Կապիտուլյացիայի մեկ ամյակն է։ Մեզ համար երկու սարսափելի իրականություն կա այսօր։ Մի իրականությունն այն է, ինչ տեղի է ունենում մեզանից գրաված, ինչպես նաև Նիկոլի՝ թշնամուն նվիրած հողերի վրա, Շուշիում։ Ադրբեջանը Շուշին սարքում է իր տրամաբանությամբ՝ մաքրելով հայկականը։ Ադրբեջանում սոցիալական ծանր իրավիճակ է, բայց իրենք իրենց խնդիրները թողած մի կողմ՝ ցուցադրաբար գումարներն ուղղում են մեզանից խլած Արցախին, գիտեն ինչ նշանակություն ունի մեզ համար ու գիտեն, որ այդպես ցավ են պատճառում։ Նրանք հրավառություն են անում Շուշիում, խմում են Նիկոլի կենացը, նրան երգեր են նվիրում, իրենց ազգային երազանքն է իրականացրել։ Ամեն անգամ մայիսի 9-ին, երբ մենք նշում էինք Շուշիի ազատագրումն ու մեր հաղթանակները, Ադրբեջանի համար նվաստացման օրեր էին։ Նրանք կարողացան գտնել մարդու, ում միջոցով իրենց պարտությունների ու ամոթի երկար ընթացքը փոխվեց, ու մեզ համար տասնամյակների հաղթանակից հետո սկսվեցին ամոթի օրեր։
Մյուս իրականությունը հենց սա է, որում ապրում ենք մենք․ մեկ տարի է անցել, մենք ապրում ենք զայրույթի մեջ, կատաղած ենք, որովհետև ակամա կռացած վիճակում ենք, մենք չենք կարողանում դուրս գալ էս վիճակից, ամեն բան կարծես պարզ է, սակայն, չգիտես ինչու, մենք դեռևս քննարկում ենք ՝ ով էր մեղավոր, ով բերեց այս օրվան, Նիկոլը գնա՞, թե մնա, մնա որ ինչ անի, գնա՝ ով գա։ Մենք քննարկումների մեջ ենք, որը երբեք չի թույլ տալու մենք առաջ գնանք, ոտքի կանգնենք։ Էս պատերազմում Ադրբեջանն էլ է զոհեր տվել, միգուցե մեզանից շատ, բայց նա՛ է այսօր Շուշի տնօրինում, կառուցում, առաջ է գնում․ որովհետև այնտեղ իշխում է հիմա հաղթանակած իշխանություն։
Պատերազմից մեկ տարի է անցել, վարչապետ կոչվածը հարցազրույց է տալիս ու էս մեր խնդիրների ֆոնին ոչ մի նոր ասելիք չունի։ Նիկոլի խոսքին մեր երկրում շատ քիչ մարդ է սպասում, անգամ իր ընտրողը իրենից նոր խոսքի ու գաղափարի չի սպասում․ ձեն ա՝ տվել ա, էլի, ամեն բան շուտվանից պարզ է։ Պատերազմից մեկ տարի անց Նիկոլը գերիների հարազատներին ընդամենը մեկ ասելիք ունի՝ գերիների թիվը 40 է, նրանց մեծ մասը գերեվարվել են պատերազմից հետո, իր ասածն էլ այն է, որ նրանք պետք է մեզ ներեն և սպասեն։ Մենակ էն, որ գերիների մեծ մասը գերի է ընկել պատերազմից հետո, դա իշխանության թուլության ապացույցն է։
Պատերազմից մեկ տարի անց Նիկոլն ասում է՝ պետք է քննենք բանակցային պատմությունը՝ սկսած 1994 թվականից։ Սա ասում է մի մարդ, որը հայտարարում էր՝ ես սկսում եմ իմ սեփական կետից։ Ինչի՞ ես քննում 25 տարիները, քննի վերջին 3 տարին, որովհետև պատերազմ եղավ միայն այն բանից հետո, երբ դու սկսեցիր քո սեփական կետից ու բերեցիր այդ աղետը։ Ասում էր՝ այ քեզ բան, ինչ պետք ա, դա էլ բանակցում ենք, հիմա ասում է՝ պետք է քննենք բանակցությունների պատմությունը։
Այն դեպքում, երբ Հայաստանում այսօր տիրապետող է միտքը, որ պետք է բանակցություններով կամ հզորանալով հետ բերենք մեր Շուշին, նիկոլենք, Ալիևի հետ միասին, նրանց անվանում են ռևանշիստներ, ու Նիկոլն ասում է՝ ի՞նչ Շուշի հետ բերել, մենք հարձակողական բանակ չենք ստեղծելու, մենք միայն պաշտպանվելու ենք։ Ի՞նչը, ի՞նչն ես պաշտպանելու, Շուշի՞ն, ի՞նչը, Հադրո՞ւթը, թե՞ Արցախը։ Ինչը պետք է պաշտպանեիր, աթոռիդ փոխարեն, արդեն տվել ես, հանձնել ես։
Պատերազմից անցել է մեկ տարի․ Ադրբեջանը երբ ուզում է՝ փակում է Ստեփանակերտի ճանապարհը, իրեն տեր է զգում, փակում է Հայաստանում ճանապարհը։ Մենք պետք է մեզ հնարավորություն տայինք ոտքի կանգնելու, պետք է գտնեինք մարդու, որը հենց պատերազմից մեկ օր հետո պետք է մեզ սկսեր ոտքի կանգնեցնել, պատրաստեր մեր վաղվա հաղթանկներին, մեջքներս ուղղեր․ իսկ Նիկոլն ինքը ի՞նչ օրինակ է ցույց տալիս։ Մարզպետին ասում է՝ գնա եթերով ասա ճանապարհն անվտանգ ա, ԱԱԾ տնօրենի տեղակալը նույն բանն ա «ավետում», բայց Նիկոլն ինքը վախենում է գնալ Կապան էդ ճանապարով, որով ամեն օր գնում-գալիս է ՀՀ քաղաքացին։ Նա քո երկրի ղեկավարն է, նա վախենում է գնալ էն ճամփով, որով դու ես գնում ամեն օր, նա վախենում է իր ղեկավարած երկրում, որտեղ մի քանի ամիս առաջ իբր ընտրություն է հաղթել, գերի ընկնի։ Հայաստանի վարչապետին իր երկրում պետք է ուղեկցի ռուս խաղաղապահը։ Դուք ամոթը հասկանում ե՞ք։ Ու սրանք խոսում էին ապագայի մասին։ Այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, Նիկոլը դարձյալ Եռաբլուր է գնում վաղ առավոտյան՝ 7։30, էն ժամին, որ մարդ չկա, ծաղիկ դնելիս քարերին չի նայում, աչքի տակով նայում է աջ, կարծես սպասում է, որ ամեն հերոսի քարի հետևից իր համար մի վտանգ է դուրս գալու։ Առավոտ գիշերով Եռաբլուրում Նիկոլն էր, տասնյակ թիկնապահները և անշունչ քարերը։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը բերանը մինչև ականջները բացած է գնում Եռաբլուր։ Սա՛ է սրանց նամուսը։ Նիկոլի պաշտպանության նախարարը, էն որ ասում էր՝ մի հատ թուրքը ոտքը էս կողմ դնի՝ կրակեք, գնում է Ղարաբաղ-գալիս է, Ադրբեջանը հաթաթա է տալիս, ու սա մի հատ արձագանք չի անում։ Գրեթե վստահ եմ՝ Արշակ Կարապետյանը էլ չի գնալու Ղարաբաղ, ինչպես որ Նիկոլը չի գնում։ Վախից։
Պատերազմից 1 տարի անց փաստում ենք, որ սահմանին խաղաղություն բերած Նիկոլն արդեն 30 զոհ է տվել․ ասում է՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը 5-6 օր է եղել, որ հրադադարը չի խախտվել։ Բա դու ի՞նչ ես անում էդ դեպքում էդ պոստին։ Չես տեսնո՞ւմ, որ քո մնալով՝ ամեն շաբաթ մի զոհ ենք տալիս։ Նիկոլի թիմակից օլիգարխն ասում է՝ պետք է իրական խաղաղության դարաշրջան բացել․ ոչինչ որ սադրանքներ են լինում, զոհեր, վիրավորներ, բայց դա հեչ, իրար հետ ենք ապրում, իրար հետ պետք է զարգանանք և այլն։ Ուզում եմ իմանալ՝ ձեզ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուն խանգարում էին էդ մեր 5 հազար եղբայրնե՞րը։ Ի՞նչն էր ձեզ խանգարում Խաղաղության դարաշրջան բացել մինչև 2020թ․ սեպտեմբի 26-ը, պարտադիր էր 5000 հոգու ուղարկեիք սպանեի՞ն։ Այդպիսի՞ն էր պայմանը, թե՞ վախենում էիք, որ կասեն դավաճան։
Մեկ տարի անց մենք ունենք մեր երկրում այս խայտառակությունը։ Պատերազմի ավարտից մեկ տարի հետո ունենք բազում խնդիրներ, ունենք փախստական ժողովուրդ, ունենք կասկածելի ապագայով Արցախ, ունենք թշնամու տիրապետության տակ գտնվող հայկական հող, ունենք գերիներ, անհետ կորածներ, սոցիալական ծանր վիճակ, արտագաղթող և քամվող երկիր, ու այս ամենի պատասխանատուները իշխանության ղեկին են։ Եթե պատերազմն ու արդյունքը սրանց մեղավորությունն է, ապա սրանց իշխանության մնալը, արդեն, մե՛ր մեղավորությունն է։ Մենք պատերազմի արդյունքներից դասեր չքաղեցինք։ Դրա համար էլ ապրում ենք կապիտուլյացիոն տրամաբանությամբ։ Միայն այս իշխանության հեռացումն է մեր ոտքի կանգնելու պայմանը․ Նիկոլի թիմը հիշեցնում է մեր պարտությունը։
Կարճ ասած՝ երեկ Երևանում հանրահավաք էր անցկացնում «Հայաստան» դաշինքը։ Արձանագրվեցին խնդիրներն ու անելիքները։ Կարևորում եմ հայտարարությունը․ վերահաստատեցին՝ պետք է հեռացնել իշխանությանը։ Պետք է լինել վճռական ու համբերատար, պետք է յուրաքանչյուրն անի այն, ինչ կարող է՝ ազատվելու համար այս իշխանությունից։ Դա մեկ օրվա գործ չէ և դա մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի գործ չէ։ Հիշեք՝ սրանք երկիրը զավթելու համար պայքարեցին ուղիղ 20 տարի, դրա համար արեցին մի քանի անհաջող փորձ։ Ոչ ոք սկուտեղի վրա չի մատուցելու իշխանությունը։ Պետք են գործողություններ, ու դրանց ժամանակը գալու է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը