21 10 2021

«Կարճ ասած»․ Ժողովրդից թալանվածը՝ Նիկոլի գրպանում․ խաբվածների հեղափոխությունը



Էկոնոմիկայի նախարար աշխատող Վահան Քերոբյանը անդրադառնալով թեմային, որ Զանգեզուր պղնձամոլիբդենայինի 15 տոկոսը հանձնվել է կառավարության աշխատակազմին, ասում է, թե անցել է ժողովրդին՝ թալանածը վերադարձնելու անվան տակ։ Նախ սա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև չի կարող ապացուցել, որ դա թալանված էր։ Բայց դա հեչ, սրանցից անպատասխանատու հայտարարություններ միշտ ենք լսում։ Բայց հարցը անհարկի պոպուլիզմն է։ Մութ գործարքների արդյունքում մեջ-մեջ են անում գործարանն ու ասում՝ ժողովրդի համար ա։ Ընդհանրապես, ֆիքսենք, որ ամենամեծ ստորությունները այս 3,5 տարում արվել են հենց ժողովրդի անունից և հանուն ժողովրդի ձևակերպումներով։ Բոլոր տեսակի ստերից, Սաշիկի արագաչափեր, 50/50 փայ մտնել, Քոչարյանի 4 միլիարդ և այլն, և այլն, ամեն ինչից ամենաշատը մարդկանց վրա ազդել է այդ ձևակերպումը՝ ժողովրդից թալանածը վերադարձնել ժողովրդին։

Քաղաքացիներին հիմարացնելու ամենալավ աշխատող թեզը սա է եղել։ Այս իշխանությունը կարողացավ տասնյակ հազարներին լցնել հրապարակ՝ ասելով, որ քեզ թալանել են և դա վերադարձնելու ենք քեզ։ Մարդիկ էլ միշտ կրկնում էին՝ 30 տարի թալանել են, մեր փողերը մեզ կվերադարձնեն։

Անձամբ մարդու եմ ճանաչում, որ հեղափոխություն կոչվածից հետո երկու հատ սեյֆ էր առել, մեկը էն հին ծանր սեյֆերից՝ դրել էր պոդվալում, մեկն էլ շարժական փոքր ու գիտե՞ք ինչի համար, որ երբ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած՝ իրենից թալանածը վերադարձներ, ինքը փողերը պահելու տեղ ունենար։ Հասկանում ե՞ք ժողովուրդ։ 2018 թվականին վերջին 10 տարվա մեջ ամենաքիչ արտագնա աշխատանքի մեկնումն է եղել, թվերը նայեք, ու կհամոզվեք։ Ինչո՞ւ էր այդպես, ո՛չ աշխատատեղերն էր շատացել, ո՛չ մարդկանց գումարն էր ավելացել։ Խոպան չգնացին։ Գիտե՞ք ինչու էին մնացել։ Որվհետև Նիկոլն ու իր քայլոների թիմը առավոտից իրիկուն ասում էին վերադարձնելու ենք ժողովրդին, ու էդ մարդիկ մնացել էին, որ երբ Նիկոլը բաժաներ փողերը, իրենք ստեղ լինեին, մինչև տոմս առնեին գային, չուշանային։ Այ էդ կարգի հավատացել էին պրիմիտիվ ստերին։

Բայց սրանք էլ կուտ տալու ձևը գիտեին։ Ասում էին՝ ժողովուրդ սա ձերն ա, բայց մենք էլ որպես ձեր ծառա, ձեր անունից վայելում ենք։ Նիկոլը նկարում էր կառավարական դաչաները ու ասում էր՝ ժողովուրդ, սա ձերն է, վերադարձրել եմ ձեզ, բայց ես որպես ձեր ծառա, Աննայի հետ կվայելեմ։ Մարդիկ ասում էին՝ կառավարական առանձնատները վերադարձրել է մեզ, ուռա, կեցցե Նիկոլը, բայց մեկի մտքով չանցավ՝ այ ախպեր, ինձ համար ի՞նչ տարբերություն՝ ըտեղ Սե՞րժն ա ապրում, թե Նիկոլը։ Ո՞վ ասաց, որ եթե ապրում էր Տիգրան Թորոսյանը, ուրեմն ժողովրդինը չէր, այ որ ապրում է Արարատ Միրզոյանը, ժողովրդինն է։ Հիմա Նիկոլին ասում են՝ էդ կառավարական դաչաները հանձնեք ժողովրդին, թող դառնա զինվորների վերականգնողական կենտրոն, Նիկոլը ասում ա՝ չէ, էդտեղ աղմուկ ա, փոշոտ ա, կեղտոտ ա, լավ չէ։ Այ ժողովրդին չվերադարձնելը սա է։

Ժողովրդի միամտությունը, խաբվածությունը այստեղ էր․ Նիկոլը հայտարարում է, որ 2 տարում վերադարձրել են ժողովրդից թալանած 127 մլն դոլար։ Բա ո՞ւր են այդ փողերը։ Գնացել է պետբյուջե։ Իսկ պետբյուջեն ժողովրդի հետ ի՞նչ կապ ունի։ Արամ Վարդևանյանը ճիշտ է ասում, ժողովրդի փողերը տանում ես պետբյուջե, դրանից Անդրանիկ Քոչարյանը պարգևավճար է ստանում, Հրապարակում զոհերի պատվին գունագեղ շոու ես անում, 700 հազար դոլարով թռնում ես ԱՄՆ, 2 մլն դոլարով տունը վերանորոգում ես, ասում ես՝ ժողովրդի փողը բերել եմ բյուջե, ժողովրդի ցանկությամբ ծախսում եմ։ Ինչ-որ չեմ հիշում որ նախընտրական խոստումների ժամանակ ասեիք, որ ձեր պադավատներն եք թարմացնելու, տներներդ եք ռեմոնտ անելու ու մեբելը փոխեք, բայց հաստատ հիշում եմ որ անընդհատ խոսում էիք, որ հեսա սաղ լինելու է, որ քաղաքացին արժանապատիվ ապրի։ Տներն ու մեբելները եղան, բայց քաղաքացին այդպես էլ լավ չապրեց։

Լավ, վերցնենք Ծաղկաձորի հայտնի «Գոլդեն Փելես» հյուրանոցը․ ուրեմն էլի, ինչ-որ մութ գործարքի արդյունքում, սեփականատերը նվիրեց կառավարությանը, սրանք հայտարարեցին՝ վերադարձվել է ժողովրդին։ Դա մի հյուրանոց էր, որը աշխատում էր, աշխատողներ պահում, պետբյուջե փող էր մտնում, դառնում էր թոշակ, աշխատավարձ։ Հիմա չի աշխատում, որովհետև պետությունը, պարզվեց, աննորմալ վատ կառավարիչ է, հլը մի հատ էլ էդ հյուրանոցի պահպանման համար ժողովրդի գրպանից փող է գնում։ Բայց ասում են՝ հանձնվել է ժողովրդին։ Դե տվեք, թող անտուն ժողովուրդը գնա ապրի։ Բա խի՞ եք դռները կողպել։ Ի՞նչ է, մեր երկրում անտուն չկա՞, լիքն է չէ՞, բա ինչի՞ չեք տալիս, քյար չունե՞ք։

Ասում են՝ Սևանա լիճը ժողովրդին ենք վերադարձրել, զավթվել էր։ Նիկոլը Սևանից ջուրը բաց է թողնում, դրա դիմաց ժողովրդից փող է վերցնում, տանում է իր թիմին պարգևավճար է տալիս, հետո ասում է՝ ժողովրդի լիճն է։ Բա որ ժողովրդի լիճն է, ինչի՞ ես փող վերցնում ժողովրդից։

Հիմա նույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է։ Դու ասում ես 15 տոկոսը վերադարձրել եմ ժողովրդին, հետո լուրեր են պտտվում, որ Ավինյանը դառնում է տնօրեն, ամսական մի քանի հազար դոլար աշխատավարձ է ստանալու։ Հիմա ուզում եմ հարցնել, քանի որ հանքը ժողովրդինն է, այդ աշխատավարձը Ավինյանը բաժանելու է ժողովրդ՞ին, թե՞ տանում է իրենց տուն։

Երբ Նիկոլն ասում էր ժողովրդից թալանվածը վերադարձնում եմ ժողովրդին, ժողովուրդը ու ես պատկերացնում էինք այսպես․ Նիկոլը քանի որ Հյուսիսային Պողոտան Քոչարյանն է սարքել, ինքը չի սիրում, սեղանիկ է տանելու դնի Կոնդում, մարդկանց ցուցակագրելու է անուն առ անուն ու հերթով մարդիկ մոտենան, փողերը լցնի մեշոքների մեջ ու տա։ Սա հենց իրենց ասած՝ ժողովրդին վերադարձնելն էր։ Ասեմ՝ մարդիկ հենց սրան էին սպասում։ Թե չէ՝ մեկը կառավարությանը նվիրում է 30 մլն դոլար, դուք ասում եք՝ ժողովրդից խլվածը վերադարձվեց ժողովրդին, հետո իմանում ենք՝ Ալեն Սիմոնյանը 2 հատ նոր տուն ա առել ու շքեղ ավտո։ Ի՞նչ փողերով, չգիտենք․ ասում ա՝ իմ անձնական կյանքի մեջ մի մտեք։ Իսկ ժողովրդի սեյֆերում էլ դեռևս Նիկոլի խոստումների վիդեոներն են ֆլեշկաներով պահում՝ որպես ապացույց։

Ի դեպ, ժողովրդից թալանածը վերադարձնողներին մի հարց տամ․ ժողովրդի ունեցվածքից ինչքա՞ն նվիրեցիք թշնամուն։ Մի հատ հանքից 15 տոկոս եք խլել, մեռաք հայտարարելով։ Երեկ Ադրբեջանի ԱԻ նախարարը հայտարարել է, որ կապիտուլյացիայի պատճառով Նիկոլի նվիրած տարածքներում թանկարժեք մետաղների 167 հատ հանք կա։ Մի հատ պղնձամոլիբդենային կոմբինատից եսիմինչ եք սարքում, 167 հատ հանք է Նիկոլը նվիրել Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա ես չեմ, դուք եք․ Նիկոլը ո՞ւմ շահերը պահեց էս 3,5 տարում՝ հայ ժողովրդի՞, որ ինչ ասեց՝ չարեց, թե՞ Ադրբեջանի, որոնց ազգային երազանքը իրականացրեց, տվեց այն, ինչ ազատագրվել էր հազարների արյան գնով։

Կարճ ասած՝ հիմա դուք հասկանո՞ւմ եք, որ այդ՝ «թալանածը վերադարձնենք» ձևակերպումը լրիվ կտեր էր հավերի համար։ Ասում էիք՝ պաշտոնյաները շքեղ են ապրում, ժողովուրդը աղքատ է, գալիս ենք ծառայենք, բայց եկել եք ու դուք ապրում եք շքեղ, իսկ ժողովուրդը էլի աղքատ է։ ժողովուրդ, անկախ այն բանից՝ թալանվել է, թե ոչ, անկախ այն բանից՝ վերադարձվում է դա, թե ոչ, դու ոչինչ չես ստանալու, որովհետև իրենք քո մասին երբեք էլ չեն մտածել։

Չես հավատո՞ւմ, ի՞նչ ասեմ, շարունակիր հավատալ էս շառլատաններին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ