21 09 2021

«Կարճ ասած»․ Ծրագրավորված պարտության շարունակությունը․ տոն՝ սգալու փոխարեն



Չեմ կարող հստակ ասել, թե քանի ազգ, ժողովուրդ ու երկիր է պայքարում անկախության համար այժմ․ շատ են, կարելի է սկսել Արցախից ու հասնել մինչև Կատալոնիա կամ Իռլանդիա։ Մենք 30 տարվա անկախ պետություն ենք, մեր դրոշը ծածանվում է ՄԱԿ-ում․ իսկ ինչպե՞ս վարվեցինք մեր անկախության հետ։ 27 տարի քարը քարի վրա դնելով՝ կառուցել էինք պետություն, ենթակառուցվածքներ, ինստիտուտներ, վերջին երեք տարում մաս-մաս քանդեցինք։ Քանդողները, իհարկե, գիտենք ովքեր եին։

Այսօր նշում ենք քանդված երկրի անկախության օրը, գունագեղ տոնակատարությամբ․ բոլորոն ասում են՝ տոնելու չէ՛, իշխանությունն ասում է՝ պետք է տոնենք․ լավ, իսկ դու անձամբ ի՞նչ ես արդել այդ անկախության համար։ Երկու օր առաջ քո երկրի ներսից թշնամին 2 քաղաքացիներիդ գողացավ, թշնամին քո երկրի տարածքից դուրս չի գալիս։ Դու Ռուսաստանին խնդրում ես քո երկրի սահմանները գա պաշտպանի, որովհետև դու չես կարողանում, էլ ի՞նչ երեսով ես նշում Անկախության օրը։ Ադրբեջանի հետ մեր սահմանը հարյուրավոր կիլոմետրերով երկարել է, ոչ մի դիրք այս 11 ամսում չես ամրացրել, առանց խոչընդոտի թշնամին մտնում ա ներս, դու ո՛չ խելք ունես, ո՛չ փող, որ սահման ամրացնես, 2 միլիոն դոլար ինչի՞ ես տվել շոուի համար։

Ադրբեջանցիները Հայաստանում կանգնեցնում են ավտոբուսը, Ղարաբաղի դրոշը քերում, մեր էրեխեքին վախեցնում, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը Երասխի մոտ 35 մետրանոց դրոշ է դնում․ դրոշդ քեզ պահի, տարածքները մի նվիրեք թուրքերին, դրոշ ձեզանից չենք ուզում, թողեք ձևական հայրենասիրությունը։ Մի՛ գլուխ գովեք, ձեզ հերոսի տեղ մի՛ դրեք, դու՛ք եք մեզանից խլել մեր հաղթանակը։ Այո՛ հաղթանակը, ես վստահ եմ, եթե պատերազմի գլխին լինեին այդ գործից հասկացող ու հայրենասեր մարդիկ, մենք հաղթանակելու էինք, ոչ թե պարտվեինք, այն էլ՝ էս ձևով։  ԳՇ պետն ասում է՝ ես գնացել եմ էդ ճանապարհով, անվտանգ ա․ քանի որ դա գերի չի ընկել, ուրեմն անվտագ է՞։ Էս են սրանք, էսքանից հետո էլ, էս են։

Լավ էդքա՞ն հեշտ էր 3 տարում քանդելը 30 տարվա սարքածն ու հարյուրամյակների ստեղծածը։ Այո, անկախության տոնն այժմ նշում ենք մեր երկրի համար ամենածանր վիճակում։ Մի վիճակում, որ պատերազմում ծրագրված պարտության տարան մեր երկիր,ը ու կորցրինք համարյա ամեն ինչ։ Մեր բանակը ամենամարտունակ բանակն էր տարածաշրջանում, 25 տարի շարունակ խաղաղություն էր պարտադրում, ու սրանք փոշիացրին դա։ Հայաստանը պարտության տարած ուժի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը, որը ԵԿՄ նախագահն է, Նիկոլ հայհոյելու փոխարեն, հիշում է Քոչարյանի տարիները, թե այն ժամանակ վատ էր․․․ հետո բայց փաստում, որ բա գիտե՞ք, մեր բանակն ամենամարտունակն էր։ Ուզում եմ հարցնել՝ Սասուն Միքայելյան, բանակը ամենամարտունակը ե՞րբ է եղել, Նիկոլի վա՞խտ, քո վա՞խտ, էդ ե՞րբ է մարտունակ եղել, ո՞ւմ ժամանակ է դարձել ամենից մարտունակը տարածաշրջանում։ Հլա ասա իմանանք։ Դա Քոչարյանի ժամմանակը չէ՞ր։ Սասուն Միքայելյան, բա էդ ո՞նց ա լինում, որ հա՛մ թալանում էին, համ ամենամարտունակն էր։

Երախտամոռությունը բնավորության այլանդակ գիծ է։ Սասուն Միքայելյան, Քոչարյանի ժամանակ եղել ես Հրազդանի քաղաքապետ, եղել ես դեպուտատ երկու անգամ, էդ ո՞ր մի անգամ ես խոսել բանակի թալանից․ դու էլ ֆիդային ես եղել, տեսել ես թալանում են ու ձայն չես հանե՞լ, հարմարվել ե՞ս, որովհետև մանդատ էին տվել։ Ընդունում եմ, բանակի թալան կարող է լինել բոլորի օրոք, իսկ ամենաշատը՝ հիմա, ուղղակի հիմա նաև զինվորներին հազարներով հողի տակ են դնում՝ ձեր օրոք։ Բայց, եկեք հասկանանք, էդ որ թալանել են, ո՞վ է թալանել։ Որ հարցնում ես, դե ասում են, դե հո չենք ասում նախագահն է թալանել, բայց դե թալանել են չէ՞։ Լավ։ Մտածենք- հասկնանք, այդ ո՞վ է եղել հենց այդ ժամանակների, Նիկոլի սիրած տռուսիկ մայկայի, ու Ալենի հացի պատասխանատուն, որը չի ապահովել ու մի գուցե հենց թալանել է։ Այդ գործերի պատասխանատուն լինում է թիկունքի պետ-փոխնախարարը։ Իսկ թիկունքի պետը քո ասած ժամանակ եղել է ձեր թիմի անդամ Գագիկ Մելքոնյանը, էն հայտնի գեներալը, որ հիմա ՔՊ-ից դեպուտատ է։ Այ քեզ բան, բա՞, ո՞նց ես հանդուրժում։ Ուզում եմ Սասուն Միքայելյանից հարցնել, արդյո՞ք ինքը չէր, որ ասում էր՝ հեղափոխությունը Արցախից կարևոր էր․ բա խի՞ ես Եռաբլուր գնացել, գնա հեղափոխության գերեզմանին ծաղիկ դիր։

Սասուն Միքայելյանի թիմի ղեկավարն այսօր Եռաբլուր եկավ գաղտագողի, բազմաթիվ թիկնապահներով, ոստիկաններով, բերետներով շրջապատված։ Փակեցին ճանապարհները, ու որևէ ծնող չկարողացավ գնալ որդու շիրիմին․ էդ տղերքի շիրիմներին այցելեց նրանց մահվան տանողը, Եռաբլուրը եռապատկողը, ում պատճառով սերունդ վարի գնաց։

Գիտե՞ք անկախության կորստի վրա, ցավոք, խրախճանք անողները շատ են։ Երեք տարի շարունակ մեր երկրում չի արժևորվել զինվորը, գեներալը, պետություն պահողը, փառաբանվել է իշխանազավթումը, դավաճանությունը, թրքասիրությունը։ Հայաստանում նախագահ աշխատող Արմեն Սարգսյանը գիտե՞ք էսօր ում է մեդալ տվել․ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին, էն մարդուն, որը երբ ադրբեջանցիները մտել էին Սյունիք, ասում էր՝ մենք 26 տարի էդ մարդկանց հողում տուն ենք կառուցել, ապրել ենք, հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Արմեն Սարգսյանը երախտագիտության մեդալ է տալիս։ Սրա՛նք են այսօրվա հերոսները։

Ու դուք էսօր զարմանում եք, որ Նիկոլը գունագեղ շոու է անո՞ւմ, ու հույս ունեք, թե պիտի քիչ մարդ գա՞ էդ արյունխմելու տոնին։ Արխային, լիքը մասնակցողներ կան, 690 հազար հոգի ծափ է տվել դավաճանությանը։

Անկախության տոնը առաջ էր՝ Լևոնի ժամանակ էր, այո, անկախ էդ մարդու նկատմամբ իմ վերաբերմունքից, Քոչարյանի ժամանակ էր, երբ բանակս դարձավ ամենից մարտունակը, Սերժի ժամանակ էր, ու երբ պառադ էր լինում, զինվորական տեխնիկան անցնում էր հրապարակով, հպարտանում էիր, որ մարտունակ բանակ ունես, որը քեզ կպաշտպանի ինչ էլ լինի։ Դուք անկախության տոնը սարքեցիք զինվորների մահվան տարելից, բանակը դարձրիք ծաղրի առարկա, անկախությունը՝ կիսանկախություն: Դուք աննախադեպ պառակտում բերեցիք մեր ժողովրդին։ Այդ պառակտումը նաև հենց հիմա է շարունակվում, դուք ուրախ տոնում եք, իսկ նույն պահին Արցախի ԱԻՆ-ը Ադրբեջանին Նիկոլի նվիրած մեր դաշտերում դիեր է ման գալիս, մեր տղերքի դիերը։

Լրագրողների ֆեյսբուքյան խումբ կա, որտեղ օրվա միջոցառումների և այլնի մասին ծանուցումներ են։ Ամեն օր տասնյակ խնդրանքներ են՝ լուսաբանեք հերոս այսինչի ծննդյան օրը, մյուսին նվիրված պուրակ է բացվում, խաչքար է, դասասենյակ է հերոսի անունով։ Սիրտդ տակնուվրա է լինում։ Հասկանո՞ւմ եք։ Մարդիկ ամեն մեկը մի տան ճրագ էր, ու հիմա ծնողները զավակների հետ միասին այս օրը տոնելու փոխարեն խնդրում են, որ մի հատ ռեպորտաժ նկարենք, հուշ ունենան։ Հուշ էն մասին, որ իրենք զոհվեցին Նիկոլի տոնակատարության համար։

Ահա թե ինչ բերեց մեր երկրին գունագեղ շոուների մասնագետը։ Ու այսօր՝ անկախության օրը, իմ և հարյուր հազարավորների սպասված միակ ելույթը կլինի Փաշինյանի հրաժարականի ճառը։

Կարճ ասած՝ Հայաստանի անկախությունը պետք է փրկել Նիկոլի Փաշինյանից, նրան ձայն տվածներից։ Նրա՛նք են ոտնակոխ արել։ Այսօր դո՛ւ Հայաստանի անկախության համար պետք է ոտքի կանգնես, ժողովուրդ։ Էս մի երկիրն է, կա՛մ փրկում ես, կա՛մ տալիս թուրքին։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ