09 07 2021

«Կարճ ասած»․ Իրականությունը՝ վերջին 25-30 տարվա մասին



 

Մի քիչ վերականգնեմ ձեր հիշողությունը։ Այսպես, ապրում ենք մի երկրում, որը հազարամյակների պատմություն ունի, ունի հզոր անցյալ, որով հպարտանում ենք, ունեցել ենք մեծ հայրենիք, որը փոքրացել է, ունեցել ենք անկախություն, որը կորցրել ենք, հետո դժվարություններով էլի վերականգնել։ Պատերազմ են մեր դեմ սկսում, հաղթում ենք, էլի զրկանքների գնով պահում ենք այդ հաղթանակը՝ երկրորդ հայկական պետությունը զարգացնում։ Դրան զուգահեռ, երկրի ղեկավարությունը ձևավորում ու զարգացնում է պետական կառավարման ինստիտուտներ, 50 տոկոսանոց աղքատությունը ուղիղ կիսով չափ նվազեցնում է, ստեղծում գործարաններ։ Մի խոսքով՝ ապրում ենք․ իհարկե՝ դժգոհություններ լինում են, որովհետև անհնար է առանց դրանց։

Երկրում էլ այս ամենը ուղեկցվում է ընդդիմության տարբեր թևերի հարվածների պայմաններում։ Մի թևը ասում է, որ սա սխալ է, պետք է ուղղել, այստեղ վատ եք աշխատում, պետք է փոխել, պետք է այսպես անել, այնպես անել․ ընդդիմության մյուս թևը ասում է՝ ամեն ինչ վատ է, ձեզ ստորացրել են, կեղեքել են, թալանել են, ես գալու եմ ու ամեն ինչ փոխեմ, սկսելու ես վարչապետավարի ապրել, որովհետև ի՞նչ պակաս վարչապետ եք դուք․ մոռանալու եք պրոբլեմները, թալանը հետ եմ բերելու ու բաժանեմ ձեզ, կարիք չեք ունենա աշխատելու, որովհետև էդ թալանը որ հետ բերեմ ու տամ ձեզ, մինչև ծոռներդ հանգիստ կապրեք։ Ես ձեզանից մեկն եմ, ես խեղճ եմ, անթրաշ եմ, վրաս հալ չկա, ատամներս ծուռտիկ-մուռտիկ, դաժե սարքելու փող չունեմ, վարկերի տակ եմ, էնքան վատ է վիճակս, որ սկի ապառիկով հեռուստացույց չեն տալիս և այլն և այլն։ Հա, ու ևս մի կարևոր ու պարզվում է՝ շատ պահանջված բառեր է արտաբերում՝ սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ․․․ Դդե գիտեք։

Հելնում-գնում ենք դրա հետևից։ Բերում-դարձնում ենք մեզ ղեկավար։ Սա հենց սկզբից սկսում է նկարել ու ցույց տալ կառավարական ամառանոցի գեղեցիկ սենյակները, բիլիարդի սեղանը ու ասում ես, թե՝ ժողովուրդ, տեսեք, թե ինչպես էր ապրում նախկինը, ապա ցույց է տալիս անկողինը, զուգարանը, փիփերթով ճաշը, թե՝ տեսեք ժողովուրդ, ինչպես եմ ապրում ես։ ժողովուրդը սկսում է քլնգել նախկինին, թե ինչ պայմաններում էր ապրում ու մոռանում է, որ այ մարդ, ախր սա էլ է ապրում նախկինի պես։

Հետո բերում է ու կառավարությունը լցնում իրենից բեթար ոչ պրոֆեսսիոնալ կադրերով։ Մտածում ես՝ սա էս որակով իր խոսք տվածները ո՞նց է անելու։ Դե լավ, ասում ես, խոստացել է՝ ուրեմն կանի, ինքն էլ է մարդ, կարող է պատահի՝ նամուս ունի։ Ամիսները հաջորդում են իրար, խնդիրները կուտակվում են իրար գլխի, ասում ես՝ Նիկոլ ջան, ընկեր ջան, տեղյակ ես, չէ՞, որ քեզ ընտրել ենք ոչ միայն քեզ համար, այլև ու առաջին հերթին՝ մեզ համար, դե արի խոստումներդ կատարի։ Արի արագաչափերը վերացրու․ սա էլ թե՝ չեմ կարող, շփոթվել եմ, Սաշիկը դրա հետ կապ չուներ։ Ասում ես՝ Նիկոլ ջան, բա վարկերի տոկոսները մեղմացրու, ասում էիր կներեմ, կջրեմ․ սա էլ, թե՝ ձեռք ե՞ք առնում, հո ասելով չի՝ վարկերը ջրեք, հարկերը ջրեք, չեմ կարա։ Ասում ենք՝ Նիկոլ ջան, էն որ հայկական տեխնիկայի, բալոնների, բամբակի ու մի քանի այլ գործարանների մասին խոստացար, խնդրում ենք, մեզ տեղավորի աշխատանքի, հացի փող չունենք․ սա էլ թե՝ չեմ կարա, լենտը կտրելուց հետո էդ գործարանները փակվել են։ Ասում ես Նիկոլ ջան, ոռոգման ջուր տուր, ջրենք, որ մթերք ունենանք, ապրենք, ասում է՝ ես ասել եմ պետք է ջուր ունենաք ես չեմ ասել ջուր եմ տալու։

Տեսնում ես, որ դեպի լավը ոչինչ չի փոխվում, ավելին՝ վատանում է, ուղղակի այն ամենը, ինչի համար սրանք մեղադրում էին նախկիններին, հիմա նույն բաների համար մեղադրում են մեզ՝ ժողովրդիս։ Հետո աչքերդ բացվում են, իմանում ես, որ էս մարդը նախկիններից փող վերցնելով թերթ է պահել, դեպուտատ է աշխատել, փող է կուտակել ու իրեն զգացել է որպես ձուկը ջրում՝ զուգահեռ ըստ պահանջի քննադատելով։ Հետո գործընկերներն են բացահայտում, թե՝ էն մեկից փող է վերցրել, որ նրա դեմ չգրի, էն մյուսից փող է վերցրել, որ երրորդի վրա գրի, մեկը կահույք է տվել, մյուսը՝ ֆերմա, մեջը լիքը խոզ, էն մեկելը ավտո է տվել, հետո իրեն քցված է համարել ու վառել է ավտոն, կամ եկել շան սատակ է արել, հետո փող է տվել ու փակել բերանը։ Այ քեզ բան, մտածում ես, էս ու՞մ բերեցինք, էս ի՞նչ արեցինք մենք մեր երկրի հետ։

Շատ խելոքներն ասում են՝ ինչ լավ էր՝ հետևից չգնացինք, կան խելոքներ, հասկանում են, որ խաբվել են, հետ են քաշվում․ էն մոլորվածներն ասում են՝ ոչինչ, նրան խանգարում էին, կարգի կգա, իսկ կան դեռ որ ասում են՝ ամեն ինչ լավ ա, ինքը մեղք է, ինչ արել են, նախկիններն են արել։ Ջհանդամ, որ գիտելիքները ձգվում են մինուս անսահմանություն, որ ոչինչ չի հասկանում պետությունից, պետականությունից, ոչ նորմալ սեղան է նստում, ոչ նորմալ լեզու գիտի, կարևորը, շեշտեմ՝ ԿԱՐևՈՐԸ՝ մեզ սիրում ա։

Սա զուգահեռ քանդում է պետական կառավարման համակարգը, ինստիտուտները, բոլորը լցնում է իր բարեկամներով, հարազատներով, ընկերներով, թիմի բարեկամներով ու հարազատներով, սկսում է աջ ու ձախ պարգևատրել իրեն սիրողներին, կրկնապատիկ աշխատավարձ տալ․ նրանց, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բարձր պաշտոններ շնորհել, որքան անգրագետ, այնքան ավելի բարձր պաշտոն։ Իրավաբանին տալիս է առողջապահության նախարար, իր դասատուին՝ մշակույթի նախարար, լրագրողին՝ արտաքին գործերի փոխնախարար, ինչ-որ անհայտ մեկին՝ ԱԱԾ պետ, ուսադիրները պոկած մեկին՝ պաշտպանության նապարար ու էսպես քանդում է երկիրը։ Դրա հետ մեկտեղ ամեն օր լսում ես պատմություններ ահռելի թալանի մասին։

Դու տեսնում ես, որ քանդվում է երկիրը, ահազանգում ես, տեսնում ես, որ տապալվում են բանակցությունները երկրորդ հայկական պետության մասով, քեզ կոտորում ես, անհանգստանում ես։ Մարդը շարունակում է նույն ձևով՝ մանդատ են տվել, ինչ ուզում բանակցում եմ, ինչ անում եմ, լավ եմ անում։ Ասում են՝ բա որ պետությունւը քանդում ես, ո՞նց ապրենք, ասում է՝ քեզ ո՞վ է ընդհանրապես խնդրում ապրել, արի գնա պատերազմ, հենց նոր քեզ համար հրահրել եմ։ Տանում է ու 5 հազար հոգու կոտորում, 10 հազարին անում անկողնային, հողերը տալիս, ժողովրդին դարձնում նվաստացած, փախստական ու ինքն էլ մտնում բունկերում պախկվում։

Հետո մարդիկ դուրս են գալիս փողոց, սա էլ պինդ գրկում է աթոռն ու ասում՝ ուրիշ ձև չկա, գնում ենք ընտրությունների․ ընտրություն է անում, 300 հազար ձայն կեղծում ու անունը դնում՝ ժողովուրդն ընտրեց։ Ես, ասում է, չեմ գնալու, ես էս երկրի սև թուղթն եմ, քանի դեռ ամեն ինչ կործանված չէ, ես կմնամ։

Ու դու հանգիստ կամ անհանգիստ նստած սպասում ես էդ կործանումին, բայց որ լինելու է՝ կասկած չի հարուցում։ Աստված ջան, ասում ես, բա ինչի՞ մի հատ լոդկա չուղարկեցիր, որ փրկվեմ, չէ՞ որ Նոյի տապանը Մասիսի գլխին էր կանգնել, մենք հավատացյալ ժողովուրդ ենք․ պատասխանում է՝ էլ ո՞նց փրկեմ, մի հատ 2018-ի դեկտեմբերին լոդկա ուղարկեցի, չուզեցիր փրկվել, մի հատ էլ 20 օր առաջ։

Դու հիմա ապրում ես էս իրականության մեջ, մի ծիծաղելի վիճակում, երբ քո երկրում լցված են թշնամիները, պետությունդ այլ երկրի խաղաղապահների հույսին է, ինքնիշխանությունդ լրիվ կորցրել ես, աղքատությունը խեղդում է արդեն, քո երկրի ղեկավարը վախենում է անգամ թշնամու անունը տալ, ղեկավարդ ներսի մանր ժուլիկությունը երկրից դուրս էլ է ուզում խաղացնել, խորամանկությամբ պլստալ, բայց չի կարողանում, երկրի ներսում էլ մուրճն առած՝ ման է գալիս։

Ու կան մեր երկրում հազարավոր մարդիկ, որոնց սա դզում է, երազում են ճորտ ու ստրուկ լինել, ու իրենց համար մեկ է՝ Նիկոլի օլիգարխների ճորտն են, թե թուրքերի։ Նրանք կորած-կործանված մարդիկ են։ Բայց դու, որ խելք ունես, սկսում ես մտածել՝ լավ, ապրում էինք էլի, լավից-վատից, էս ի՞նչ բերեցինք մեր գլխին, որտե՞ղ թերացանք, որտե՞ղ կուրացանք, էս ի՞նչ տզրուկ կպավ մեզ։ Հզոր բանակ ունեինք, 25 տարի խաղաղություն էինք պարտադրում, մեզ հարգում էին, ընդունում էին, թշնամին վախենում էր, ինչնե՞րս էր պակաս, որ գնացինք էս անաղուհացների հետևից։ Ո՞նց անենք, որ մեր քույրերին ու եղբայրներին հասկացնենք, որ ավտոբուսը, որտեղ հարմար տեղավորվել ու էդպես երգելով ուրախ գնում եք, քեզ մահվան բերան է տանում։

Կարճ ասած՝ ժողովուրդ, մոռացեք գերտերությունների խառնակչության ու փոքր ժողովուրդների դաժան բախտի մասին, մոռացեք բարու ու չարի մասին. սա հեքիաթ չէ, որ վերջում բարին հաղթի, մոռացեք բարեկամ երկրների մասին։ Չէ ժողովուրդ, ինչ լինում է, լինում է քո խելքից։ Դու սրանց ընտրեցիր, հետո վերահաստատեցիր ընտրությունդ։ Սրանք էլ շարունակում են բռնաճնշումները՝ իշխանությունը պահելու համար։ Ստեղծում են ճգնաժամեր, ու կառավարում այդ ճգնաժամերը։ Հիմա էլ ուզում է ճանաչել Ադրբեջանի տարածքային նոր ամբողջականությունը մի սահմաններով, որոնք անցնում են քո երկրի միջով։

Հիմա դու՝ անխելքի հետևից գնացող, իրավունք ունե՞ս պետություն ունենալու։

Ո՞րն է ավելի լավ՝ ուժեղ, պինդ, հայրենասեր մարդո՞ւ ընտրել երկրի ղեկավար, թե՞ սխալ ընտրություն կատարել և ամեն անգամ ուրախանալ, երբ ասենք, մի աղքատ երկրում, օրինակ՝ Հաիթիում, ժողովուրդը սպանել է երկրի ղեկավարին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ