Ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում և այդ առիթով դիմել է երեք քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշիննքները և «Զարթոնք» կուսակցությունը։ Ի՞նչ է պահանջում «Հայաստան» դաշինքը․ պահանջում է արդյունքները չեղյալ հայտարարել և հիմնավորման համար ավելի քան 10 կետ է նշում։ Դիմումը վերաբերում է ոչ միայն բուն ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներին և ռիսկերին, այլև ընտրություններից դեռ առաջ գործընթացների, որոնք վստահաբար՝ ազդել են քվեարկության ելքի վրա։
Կեղծիքներ, որոնք եղել են բուն ընտրությունների ժամանակ․ շուրջ 110 հազար քաղաքացու դեպքում անձնագիրը գրանցող սարքը չի ճանաչել անձնագիրը։ Հանձնաժողովի անդամը ձեռքով է լրացրել է տվյալները, ինչի իրավունք չի տալիս օրենքը։ Կարող էր, չէ՞, մասնագետը լրիվ ուրիշ անձանց տվյալներ լրացնել, մանավանդ որ գիտեինք՝ հանձնաժողովները իրենցն են։ Սա հնարավորություն կտար նաև շրջիկ խմբերով քվեարկություն իրականացնելու։ Դե հիմա ընտրությունանը մասնակցողներից հանեռք 110 հազար ձայն։
Կամ․ երբ անձնագիրը նորմալ ճանաչում է սարքը, տպվում է կտրոնը, որի վրա լինում է լուսանկար։ Այսինքն՝ նույնականացում։ 24 հազար քաղաքացու նույնականացումն իրականացվել է առանց լուսանկարի, չգիտենք՝ ինքն է, թե ինքը չէ։ Սա էլ է հնարավոր խախտում։
Անհասկանալի կերպով Սյունիքում քվեարկելու համար ոստիկաններ էին տանում, այդ թվում՝ Երևանից։
Ամկենազավեշտալի խախտումները զինվորների հետ են կապված․ տեսանյութեր կան զինվորների՝ ուղորդված քվեարկությունների մասին, անհասկանալի քվեարկության մասին, բաց քվեարկության մասին կամ անհասկանալի գործընթացի մասին, երբ քվեախցում նրանց պատրաստի ծրար էր սպասվում։ Շուրջ 10 հազար զինծառայողի քվեարկություն էլ գաղտնի է պահվել․ թաքցվել է, թե ովքեր են քվեարկելու, որ տեղամասերում։ Նաև զինվոևրները քվեարկել են զինվորական գրքույկով, այնինչ օրենքը սահմանում է անձնագիր կամ նույնականացման քարտ։
Ընտրողների ստորագրած ցուցակներում ավելի քիչ մարդ կա, քան ԿԸՀ արձանագրության մեջ։ 88 հազարի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 հազար ստորագրություն առկա չէ, բայց արձանագևրված է։ Դե հիմա սա 1,2 մլն ընտրողի վրա բաժանեք ու կտեսնեք ինչ ահռելի անակնկալ է սպասվում։
Երբ այս ամենը գումարում ենք իրար, տեսնում ենք, որ շուրջ 300 հազար ձայն կարող է կեղծված լինել։ Իսկ ո՞ւմ օգտին է կեղծվում․ հայտնի իրողություն է, որ ընդդիմությունը չի կարող ընտրության արդյունքներ կեղծել․ դա կեղծվում է հօգուտ իշխանության։ Հիմա 300 հազար ձայն հանի իշխանության ձայներից ու տես՝ Նիկոլ Փաշինյանը ինչքան քվե ունի։
Իշխանությունը պետք է այս բոլոր խնդիրները լուծած լիներ մինչև ընտրության օրը, որ ո՛չ կտրոնների, ո՛չ անձնագրերի, ո՛չ զինվորների ու այլ հարցերով կասկածներ չառաջանային։ Իսկ գուցե դիտմա՞մբ չեն կարգավորել կամ դիտմա՞մբ են հենց այսպես կարգավորել, որ Փաշինյանն էս ավել բագաժով գնա ընտրության։
Միայն ընտրությունների օրը տեղի է ունեցել այսքան խախտում։ Իսկ ի՞նչ է եղել մինչև ընտրությունները։ Դա սարսափելի է։ Եղել է ատելության խոսք․ Նիկոլ Փաշինյանը մուրճն առած մտնում էր գյուղեր ու ասում՝ ջարդելու եմ, փշրելու եմ, սպանելու եմ, գիտնականների հերն անիծելու եմ, ասֆալտ անողների հերն անիծելու եմ, հանքերում աշխատողների հերն անիծելու եմ, ՏԻՄ աշխատողներին դուրս ենք շպրտելու, հանկարծ չթպրտաք, վենդետա եմ անելու, ջարդուփշուր եմ անելու, անձամբ եմ ասֆալտին պառկեցնելու։ Այս ամենը նա դուրս է տվել տարբեր հրապարակներում, ու դատախազությունը ձերբակալելու, քրգործ հարուցելու փոխարեն, ԿԸՀ-ն որոշում կայացնելու փոխարեն հանգիստ հետևել են այդ ժանգոտած մուրճի արկածներին։
«Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների բազմաթիվ ներկայացուցիչների վրա գործեր են հարուցել, ազատել են աշխատանքից, զրպարտել են, սպառնացել են․ սրանք ազդեցություն ունեցե՞լ են, թե՝ ոչ։ Էն որ Նիկոլը իր բոլոր միջոցառումներին անխնա օգտագործում էր վարչական ռեսուրսը՝ ոստիկաններից, ծառայողական ավտոմեքենաներից սկսած, էն որ մարզպետն աշխատանքի ժամին գնում էր քարոզարշավի եկած Նիկոլ դիմավորելու, էն որ ուսուցիչները դասերը կիսատ էին թողնում, որ աշակերտների ու նրանց ծնողների հետ միտինգների գնային, դրանք ի՞նչ արդյունք են ապահովել։ Էն որ Նիկոլը հրաժարական էր տվել, բայց որպես վարչապետի ԺՊ մասնակցում էր գործընթացներին, վարչական ռեսուրսի չարաշահում էր, չէ՞։
Էն որ կապիտուիլյացիայի հետևանքով Հայաստանում հաստատված արցախցիներից մի քանիսին էին տալիս տեղեկանք քվեարկությանը մասնակցելու համար, ի՞նչ նպատակով էր։
Փաստ է՝ ընտրություններն անցել են խայտառակ պայմաններում։ Մենք սովորաբար խայտառակություն ենք համարում 1995 և 96 թվականների ընտրությունները, բայց հենց այս ընտրությունները գագաթնակետն էին։ Փաշինյանն ընտրությունը կազմակերպել էր այնպես, ինչպես պատերազմ վարելը, ու ունեցանք կապիտուլյացիա։
Կարճ ասած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդի ձայնը, վստահությունը չունի։ բայց այս ընտրությամբ իրական պատկերն ամբողջությամբ խեղվեց։ Ժողովուրդը այդ ուժին չի վստահել իր ապագան։ Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել ժողովրդի ձայների հետ։ Փաստերը խոսում են այն մասին, որ ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ։ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասով՝ կա՛մ մանդատների վերաբաշխում, կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։
ՍԴ-ն պետք է որոշի՝ որքանով է հավատարիմ իրավական պետության արժեքներին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը