24 05 2021

«Կարճ ասած»․ Փաշինյանն ընդունակ չէ «տղավարի» ընտրապայքար տանել



 

Ընտրությունների լավ ու վատ կազմակերպման պատասխանատուն իշխանությունն է․ եթե իշխանությունն ընտրությունները կազմակերպում է բարձր մակարդակով, ընտրության մասնակից բոլոր ուժերը հնարավորություն են ստանում քաղաքակիրթ այդ պայքարով շարժվել։ Իհարկե՝ շեղումներ լինում են, բայց դրանք ընդհանուր գծից դուրս չեն գալիս։ Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր եղած ժամանակ ընտրողի դարպասը կոտրում էր, որ ներս մտներ, իշխանության կազմակերպելն այդտեղ դեր չուներ։ Միշտ էլ կարող են ընտրական գործընթացի մասնակիցները տհաճ բաներ անել, բայց իշխանությունն իր բարձրության վրա պետք է լինի։ Իսկ երբ իշխանությունը ցուցաբերում է փողոցայինի վարք, ինքն է խառնում ամեն ինչ իրար, «աջաբսանդալ» ստեղծում, ուրեմն այդ ընտրապայքարից լավ սպասելիք չես կարող ունենալ ոչ մի պարագայում։ Հայաստանյան ընտրապայքարը դժվար է այնքանով, որ ընդդիմությունը ստիպված է իշխանությանը բերել մարդկային հուն։

Մեզանում, ինչպես իշխանության վարքն է վկայում, նորմալ ընտրապայքար չի լինելու, քանի դեռ այդ ուժը պլենտուսից ներքևի մակարդակն է զբաղեցնում։ Իշխանության քայլերը այսպես ասած՝ «տղավարի չեն»։ Տեսեք, ասենք Նիկոլը  հասկացել է, որ իր շտաբի պետը թույլ մարդ է․ նա ոչ թե փորձում է փոխել շտաբի պետին, այլ հրահանգում է քրեական գործ հարուցել Քոչարյանի թիմի շտաբի պետի վրա․ եթե նրա դեմ չի կարողանում կռվել, ուրեմն նրան ինչ-որ ձևով փորձում են հանել շարքից։ Սա հենց այդ աբսուրդն է։

Եվ հետապնդումները շատերին են վերաբերում։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասում է՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին»։ Դատախազությունը փաստերը ստուգելու փոխարեն հայտարարություն է տարածում ընդամենը։ Ու այսպես է բոլոր պարագաներում․ նախկին ոստիկանապետն ասում է՝ Նիկոլը մեզ ապօրինի հրահանգներ է տվել, նախկին ԱԱԾ պետը նույն բանն է ասում, դատախազությունը լուռ է։ Մեր քննչականները, դատախազությունը գործ են հարուցում ՆԻկոլի քմահաճույքով և անգամ երբ հակասահմանադրական է ճանաչվում դա, կաշվից դուրս են գալիս, որ մի բան էլ հորինեն։

Մյուս աբսուրդը․ Նիկոլ Փաշինյանը վերցրել է մի կարգախոս, որն իր պարագայում աբսուրդ է, հիմարություն է, չաշխատող թեզ է․ «Ապագա կա»։ Սա վերացական թեզ է մարդու համար, որը մեր անցյալը ջնջել է, ներկան քաոսի մեջ է բերել ու թվում է՝ հենց այստեղ ավարտվելու է Հայաստանի պատմությունը։ Նիկոլի պարագայում փայլուն ապագա ունի միայն Ալիևը, այն էլ՝ Հայաստանում ու Արցախում։ Հիմա Նիկոլը ոչ թե փորձում է փոխել կարգախոսը, այլ իր ստրուկներին հրահանգում է «Հայաստան» դաշինքի կարգախոսի վրա, պլակատների վրա ձվով հարվածել, շտաբի վրա գնալ։

Բնականաբար՝ անկապություն է մտածելը, թե այս մեթոդներով կարող է վախեցնել, բայց նաև վստահ եմ, որ որևէ քայլ չի կարող ներվել ու մարսվել։ Հետո ի՞նչ է ասելու Արթուր Դավթյանը Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործի մասով, կներեք պատվեր էի կատարո՞ւմ։ Մտածում եք էդպես եք ասելու ու պլստալու ե՞ք։

Գիտե՞ք հետաքրքիրը որն է՝ Նիկոլ Փաշինյանը գոնե ցանկություն չունի պարզելու, թե այս երկրում ինքը կոնկրետ քանի աջակից ունի․ եթե գնում ես ընտրության ու դրան զուգահեռ քեզ հետ տանում ես որպես թիմի անդամ ասենք՝ գլխավոր դատախազին, քննչականների ղեկավարներին, ոստիկանապետին, մարզպետներիդ, այսինքն՝ այս ամեն պաշտոնները, ոչ թե անձանց ու թաղի խուժաններին, ակնկալելով, որ ամեն մեկն իր լծակներով պետք է քեզ ձայն բերի, ճնշի ու սևացնի հակառակորդներիդ, դա ընտրություն չէ։ Ես չեմ հիշում, որ 2017, 2012, 2007 թվականների ընտրություններից առաջ ընդդիմության, Նիկոլի աջակիցների, թիմակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեին։

Իրավապահ համակարգը միացել է ֆեյքային մեծ ֆաբրիկային։ Ու քարոզչական թեզեր են շրջանառվում։ Մամուլը գրեց, որ Նիկոլը պատրաստվում է բեմադրել ընտրակաշառքի դեպքեր, թե իբր «Հայաստան» դաշինքին ընտրելու համար ընտրակաշառք է բաժանվել, մարդիկ էլ կան, որ պետք է ասեն, թե՝ հա, մենք ստացել ենք։ Ընտրակաշառքը, ժողովուրդ, ինչպես նաև կոռուպցիան ընդհանրապես, իշխանությանը ուղեկցող երևույթ է։ Սովորաբար իշխանությունն է փող բաժանում, որ վերընտրվի, եթե մանավանդ վերընտրվելու խնդիր ունի։

Տեսականորեն չկա որևէ իմաստ, որ Ռոբերտ Քոչարյանը բաժանի ընտրակաշառք, ուղղակի չկա։ Ինչո՞ւ։ Տեսեք, Հայաստանն այսօր ունի անվտանգային լրջագույն խնդիրներ, մեր ամենօրյա հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ ուղղակի տագնապի մեջ են, անհանգիստ վիճակում են, վախենում են, թե թշնամին կհասնի մինչև մայրաքաղաք։ Նիկոլն էլ էդ տագնապն ունի, նա էլ էր ասում՝ կարող ա վաղը թուրքերը հասնեն Երևան։ Ու քաղաքացիներն ասում են, որ միակ հույսը Ռոբերտ Քոչարյանի հետ են կապում։ Հիմա պատկերացրեք, ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը փող բաժանի, որ իրեն ձայն տան, որ ինքը մեզ էս կեղտը միջից հանի։ Անտրամաբանական է, չէ՞, էն դեպքում, երբ մարդը իր ապահով կյանքը թողնում է ու գալիս է երկրորդ անգամ երկիրը ծանր վիճակից հանելու։ Արի ես քեզ փող տամ, դու ինձ ընտրի, որ քեզ հանե՞մ կեղտից։ Անտրամաբանական է։ Չես ուզում փրկվել, քո գործն է։ Ընդ որում, դա ոչ 2018 թվականն է, ոչ 2008 թվականը, որ նոր ղեկավարը պետք է գար ու արդեն պատրաստի պետության մեջ աշխատեր․ սա 1998 թվականի պես քանդված երկիր է, ու եկողին սպասում է տանջալից աշխատանք։

Նիկոլ Փաշինյանը փող բաժանելու լիքը մոտիվացիաներ ունի․ տեսեք՝ հայրենիքը նվիրել է թուրքեին, շատերն ասում են՝ ծախել է ու անգամ՝ փողի չափ են նշում, ժողովուրդն ատում է իրեն, համարում է դավաճան, նա չի կատարել որևէ խոստում, մարդկանց տարել է աղքատության ճիրանները, գցել է պարտքերի տակ։ Չկա մի բան, որ ասել է ու արել է։ Հենց քաղաքացուն հարցնում ես՝ ո՞ւմ ոչ մի պարագայում չես ընտրի, ասում է՝ Նիկոլին։ Էս ամենը դեռ մի կողմ, եթե չընտրվեց վարչապետ, ընտրությունից մի 10 օր անց լավագույն տեպքում հայտնվելու է բանտում, վատագույն դեպքում չգիտենք ինչ կկատարվի նրա հետ։ Նա ունի անվտանգության խնդիր, չբռնվելու խնդիր։ Բնականաբար, Նիոլ Փաշինյանը հիմա պետք է ձեռք գցի ամեն ինչին, ինչից կարող է՝ իշխանությունը չկորցնելու համար։ Բայց նա որոշում է դրան զուգահեռ սևացնել հիմնական քաղաքական հակառակորդներին։

Դրա համար էլ կաշառք են բեմադրում, ինչ-որ մի կին, որին լավ են հիշում ԱԱԾ-ում ու ոստիկանությունում, քրեական գործերի տեսանկյունից, հայտարարում է, թե իրեն 4 հազար դոլար են առաջարկել, որ Քոչարյանի օգտին աշխատի։ Աբսուրդ։ Նախ արդեն ասացի, որ երկրորդ նախագահը կարիք չունի փողով համակիրներ բերելու, որ երկրորդ նախագահի իշխանության գալը առաջին հերթին ձեզ է պետք, հետո նոր իրեն։ Բացի այդ, ես չգիտեմ, թե ինչու է այդ կինն այդքան մեծ գումարով ինքնաառաջադրվում։ Վստահ եմ՝ եթե նրան իրոք առաջարկվեր, ապա նա կհամաձայներ աշխատել անգամ մի 50-100 դոլարով։ Ավելին ասեմ, 4 չէ, բայց մի 1000 դոլարով Քոչարյանի օգտին կաշխատի Նիկոլն ինքը։ Օդում կախված լուրեր կան, թե ինչպես է լրագրող Փաշինյանը մի քանի հազար դրամով հոդված գրել։ Ուրեմն 1000 դոլարը նրա ձայնը գնելու համար, աստղաբաշխական թիվ է անգամ։

Տեսեք, Նիկոլ Փաշինյանը տապալել է իր ծրագիրը և հանրությանը ներկայանալու հնարավորություն չունի։ Ինչից խոսի՝ կթքեն երեսին ու հիմա քանի որ ինքը չի կարող քարոզ անել, դրա համար փորձում է նոր թեմաներ ման գա։ Նախկիններից խոսի, կասեն այ տղա ո՞ր մի նախկինն է քեզանից վատը եղել, խոսի ծրագրերից, ոչինչ չի արել, պատերազմում կրվել է, խաղաղ կյանքում կրվել է, լիքը մահ է տվել, մեզ բոլորիս կորուստ է տվել, 1 մլնից ավելի մարդու դարձրել է աղքատ, էդքան մարդ աշխատանք է փնտրում, հերն անիծել է երկրի ու հիմա կանգնի բեմին ի՞նչ խոսի։ Ուստի իր համար թեմա է ընտրում, որ գոնե կանգնի բեմին ու խոսի։ Իսկ ժողովուիրդը թուլություն ունի փողի մասին ելույթների նկատմամբ։ Չի բացառվում, կրկնում եմ, մի քանի Սիլվա Համբարձումյան բեմադրի։

Այ սա է պլենտուսից ներքև քարոզարշավը, որը Փաշինյանի քարոզչական հիմնական տաղանդն է։

Կարճ ասած՝ Ընտրություններին մասնակից բոլոր ուժերից հենց «Հայաստան» Դաշինքը ստիպված է այս ընթացքում պայքարել նիկոլիզմն ամբողջությամբ արմատախիլ անելու համար, դա միայն Նիկոլը չէ, ցավոք։ Այնտեղ ոչ խելք կա, ոչ դուխ կա, ոչ միտք կա։ Չկա մի բան, կրկնում եմ, որ կարող է սպիտակեցնել սրանց երեսը։ Սա ղզիկ պայքար է, ճանկռելով պայքար։ Պարտվելու եք։ Նիկոլենք արդեն պարտվում են ու ցույց են տալիս ատամները։

Մնաց 27 օր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ