Ի՞նչ է կատարվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանը գրոհներ է սկսել, ոչ միայն սահմանին, այլ նաև բազմաթիվ կիլոմետրեր դեպի ներս։ Գեղարքունիքում ու Սյունիքում մարտեր են, Վայոց ձորում ու Տավուշում անհանգիստ վիճակ է, նրանք էլ են սահմանակից։ Իհարկե՝ պատերազմից հետո վիճակը հանգիստ չի եղել, խաղաղություն չի եղել, ինչպես Նիկոլն էր մեզ համոզում, ընդամենը մի 5-6 օր է եղել, որ կրակոցներ չեն եղել։ Բայց ինչո՞ւ հենց հիմա թշնամին որոշեց առաջ գալ։
Կարծում եմ՝ եղել է հետևյալը․ Նիկոլը, իր ոճի համաձայն, սկզբից համաձայնվել է ինչ-որ թուղթ ստորագրել, որի բովանդակությունը միայն ինքը գիտի։ Այդ մասին մի քանի անգամ մամուլով արտահոսքեր եղան, բոլորը սկսեցին քննարկել թե դա ինչ է․ հետո ասեցին որ օնլայն հանդիպում կլինի Պուտին-Ալիև-Փաշինյան ֆորմատով, հետո մի տեսակ մոռացվեց այդ ամենը։ Իմ կարծիքով, կատարվել է հետևյալը, նա սկզբից համաձայնվել է, հետո իր ոճի մեջ, «քցել», հրաժարվել է պայմանավորվածից՝ հստակ իմանալով, որ խոստանալ-թռնելու արդյունքում նոր էսկալացիա կլինի։ Սակայն այդ ամենին համաձայնել է, ոչ թե նոր, էս վերջերս, այլ, օրինակ՝ գարնանը, որովհետև երկրի ներսում ճնշում էին, դրսում ճնշում էին, որ գոնե ճնշումները մի կողմից չլինի, մինչև իշխանությունը նորից վերցնի, պահի։ Չի մտածել հետոյի մասին, մտածել է՝ մի բան կլինի, տակից դուրս կգամ։ Փաստացի, մենք ստիպված ենք լինելու ականատեսը լինել հերթական ավանտյուրային, երբ մեր հողերը գրավում են, մեր էրեխեքին սպանում են։ Կունենանք էլի բազմաթիվ զոհեր, կգերևարեն, վերջում էլ կգնա-թաքուն կստորագրի, կասի բա ի՞նչ, թողնեի զոհերը հազարներով լինեի՞ն։ Սրանք ասում են, չէ՞, տարածքները կարևոր չեն, մեր բանակը չի պահում ինչ-որ տարածքներ, հենա էսօր էլ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր՝ եթե զոհեր լինեն, ցավալի կլինի։ Մարդիկ իրենց բերանով ասում են ինչ վերաբերմունք ունեն։
Նիկոլը զիջում է Հայաստանը, ու տպավորություն է ստեղծում, թե ես չեմ զիջել, թշնամին ա գրավել, ռուսը չի օգնել, ես կանգնեցրել եմ, տվել եմ, որ ավելի շատ զոհեր չլինեն։ Հիշենք՝ 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ Ալիևը հայտարարեց, որ Նիկոլը իրեն խոստացել էր, որ եթե համբերի, չկրակի, մինչև երկրի ներսում իշխանություն հաստատի, Ղարաբաղի հարցը կլուծի։ Ներսում հաստատվեց, ու եղավ պատերազմ։ Չմտածեք, թե ես ասում եմ՝ Ալիևը ազնիվ է, իրավունքը ունի պատերազմելու․ իմ ասածը այն է, որ մեր երկրի ղեկավար կոչվածը գնում-հետները չաշկա լոժկա է անում, ասում է՝ ինչ պետք ա՝ պատրաստ եմ, նրանք ոգևորվում են․ սա փոխարենը պատերազմի պատրաստվի՝ դրած սրան-նրան ա բռնում, եղածը քանդում է, վերջում որ թշնամին հասկանում է, որ «քցվել է» ու հարձակվում է, սա էլի սկսում է սաղ աշխարհին մեղադրել, ռուսին մեղադրել, թե մեզ չի պահում։ Այս մարդը այս երեք տարվա մեջ մի նպատակ է հետապնդել՝ իր իշխանության ամրապնդում և երկարացումը, ինչ գնով էլ լինի։
Էսօր հայտարարում են, որ ունենք կորուստներ՝ տարածքներ ու մարդկային կորուստներ։ Ադրբեջան էլ էր ոգևորված ու զարմացած Հայաստանի իշխանության էս շռայլությունից։ Եկան Շուռնուխը վերցրին, մեր իշխանությունն ասաց՝ իրենցն է, եկան Որոտանի կեսը վերցրին, ասաց՝ դա իրենցն է, Գորիս-Կապան ճանապարհը վերցրին, ասիր իրենցն է, Կապան-ճակատեն ճանապարհը վերցրին, ասիր իրենցն է, Շորժա եկան, ասիր՝ իրենցն է, Սև լիճ եկան, ասիր իրենցն է․ Ադրբեջանը շշմել է, զարմացել է, ասում է այ քեզ ուրախություն, եթե ինչ վերցնում եմ, ասում են իրենցն է, միանգամից վերցնեմ մինչև Նախիջևան հատվածը։
Թշնամին հարձակվել է Գեղարքունիքի մարզում, թշնամին հարձակվել է Սյունիքի մարզում, հայկական կողմն ունի գերիներ, զոհեր, տարածքային կորուստ, բայց Պաշտպանության նախարարությունը միայն Գեղարքունիքի մասին է հայտնում, Սյունիքի մասին լռում է, գերիների մասին ոչինչ չի ասում, վիրավորների մասին լռում է որքան հնարավոր է, այդ կառույցից զանգերի չեն պատասխանում, մեռել են կարծես։ Նիկոլի ընտանեկան թերթն է ՊՆ-ի փոխարեն տեղեկություն տարածում կորուստների մասին։ Սիսիանցիները զանգել-ասում են՝ թնդանոթների ձայնը լսում ենք, լրատվամիջոցները զանգում են Սյունիքի մարզպետին, ասում է՝ «Ոչ մի բանից տեղյակ չեմ, տեղս էլ հարմար չէ»։ Էս մարդը չի տիրապետում վիճակին։ Բա ինչի՞ց ես տեղյակ, արա։ Էս խառը ժամանակ Ազգային ժողովի իշխանական դեպուտատները նիստ են անում ու քննարկում են սնդիկի մասին օրենքում փոփոխությունները։ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովը նիստ է անում մենակ ՔՊ-ականների մասնակցությամբ ու ծաղրում է «Շուշին հայկական է, Թուրքն ու Ադրբեջանը թշնամի են և երբեք բարեկամ չեն դառնա» գրառումն անողին։ Ասում է՝ մենք պետք է չեզոքացնենք էս խոսքերը։ Խոսքը Արթուր Ղազինյանի գրառումների մասին է։
Պաշտպանության նախարարությունը տեղեկությունները հայտնում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի բոլոր օրերին։ Ասում է՝ վերահսկում ենք իրավիճակը, բայց պարզվում է՝ թշնամին առաջ է գալիս։ Ասում է՝ չէ, մենք չենք կրակել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ։ Շատ իզուր, նրանք կրակում են, դու երդվում ես, որ չես կրակել։
Այս ամենից որո՞նք կարող են լինել ելքերը։ Կա՛մ Նիկոլը հենց հիմա, առանց ժամանակ կորցնելու, հեռանում է իր խմբակի հետ միասին․ խոստովանում է, որ ուղղակի անկարող է էս վիճակից նորմալ դուրս բերել մեր երկիրը, ու ասում է, որ՝ ես չեմ կարողանում, եթե դուք կարողանում եք, եկեք լուծեք։ Թողնում է, որ գան այնպիսի մարդիկ որոնք կկարողանան լուծել այստեսակ հարցեր, կամ առնվազն պատասխանատվություն կստանձնեն։ Որովհետև ակնհայտ է, որ Նիկոլը չի կարող սրա տակից դուրս գալ։ Թե ո՞վ կվերցնի այդ պատասխանատվությունը, չգիտեմ, դժվար հարց է, բայց որ սրանք չեն կարող, կարծում եմ՝ աքսիոմատիկ է։ Մյուս տարբերակն այն է, որ վազելով գնում ու ստորագրում է այն, ինչ պայմանավորվել ու խոսք է տվել իր կիրթ ընկերոջը, որպեսզի մենք, իր ավանտյուրայի հետևանքով էլ ավելի շատ զոհեր ու կորուստներ չունենանք։ Կամ էլ Նիկոլը թողնում է, որ գրավեն, զոհեր լինեն «բավականաչափ», դա էլ՝ որ իրեն իբր չասեն դավաճան։ Կարծում եմ՝ այս երրորդ տարբերակով ենք գնում։ Այս մարդը ավելիին ընդունակ չէ, նա տալու է զոհեր, մահեր։
Ժողովուրդ, ես ասացի Նիկոլի անելիքները, ասում էի դեռ մեկ տարի առաջ, երկու և ավելի, իր գալուց ի վեր․ իսկ դու անելիք չունեցար, չսթափվեցիր, հավատացիր սովորական խաբեբայի․ ժողովուրդ, դու հիմա է՞լ անելիք չունես, դու չհոգնեցի՞ր պարտվելուց, կզած մնալուց։ Ինչի՞ ես սպասում, ո՞ւմ ես սպասում։ Արդյո՞ք դու ուզում ես զոհ գնալ Նիկոլի ավանտյուրաներին, պլանավորված պարտության ուզո՞ւմ ես զոհ դառնալ, բայրաքթարերին կեր դառնալ։ Ձեզանից ո՞վ ա պատրաստ Նիկոլի գերագույն հրամանատարությամբ ևս մեկ պատերազմի մասնակցել՝ իմանալով, որ թռնելու է, խաբելու է, քեզ տանելու է մահվան բերան, հետո ասի՝ ես մոդերատոր եմ եղել։ Էն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում Հայաստանը Նիկոլով չունի ապագա։
Թշնամին, պարզ է, իր շահերն է առաջ տանում, դրանք հաշվարկել են, որ Նիկոլը թույլ է, չի հասկանում, չի կարողանում, ինչ ուզեն՝ կանեն․ ու անում են։ Քո՛ ղեկավարը առաջ չի տանում քո շահերը, մտածում է միայն իր մասին։
Կարճ ասած՝ էս ամենը մեր գլխին կուտակվում է, որովհետև էս մարդիկ՝ Նիկոլենք, որոշել են, որ ինչ էլ լինի, իրենք պետք է մնան իշխանության, թեկուզ եթե Հայաստնի վերջը գա։ Տալիս է էն ամենը, ինչը հնարավոր է տալ ու մնալ էդ անիծված իշխանությանը։ Սրանք որոշել են, որ պետք է իրենք լինեն Հայաստանի վերջին իշխանությունը։ Սրանք մանր ժուլիկությամբ, խորամանկություններով որոշել են բոլորին խաբել, ֆռացնել․ չի ստացվում, ու մենք կյանքով ու հայրենիքով ենք հատուցում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը