ասում են՝ պետք է դեռ տեսնենք, թե ոնց են գերի ընկել։ Նիկոլն ասում է, ու ուսապարկերը կրկնում են։ Ձեր մեջ կա մեկը, որ մտածում է, թե մեր զինվորները դիտմամբ են գերի ընկե՞լ։ Իհարկե՝ ոչ։ Դու դեռ չգիտես, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, բայց էս գլխից ասում ես, որ գերիները ընկել են իրենց սխալի արդյունքում։ Դու գիտես, որ Ադրբեջանում դատում են մեր տղերքին, ու իրենց նոր դատվելու նյութ ես տալիս։ Դու ինչո՞ւ ես հիմա նման բան ասում գերիների մասին։ Դու առաջին հերթին պետք է բոլոր ռեսուրսներդ օգտագործես, որ նրանց հետ բերես, դա՛ պետք է լինի քո առաջին քայլը։ Բերելուց հետո միայն պետք է քննես, բայց դու նրանց թողել ես թշնամու մոտ ու դատավճիռ ես կարդում։

Հանրությունը էսօր պահանջում է դատե՞ս գերիներին, թե՞ հետ բերես։ Դու նրանց խաղաղ երկինք ես խոստացել, բայց բերել-հանձնել ես թշնամուն ու ասում ես՝ պետք է դեռ դատենք, որ հասկանանք։ Իսկ կարող ա՞ գերիների թեման լրիվ ուրիշ նպատակով ես տանում էդ ուղղությամբ․ օրինակ՝ նրանց ծնողներին լռեցնելու համար։ Մի տարի խաբեցիր, որ հանդարտվեն-նստեն տեղները, ասացիր՝ ձեր հերոսներին բերում եմ, ի՞նչ տարբերություն՝ ի՞մ տղերքն են, թե՞ ձերը, հիմա որ չես կարողանում բերել, վախենում ես գան հերդ անիծեն, միտինգ անեն, լռեցնելու ձև ես գտել, թե՝ ձեններդ կտրեք, թե չէ հենց բերեմ, դատելու եմ։

Կրկնում եմ՝ ժողովուրդը էսօր քեզանից պահանջում է բերել գերիներին, դու բեր, մնացածը հետո։ Ամեն ինչ հո էսպես թաքցնելով, շուռ տալով չէ՞։

Ժողովուրդը էսօր քեզանից պահանջում է հստակ ինֆորմացիա՝ ինչ է սահմանին կատարվում։ Դու դա էլ չես ասում։ ժողովուրդը մեկը մյուսից է հարցնում, թե ինչ է կատարվում, կցկտուր ինֆորմացիաներ են։ Խոսում են մարդիկ, որ Նիկոլը ստորագրել է, էլի հողեր է տվել, հիմա էլ Ադրբեջանը մաս-մաս մինի պատերազմով վերցնում է, որ մարդիկ զոհվեն, ստացվի՝ պատերազմով է տվել հողերը, ու Նիկոլին չասեն դավաճան։ Ամեն տեսակի կարծիք իրավունք ունեն ունենալու, մանավանդ որ նախադեպն ունեն։ Որոտանի, Ճակատենի, Շուռնուխի ժողովուրդը, Կապանի, Շորժայի ու սահմանամերձ բոլոր գյուղ ու քաղաքի ժողովուրդը չեն կարողանում գիշերը քնել, չեն կարողանում իրենց համայնքից դուրս գան ու անհանգիստ սպասում են կառավարությունից բացատրության։

Ի՞նչ են անում սրանք․ Ազգային ժողովում ընդդիմությունը նախաձեռնում է արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն իրավիճակը, որ կարևոր պաշտոնյաները գնան ԱԺ, բացատրություն տան, մերժում են ու հետո հայտարարում են, թե՝ փակ-գաղտնի քննարկում կանենք։ Սրանք խոստացել են, որ ամեն ինչ ժողովրդի ներկայությամբ կլինի, համաձայնությամբ, բայց հիմա ասում են՝ ժողովուրդը հեչ, ես փակ քննարկում կանեմ, որ աներձագն ու Շիշ բռնողը իմանան ինչ է կատարվում։ Ժողովուրդը, որ ծանր վիճակում է, դժվարությամբ է ապրում, ջհանդամը, թող իր գլխի գալիքը չիմանա, զաթո Լենա Նազարյանը, ամուսինն ու մյուս ուսապարկերը կիմանան, հետո էլ Քոչարյան Անդոնը կհելնի նիստից ու կամերաների առաջ կասի՝ բան չկա, Ադրբեջանն իր տարածքում մի հատ բուդկա է դնում։ Դուք խոստացել եք ժողովրդին ամեն ինչ ասել բացահայտ, բայց երեք ու կես տարի ամեն հարցում կռուտիտ եք անում։ Գյուղապետը գյուղից դուրս է եկել, ու ադրբեջանցիները չեն թողնում ներս գնա, դուք ասում եք՝ փակ քննարկում կանենք, որ մի երկու պատգամավոր իմանան ինչ է կատարվում։

Ժողովուրդ, սրանք ձեզ գցում են անորոշության մեջ՝ ձեր լուռ համաձայնությամբ։

Կարճ ասած՝ մենք գիտենք ու վաղուց գիտենք, որ դուք չեք սիրում մեր ժողովրդին, որ էն՝ «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ»-ը զիբիլ էր, սուտ էր։ Չեք սիրում, ջհանդամը սիրեք, բայց ինչի՞ եք էս կարգի ատում։ Մարդը չգիտի՝ իր երեխան գերի է, անհետ կորած է, ողջ է, թե մահացած, դու ասում ես՝ գոհ եղիր, որ չգտնեմ-դատե՞մ։ Էս կարգի դուք ատում եք հայ ժողովրդի՞ն։ Կա՞ էդպիսի մեկ այլ երկիր, որի ղեկավարությունը ատում է իր ժողովրդին, սպառնում է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ