27 10 2021

«Կարճ ասած»․ Մեջքով դեպի ժողովուրդը․ ի՞նչ է կարելի կառավարությանը ու չի կարելի ժողովրդին



 

Մեկ անգամ չէ որ ասել եմ ու էլի եմ ասում, որ մեր խնդիրներից ամենահրատապը մնում է այս իշխանության փնթիությունը․ հերիք չէ դիլետանտ են, մի հատ էլ անկազմակերպ են, թափթփված են, կայացնում են որոշումներ, որոնք ձեռնտու է իրենց հենց այդ պահին։ Այդպես է բոլոր ոլորտներում, այդպես պատերազմ են վարել, այդպես ընտրություններ են արել, այդպես կոռուպցիայի դեմ են պայքարել, այդպես են վերաբերվել սեփական խոստումներին, ու ունենք էս վիճակը։ Ֆինանսների նախարարը դուխով հայտարարում է՝ մենք շատ բարձր գնաճ ունենք․ ինչո՞ւ․ որովհետև կառավարության փոխարեն դեկորացիա է։ Մեզ այս վիճակին հասցրեց ելույթների, խոսքերի, որոշումների, ծրագրերի փնթիությունը, որևէ բան անեուց առաջ չմտածելը, պահի տակ որոշումներ կայացնելը, ծափերի ազդեցության տակ բան հայտարարելը։

Օրինակ՝ վերցնենք կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ամեն օր քաղաքացիներին մեղադրում են, թե չես պատվաստվում, անլուրջ ես մոտենում ու քո մեղքով վիրուսը տարածվում է, բայց իրենք՝ կառավարությունը, անլրջացնում է ողջ պայքարը։ Երկու օր առաջ տեղի ունեցածն ու հետևանքները այս փնթիության ամենալավ ապացույցն են։ Նախագահական նստավայրում պաշտոնական ընդունելություն է, մասնակցում են կառավարության անդամներ ու լիքը այլ հյուրեր, իրար կողք կանգնած են, առանց սոցիալական հեռավորություն ասվածի, քիչ է մնում՝ իրար գիրկ նստեն, ու համարյա ոչ մեկի դեմքին դիմակ չկա։ Առաջին շարքերում էլ առողջապահության նախարարն է առանց դիմակի, էն որ ամեն օր ասում է` դիմակ դրեք, եթե անգամ պատվաստված եք, ամենուր դրեք և այլն։ Պատասխան են գտել, ասում են՝ բոլոր մասնակիցները ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Բա որ պատվաստված են եղել, թեստ ինչի՞ են հանձնել։ Թե՞ չեն պատվաստվել, ձև էին թափում։ Կամ հարց եմ տալիս, բա մեզ ասում եք՝ անկախ էն բանից՝ պատվաստված եք, թեստ եք հանձնել, թե ինչ, պետք է դիմակ կրեք։ Բա դո՞ւք։

Քաղաքակիրթ երկրում առողջապահության նախարարը հրաժարական կգրեր՝ խնդրելով, որ իրեն որպես անբարեխիղճ աշխատողի ազատեին աշխատանքից․ բայց նա վերահրապարակում է մի հրաման, որը անկեղծ ասեմ՝ անհնար է բնութագրել։

Հրամանում ասվում է՝ նախագահի, կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չկրել, բացի լրագրողներից ու սպասարկող անձնակազմից։ Ի՞նչ է նշանակում՝ միջոցառման մասնակիցը եթե պաշտոնյա է, կարող է դիմակ չկրել, եթե լրագրող է կամ մատուցող, պետք է դիմակ կրի։ Էս կարգի մտքեր ո՞նց են էդ որոշումներ կայացնողների գլխում պտտվում, չեմ հասկանում։

Կամ դուք ի՞նչ իրավունք ունեք մարդկանց տարբերակելու, ի՞նչ է նշանակում՝ եթե նույն միջոցառմանը մասնակցում են նախարար և լրագրող, նախարարը կարող է դիմակ չդնել, լրագրողը պարտավոր է դնել, թե չէ կտուգանվի։ Էդ ինչի՞, հազար հատ նախարար լինի, ո՞ր մեկն են լրագրողից լավը։ Նախ ասում են ժողովուրդ մենք ձեզանից մեկն ենք, դուք բոլորդ վարչապետ եք, հետո ասում են՝ մեզ կարելի է, քեզ չի կարելի։ Էդ ինչի՞։

Կորոնավիրուսի հենց սկզբից Նիկոլն ու թիմը անլրջացրել են պայքարը․ հիշենք պինցետով քաշեմ, տնական օղու մեջ թաթախեմը, հիշենք նախարարի խոսքը, թե՝ սովորական վիրուս ա, հիշենք անդիմակ փարթիները։ Դու քո օրինակով պետք է նորմալ բան ցույց տաս, բայց դու անում ես ինչ ուզում ես ու ասում ես՝ ինձ կարելի է, որովհետև պաշտոնյա եմ։ Անլուրջ է, ժողովուրդ։ Դուք ի՞նչ իրավունք ունեք տրանսպորտի վարորդի տուգանել, օֆիսներում տուգանել, եթե դուք չեք ենթարկվում ձեր սահմանած կանոնին։

Նույն նախարար Ավանեսյանը որոշումէ  կայացրել, որ պետք է օդանավակայաններում թեստ հանձնեն կամ ով չի ուզում պատվաստվի՝ թեստ հանձնի։ Թեստի պատասխանը առաջ տալիս էին հաջորդ օրը, հիմա՝ 7-10 օր անց։ Մարդը ամսի 17-ին աէրոպորտում թեստ է հանձնել, պատասխանը երեկ են ուղարկել։ Դու էդպես ի՞նչն ես կանխարգելելու։

Մեկ օրում արդեն ռեկորդային թվով մարդիկ են մահանում՝ 60 հոգի, 7400 զոհ կա վիրուսից, դե թող հրապարակում շոու կազմակերպողները պատասխան տան։ Ու էս ծանր վիճակում, երբ կորոնավիրուսը պիկին է հասել, մարդկանց տանը չեն էլ նստացնում, գիտե՞ք ինչի, որովհետև տնտեսության հերն անիծել են, լրիվ կքանդվի։

Կարճ ասած՝ էս անկազմակերպվածությունն ու քաոսը ամենուր է։ էս մարդկանց խոսքի արժեքը զրո է, գործի արժեքը զրո է։ մեր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք որևէ մարդկային, բարոյական, քաղաքակրթական նորմերով պետք է որոշում կայացնելու հետ առնչություն չունենային։

Ու գիտե՞ք ինչի են էդքան անլուրջ, որովհետև ասում են՝ ինչի՞ չարչարվենք, աշխատենք, հետևենք կարգուկանոնին, ուղեղներիս զոռ տանք, մի լավ բան անենք երկրի համար, ժողովրդի համար, հենա՝ ընտրվում ենք, էլի, առանց բան անելու։ Նիկոլը կարող է, չէ՞, ասել, այ մարդ, 4-5 հազար զոհ տվի պատերազմում, 7300 հոգի մահացավ կորոնավիրուսից, սննդի գնաճը հասել է 60 տոկոսի, մեկ է՝ ինձ են ընտրում, ուրեմն՝ գոհ են։ Շարունակեմ սենց։

Ժողովուրդ կարող է՞ էդպես մտածել։ Իրենք հո գիտեն, որ հանցանքներ են գործում, իրենք հո գիտեն, որ իրեն չես հարգում, բայց նաև գիտեն, որ չհարգելով հանդերձ՝ հանդուրժում ես։

Ժողովուրդ, էդ անլրջությանը պետք է դու վերջ տաս, այլապես դու ես անլուրջ դառնում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ