27 09 2021

«Կարճ ասած»․ Պլանավորել էին, արեցի՛ն․ մեկ տարի անց



 

Մեզ ներսից քրքրող այս իրադարձության, մեզ տանջող ոճիրի, մեր հայրենիքի կորստի մեկնարկը տրվեց մեկ տարի առաջ այս օրը։ Սկիզբ առավ Արցախյան երրորդ պատերազմը։ Այս պատերազմում մենք չհաղթեցինք, մենք կորցրեցինք հազարավոր լուսավոր տղերքի, վիրավորներ տվեցինք տասնյակ հազարավոր, բազմահազար ընտանիքներ դարձան փախստական, ունենցանք ավերված և թշնամուն հանձնված հայրենիք։

Կարո՞ղ էր չլինել պատերազմը, այո, կարող էր։ Կարող էր չլինել այնպես, ինչպես որ չէր լինում դրան նախորդած 25 տարիներին։ Բայց ցավոք, Հայաստանի իշխանությունը չարեց ոչինչ պատերազմ չլինելու համար և չարեց ոչինչ այդ պատերազմում հաղթելու համար։ Բայց հակառակի համար արեց այն ամենը, ինչ կարող էր։

Ես սկզբում ասացի հայրենիքի կորստի մեկնարկը տվեց․ մի քիչ խմբագրեմ ինձ, մեկնարկը այդ ժամանակ չտրվեց, մեկնարկը տրվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով մարդը մեր երկրում դարձավ լսելի, մեր երկրում սկսեց հետևորդներ ունենալ, փողեր դիզել, երբ իր վրա խաղադրույք արվեց, և նրան տրվեց իշխանությունը։ Հիշենք՝ իշխանության եկավ թե չէ, անմիջապես սկսեց բանակի հերն անիծել, հերոսներին վարկաբեկեց ու սկսեց տրուսիկի ֆետիշացում, կլուբնիկի սրբացում։ Զինվորին սովորեցրին չհարգել հրամանատարին։ Պառակտեց հանրությանը, բաժանեց սև-սպիտակների, սկսեց քաղաքական հետապնդումները, , հերոսներին տարավ բանտ, քանդեց հայ-ռուսական կապերը, գեներալ-գնդապետների վրա գործեր կարեց, իսկ պատերազմի ժամանակ արգելեց գործից գլուխ հանողների մուտքը շտաբ՝ այնտեղ լցնելով իր քայլոների թիմով։ Այս ամենը արվեց՝ զուգահեռ դիվանագիտական հարթակում պարտություններ շարեց իրար վրա։ Բա ի՞նչ էինք ուզում, հաղթանա՞կ։ Ինչպե՞ս, ո՞նց, լինում է՞ այդպես։

Ի՞նչ էր կատարվում մարտի դաշտում․ սա ևս արժանի էր խոսելու։ Պատերազմի հենց առաջին օրը, հենց առաջին ժամերին թուրքը ոչնչացրեց հայկական հակաօդայի պաշտպանությունը, հենց առաջին օրը երևաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ «մենք փակել ենք 80-ականների զենքերի ամոթալի թեման» հայտարարությունը սուտ էր։ Բացի դրանից, եթե գիտես պատերազմ է սկսում, իսկ դու գիտեիր, էդ հակաօդային կայաններն ինչո՞ւ չէիք թաքցրել, որը տեղը չերևար, ինչու՞, պլանավորածով է՞ր պարտությունը։ Սարսափելի բաներ էին պատմում, մարտի դաշտից։ Բայց նույն ժամանակ արդեն դրվեց խնդիր միայն խոսել մեր հաղթանակի մասին, ոչ մի բան նահանջի ու պարտության մասին, իսկ հաղթանակը խտացնել այնպիսի գույներով, որ հանրությանը թվա, թե մտնում ենք Բաքու։ Ու եթե հանկարծ մեկը համարձակվեր իրականությունն ասել, սարքում էին ազգի դավաճան։ Սա էլ էր ծրագրված, ինչպես որ պարտությունը։ Դրա համար էլ հենց պատերազմի առաջին օրը Ադրբեջանը արգելափակեց սոցցանցերը, իսկ Հայաստանը ոչ՝ մեծ նվեր անելով Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ին, որոնք տիրաժավորում էին անհարկի ոգևորությունը, վտանգի բթացումը, սուտը։

Քա՜նի անգամ տուգանվեցինք ճիշտը ասել համարձակվելու համար, քանի քանիսիս հասցեին կեղտեր ու լուտանքներ թափեցին։ Ներկայացվում էր, թե պատերազմի դաշտում յուղ ու մեղր էր բաժանվում, կոչ էին անում հայրենակիցներին ոչ թե գնալ դաժան կռվի, այլ՝ գնալ հաղթանակին մաս կազմելու։ Շատերը գնացին ու շատերը իրենց կյանքն ավարտեցին անգամ չհասնելով մարտի դաշտ, ավտոբուսներում ԱԹՍ-ով խոցվեցին։

Պատերազմի մասին շատ ենք խոսել, իմ հաղորդումներում բազմիցս անդրադարձել եմ ու դեռ կանդրադառնամ, քանի որ երբ մութ հարցերը ՛շատ են, քանի չեն պարզվել, մենք չենք կարող հանգիստ առաջ գնալ։ Բայց ամբողջ զավեշտն այն էր, որ պատերազմից հետո այս իշխանությունը մնաց․ դա դեմ էր բնության բոլոր օրենքներին։ Չկա մի երկիր, որը պատերազմից հետո ղեկավարությանը պահել է, հաջողել է և հակառակը, չկա երկիր, որտեղ պարտվածը շարունակել է իշխել։ Բայց ունենք օրինակներ, երբ պատերազմից հետո երկիրը զարգացել է ու դա եղել  այն պատճառով, որ պարտության առաջնորդը ինքնասպան է եղել, տղամարդավարի վերջ է տվել կյանքին։

Ես ուզում եմ երկու ելակետային բաների մասին հիշեք ամեն օր․ պատերազմից երկու օր առաջ և պատերազմի սկսվելու օրը Փաշինյանը երկու հայտարարություն արեց, որը խիստ ուշագրավ էր․ առաջինն այն էր, թե այնպիսի կոնֆիդենցիալ հանգամանքներ գիտի, որ Ադրբեջանը ներսից կքայքայի։ Բայց այդպես էլ չհայտնեց։ Երկրորդն այն ելույթն էր, թե՝ ինչ էլ լինի, մենք մեղզ պարտված չենք համարի։ Ի՞նչ պետք է լիներ, ինչո՞ւ ի սկզբանե խոսեց պարտության մասին։

Ո՞վ է պարտվել, հաճախ են հարց տալիս, իշխաննությունն ասում է՝ մենք ամեն ինչ արել ենք, պարտվեց բանակը ու ժողովուրդը։ Բանակը չի պարտվել, դուք հենց առաջին շաբաթում դադարեցրել եք համալրել բանակը, առաջ եք մղել կամավորների, ֆիդայինների։ Դուք հազարավոր քառակուսի կիլոմետրեր եք զիջել առանց մեկ կրակոցի անգամ, նվիրել ոչինչի դիմաց։ Բանակը պարտվել է միայն պատերազմից հետո, երբ հանդուրժեց իր շարքերում թույլ գեներալների գոյությունը, գեներալները պարտվեցին, երբ հանդուրժեցին ինքնակոչ գերագույն գլխավորին։ Իշխանությունն իրեն պարտված, բնականաբար, չի համարում․ նա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր․ դեռ 2018 թվականին հրապարակված գրքում Փաշինյանը համոզմունք էր հայտնում, որ պետք է հողերը տա, նա շարունակում էր Տեր-Պետրոսյանական՝ հողերը տանք, որ լավ ապրենք թեզը․ հողերը տվեց ու բազմաթիվ կասկածներ կան, որ նաև դրա դիմաց ստացավ․ խոսում են 5 մլրդ դոլարի մասին, անվտանգության երաշխիքների մասին։ Ժողովուրդը պարտվել է ոչ թե պատերազմի դաշտում, այլ դրանից առաջ, դրանից հետո, երբ ձեզ ու ձեր թողած ժառանգությունն է իր ուսերին տանում։

Այո, ծանր էր պատերազմի բեռը բայց ավելի ծանր է այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Որովհետև պատերազմում լինում են հաղթողներ ու պարտվողներ, պարտվելը սարսափելի չէ, եթե քո մեջ ուժ ես գտնում, ոտքի կանգնում։ Մեզ չեն թողնում ոտքի կանգնել, կզածները մնում են իշխանության։

Մենք պատերազմի մասին խոսելու ենք ամեն օր, ասելու ենք ինչ եղել, ինչ գիտենք, ու հույս ունենք, որ դու՝ ժողովուրդ կհասկանաս։ Մենք, իրավունքը չունենք ներելու դավաճանությունը, պարտության մեղավորներին։

Կարճ ասած՝ մեր գլխավոր խնդիրն այն է, որ այսօր բազմաթիվ անհետ կորածներ, որ պատերազմից մեկ տարի անց էլ դեռևս թուրքին մնացած մեր հայրենիքում զոհերի դիեր ենք գտնում, ունենք գերիներ, ունենք ամեն օր մատ թափ տվող Ադրբեջան, ունենք Հայաստանը ճզմել ցանկացող Թուրքիա, միջազգային չափազանց ծանր իրավիճակ, խառը տարածաշրջան, երկրի ներսում ունենք սարսափելի անհանդուրժողականություն ու այս ամենից գլուխ չհանող, ծայրահեղ անգրագետ ու սարսափելի իշխանություն, պետությունն ու հողատարածքը իրարից չտարբերող մրդկանց թիմ իշխանության ղեկին։ Քանի այս ղեկավարությունն է, մենք չենք կարողանալու գլուխներս հանգիստ դնել բարձին։ Իսկ իրենք իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ չի եղել․ ինչ էլ եղել է, եղել է պլանավորածով, ոչ մի քայլ շեղում չեն տվել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ