Ո՞վ է մեղավոր մեր երկրում տեղի ունեցող այս ձախողումների համար, նրա համար, որ մենք, որպես պետություն և հասարակություն, փլուզվում ենք։ Մի հերթապահ խոսք կա՝ բոլորս էլ մեղավոր ենք։ Բայց ոչ, կան կոնկրետ մեղավորներ։ Իշխանությունն, օրինակ, ընդունեց, որ և՛ մեղավոր է, և՛ պատասխանատու ու բոլոր երթերի, հանրահավաքների ժամանակ ասում էր՝ ներողություն ենք խնդրում մեր սխալների համար։ Պե՞տք էր ներելը։ Ոչ։ Այդ սխալները հայրենիք են արժեցել։
Հանրության մեջ մի 20 տոկոս կազմում են մարդիկ, որոնց պայմանականորեն անվանում են զոմբի, եթե մյուս վատ բառը չասեմ։ Հեշտ է այդպես անվանելը ու մի կողմ քաշվելը՝ զոմբիին ի՞նչ բացատրես։ Մենք լուրջ ջանքեր չենք գործադրում այդ մարդկանց հետ կոնտակտի դուրս գալու համար, որովհետև մեկ է՝ ինչ-որ պահի սպառվում ենք։ Ինքս բազմաթիվների հետ խոսել եմ ու արդյունքը եղել է այն, որ նյարդայնացել եմ ու մեղադրել եմ ինձ, որ ժամանակ եմ վատնել նրանց վրա։ Համարել եմ կորած մարդիկ։ Բայց ընդունենք, որ այդ կորած մարդիկ երկրի ճակատագրի որոշման մեջ մեծ ձայն ունեն։
Չեք կարող աշխարհում մեկ այլ երկիր գտնել, որտեղ, ասենք, երկրի մի մասը ղեկավար նվիրի թշնամուն, ասենք՝ կասկածելի պատերազմի, 5 մլրդ դոլարի, կանխամտածված պարտության կամ այլ բաների արդյուն, բայց ժողովրդի մեջ մարդիկ լինեն ու ասեն՝ դա նախկին իշխանություններն են տվել։ Այդպես ասողին նորմկալ երկրում կուղարկեն հոգեբուժարան։ Նման մարդկանց վրա չի հենվում որևէ իշխանություն։ Բայց մեր երկրում, օրինակ, կարող են այդպիսի մարդիկ լինել իշխանության հենարանը։ Իշխանությանը ձեռք է տալիս նման մասսա ունենալը, հեշտ է նրանց խաբել ու ձայն գողանալ, հեշտ է վախեցնել, ազդել նրանց վրա։
Նրանք դյուրահավատ են, հեշտ խաբվող, կրթության առումով՝ խեղճ, ազգային դաստիարակության առումով՝ զրոյական, պետական մտածողությունից հեռու, վերլուծական կարողությունն էլ չասեմ։ Երբ մեկը գա ու ասի՝ ժողովուրդ, ես կբացեմ ավելի շատ աշխատատեղ, քան Հայաստանում բնակչության թիվն է, 20 մլրդ դոլար կբերեմ Հայաստան, բոլոր հանքերը կփակեմ, բազային թոշակը կհասցնեմ 100 հազար դրամի, բանակը կլուծարեմ, դուք հարուստ եք եղել, բայց ձեզ թալանել են, կվերադարձնեմ ձեզ, ում ուղղված է այդ խոսքը, պետք է ունենա սեփական խելք, գիտելիք՝ վերլուծելու ու հասկանալու համար, որ իրեն խաբում են։ Բայց մեզանում շատերի մոտ դա չկա, իսկ օտարածին հայտնի ՀԿ-ները, այսօրվա իշխանության քարոզչական միջոցները աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ սեփական խելք չունենան։
Տարիներ շարունակ համբերատար ու համառ կերպով մարդկանց գիտակցության վրա ազդել են, արմատացրել են իրականությունից տարբերվող տեղեկություններ․ այնքան սուտ, որ ներարկվել է Հայաստանում մարդկանց գլխում, բավարար կլիներ ամբողջ աշխարհին։ Փաշինյանը շատ լավ է ճանաչում իր ժողովրդին, նա գիտի, որ ստով հնարավոր է իշխանություն զավթել ու չարաշահում է անգամ սուտը։ Դրա համար էլ մենք ունենք նման պատկեր։
Կրթված, գիտակից մարդը ձայն չէր տա մեկին, որը երկիրը նվիրել է թշնամուն, ժողովրդին տարել է մահվան, ողջ մնացածներին աղքատության ճիրանների մեջ է գցում, երկրում տնտեսական քաոս է ստեղծել։ Ձայն չէր տա մեկին, ում վրա թշնամին ռեժիմով ղժում է, բայց նա էդքան պլոճիկ չունի, որ պատասխանի։ Բայց մեզանում այդ իշխանությունը վերընտրվում է։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այդքան պրիմիտիվ ընտրություն կատարվեց։ Պետականությունը հարգող մարդը մի հատ աչքի կանցնացներ Նիկոլի ցանկը և դա ուղղակի իճմրթեր, կսարքեր զուգարանի թուղթ։
Այս ընտրությունների արդյունքի վրա ազդող ամենամեծ գործոնը կեղծիքն էր․ Նիկոլ Փաշինյանի համար թիվ է նկարվել, ու դա երևում է զինվորների քվեարկությամբ, հարյուր հազարից ավելի անձնագրերի հետ կապված խնդիրներով։ Նիկոլը չէր կարող ունենալ 53 տոկոս ձայն։ Եթե դուք հարգում եք ձեր ղեկավարին և ուզում եք ընտրվի, ուրեմն առնվազն կգնաք նրա միտինգին, կգոռաք «Նիկոլ վարչապետ»։ Նիկոլ Փաշինյանը գնում էր գյուղ, հետը 10 սպրինտեր ժողովուրդ էր տանում, 100 ավտոմեքենա էր տանում, միտինգից հետո նույն մարդկանց լցնում էր այդ ավտոմեքենաներն ու քշում մյուս հավաքի վայրը։ Եթե մարդ մտադիր է ձայն տալ թեկնածուին, նա գնում է հանրահավաքի, մտնում է շտաբ, բուկլետ է վերցնում, ծանոթանում։ Նիկոլի միտինգին տեղացի գրեթե չկար։ Նիկոլը որ խոսում է, ժողովուրդը փոխում է հեռուստացույցը, ռադիոն, որ դրա ձայնը չլսի ու այդ պարագայում չէր էլ գնա ձայն տալու։
Բայց ինչո՞ւ ձայն տվեցին։ Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծում եմ, մի 20-25 տոկոս քվե տարել է։ Այդ ձայների մեծ մասն էլ իմ թվարկած խնդիրների հետ են կապված։ Այդ մասսան կարծես ձայն տվեց ոչ թե Նիկոլին, այլ ուրիշների ինադու։ Մեկը ձայն տվեց իր շեֆի ինադու, որին նախանձում էր, ու նա էլ, ասենք, քոչարյանական էր, մեկը ձայն տվեց ռուսների ինադու, մեկը իր՝ դրսում լավ կրթություն ստացած բարեկամի ինադու․ լավ մասնագետ էր, հաջողություն չունենար։ Մեկը ձայն տվեց հարևանի ինադու, որովհետև հարևանը Քոչարյանի շտաբի պետն էր և գուցե վաղը լավ գործ ունենար։ Միայն Հայաստանում կա, չէ՞ էդ անեկդոտը՝ իմ դարդերը քիչ էին, հարևանս էլ թազա ավտո առավ։ Հասկանո՞ւմ եք, ով էլ ընտրվի, ես իմ գործն եմ անելու, բայց թող չընտրվի մարդ, որ քեզ համար լավ լինի։
Սա մի տեսակ է, որի հետ պետք է աշխատել, անհատական․ այ այստեղ է պետք կրթել մարդկանց, նրա մեջ մտցնել ազգային արժեք, բարձրացնել այդ ժեխից։
Կարճ ասած՝ մեր հանրության մեջ պետք է պետականության զգացում մտցնել՝ հետևողականորեն կրթելով նրան, անգամ՝ զոռով։ Դանակը հասել է մեր պետության ոսկորին ու արդեն ծակում է։ Բազմաթիվ ազգեր պայքարում են իրենց պետությունը, պետականությունը ունենալու համար, մենք եղածն ենք կորցնում։ Չի կարող նորմալ մարդու համար մեկ լինել, թե ինչ կկատարվի իր երկրի հետ։
Եվ իհարկե՝ հանրությանը միշտ պետք է մատուցել ճիշտը, այնքան մեծ թափով, այնքան համոզված, որը կջարդի հակառակորդների ստերը։ Մեր երկիրը կործանում է սուտը, պոպուլիզմն ու այն, որ դրանց հավատացողները քիչ չեն։ Կա՛մ ստին է վերջ տրվելու, կա՛մ պետությանը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը