Հայաստանը մտել է քարոզարշավի ակտիվ փուլ։ Տարբեր թեկնածուները հանդիպումներն ընտրողների հետ բոլորովին տարբեր կերպ են իրականացնում, բայց քարոզարշավի երկրորդ օրվա ավարտին արդեն երևում է, թե որքան թեժ է այն։
Ես չեմ անդրադառնա բոլոր ուժերի մարտավարությանը, քայլերին, քանի որ իմ ժամանակը չի հերիքի անգամ նրանց անունները թվարկելու համար։ Բայց կանդրադառնամ «Քաղաքացիական պայմանագր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի քարոզչական գործունեությանն ու կեցվածքին։ Մի քանի հետաքրքիր դրվագներ կան, որոնց մասին անհրաժեշտ եմ համարում խոսել։
Ի՞նչ է ասում իր ելույթներում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քարոզարշավը տանում է հանգիստ, առանց աղմուկի․ թեև միտինգներին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ, բայց ելույթ ունեցողների խոսքը հանգիստ հասնում է բոլորին։ Կա մակարդակ։
Երկրորդ նախագահն ասում է՝ ժողովուրդ, անվտանգության հարցի լուծումը պատկերացնում եմ այս ճանապարհով, գերիների հարցը լուծմամբ զբաղվելու ենք հրատապ, բանակը վերականգնելու ենք այսքան ժամանակում, ռազմատեխնիկական կորուստները վերականգնելու ենք այսքան ժամանակում, մեկ տարում բերելու ենք այսքան ներդրում։ Մարդը թիվ է ասում ու ժամկետ։ Ընդ որում՝ նշում է՝ գալիս եմ այս թիմով, քանի որ մեր խնդիրները միայնակ անհնար է լուծել։ Բայց ես էնքան մարդ ունեմ իմ շուրջ, որը կբավարարեր մի քանի կառավարություն ձևավորելու համար։
Երկրորդ նախագահը նշում է՝ ով չի ուզում աշխատել, թող ինձ ձայն չտա։ Որովհետև եթե որևէ մեկը թերացավ աշխատանքում, չի լինելու ներում, չենք ասելու՝ անփորձ էր, կներեք և այլն։ Մեր պետությունը սպասելու, փորձելու ռեսուրս չունի։
Ունեմ շրջապատ, ունեմ ներդրումներ, կօգտագործեմ կապերս և կբերեմ ներդրումներ, մինչև պետությունը կսկսի ոտքի կանգնել, ու ներդրումներն իրենք իրենց կգան, ինչպես 2000-ականներին էր։
Հավատա՞լ, թե չէ․ դրա համար քաղաքացին պետք է տեսնի՝ Քոչարյանը երկու ժամկետ նախագահ է ընտրվել, կա՞ մի խոստում, որը չի կատարել․ դա լավագույն ցուցիչն է։ Երկրորդ նախագահն ատելություն չի տարածում, ավելին, ասում է՝ ձեր բառապաշարից հանեք զոմբի, ժեխ բառերը, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են։
Զուգահեռ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը։ Ափսոսանքով նշում եմ, որ դա էլի մերժումի վրա է։ Եթե Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ կգամ ու սա կսարքեմ, սա կվերականգնեմ, դժվար է, բայց պարտավոր եմ անել, Փաշինյանն ասում է՝ կգանք, մատերը կկտրենք, կջարդենք, վենդետա կանենք և այլն։ Ու արդեն բացեիբաց ասում է՝ մենք գալիս ենք վենդետա անելու։ Եթե դու գալիս ես էլի մերժելու, դա ոտքի կանգնելու տարբերակ չէ, էդպես երկիր չեն կառուցում։ Մենք մի անգամ տեսանք, թե մերժումը ուր բերեց մեզ։ Ու հիմա նորից ոչինչ չկա ապագայի մասին, ապագան միայն պատկերացնում ենք բաժանարար գծեր քաշելով։
Քոչարյանն ասում է՝ հրատապ պետք է զբաղվել գերիների հարցով․ իսկ ի՞նչ է ասում իշխանությունը, Փաշինյանն ասում է՝ ոչինչ, էսքան դիմացել են, թող մի երկու ամիս էլ դիմանան։ 18 գերու խոշտանգելով սպանել են, էստեղ գերիների հարազատները կես մարդ են դարձել, բայց նա ասում է՝ ոչինչ, որ 8 ամիս դիմացել են, թող էլի դիմանան։ Ու հավաքված ինչ-որ մարդիկ կան, որ ծափ են տալիս։ Ո՞ր մեկիդ տղեն գերի լիներ, էդպես հեշտ կտաներ ու ծափ կտար։
Պարզաբանումն էլ է զարմանալի, ասում է՝ թող գերի մնան, բայց մեր ինքնիշխանությունը չկորցնենք։ Իսկ ինչո՞ւ պետք է սպասենք։ Ինքնիշխանությունից խոսում է իշխանություն, որը մի քանի օր առաջ հրավիրում էր Ֆրանսիային, Ամերիկային Գեղարքունիքում զորքեր տեղակայելու։ Ու դա կոչվում է ինքնիշխանություն։
Երբ վերցնում էին Հայաստանի կառավարման ղեկը, ի՞նչ վիճակում էր երկիրը ու ինչ վիճակում է հաջորդներին փոխանցում․ ես վերցրել եմ էսքան սահմաններով երկիր, հանձնում եմ այսքան սահմաններով, այսքան բնակչություն է եղել երկրում, հիմա այսքան է ու մանրակրկիտ հաշվետվություն բոլոր ոլորտներով։ Մենք սպասում ենք կոնկրետ ծրագրային ելույթների, որ կողմնորոշվենք ընտրություն կատարելիս։ Ուրիշի մատերը կտրելը ինձ որպես ընտրողի, չի գայթակղում։
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են քարոզարշավի ժամանակ ջերմ ընդունում Ռոբերտ Քոչարյանին, ինչո՞ւ են նրանով պատկերացնում մեր վաղվա օրը։ Որովհետև տեսել են ուժ, հնարավորություններ, հպարտ ենք զգում նրանով, ուժեղ է։ Լիքը ստեր են տարածել նրա մասին, բայց 13 տարվա ստերը մեկ տարում փլվեցին։
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ աղքատությունը կգա նվազագույն մակարդակի, ամբողջ Հայաստանը կդառնա շինհրապարակ։ Հնարավոր է։ Այս երկիրը փոքր երկիր, ու փոքր երկիրը պահելը հեշտ է: Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես կգամ ու շատ արագ գնանկում կլինի, որովհետև գնաճը կառավարության վատ աշխատելու արդյունք է։ Իսկ ի՞նչ է ասում գործող իշխանությունը․ ասում է՝ ավելի լավ է թանկանա ապրանքը, բայց մենք ինքնիշխան լինենք, ձեթի լիտրը դառնա 1500 դրամ, բայց մենք ինքնիշխան լինենք, բենզինը դառնա 500 դրամ, բայց ինքիշխան լինենք, հացը կրկնակի թանկանա, բայց ինքնիշխան լինենք, գերիներ ունենանք Ադրբեջանում, բայց ինքնիշխան լինենք։ Եղբայր, ինչի՞ ես էդ բոլորը հակադրում։ Կարող է, չէ՞ գերիները գան, բայց ինքնիշխան լինես, ձեթի գինը առաջվա պես իջնի 6-700 դրամ, բայց ինքիշխան լինես։ Ինչո՞ւ ես մարդկանց ընտրության առաջ կանգնացնում։ բա ընտրել ենք, որ հա՛մ էն լինի, հա՛մ էն։
Այս քարոզարշավում նկատելի է նաև հակառակորդներին սևացնելու արատավոր պահվածքը։ Դա անընդունելի է ու այդ մասին պետք է բարձրաձայնեն բոլոր նրանք, ովքեր մասնակից են ընտրական գործընթացների։ Այդ սևացնելը նաև ուղեկցվում է սուտ, մարդկանց մոլորեցնող ելույթներով։ Օրինակ՝ ամբողջ համացանցն ու ժողովուրդը երեկ քննարկում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթը․ այո, հայհոյանքները շատ էին։ Նա ուզում էր սևացնել Հայաստանի հաղթող բանակը։ Ասում էր՝ 2000-2002 թվերին Արմավիրում ծառայելիս ունեինք ուտելիքի խնդիր, ջրի խնդիր, մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում, գնում էինք գերեզմանոցի մոտ թաքուն ուտում էինք։
Ես էլ եմ ծառայել նույն զորամասում, որտեղ Ալեն Սիմոնյանը, նրանից մեկ տարի անց, ամեն շաբաթ կամ կիրակի ծնողները գալիս էին այցի իրենց զավակներին ու իրենց հետ բնականաբար սնունդ էին բերում, դա միշտ է եղել, հիմա էլ կա։ Անկախ նրանից, թե զորամասում ոնց էին կերակրում, իսկ զորամասում սովորական է, ոչ լավ, ոչ վատ, մենք սոված չէինք լինում, բայց միևնույն է՝ տնից բերածը ուրիշ էր։ Ով ուներ ընկերներ, շրջապատից չէին առանձնացնում, էդ սնունդը ընկերների հետ վայելում էր։ Ով մերժված էր, ով շրջապատում շփվելու բան չէր, գործ տվող էր, նա առանձնանում էր և ասենք գերեզմանոցի մոտ թաքուն ուտում սնունդը։ Հիմա էլ է էպես։
Բայց ուզում եմ մի փոքրիկ վարժություն լուծենք միասին․ բանակը սնունդով ապահովելու պատասխանատուն թիկունքի պետն է, պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալը։ Ո՞վ էր Ալեն Սիմոնյանի՝ սոված քնելու և գերեզմաններում հաց ուտելու ժամանակ Պն տեղակալը։ Պարզվում է, որ գեներալ Գագիկ Մելքոնյանն էր։ Իսկ ո՞ւր է Գագիկ Մելքոնյանը հիմա․ վայ քու արա, ՔՊ ցուցակի 16-րդ համարում է բազմել։ Վերջ։ Ընկեր Մելքոնյան, ինչի՞ ես Ալեն Սիմոնյանին սոված թողել։ Բա ուրեմն պետք է, չէ՞, պատասխան պահանջես, նայես՝ էդ ընթացքում՝ մինչև 2008 թվականին քաղաքական սադրիչ գործունեությամբ զբաղվելու, լինելով զինվորական բարձր պաշտոնյա՝ քաղաքականությամբ զբաղվելու պատճառով պաշտոնից հեռացվելը, Ալեն Սիմոնյանին սոված թողելու արդյունքում ի՞նչ ունեցվածք է կուտակել։
Ալեն Սիմոնյանը այդ հարցերը չի տա, որովհետև նա այդ ելույթն ունենում էր ընդամենը սևացնելու և այդ առումով՝ թիմի ղեկավարից հետ չընկնելու համար։
Կարճ ասած՝ իշխանությունը մեզ հենց այսօր, ի վերջո, ցույց տվեց իրական ճանապարհը․ ասաց՝ ժողովուրդ, մենք ապրում ենք դրախտում։ Եթե սա համարում են դրախտ, իսկ դրախտում ամեն ինչ կատարյալ է, ուրեմն ի՞նչ փոխեն։ Ոչինչ։ Նրանք ոչինչ չեն ուզում փոխել, ձեզ արդեն բերել են իրենց պատկերացրած դրախտը։ Ուրեմն իշխանությունը ոչինչ չի պատրաստվում փոխել՝ սկսած գերիներից, սահմաններից, արտագաղթից, սոցիալական վիճակից, ամեն ինչից։ Այսքան դիպուկ իշխանությունը քեզ չի թողել ընտրության հնարավորություն։ Հիմա պետք է որոշես ուզու՞մ ես շարունակել ապրել էս դրախտում, թե՞ ուզում ես լավ նորմալ երկիր։
Որոշմանը մնաց 12 օր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը