Աշխատանքն ավարտում է Հայաստանի պատմության մեջ ամենավատ խորհրդարանը, ամենաամոթալի խորհրդարանը։ 132 հոգանոց այս Ազգային ժողովը, որի կեսից ավելին իրենց ուսապարկ էին հռչակել, աչքի ընկավ հակապետական օրենքներով, անկապ նիստերով, վատ բառապաշարով, ծեծ ու ջարդով, իրար հայհոյելով, մեկ մանկապարտեզին, մեկ քուչին բնորոշ նիստ ու կացով, խուժանին բնորոշ բարքերով, ու ամենացավալին՝ դավաճանությամբ։ Սա մի խորհրդարան էր, որի համար, վստահաբար, ամաչելու ենք։ Մի խորհրդարան էր, որտեղ կային թրքասերներ, սորոսականներ, թուրքի ագենտներ, դավաճաններ, մականունավորներ, հանցագործներ, հակապետական իշխանություն ու անդեմ ընդդիմություն։ Ամեն ամեն ինչ կար այս խորհրդարանում։
Հեռացող ԱԺ-ի միայն վերջին երկու-երեք օրենքները հերիք են, որ ամբողջությամբ պատկերացում կազմենք իր մասին։ Դրանցից մեկով պատգամավորների հավելավճարները 200 հազար դրամով շատացրին։ Միայն պատգամավորին տրվող հավելավճարը ավելի շատ է, քան Հայաստանում Միջին աշխատավարձը։ Ու այդ ամենը ոչինչ չանելու համար, նրա համար, որ Հովիկ Աղազարյանը իրեն ընտրողներից մեկին օրինակ՝ հրավիրի կաֆե։
Մյուս օրենքը սահմանին նկարահանումների արգելումն է։ Քեզ արգելում են սահմանից ինֆորմացիա ստանալ։ Սահմանամերձ սյունեցի պատգամավորն ասում է՝ սահմանները փոփոխվել են, նկարում են, տարբեր մեկնաբանություններ են արվում: Էս մարդիկ ուզում են դու չկարողանաս նկարել ու ցույց տալ, որ գյուղի կեսում ադրբեջանցիներին են թույլ տվել գալ-կանգնել, որ դու նկարես ու ցույց տաս, թե ինչպես են Սև լճում հանգստանում ադրբեջանցի զինվորները։ Տուգանելու են 100 հազար դրամով։ Իրենց հավելավճար են տալիս, քեզ տուգանում են։ Իրենք երկիրը հանձնում են թշնամուն, ու քեզ արգելում են նկարել։
Ավելին ասեմ, քեզ արգելում են նաև հայհոյել երկիրը թշնամուն հանձնողներին, նվիրողներին։ Մեր տղերքին դրել են հողի տակ, գերի են հանձնել, ժողովրդին դարձրել են փախստական ու քեզ արգելում են այդ ամենավերջին հայհոյանքին արժանի անձանց հայհոյել։ Դատելու են, տուգանում են։ Մարդ, որն իր տունը վառելով տեղափոխվել է Հայաստան, դարձել փախստական, ու այստեղ էլ հանրակացարանից են վտարում, հենց հայհոյի իրեն էս օրը գցողին, դատելու են, տուգանելու են։ Մարդամեկն ասում էր ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Հիշում եք երևի։ Դուք ՀՀ քաղաքացուն սարքեցիք դատվելու, տուգանվելու, զոհվելու, գերի ընկնելու մատերիալ։
Օգոստոսի 2-ին աշխատանքը սկսում է 8-րդ գումարման ազգային ժողովը։ Ինչո՞վ է այս նոր ԱԺ-ն լավը լինելու նախորդից․ գրեթե ոչ մի բանով։ ԱԺ-ում մեծամասնությունը դարձյալ ուսապարկերն են, էլի պեչատելու են կառավարության նախագծերը, էլի նույն բարքերը։ Այս անգամ թեև ունենալու ենք որակյալ ընդդիմություն։ Բայց հարց է՝ ի՞նչ կարող են անել նրանք, երբ մեծամասնությունը այս ուսապարկերն են։ Լավ ելույթ ունեցիր, հետո՞։
Պատերազմ անցած ու նոր պատերազմի շեմին գտնվող երկիր է, ունենք քայքայված տնտեսություն, քայքայված բանակ, կորցրած անվտանգություն, պետք է պրոֆեսիոնալ թիմ անցներ գործի, որ կարողանայինք դուրս գալ էս ամենից գոնե մի քանի տարի հետո։ Իշխանական պատգամավորների ցանկն եմ նայում՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյան, մարդը նոր դառնում է պատգամավոր, արդեն ընտանիքի անդամը մարդկանց է կրակում-վիրավորում փողոցի մեջտեղը։ Նազարյան Լենա, էն որ ասում էր՝ ինչի՞ եք գերիներին մեզանից ուզում, Ադրբեջանից ուզեք։ Երեք տարում բնակարաններ ու հեռուստատեսություն ձեռք բերած Ալեն Սիմոնյան։ «Դոկտոր մահ» անունը ստացած Արսեն Թորոսյան, որի վատ կառավարման արդյունքում կորոնավիրուսը անխնա կյանքեր տարավ։ Մարդ, որը գերիների ծնողներին ասում էր՝ գոհ եղեք, որ էդ մի քանիսին էլ բերել ենք։ Ռուբեն Ռուբինյան, էն որ ոչ մի տեղ աշխատած չլինելով՝ արտգործնախարարի տեղակալ սարքեցին․ դիվանագետ, որը պատերազմից օրեր առաջ Թուրքիայի վրա մատ էր թափ տալիս, թե՝ չշշկռեք, մտնենք Թուրքիա։ Գագիկ Մելքոնյան, որը պաշտպանության փոխնախարար էր ու բանակը 2008 թվականին բերում էր քաղաքականություն։ Մարդ, որը բանակի թիկունքի պետն է եղել ու սոված է թողել անգամ իր թիմակից Ալեն Սիմոնյանին՝ ստիպելով գերեզմանոցներում սնվել։ Արշակյան Հակոբ, որը զենքի փոխարեն բուկլետ էր տանում ցուցահանդես՝ միլիոնավոր դրամներ դուրս գրելով պետբյուջեից։ Պաշտոնյա, որը թրև էր գալիս կաֆեներում ու ծեծում էր իրեն հարց տվող լրագրողին։ Քոչարյան Անդոն․ մարդ, որը, որդուն կասկածելի պայմաններում ազատեց բանակից, որին Գյումրիում ուղղակի լավ են հիշում երկրաշարժից հետո քաջագործությունների համար։ Վահագն Հովակիմյան․ մարդ, որի պես անդամ ունենալը ամոթ կլիներ ցանկացած քաղաքական ուժի համար․ բայց այս իշխանության կազմում նա սահմանադրություն էր փոխում օրենքներ էր մշակում, սահմանադրություն էր մեկնաբանում, բայց իրավաբանի դիպլոմը ձեռք բերեց ընդամենը մի քանի օր առաջ՝ մասնավոր համալսարանում։ Սոցապնախարարության հերն անիծած ու բարեկամներով լցրած Զարուհի Բաթոյան, Հակոբ Ասլանյան, որն ասում է, որ հայրենիքը պաշտպանելը միայն ընդդիմության գործն է, Տրդատ Սարգսյան, որն աշխատանքից ազատվեց Զինված ուժերի փողգնդապետին ծեծի արդյունքում կոմայի մեջ գցելու համար։ Չկարդամ բոլորի անունները՝ ճամբարափոխներ, անհասկանալի կերպարներ, սորոսականներ, լրագրողների թշնամի լրագրողներ, Փաշինյանի ազգուտակը՝ աներձագ, քավորի եղբայր և այլն։ Է՛ս եք բերում խորհրդարան, է՛ս կադրերով եք ուզում հայրենիք կառուցել։
Միայն Ազգային ժողովը չէ նման կերպարների թատերաբեմ։ Բոլոր ոլորտներում է այդպես, չկա Փաշինյանի արած մեկ նշանակում, որ վստահություն ներշնչի, վատ կադրին հանում են, բերում են վատագույնին։ Որակյալ կադրերի փոխարեն նշանակում է քաղաքական թիմի անհաջող անդամների՝ կլինի դեսպան, նախարար, պատգամավոր, թե համայնքապետի պաշտոնակատար։ 6 անգամ ԱԱԾ պետք է փոխում, մի քանի անգամ գենշտաբի պետ, պաշտպանության նախարար, սոցապնախարար, փոխնախարարներին փոխում է թաշկինակի պես։ Ու չկա մի փոփոխություն, որից հետո ոլորտը զարգանա։ Պատերազմը տապալածին տանում է պաշտպանության նախարար, մյուս տապալածին տանում է գենշտաբի պետ։ Էկոսնոմիկայի նախարարի՝ ամեն անգամ բերանը բացելը նոր անեկդոտների թեմա է։ Մարդը հեսա կլինի մեկ տարի, ինչ նախարար է, ամբողջ մեկ տարում մեկ ռեալ բան է արել՝ մեկ հոգու տեղավորել է աշխատանքի որպես չոբան։
Կապիտուլյանտը բոլոր կարևոր պաշտոններին նշանակում է մարդկանց, որոնք հայտնի են որպես ոսորոսական, թուրքի գործակալ, թուրքի հետ տգրանտով աշխատած, տապալված կադր ու տապալված մարդ։ ԲԴԽ նախագահի պաշտոնում Ջհանգիրյան Գագիկ ունեցող պետությունը արդյո՞ք կարող է դատական համակարգ ունենալ։
Փաշինյանն ասում է՝ ինձ ժողովուրդը մանդատ է տվել խաղաղության համար, երկիրը ծաղկեցնելու համար։ Իսկ 2018-ին մանդատ էր տվել դավաճանության համա՞ր, հողերը տալու համա՞ր, ինչի՞ համար էր մանդատ տվել, մեր տղերքին զոհելու համա՞ր։ Ու դու էն ժամանակ, երբ ունեիր ժողովրդի վստահությունը, չկարողացար աշխատել, հիմա, երբ չունես դա, առավել ևս չես կարողանա աշխատել։ Դու հետևություն չես արել քո ոչ մի ձախողումից։ Բոլոր-բոլոր հարցերը, խնդիրները, որ ունեինք, նույնությամբ մնում են, ու հիմա է՛լ ավելի սուր, է՛լ ավելի շեշտված։
Կարճ ասած՝ մեր այս երեք տարվա ձախողումների պատճառը մեկ բան էր՝ կադրերը։ Մենք վարչապետ բերեցինք մարդու, որի հնարավորությունների գագաթը թերթի խմբագիր դառնալն էր, մարդ, որը ուներ կասկածելի վարք, կոռուպցիոն կասկածելի անցյալ, ոչինչ չէր հասկանում պետությունից, պետական կառավարումից։ Ինքն էլ բերեց թիմ, որը հավաքել էր, պարտադրել էին և այլն, ու այդ թիմով քանդեցին մեր երկիրը։ Քանդելու մաստեր կլաս ցույց տվողների թիմ է սա։
Էս իշխանությամբ մենք չենք հաղթի և ոչ մի կռվում։ Դու՝ ժողովուրդ, իշխանություն չես ունեցել երեք տարի ու չես ունենալու էս ընթացքում ևս, մինչև հաջորդ արտահերթ ընտրությունը։ Քանի դեռ դու սա չես հասկացել ու ոտքի չես կանգնել, ոչինչ հնարավոր չի լինելու կարգավորել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը