Թոշակառու զույգը սուպերմարկետում գնումներ էր անում, մի երկու րոպե բրնձի կողքը կանգնեցին, երեք տեսակի բրինձ կար, տնտղեցին ու որոշեցին գնել չգիտեմ ում խանութից, ասացին էնտեղ 20 դրամ էժան է։ Պետք է գնեին մեկ կիլո բրինձ, բայց մի քիչ ավելի կքայլեն ու կխնայեն 20 դրամ։ Տխուր է, երբ մարդ ստիպված է ուտելու վրա խնայել 20 դրամ։ Ասեմ, որ քիչ չեն մարդիկ, որոնք մի տեսակի սնունդ գնելու համար մի քանի խանութ են մտնում ու ավելի շատ ոչ թե որակի, այլ գնի համար, թեկուզ 10 դրամ էժանը գտնեն։ Շուկայի էս ծերից էն ծերն է մարդ գնում, որ մի 20 դրամ էժան կարտոֆիլ կարողանա առնել։ Ամենաշատը ի՞նչ են ուտում՝ հաց, մակարոն, կարտոֆիլ։ Դրանք էլ խանութների աշխատողները չեն հասցնում գնապիտակները փոխել՝ այնքան արագ են գներն աճում։ Մարդը հարց է տալիս լավ, ինչի՞ սենց եղավ։
Պաշտոնյաները մի անկապ թեզ են շրջանառում՝ ամբողջ աշխարհում է թակնկացել, կորոնավիրուսի պատճառով է և նման բաներ։ Իրենք մեղք չունեն, կորոնավիրուսն է մեղավոր։ Էս իշխանությունը գոյության 3,5 տարիների ընթացքում երկիրը հիմնահատակ քանդել է, բայց չի կանգնել ու տղամարդավարի ասի՝ հա, էսինչ տեղում սխալվել եմ, կներեք, անպայման կուղղենք։ Չէ, ամեն ինչը ուներ իր պատճառը, մեղավորը՝ կորոնավիրուս, միջազգային շուկա, մեղավորը Պուտինն է, Ալիևն է, նախկիններն են։ Իրենք միամիտ այծիկ են, թակարդն են ընկել։
Կառավարության որ մի նախարարի հարցնում ես, ասում է՝ ես ի՞նչ անեմ, որ գնաճ է, իմ նախարարությունը չի զբաղվում դրանով։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ես պատասխանատվություն չեմ կրում։ Բայց արդարացնում է գնաճը, ասում ՝ միջազգային շուկա։ Հարցնում ես՝ Հայաստանի՝ դեռևս թուրքերին չհանձնված հողի մեջ աճեցրած կարտոլը թանկացել է, ի՞նչ միջազգային շուկա, ասում է՝ դե Ռուսաստան ենք արտահանել, թանկացել է։ Հարցնում ես՝ բա ինչի՞ եք թողել էնքան արտահանեն, որ մեզ մոտ պարենային դեֆիցիտ, անվտանգության հարց առաջանա․ ասում է՝ պարենային անվտանգության հարց չկա, թանկացում կա։ Ասում ես բա երաշտը, ոռոգման ջրի ժամանակին չտալը, ասում է՝ Շիրակում դժգոհ են, բայց Գեղարքունիքում ամեն ինչ նորմալ է։
Ես հայտարարում եմ՝ էկոնոմիկայի նախարարը սուտ է խոսում։ Պարոն Քերոբյան, կարտոֆիլը չի թանկացել արտահանման պատճառով, ստում եք, դա պատճառներից ընդամենը մեկն է։ Իմ կարծիքով, դուք որպես էկոնոմիկայի նախարար գոնե մինիմալ գիտելիք չունեք։ Կարտոֆիլը թանկացել է նաև այն պատճառով, որ ցանքատարածությունները կրճատել են մարդիկ։ Գեղարքունիք դուք ե՞րբ եք գնացել, ո՞նց եք ճշտել, թե ֆերմերները գոհ են։ Դուք հարցրե՞լ եք Սևանի լճի արևելյան ափում բնակվողներին, թե ինչու են կարտոֆիլ քիչ ցանել, Վարդենիսի տարածաշրջանում ապրողներին հարցրել ե՞ք։ Սյունիքում ապրողներին հարցրել ե՞ք ինչու են քիչ ցանել։ Ասեմ, որովհետև թշնամու քթի տակ էր, որովհետև ձեր դեպուտատներն ասում էին անկլավներ կան, պետք է հանձնենք։ Էդ մարդիկ մտածում էին՝ իրենց հողը հնարավոր է հենց անկլավի մեջ է։ Մեր երկիրը դուք էնպիսին եք դարձրել, որ մարդ ամեն քայլ անելուց առաջ մտածում է, բա որ սա մշակեմ, կարող ա՞ հետո թուրքը վայելի։
Հերիք չէ քիչ ցանեցին, մի հատ էլ երաշտ եղավ։ Դուք ժամանակին ջուր չտվեցիք, որ մարդիկ ջրեն, Սևանից ջուրը ուշ տվեցիք, մի հատ էլ մարդկանց վրա փող հաշվեցիք ջուրը, չնայած որ Սևանը ժողովրդինն է։ Ու հիմա ասում եք՝ միջազգային շուկա։ Միջազգային շուկան ի՞նչ կապ ունի նրա հետ, որ Նիկոլի քավորի եղբայրն ասում է՝ մեր հողերը անկլավ են, պետք է հանձնենք թուրքին։ Իմ հարևանը, նրա հարևանը մեկ հեկտարից նախորդ տարիների համեմատ կեսի կեսն է հավաքել բերք, ի՞նչ միջազգային շուկա։ Հո խաբելով չէ։
Ցանկացած պետություն մասնագետներին նստեցնում է, ու հաշվարկ են անում՝ ունեմ էսքան բնակչություն, տարեկան իմ երկրի համար պետք է, որ արտադրենք էսքան խաղող, էսքան կաթ, էսքան ձու, կարտոֆիլ և այլն, համապատասխան հրահանգներ է իջեցնում, ու էդ տարին սկսում են էդ ծրագրով։ Մեզ մոտ ով ինչ ուզում անում է, մի տարի լինում է գնաճ, մի տարի լինում է ավելցուկ, հետո Քերոբյանի նմանները կանգնում ասում են՝ մենք կապ չունենք, միջազգային շուկա։ Եթե դուք ոչ մի բանի հետ կապ չունեք, բա ի՞նչ եք անում էդտեղ նստած, ի՞նչն եք կարգավորում, ես դա չեմ հասկանում, եթե ոչ մի բան ձեզանից կախված չէ։ Մեր երկրում կա՞ պաշտոնյա, որ իր անելիքը գիտի, գիտի, թե ինքը ինչի համար է աշխատավարձ, պարգևավճար ու հավելավճար ստանում։
40 տոկոսով խոզի միսն է թանկացել, 14 տոկոսով՝ կարագը, մոտ 65 տոկոս՝ բանջարեղենը, 67 տոկոս՝ կարտոֆիլը։ Հակամրցակցային հանձնաժողովի նախագահն ասում է՝ մեր կառույցն էլ գնաճի հետ առնչություն չունի։ Մի հատ էլ խորհուրդ է տալիս, թե՝ եկեք գնաճ տերմինը չօգտագործենք։ Մի քանի ամիս մարդիկ ուսումնասիրում են, թե կարագը որ թանկացել է՝ օրինակա՞ն է, թե՝ ոչ, իսկ մարդիկ էդ ընթացքում թանկ գնով կարագ են առնում։ Գեղամ Գևորգյանը ասում է՝ եթե պարզվի դիտմամբ են արել, կտուգանենք։ Նախ էդ պարզելը տևում է մեկ տարի, մի տարի գրպաններս դատարկենք, մինչև դուք պարզեք։ Բայց որ պարզեն էլ, ժողովուրդ, ձեզ օգուտ չկա։ Եթե հանկարծ պարզվեց, որ կարագը, շաքարավազը, ձուն, բենզինը թանկացել է հակաօրինական պատճառներով, էդ մարդկանց տուգանելու են, գումարը մտնի բյուջե, դառնա պարգևավճար Խաչատուր Սուքիասյանի, Անդրանիկ Քոչարյանի և մյուսների համար․ դու, որ ամիսներ շարունակ թանկ գնով ես առել, քեզ ոչ մի փոխհատուցում չկա։
Ուրեմն տնտեսության հետ կապ ունեցող որ հիմնարկի ղեկավարին դիմում ենք ասում է՝ գնաճի հետ կապ չունեմ, այ կապ ունի միայն կենտրոնական բանկը։ Սրա ղեկավար Մարտին Գալստյանն էլ աչքալուսանք է տալիս, թե՝ էժանացման հույս չունենաք, մենք հսկում ենք, կարգավորում ենք և մինչև տարեվերջ կլինի բարձր գնաճ։ Դրանից հետո էլ գնանկում չի լինի ու եթե լինի, կլինի հաջորդ տարվա կեսին։ Ի՞նչ ասեմ, գոնե ազնիվ տվեց պատասխան, ոչ թե ցրեց։
Սա՛ է իրականությունը։ Ժողովրդին, սակայն, մեկ հարց է հետաքրքրում, իսկ եթե չի էժանանում, գոնե եկամուտները ավելանալու ե՞ն, ուսուցչի աշխատավարձը ավելանալո՞ւ է, թոշակառուինը ավելանալո՞ւ է, դասախոսինը, գիտնականինը, նպաստը ավելանալո՞ւ է։ Չէ, ժողովուրդ ջան, ոչ մի դեպքում․ ուզում էիր աշխատավարձդ ավելանար, ինչի՞ էիր գնում դառնայիր պատմության դասատու, դառնայիր գլխավոր դատախազ կամ գոնե նրա տեղակալ, մի երկու հատ շինծու գործ պաշտպանեիր կրծքովդ ու այ քո համար կբարձրանար։ Կարտոլը թանկացել է, տրուսիկ-մայկան թանկացել է, գլխավոր դատախազի ու տեղակալներին ուզում են փոխհատուցել՝ աշխատավարձի 120 տոկոսի չափով հավելավճար կտան։ Էդ մարդկանց համար փոխհատուցում են։ Իրենց համար ժողովուրդ, գնաճն դա ավելի է երևում, քան քո համար․ դու փող չունես, դրա համար գնում ես մակարոն ու կարտոֆիլ, իրենք կարողանում են գնել նաև սև իկրա, բա դա էլ է թանկացել, չէ՞։ Բայց քո համար էլ են մտածել, տոները կրճատել են, որ շատ ծախսելու տեղ չունենաս։
Սրանք ամենուր էդպես են բարեփոխում․ ասում ես գնաճի դեմ ո՞նց եք պայքարելու, ասում են՝ ամեն ինչ անելու ենք, որ քիչ առևտուր անեն․ հարցնում ենք՝ բանակը ո՞նց եք բարեփոխելու․ ասում են՝ բանակը վերացնելու ենք, սարքենք մի քանի ամսով․ հարցնում ենք՝ սահմանամերձ գյուղերը ո՞նց եք զարգացնելու, ասում են՝ դրանք մերը չեն, որպես անկլավ հանձնելու ենք թուրքերին․ սրանք բոլոր խնդիրներն էդպես են լուծում, այդպես էլ Արցախը հանձնեցին։ Դրա համար էլ Քերոբյան Վահանն ասում է՝ Գեղարքունիքի ֆերմերները խնդիր չունեն։
Սա հայկական հեղափոխական իշխանության տրամաբանությունն է․ մարդիկ արտաքին պարտք են վերցնում, որ թոշակ տան, բայց թոշակը չեն կարողանում բարձրացնեն, որովհետև բյուջեից կես միլիարդ դոլար ուղղում են իրենց վերցրած արտաքին պարտքի սպասարկմանը, ու էլի պարտք են վերցնում, որ թոշակ տան։ Մի ձեռքով պարտք են վերցնում, մյուս ձեռքով էլ դրանից շատ փակում են նախորդ պարտքերի տոկոսները։
Կարճ ասած՝ երբ հերթով թարթում եմ բոլորի խոստումները, որ տվել են մեր խեղճ ժողովրդին, հասկանում եմ, թե ինչքան ծանրագույն վիճակում ենք, որ էս կարգի իշխանություն է մեր գլխին։ Իրենք հանգիստ են, իրենց կերը կա, իրենք վարձատրվում են ոնց ուզում են, դրա համար էլ անկապ ելույթներ են ունենում, որովհետև ելույթներից հետո ոչ թե գալիս են ձեր տուն՝ տեսնեն էդ օրվա հացի հարցը լուծվե՞ց, այլ գնում են Միկոնոսի ռեստորաններում կայֆավատ լինելու։ Դու քո հացի խնդիրը չես կարողանում լուծել, բայց էս կառավարության ճոխ ապրելու խնդիրը լուծել ես։ Ապրես դու։
Խելոք մարդը հասկանում է, որ էս ամենի պատճառը ոչ մի բանից գլուխ չհանող իշխանությունն է, միամիտներին իշխանությունը կարողանում է համոզել, որ սաղ աշխարհում ա թանկացել, իսկ հիմարների գլուխներն էլ մտցնում է, թե նախկիններն են անում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը