Սիրելի հայրենակիցներ, բոլորս գիտենք, որ իսկական հայ տղամարդը կյանքում երեք պարտադիր բան ունի անելու՝ տուն սարքի, ծառ տնկի, զավակ ունենա։ Սա ավանդույթով, պատմությամբ, մեր արմատներից եկած բան է։
Ի՞նչ տվեց Նիկոլի իշխանությունը հայ տղամարդուն և ի՞նչ հնարավորություն ստեղծեց, որպեսզի իր նպատակներն իրականացնի հայը, հայ տղամարդը, իր երկրում։ Եկեք դիտարկենք Նիկոլից հայ մարդու ստացած օգուտը և տեսնենք Նիկոլի իշխանության հետևանքը՝ մեկ տղամարդու օրինակով, որը մինչ այս ռեժիմի գալը, տուն էր սարքել, ծառ էր տնկել, զավակ էր ունեցել։
Ես չեմ տեսել, որ իմ շրջապատից մեկնումեկը այս երեք տարվա ընթացքում տուն սարքի, պլանները ձախողվում են, ծրագրերը հետաձգվում են, մշտական անորոշությունների փուլ է, երբ մարդ չգիտի՝ ինչ հեռանկար է սպասվում իրեն։ Տուն սարքողներ, իհարկե, եղան․ աներձագ Հրաչը արդեն կարող է ոչ միայն տուն սարքել, այլև հաշվել իր տների թիվը, Ալեն Սիմոնյանն էլ, մականունավոր իմքայլականներն էլ։ Նրանք և՛ բարձր աշխատավարձ են ստանում, և՛ անաշխատ եկամուտ, որը կոռուպցիա կամ պարգևավճար անուն ունի։ Նույն աներձագը հիմա էլ լուրջ դեմքով հայտարարում է, թե՝ կհրաժարվի կառավարությունում աշխատելուց, որովհետև իր արժանի տեղը Ազգային ժողովն է։ Եթե սա արժանիների կառավարություն լիներ, ապա դու կվերադառնայիր քո արժանի գործին՝ մանրապատումներում մասովկա ապահովելուն։
Այո, ժողովուրդ, նրանք են տներ են սարքում, իսկ սովորական հայ մարդը անորոշ վիճակում է։ Ավելին, այս իշխանության ձեռքից հայ տղամարդը պաժառ տվեց իր, իր հոր, պապերի սարքած տունը ու փախավ իր գյուղից, իր հողից․ հիմա եկել-ընկել է քուչեքը մի կտոր հաց գտնելու, գիշերը գլխին ծածկ ունենալու հույսով։ Սովորական, շարքային հայ տղամարդու երազանքը փշրվեց, տունը, որ տարիների քրտնաջան աշխատանքով սարքել էր, հրդեհեց ու դուրս եկավ գյուղից։
Նայեք անշարժ գույքի վաճառքի կայքերը, թերթերը․ իրենց ձեռքով կառուցած, իրենց աշխատանքով գնած տները մարդիկ վաճառում են, որ փախչեն երկրից, գնան ուրիշ մի երկիր, սկսեն զրոյից․ չգիտեն էլ՝ մի բանի կհասնե՞ն, թե ոչ․ բայց գնում են, որպեսզի ուրիշ երկրում գոնե անվտանգ լինեն, իրենց տունը սարքեն, երեխա ունենան։
Մարդը երկրորդ երազանքն էլ էր իրականացրել՝ երեխա էր ունեցել, մեծացրել էր․ հետո էդ երեխային ուղարկեց սահման՝ իր տունը, ընտանիքը, սրբությունները պահելու համար։ Նա չգիտեր, որ էդ պատերազմը կասկածելի է, նա չգիտեր, որ պատերազմ վարողի ուշք ու միտքը ի՛ր երեխային փրկելն էր, թեկուզ՝ ուրիշների կյանքի գնով։ Ու հայ տղամարդը իր զավակին գտավ պատերազմից 7 ամիս անց՝ դիահերձարանի հատակին անխնամ շպրտված ցելոֆանների մեջ։ Անգամ պատվով, հարգանքով, հազար անգամ խոնարհվելով չբերեցին ու հանձնեցին իրեն։ Ոչ, պատահաբար իմացավ, որ աճյունը 8 ամիս է՝ փտում է Նիկոլի դիահերձարանի սալահատակի վրա։ Երեխա էր ունեցել, մեծացրել մեծ մարդ դառնալու հույսով, իր մատից փուշ հանելու հույսով, մեր փոքր ազգը շատացնելու հույսով։ Հետո էդ երեխան հանձնվեց թուրքի բայրաքթարերին, գնաց հողի տակ կամ չունեցավ անգամ գերեզման կամ էլ, ով գիտի, Բաքվի բանտերում նստած՝ սպասում է դատվելու իր հերթին։
Իսկ քանի՞ հոգու գիտեք, որ ասում է՝ ես Նիկոլի Հայաստանում, տեսնելով այս ամենը, չեմ պատրաստվում զավակ ունենալ, ես թշնամուն հանձնելու զավակ չունեմ, Նիկոլի կապրիզի համար զոհելու զավակ չունեմ։
Հայ տղամարդը ծառ էր տնկել, մեծացրել, արդեն բերք էր տալիս․ այդ ծառը կտրեց, որպեսզի իր դեղձը, ծիրանը թուրքը չուտի։ Իսկ գիտե՞ք ինչ է կատարվում այսօր չկտրված ծառերի հետ․ չորանում են, որովհետև էդ մարդկանց ջուր չեն տալիս ջրելու համար։ Հողը ճաքել է ծարավից։ Ջուր չկա։ Չնայած որ երեք տարի է՝ այս կառավարության դիլետանտները գյուղացուն խոսք են տալիս, թե ամեն բան լավ է, վարկ վերցրու, ցանի, ջուրը լինելու է։ Դարձյալ՝ սու՛տ։ Վարկերի տակ ճռում են մարդիկ։
Ամենավատը գիտե՞ք որն է, որ այս իշխանությունը ինչին ձեռք է տալիս, չորանում է, բայց մեկ է՝ իր մեղքը չի տեսնում դրանում։ Ու եթե իրենց մեղավոր չեն համարում, կատարվողը ճիշտ է ու այդպես պետք է լիներ, ուրեմն շարունակելու են այդպես։ Ասում են՝ ծառդ չորացե՞լ է, կառավարությունը մեղք չունի, որ ջուր չի տալիս, մեղք ունի եղանակը, որ շոգ է, մեղք ունի գյուղացին, որ ջրային կոմիտեին չի ասել, որ ծառ է տնկել, որ պոմիդոր է աճեցնելու, որին ջուր է պետք։ Երեխադ նահատակվեց, մեղավորը Նիկոլը չէ, որ Ալիևի հետ բաներ էր պայմանավորվում, մեզ ասում էր՝ ինչ ուզում՝ բանակցում եմ, մեղավորը նախկիններն են, մեղավորը Ադրբեջանն է, որ տեսավ զինվում ենք՝ հարձակվեց։ Տնից զրկվել էիք, մեղավորը դուք եք, որ տուն էիք կառուցել։
Իրենք մեղավոր չեն, ամեն ինչում արդար են ու անմեղ, դրա համար էլ այ իրե՛նք են կարողանում հա՛մ տներ սարքել, անվտանգ կենտրոններում, հա՛մ անտառ են տնկում իրենց հայաթներում, երեխաներն էլ թիկնապահներով են շրջապատված։
Քերոբյան Վահանն ասում է՝ տնտեսական աճը ի՞նչ 6 տոկոս, երկնիշ կսարքենք։ Որ քո ձեռքը բռնող չլինի, կարող է եռանիշ էլ սարքես, բայց դրանից ժողովրդին, հայ տղամարդուն ի՞նչ օգուտ։
Փաշինյանի սրտի օլիգարխի սուպերմարկետում տղամարդը կանգնած նայեց մսեղենի գներին, կատաղեց, հայհոյեց, ձեռքը թափ տվեց ու գնաց՝ ասելով, որ երեկ ուրիշ գին էր, երեկվա հաշվարկով փող էր բերել։ Տղամարդը պետք է աշխատի, մարդավայել ընտանիք պահի, որ նաև կարողանա ստեղծել այն ամենը, ինչ երազում է, իսկ պետությունը պարտավոր է այդ ամենի համար պայմաններ ստեղծել և երաշխավորել, որ այդ ամենը լինելու է և մնալու է։ Տնտեսական աճը դու սարքի եռանիշ, թող Նիկոլի աներձագը մի երկու տուն ավել սարքի, Ջհանգիրյանը մի պալատ էլ սարքի ու էս անգամ Թուրքիայի դեսպանատանը վարձով տա, Ալեն Սիմոնյանը կվարտիրայի փոխարեն ամբողջ բազմահարկ շենքը առնի։ Բայց սովորական հայ մարդուն ի՞նչ օգուտ։ Մեկ է՝ իր բերքը դարձյալ չորանալու է, քանի դուք եք իշխում, իր որդին զոհվելու է սահմանին, իսկ տունը վառելու է կամ ամեն գնով ծախի քեզ ու թռնի երկրից, որովհետև դո՛ւ պետությունը չես պահում քաղաքացու նպատակների իրականացման համար պայամաններ ապահովելու համար, այլ՝ որ քո աներձագը մի քանի ամիս էլ իրեն լավ զգա։
Ամեն ինչ շատ պարզ է, նայեք իրավիճակին, մի ընկեք աշխարհաքաղաքական վերլուծությունների հետևից։ Կոնկրետ նայեք՝ 2018 թվականին, երբ իշխանության եկան սրանք, ունեիք տուն, ունեիք հայրենիք, ունեիք զավակներ, ապրում էիք։ Հիմա չունեք հող, չունեք տուն, ով էլ ունի՝ վտանգի մեջ է ու կարող է վերջում անունը դնեն անկլավ ու տան թշնամուն։
Կարճ ասած՝ այս իշխանությունը ի՞նչ է տվել ձեզ, ձեր հարևանին, բարեկամին, հարազատին, տվել է միայն մահ, կորուստներ, ավերածություն, սով։ Նա ոչ միայն ձեզ չի տվել հնարավորություն ձեր կյանքը քիչ թե շատ նորմալ դասավորելու, այլ խլել է ձեր վերջին հնարավորությունը ու թույլ չի տվել, որ դուք ստեղծեք, արարեք։ Խլել է ձեր տարիների տքնաջան աշխատանքը։
Հիմա դուք ինքներդ ձեզ համար ֆիքսեք, թե ձեզ այսքան բան «նվիրած» իշխանությունը էլ ինչեր կարող է անել։ Ինչերի են սրանք ընդունակ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը