19 10 2021

«Կարճ ասած»․ Այս օրը պատերազմը կարող էր կանգնել․ զոհերի թիվն էլ 750-ը չէր անցնում



Հոկտեմբերի 19-ը ղարաբաղյան պատերազմի տարեգրության մեջ ամենամութ էջերից մեկն է, այս օրը տեղի ունեցավ հերթական դավաճանությունը։ Մեկ տարի առաջ այս օրը, երբ պատերազմը շարունաակվում էր ամենաթեժ ձևով և պարզվում է որ ընթացքը այլևս կառավարել չի հաջողվում հայկական կողմի համար բարենպաստ եղանակով, այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դադարեցնել պատերազմը՝ Հայաստանի համար ոչ շատ կորուստներով։ ՌԴ նախագահը շեշտում է՝ Ադրբեջանի նախագահին հաջողվեց համոզել ու գիտե՞ք պայմանը որն էր, որ պետք է լինեն խաղաղապահներ, ու փախստականները վերադառնան Շուշի։ Ու ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը․ մերժում է առաջարկը։ Պուտինն ասում է՝ ինձ համար տարօրինակ կերպով նա մերժեց։

Ուզում եմ շեշտել՝ հոկտեմբերի 19-ին մենք ո՛չ Շուշի էինք կորցրել, ո՛չ Հադրութ էինք կորցրել։ Այդ օրը Արծրուն Հովհաննիսյանը խոսում էր պատերազմի ողջ ընթացքում ունեցած 750 զոհի մասին։ Այսօր պաշտոնական զոհերի թիվը 4 հազար է, ոչ պաշտոնականը՝ 5 հազար։ Պատերազմի դադարեցման հնարավորությունից օգտվելու դեպքում հազարավոր մեր տղերքը չէին զոհվի։ Փաշինյանը մի հատ էլ մերժել էր պատերազմը դադարեցնել դրանից 12 օր առաջ։ Տեսեք, Ադրբեջանը առաջ էր գալիս, մերոնք նահանջում էին ու տրամաբանությունը հուշում է, որ Ալիևը չէր ուզենա դադարեցնել պատերազմը, կուզենար հասնել կապիտուլյացիայի, բայց այդ օրը Պուտինին հաջողվել էր համոզել նրան։ Փաստացի՝ հաղթող կողմը ասում է՝ հա, ես կմնամ իմ տեղում կանգնած, վերջ արյունահեղությանը, Նիկոլն ասում է՝ ոչ։ Ու ոգևորված մտնում էր ուղիղ եթեր իր բունկերից կամ աշխատասենյակից ու ասում էր՝ ես գերագույն հրամանատարն եմ, գնացեք մատաղ եղեք։

Ավելին ասեմ, այդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին։ ԱԽ նիստ է անում, գենշտաբի պետը զեկուցում է, որ պարտվում ենք, Պ նախարարը զեկուցում է, որ պարտվում ենք, ու Նիկոլը կես բառ անգամ չի ասում, որ սենց առաջարկ եմ ստացել պատերազմը դադարեցնելու։ Հետո այդ օրվա մասին ստատուս է գրում, թե՝ եթե դադարեցնեի, կասեիք դավաճան։ Ի՞նչ են ասում, հիմա, երբ գիտեն, որ կարող էիր կանգնեցնել, բայց թողել ես, կոչ ես արել դեռ գնալ ու զոհվել, վիրավորվել, փախչել տներից, հիմա ի՞նչ ես։

Բայց նայեք մարդու սառնասրտությանը, անխղճությանը․ մարդը տեսնում է, որ պարտվում է, հստակ զեկուցում են, որ ունենք մեծաքանակ զոհեր, թուրքերը գրավելով գալիս են, նրան ասում են Ալիևը համաձայնել է, արի դադարեցնենք, ասում է չէ, բա որ ասեն դավաճան։ Գիտի, որ էդ պահին իր տղու տարիքին տղերք են զոհվում․ Աշոտիկը որ այդ ժամանակ չլիներ ապահով պոստում, ի՞նչ կաներ Նիկոլը, էլի՞ տենց դուխով որոշումներ կընդուներ։

Նրանք, ովքեր ասում են, թե պատերազմի ընթացքի հետ Նիկոլը կապ չունի, հիմարություն են ասում, բայց ուզում եմ հիմա ասել՝ լավ, Նիկոլը մեղավոր չէ, իսկ որ չկանգնեցրեց՝ ո՞վ էր մեղավոր։ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում ասել է, որ մենք պարտվում ենք, Դավիթ Տոնոյանը նույնն է ասել, Կաթողիկոսը հուզվել է անվտանգության խորհրդի նիստում, ու Փաշինյանը չի ասել ժողովուրդ, հենց էսօր ստացել եմ առաջարկ։ Ասում են՝ ինչի՞ չես ասել, պատասխանում է՝ բա որ չստացվեր, վատ գործընթացներ կլինեին։ Էս մարդը անգամ էդ օրով իր ներքաղաքական դժվարությունների մասին է մտածել, այնպես, ինչպես Արայիկը, որ Քոչարյանի հետ չէր հանդիպում, որ պատերազմի հաղթանակից հետո վլաստը չկորցներ։

Կառավարության շենքի դիմաց հաճախ են բողոքի ակցիա անում հադրութեցիները։ Մարդիկ ասում են՝ տարիներ շարունակ աշխատել ենք, տուն ենք սարքել, բիզնես դրել, Նիկոլը ամեն ինչ վարի տվեց, հիմա էլ ապրելու հնարավորություն չի տալիս։ Ո՛չ ապրելու տեղ ունեն, ո՛չ փող ունեն, որ գոնե տան տրանսպորտին և իջնեն հրապարակ՝ «Նի՛կոլ դավաճան» գոռալու։ Էդ մարդիկ չէին զրկվի տնից, եթե հոկտեմբերի 19-ին Նիկոլը համաձայնվեր։ Նիկոլը ասաց չէ, ես գնում եմ մինչև վերջ ու հանգիստ նստեց ու սպասեց, երբ գյուղ առ գյուղ Ադրբեջանը կծածանի դրոշը։

Ավելին ասեմ։ Մինչև հիմա դեռ շատ մութ է պատմությունը էն հերոս 72 տղերքի, որոնք ողբերգական ճակատագիր ունեցան․ Հադրութը հանձնել էին, բայց 72 հոգանոց խումբ ուղարկել, չէին դիմավորել, ադրբեջանական ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել ու անհետ կորել էին։ Ծնողները արդարացիորեն հարց են տալիս՝ ինչո՞ւ էիք զորք ուղարկում մի տեղ, որը հանձնել եք։ Հարց են տալիս, ինչո՞ւ պետք է Փաշինյանի տղեն թիկնապահով գնա ծառայելու, մեր տղուն ասեք տնից կասկա, բրոնեժիլետ առ գնա մեռնելու։ Հարց է տալիս, Անդրանիկ Քոչարյան, դու քո տղուն բանակից ազատեցիր, բայց մեր տղերքին չասիր ինչի՞ ես տանում մեռնելու, ինչ իրավունքով, ինչի՞ չես դադարեցնում պատերազմը։ Ինչո՞ւ որոշեցիք, որ Լելե-Թեփեի մսաղացի մեջ պետք է գցեք հարյուրավոր մեր տղերքի, ինչ է թե ինչ-որ մեկն ուզում էր երկու ժամով ազատագրեր սարը՝ առանց քարտեզի ու առանց լուրջ պլանի։ Քա՞նի զինվոր անհետ կորավ, զոհվեց, գերի ընկավ այս անտարբերության պատճառով, քանիսը խոշտանգվեցին։

Այդ առեղծվածը պետք է բացահայտվի․ պետք է իմանանք, թե ինչու պատերազմն այնքան երկրաձգվեց, որ թշնամին հասնի մինչև Հայաստան։ Հիմա՝ պատերազմի ավարտից շուրջ մեկ տարի անց, թիվ 1 պահանջներից մեկը պատերազմի ողջ հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությունն է։ Պետք է բացահայտել բոլոր բանավոր ու գրավոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ պատերազմը երկու անգամ չդադարեցնելու պայմանավորվածությունը։ Բազմաթիվ փորձագետներ, ռազմական ականավոր գործիչներ պնդում են, որ հայկական բանակին կարող էր հաղթել միայն դավադրությունը, պլանավորված պարտությյունը․ դա պետք է լուրջ քննության առարկա դառնա։

Մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ հստակ ուզում եմ կրկնել, էլի եմ կրկնելու․ պատերազմը կարող  էր չլինել, պատերազմում կարող էինք հաղթել, պատերազմում կարող էինք գոնե այսքան խայտառակ չպարտվել, պատերազմը կարող էր մեկ շաբաթ անց, երկու շաբաթ անց դադարեցվել, կարող էինք այս կարգի կորուստներ չունենալ։ Բայց այդ ամենը եղավ տգիտության, դավաճանության, մարդկային ու կառավարման որակների իսպառ բացակայության պատճառով։

Կարճ ասած՝ այս պատերազմում ամենածանր հետևանքներն այն պատճառով էին, որ մեր երկրի փաստացի ղեկավարը չունեցավ պատասխանատվության զգացում, չվերցերց իր վրա պատասխանատվություն՝ մտնելու պատերազմը դադարեցնելու ծանր որոշման տակ, նա տարավ մարդկանց մահվան ու թռավ պատասխանատվությունից։ Նա սառնասրտորեն հետևեց մեր եղբայրների, ընկերների, ձեր որդիների, հայրերի զոհվելուն։ Նա հիմա բանակցում է, ու Ադրբեջանը ասում է, որ գոհ է բանակցություններից։ Ուրեմն նա հիմա էլ է մի դավադրություն մտածել։

Նիկոլ Փաշինյանի համար երբեք կարևոր չի եղել ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը, ո՛չ դու․ նրա համար կարևորը իշխանությունը պահելն է․ պետք է՝ կպահի քեզ սիրաշահելով, գովելով, պետք է՝ կպահի քեզ տրորելով, երկիրը հանձնելով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ