15 10 2021

«Կարճ ասած»․ 6 վիրավոր, հրդեհներ, կրակոցներ գյուղերի վրա․ ի՞նչ է անում մեղավորն ու պատասխանատուն



Երեկ ես խոսում էի մեր պետության մեջ և մեր սահմաններին բարդակի մասին։ Երեկ երեկոյան կրկին հաստատվեց դա։ Ի՞նչ է տեղի ունենում․ ադրբեջանական զինված ուժերը կրակ բացեցին Արցախի Հանրապետության մարտական հենակետի ուղղությամբ, հրազենային վիրավորում ստացան 6 զինծառայողներ։ Մի հատ պաշտպանության նախարար ունեինք, որ սպառնում էր, թե հլը թող փորձվեն կրակել․․․ հիմա ուր է՞ դա, թռած է։ Լուրերը պաշտպանության նախարարությունը հրապարակում է ամենավերջինը ու ավելի շատ ոչ թե տեղեկություն է, այլ հաստատում է տեղեկությունները, որ այդպիսի բաներ են եղել։

Դա գիշերն էր, առավոտյան ադրբեջանցիները կրակ են բացել էլի Արցախում ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Օրվա մեջ պարզվեց, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել արդեն Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Երասխի բնակիչներն ասում են, որ վերջին  օրերի ընթացքում հատկապես, ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց մարդաբնակ գյուղի ուղղությամբ կրակոցները։

Ի՞նչ է անում Նիկոլը։ Նիկոլը կառավարության նիստ է անում ու խոսում է ծառերի սերտիֆիկացման մասին։ Սահմանը հեչ, արդեն սովորել ենք, հենց մի հատ միջադեպ է, սլաքներն ուղղում են ռուս խաղաղապահներին ու վերջ։ Իրենք դեկորացիա են ու ընդունում են, որ բանի պիտանի չեն։

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ղեկավարների մակարդակով նիստի է մասնակցում, միջազգային քիչ առիթներից է Ալիևին դատապարտելլու համար, ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները հետն են, բայց մարդը էս ամենը դատապարտելու փոխարեն խոսում է այն մասին, թե ինչ լավ կլինի, որ երկաթգիծ բացեն, մենք իբր Նախիջևանով չգիտես թե ոնց գնանք Ռուսաստան, Նախիջևանն էլ Հայաստանով կապվի Բաքվին։

Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ Ալիև էս ի՞նչ ես անում, ինչի ես կրակում, ինչի ես խախտում պայմանավորվածությունները, գերիներս ո՞ւր են։ Հա, ո՞ւր էր Նիկոլին էդքան պլոճիկ։

Ու հիմա հարց ունեմ, Նիկոլ, ասենք երկաթգիծը գցել ես, թազա վագոններ ես բերել, դու էլ նստել ես մեջը ու չերեզ Նախիջևան գնում ես Մոսկվա, բա որ կեսից գնացքը կանգնեցրին, քեզ էլ գերի տարան, ի՞նչ են անելու քո որբացած ընտրողները։ Քո երկրի ներսում քո բնակիչների վրա կրակում են, տունը պաժառ են տալիս, անասունները գողանում են, ավտոմեքենաները գողանում են, վարորդներին գողանում են, զինվորներին վիրավորում են, դու դրա դեմը չես կարողանում առնել, չես պաշտպանում քո ժողովրդին, ասում ես՝ հիմա ես գերի ընկնելու նոր ուղղություն կտամ հատուկ ձեզ համար։

Էս մարդիկ սաղ երկիրը խառնել են իրար ու նստած թիթեռ են նկարում։ Նիկոլ Փաշինյանի կինը, էն որ զենքը զարդ էր սարքում կախեր դեպուտատ ախպոր վզից, գնացել-մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ինչ-որ կանանց համաժողովի ու ․․․չեք հավատա, նստել խոսել է  խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում Կանանց առաքելության մասին։ Աննա ջան, տիկին ջան, մենք վաղուց կուշտ ենք քո առաքելությունից, դու քո առաքելությունը մի անգամ էնպես փայլուն ես կատարել, որ Մեհրիբանը հա՛մ Շուշիում է չայ խմում, հա՛մ էլ հեսա Ղափանում կխմի։

Թվում է, թե մեր երկրում կա Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողով․ արդեն մի քանի հատ նիստ է արել ու բոլորի իմաստն այն է, որ Արթուր Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահ չընտրն։ Ինադ են ընկել, պարոնայք ՔՊ-ականները, կապրիզ են անում։ Քոչարյան Անդոնը իր տղուն բանակից ազատել է, մնացածը իրեն պետք չեն։ Իրա վեջը չէ, որ Ղափանի պոստերում տղերքը անձրևի տակ են քնում, վաղն էլ ձյունը որպես բարձ են օգտագործելու։ Էտ սաղ հեչ, կարևորը Արթուրին փոխնախագահ չընտրեն, դա է համար մեկ անելիքը սույն պարոնի։

Ես կասկած չունեմ, որ սադրանքները մեր սահմաններին, սահմաններից ներս շարունակվելու են․ մենք գիտենք, որ կրակել են, կա 6 վիրավոր․ իսկ մենք գիտե՞նք, թե մինչև էս կրակելը ինչեր են եղել։ Պատերազմից հետո մի քանի տասնյակ վիրավորներ ու զոհեր ունենք, դուք տեղյա՞կ եք, թե ինչքան սադրանքներ են լինում ամեն օր․ մեկի մասին չեն խոսում, մեկը մոռանում են, է մեկ է, էլ արդեն գիտեն, որ բան չի փոխելու, իրենք են անտարբեր նայում․ հոգնում են մարդիկ։

Էս անտարբերությունը ամենավատ բաներից մեկն է, որ մեզ հետ կարող էր լինել։ Փաշինյանը Հայաստանը Սիրիա ու Իրաք է դարձնում։ Դուք գիտեք, չէ՞, որ մեր երկրի տարածքում կա հատված, որը չի վերահսկվում մեր կողմից, ու էնտեղից կարող է ադրբեջանական ինչ-որ տեռորիստ հայկական խլված ավտոմեքենա վերցնել ու մտնել Հայաստան։ Սրանք թուլամորթ են, մենք էլ անտարբեր ենք։

Երեկ մենք տեսանք, թե զինվորներն ինչ պայմաններում են քնում, դու չդատապպարտեցիր ժողովուրդ, ու արդյունքում էդ տղերքի պայմանները բարելավելու փոխարեն նախևառաջ ռազմական ոստիկանություն են տարել։ Դու տեսար, թե ինչ վիճակում են տղերքը, կարող էիր ոտքի ելնել, բողոքի ցույց անել։ Սովորական է, լրահոս է, կրակեցին կրակեցին, հետո՞ ինչ։

Կարճ ասած՝ քո պետության հերն անիծում են, ժողովուրդ, դու անելիք ու ասելիք ունե՞ս։ Եթե դու հիմա քո ապագայի նկատմամբ էսքան անտարբեր ես, թքած ունես, էլ ո՞ւմից ու ինչ ես պահանջելու։ Չէ մի չէ, խաղաղություն է բերելու տարածաշրջան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ