Սուտը պետք է քրեորեն պատժելի լինի իշխանավորի համար․ համաձայն եմ Հայաստանի երկրորդ նախագահի այս մտքին։ Պետք է ստող պաշտոնյան քրեական պատասխանատվության ենթարկվի ու այդ դեպքում չի կարող երկիրը առաջընթաց չունենալ։ Չի կարող լինել մեկ հոգի, որը կկանգնի ու կասի, թե Քոչարյանն իր նախորդի արածը իրեն է վերագրել, այսինչ բանը խոստացել՝ խաբել է, սուտ է ասել։ Չկա, չի եղել ու չի կարող լինել։ Տեսակի հարց է։ Եվ քանի որ նա սուտ չէր ասում, ուրեմն չէր կարող ստել նաև իր կառավարության պաշտոնյան։ Լսեք այսօրվա պաշտոնյաների ելույթները․ որքան լսարանը մեծ, այնքան սուտը ահռելի։ Սուտը սրանք դարձրել են ապրելակերպ։ Ամենօրյա կտրվածքով ստեր են փչում, ու դա գալիս է վարչապետից։ Սրանք երեք տարում մի բան են փայլուն արել՝ ոչինչ չանելը և ուրիշներին մեղադրելը։
Ուղիղ մեկ ժամ ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, աշխարհի տակի ստերն է ասում, ու ամենամեծ սփռումը ունեցող եթերներով մի քանի անգամ կրկնում են նույն բանը։
Կրկնում եմ՝ ստի մեջ թաղված է ողջ համակարգը։ Նախարարը լրագրող է ծեծում, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե Հայաստանում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում։ Փաստ՝ մարդը ծեծել է ու չի դատապարտվել։ Նիկոլ Փաշինյանի թիկնազորը և խոսնակը լրագրողին քաշքշում են, թույլ չեն տալիս Եռաբլուրում հարց տալ, Նիկոլն ասում է՝ մամուլն ամենաազատն է: Ավինյանը գնում է Շուռնուխ, հետո հայտարարում է, թե պայմանավորվել է նոր թաղամասի մասին, հետո պարզվում է, որ կառավարությունը կապ չունի, բարեգործներն են կառուցում։ Տեղեկություններ են հայտնում կապանցիները, որ Ռուս խաղաղապահները կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը Կապան-Ճակատեն հատվածում։ Նույն օրը ՊՆ-ն հայտնում է, թե սահմանին որևէ միջադեպ չի գրանցվել։
Սա ստի հետ վաղուց հաշտ ապրող թիմ է, ֆեյքային իշխանություն, սրանք կարող են ընդդիմադիրներին վարկաբեկելու համար Կիևի լուսանկարը ներկայացնել որպես Բաղրամյան փողոց, քուչից մեկին բերել ու ներկայացնել որպես հերոսի պապիկ, ու ինչքան ուզում ես ճղվի, մեկ է՝ իրենց ամբիոնը ավելի բարձր է։
Նիկոլն ինքը սովորական ստեր չի ասում, այլ՝ չափազանցված, մասնագիտություն է սարքել, պրոֆեսոր է, համեմում է հեղափոխական, սենսացիա և այլ բառերով։ Նա ստի նոր մակարդակ ու չափանիշ է բերել։
Հարցնում էինք՝ պատերազմում ինչո՞ւ Սու 30-ները չես օգտագործել, ասում էր՝ որովհետև հրթիռները չունեինք։ Հարցնում ենք, բա որ հրթիռները չունեիք, պատերազմից մեկ ամիս առաջ ինչպե՞ս էիր դրանցով զորավարժություն արել ու ասում էիր՝ բոլոր նշանները խոցել եմ, պատասխանում է՝ պահեստում ուրիշ հրթիռներ կային նախկինից մնացած, դրանով։ Ռուսաստանը զենքը արտադրում է, բայց պատրոնը չի արտադրում և այլն։ Հասկանում ե՞ք, ժողովուրդ, հիմա եթե մի գեներալի ծիծաղը բռնի սրա խոսքերի վրա, գործից կհանեն։
Փաշինյանը նաև ունի ահավոր վատ հիշողություն, նա չի կարողանում գոնե էն մեծ ստերը հիշել, որպեսզի կրկնվող իրադրությունների մեջ կարողանա նույն բանն ասելով՝ իրավիճակից դուրս գալ։ Օրինակ՝ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին քաղաքական կուսակցությունների ղեկավարներին է հանդիպում ու ասում է՝ ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Պատերազմից հետո, սակայն, նա ասում էր, թե գենշտաբի պետը չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Չի եղել մի դեպք, երբ Փաշինյանը մի բան հայտարարի ու դրա իրականությունը այլ չլինի, չկա նման դեպք։
Նիկոլին հարցնում են, թե ինչու է անլուրջ համարել սեփական արբանյակ ունենալու ծրագիրը, նա խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, որ դա սուտ է, այդպիսի բան չի եղել, հետո առաջարկողն ինքն է ասում, որ 2019թ․ մայիսին Փաշինյանն իրեն անձամբ ասել է, որ մենք արբանյակի անհրաժեշտություն չունենք, իսկ Ադրբեջանը որ արբանյակներ ունի, դրանք խաղալիք են։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն արբանյակները ռազմական նպատակով օգտագործեց, իսկ մենք չկարողացանք տեղորոշել թուրքական «Բայրաքթար»-երի տեղաշարժը։
Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած վերջին ելույթում, որը, հույս ունեմ այդ կառույցում այդ անձի ընդհանրապես վերջին ելույթն էր այս կյանքում ընդհանրապես, ստերի հերն անիծեց։ Հայաստանում 7,5 տոկոս ընտեսական անկում կա, ահռելի գնաճ կա, կենտրոնական բանկը պահուստներն է սպառում, որ կարողանա դրամը ամբողջությամբ չսպանել, Նիկոլը հայտարարում է 2019 թվականին տնտեսության աննախադեպ աճի մասին։ 2019 թվականը չկա վաղուց, արդեն մեկուկես տարի, իսկ Նիկոլը խոսում է, թե ինչ աճ է ապահովել։ Կառավարությունը գյուղացիներին այլևս չի տալիս սերմացու և դիզվառելիք, իսկ Նիկոլը հայտարարում է, թե գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է արել, ասել է՝ փողկապով կգնաք գյուղ։ Բառիս բուն իմաստով գյուղատնտեսությունը մինուս է գնում, մարդիկ աճեցրած կանաչին լցնում են առուն, իսկ սա խոսում է արժանապատիվ գյուղատնտեսության մասին։
Սա հայտարարում է՝ 30 տարի բիզնեսից փայ էին մտնում: Բայց մեր իշխանությունից նման բան լսե՞լ եք։ Նախ իշխանամերձ օլիգարխների մասին այնքան բաներ են ասում․․․ Բայց ուզում եմ իմանալ, նախկինում ո՞վ և որտե՞ղ էր փայ մտնում և ինչ է արել Նիկոլը նրանց պատժելու համար։ Մենք էլ ենք լսել, բայց դու երեք տարին իշխանություն ես, ի՞նչ ես արել, իսկ գուցե միայն շշուկնե՞ր էին։
Փաշինյանն ասում է, թե իր շնորհիվ բանտերում հերթով չեն քնում, իսկ առաջ սմենով էին քնում։ Սա սուտ է, քանի որ բանտերի ծանրաբեռնվածությունը թուլացել է դեռ 2015 թվականին, երբ բացվեց Արմավիր քրեակատարողականը։ Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանը, որ հանձնվեց իրավապահներին ու կիսատ-պռատ պատիժ կրեց մարտի 1-ի համար, կալանավայրում ի՞նչ է կերել, բայց կալանավորներին նախկինում պետությունը հաց չէր տալիս խոսքն անպատասխանատու հայտարարություն է։
Փաշինյանն ամեն ինչ արեց, որ որպեսզի դատական համակարգը իրեն ենթարկեցնի։ Եթե մինչև պատերազմն ու կապիտուլյացիան հիմնականում հաջողվում էր, դրանից հետո՝ ոչ։ Էն դատավորները որոնք չեն կատարում Նիկոլի հրահանգները, հիմա դա ներկայացնում է որպես իր բարեփոխում, բայց էդ դատավորների նկատմամբ էլ գործեր են հարուցվում։ Նիկոլն ինքը բերանից թռցնում է, որ այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը։ Երկու տարի առաջ չէր նեղվում։
Այն բոլոր հանցագործությունները, որոնք հնարավորություն չի ունեցել անելու, հիմա մեր վրա ծախում է որպես լավություն, ասում է՝ կարող էինք էնպիսի դատական համակարգ ունենալ՝ ով իշխանությանը թարս բառ ասեր, կալանավորվեր։ Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի իշխանություը ասում է ինձ շնորհակալություն հայտնեք, որ չեմ խոչընդոտել ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչմանը։
Փաշինյանի մեծ ստերից է ասֆալտի թեման։ Հայտարարում է՝ մենք 3 տարվա ընթացքում կառուցել ենք այնքան ճանապարհ, ինչքան նախորդ 7 տարիների ընթացքում չի կառուցվել։ Սուտ է, Նիկոլ Փաշինյանը ճանապարհ չի կառուցել, նա կառուցված ճանապարհների վրա ասֆալտ է փռել, իսկ որոշ հատվածներում՝ երեք տարվա մեջ արդեն հասցրել է փչանալ։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկրում վերացվել են բոլոր տեսակի մենաշնորհները։ Իշխանամերձ գործարարին հարցրեք՝ ալյուրի ոլորտում գերիշխող դիրքը ինչպես է պաշտպանում։ Կամ ինչպես եղավ, որ նույն բանանի գինը հիմա նույնն է, քան էն ժամանակ, երբ մնենաշնորհ կար, իսկ շաքարավազը շատ ավելի թանկ է։ Մեկ ամսում 50-70 հազար մարդ է մեր երկրից գնում, իսկ սա ասում է, թե կառավարությունը աջակցել է ժողովրդագրության աճին։ Ո՞նց ես աջակցել, բա ինչո՞ւ են գնում։
Սուտը սրանց արյան մեջ է, սա ստում է ամեն հարցում՝ գերիների մասին, կապիտուլյացիայի մասին, զոհերի մասին, գրանցված աշխատողների մասին և ամեն ամեն ինչի մասին։ 2020 թվականին գրանցված աշխատողների թիվը պակասել է 70-80 հազարով, 2021 թվականին ընդամենը 2500-ով ավելացել է։ Նա էդ 80 հազարանոց պակասելը չի ասում, բայց խոսում է 2500 աճի մասին։ Նիկոլը մարդկանց ասում էր՝ պետք է արդեն սովորած լինեիք սուտը իրականությունից տարբերակել։ Բայց ինքը էնքան ստեր է իրար հետևից լցնում լրահոսի մեջ, որ մարդիկ արդեն էքսպերտ են դարձել։ Ու այս ստերը ուղիղ եթերի ժամանակ հնչեցվում են, սրանց տեղեկանում են Նիկոլի արտասահմանցի կոլեգաները։ Նրանց մոտ արդեն հարցեր կարող է առաջանա՝ էս մարդուն կլարելի՞ է լուրջ ընդունել ընդհանրապես։
Կարճ ասած՝ Նիկոլը վերջացած ստախոս է։ Ստախոս իշխանությունից ազատվելը մեր երկրի համար դառնում է գերնպատակ։ Որովհետև սուտը անվնաս չի կարող լինել․ տեսեք, թե ինչպես դա քանդեց մեր երկիրը։ Ժողովուրդ, երեկվա ակցիայի ժամանակ տեսանք, որ անգամ իջևանից բերված էշը չէր ցանկանում Նիկոլին տեսնել իշխանության ղեկին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը