Հայաստանում թե ինչ աղետալի վիճակ է ստեղծվել, կարծում եմ՝ բոլորը գիտեն, իսկ շատերը ավելի խորն են գիտակցում։ Թե ինչպես պետք է դուրս գանք էս վիճակից, դա էլ գիտենք՝ ուժեղ առաջնորդ, որը պատկերացնում է խնդիրներն ու լուծումները, ունի կապեր, ամուր կամք, հարգված է ու լավ թիմ ունի, պետության շահը գիտակցող թիմ։ Բայց արդյո՞ք բոլորն են ռեալ գնահատում իրենց ուժերը․ այ այստեղ մենք ունենք խնդիր։ Տեսեք, պետք է ընդամենը մեկ-երկու դեմք լիներ, որ ցանկություն կունենար կամ ստիպված կլիներ էս ջախջախված ու քայքայված երկրում, Նիկոլի ու իր ուսապարկերի քանդած երկրում իշխանության գալ, վերակառուցել, որովհետև դա անհնար է թվում։ Բայց պարզվում է, որ մեր երկրում կան հազարները, ովքեր մտածում են, որ իրենք էդ երկիրը սարքողն են, ի՜նչ է եղել որ։
Ուզում եմ հարցնել ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնող ուժերին, բոլո՞րդ եք պատկերացնում, թե ինչերի միջով եք անցնելու, նրանց, որոնք ուզում են թեկուզ ընդգրկվել որևէ ցուցակում, դառնալ պատգամավոր, նախարար, անգամ վարչության պետ, դուք հասկանո՞ւմ եք, որ սա իշխանության վայելքի շրջան չէ, սա ծանր աշխատանքի փուլ է, չգնահատված աշխատանքի ու հնարավոր է՝ ձախողում ունենաք։ Ուզում եմ, հարցնել․ դուք իսկականի՞ց պատրաստ եք այս պատասխանատվությունը վերցնել։ Անկեղծ ասեմ՝ կասկածում եմ։ Նիկոլը մեր երկիրը էն օրին հասցրեց, որ արթնացող ամեն մեկը մտածում է, թե ինքը ավելի լավ վարչապետ կլինի, նախարար կլինի, դրա համար էլ բոլորին թվում է, թե պետություն ղեկավարելն ինչ է, որ, ֆեյսբուքում օրը մեջ անկապ լայվ մտնես, ԱԺ ամբիոնից հավայի դուրս տաս, ոստիկաններին բերես լցնես շուրջբոլորդ ու վերջ, ինչն էլ սխալ արեցիր, կասես կներեք, կանցնի-կգնա։ Բայց նաև, շատ պարզ տեսանք, որ այդ ամենը չի ստացվում, շատ լուրջ հարցերի առաջ է կանգնում անգամ Նիկոլի իշխանությունը ու որի լուծումները պետք է տա, պատասխանատվությունը կրի երևի թե ամբողջ մնացած կյանքի ընթացքում։ Սա, այն հարցերն են, որը պարտավոր են իրենք իրենց տալ այդ վարչապետացուները, ու պարտավոր են ունենալ հստակ պատասխան։
Հիմա՝ ընտրողներին, այսինքն՝ մեզ։ Ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնենք երեք բան՝ թիմի ղեկավար, թիմ, ծրագիր․ մինիմում այս երեքը շատ բծախնդրորեն պետք է համադրենք։ Հիմա եկեք տեսնենք, թե ովքեր են մասնակցում ընտրությունների, ինչ թիմով ու ինչ կարող են։ Ստալինն ասում էր՝ ամեն ինչ որոշում են կադրերը։ Ի՞նչ կադրեր ունի Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարում է, թե իբր ցանկանում է վերարտադրվել։ Մարդը երբ իշխանությունը զավթում էր, այնքան պատկերացում չուներ պետության կառավարումից, որ իր հետ քայլածներին հերթով հարցնում էր՝ քեզ ո՞ր ոլորտում ես պատկերացնում։ Մեկն ասում էր՝ ՊՎԾ պետ, մեկն ասում էր՝ ԱԽ քարտուղար, կրթության նախարար։ Ու նշանակում էր՝ առանց հաշվի առնելու, թե էս կյանքում ոչինչ չստեղծած մարդիկ, ոչինչ չղեկավարած մարդիկ, անգամ սեփականություն չունեցող մարդիկ ո՞նց կարող են նորմալ աշխատել։ Ասում էին՝ աշխույժ տղա ես երևում, արի կրթության նախարարի տեղակալ, սա էլ ասում էր, չէ, ես պատգամավոր եմ ուզում, բայց ընկերս կարող ա համաձայնի, ասում էին՝ հլա համարը տուր զանգենք։ Հեղափոխությունից հետո մարզային թղթակցին զանգել եմ, որ նյութ ուզեմ, ասում է՝ կներես, չեմ կարա, արդեն մարզպետարանի վարչության պետ եմ։ Էս էր Նիկոլի բագաժը, ձկնորսին փոխմարզպետ էր նշանակում, իր անգլերենի դասատուին՝ կրթության նախարար, բանակը նոր ավարտածին՝ արտաքին գործերի փոխնախարար։ Նրանց թվում է թե ինչ է եղե՞լ որ, կարող ենք մասնագետ չլինել, բայց մի ողջ պետության ճակատագիրը կկառավարենք․․․ Բա էս էլ պետք է լիներ։
Է՛ս որակն էր բերել ու ռետինն առած՝ ջնջեց մեր պատմությունը, քանդեց պետությունը, մի քանի տոն ջնջեց ու հիշատակի օրեր ավելացրեց ու հիմա խոսում է ապագայի մասին։ Ես առնվազն դեբիլ պետք է լինեմ, որ նրան ապագա վստահեմ։ Նա այսօր էլի նմանատիպ թիմով է ուզում է գալ։ Էն մարդիկ, որոնք իրենք իրենց հռչակել են ուսապարկ, իրենք են ուզում էլի մնալ ու որոշել մեր, մեր էրեխեքի, մեր պետության ապագան։ Վահան Քերոբյանն է լինելու, որը անկապ թվեր է կրակում՝ էսքան ներդրում էսքան աշխատատեղ, էսքան տնտեսական աճ, ասում ենք, բայց հիմարություն ես դուրս տալիս, ասում է՝ եթե չեղավ, հրաժարական կտամ։ Է ասենք թե տապալեցիր ու հրաժարական տվեցիր, դրա արդյունքում էլ ավելի է արտագաղթելու ժողովուրդը, մարդիք ավելի են աղքատանալու, զրկանքներ կրելու, բա դրա համար պատասխան տալո՞ւ ես, թե ընդամենը գնալու ես քո բիզնեսով զբաղվես։
Մենք ունեցել ենք պաշտպանության նախարարներ Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, մարդիկ կշիռ են ունեցել, բան են փոխել, կառուցել, հաղթել, Վիգեն Սարգսյան ենք ունեցել, որը երիտասարդ էր, բայց լուրջ ռեֆորմներ է արել։ Ու իրենց ֆոնին՝ Վաղարշակ Հարությունյան ենք բերում, մարդու, որին բանակը հարգում է այնքան, որքան, ասենք, Լենա Նազարյանին։ Լրիվ նույն վիճակը կլիներ, եթե պաշտպանության նախարար նշանակեիք հենց Լենա Նազարյանին կամ Լուլուին, նույն բանն է։
Ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև «Լուսավոր Հայաստանը»։ Ավելին, Էդմոն Մարուքյանն էլ ելույթ է ունենում, թե՝ եթե նախկինները չլինեն, մենք կհաղթենք, նախկինները Նիկոլին ուժեղացնում են։ Դու ես թուլացնում Նիկոլի՞ն, Էդմոն։ Ո՞նց ես թուլացնում։ Դու երեք տարի խորհրդարանում արդյո՞ք Նիկոլի թելը չեք թելել, ձևական քննադատությունը թողնեմ մի կողմ։ Դու մեկ ձայն չտվեցիր, որպեսզի դիմեք սահմանադրական դատարան, ու մեր երկրում քաոսը չէր սկսի, Նիկոլի ջրաղացին ջուր լցրեցիք։ Ասենք թե վաղը տարար 60 տոկոս ձայն, ի՞նչ թիմով ես գալիս, ասա իմանամ։ Ի՞նչ կադրեր ունես դու․ կադրերից Մանե Թանդիլյանին սոցապնախարար նշանակեցին, մեկ բարեփոխում ասա, որ արել է, Արտակ Զեյնալյանը ձեր թիմից էր, նշանակեցիք արդարադատության նախարար, ու իր օրոք դատարաններ փակեցին՝ լուռ մնաց, սկսեցին ապօրինի քրեական հետապնդումները՝ լուռ մնաց։ Մոր դեմ ցուցմունք տված, ու դեռ բարոյականությունից խոսող Բաբաջանյան Արմանը ձեր թիմց չէ՞ր, հիմա դուք անձամբ եք իրեն քննադատում։ Էս չէ՞ր ձեր թիմը։ Ի դեպ, ձեր թիմը մինչև հիմա «Նիկոլի բերած» պիտակն ունի։ Հա, լավ խոսում եք, բայց խոսելը քիչ է, Նիկոլն էլ էր լավ խոսում, հետո՞։ Անկեղծ, ուզում եմ հասկանամ, Էդմոնն իրո՞ք մտածում է, որ կարող է որպես վարչապետ երկիրը ճգնաժամից հանել, որ անվտանգություն ապահովել, տնտեսություն վարականգնել, միջազգային հարաբերություններում հաջողություններ ունենալ․․․ Ինձ թվում է՝ ադեկվատ մարդիկ են ու շատ լավ հասկանում են որ այս ծանրաձողը իրենց բարձրացնելունը չէ, հենց այնպես, ինչպես Նիկոլի հագով չէր, ի սկզբանե։
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Կա՞ մարդ, որը մտածում է, թե Ռոբերտ Քոչարյանը հավաքելու է անկապ, անլուրջ թիմ։ Կա՞ մեկը որ մտածում է, թե Քոչարյանը կարող է ոչ մասնագետի կամ անպատասխանատու պոպուլիստի նշանակել կարևոր ոլորտի պատասխանատու։ Կա՞ մարդ, որ մտածում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում խնդիրների այն բազմությունը, ու այդ ամենը հաշվի չի առել, գնում է արկածախնդրության։ Իհարկե չկա։ Նա գիտի ինչ բեռի տակ է մտնում, որովհետև մի քանի անգամ է անհավանական բեռի տակ մտել է, 1992-ին երբ Ղարաբաղում վիճակը կրիտիկական էր, 1997 թվականին։ Ու ասեմ՝ այս շրջանը ավելի լուրջ է, քան անգամ 1992 պատերազմի ժամանակ, քանի որ հիմա երկիրը հա՛մ քանդել են, հա՛մ կզած վիճակում է։ Կա՞ մեր երկրում մի նորմալ կադր, պրոֆեսիոնալ կադր, պետական գործիչ, որը ուզում է ծառայել պետությանը, բայց չի ցանկանա աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նիկոլը որ եկավ իշխանության, փոխնախարար գիտեմ, որ դիմում գրեց-դուրս եկավ, ասաց էդ լակոտն ո՞վ ա, որ նախարար է նշանակվել, ես իր հետ ո՞նց աշխատեմ։ Կա՞ մեկը, որ մտածում է, որ Քոչարյանի օրոք լակոտը նախարար կաշխատի։ Նիկոլը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որտեղ մենք ունենք 3 մլն հայ, որտեղ ունենք արտագնա աշխատանքի մեկնող մի քանի հարյուր հազար քաղաքացի, տնտեսական կապեր, ռազմական կապեր, չի կարողանում հետները աշխատել։ Քոչարյանը ընկալելի ղեկավար է թեկուզ հենց ռուսների համար, որոնց հետ, ի դեպ, մեր երկրի ապագան է։ Ու հատկապես սա պետք է հաշվի առնեն այն բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք մանավանդ հիմա Արևմուտքի անուն են դեռ տալիս։ Ռուսաստանի հետ էդ կապերը ո՞նց են զարգացել, գիտե՞ք։ Աշխատանքի արդյունքում, նորմալ ղեկավար եք ունեցել։ Ժողովուրդ, մենք ունեցել ենք տնտեսապես թույլ ու իրենից ոչինչ չնեկայացնող պետություն, որը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացողներից մեկը, բայց հիմա էլի իրենից ոչինչ չի ներկայացնում։ Սա՛ պետք է փոխել։
Ընտրություններին մասնակցող մյուս թիմերին կանդրադառնամ առաջիկայում, որը ինչ կարող է անել։ Բայց կրկնում եմ՝ մեր երկրի խնդիրները պետք է պատկերացնել, պետք է պատկերացնել լուծումը ու պետք է հասկանալ, թե ով կարող է։ Ուժերը փորձելու ժամանակը չէ։ Եթե որևէ մեկն ինձ առաջարկի ասենք կրթության նախարար, ես բնականաբար, ու անկեղծորեն կասեմ, չէ, եղբայր, ոչինչ որ ունեմ բարձրագույն կրթություն, ոչինչ որ գիտությունների թեկնածում եմ, ես չեմ կարող Արայիկ Հարությունյանի քանդած կրթության նախարարությունը վերականգնել։ Այ ուզում եմ՝ լինեք ազնիվ ու մտածեք ոչ թե ձեր մասին, այլ մեր երկրի, ժողովրդի, մեր ապագայի մասին։ Այ ծուռը նստեք, ու դուզն ասեք, դուք կուզենա՞ք որ ձեր երկրում լինի այն կրթության համակարգը, որը կկազմակերպի մի անփորձ մեկը։ Կուզենա՞ք ձեր որդին զորակոչվի այն բանակը, որի ղեկավարն է Լուլուն, Լենան կամ Վաղարշակը։ Չէ՞ որ, դա մեր երեխաներն են, մեր ապագան է, դրա վրա ո՞նց կարելի է փորձարկումնել անել։ Իրոք, փորձելու ժամանակը չէ։
Կարճ ասած՝ ընտրություններին մասնակցող հարգելի քաղաքական ուժեր, խնդրում եմ, ռեալ գնահատեք ձեր ուժերը, ձեր հնարավորությունները, ինչ կարող եք իրականում անել դա ասեք, հերիք է այն պոպուլիզմը որը մեզ բերեց ու հասցրեց կործանման եզրին։ Խոսքը նրա մասին չէ, թե քանի տոկոս կհավաքեք, թեկուզ հավաքեք 90 տոկոս, խնդիրն այն է, թե ինչ կարող եք ռեալ անել մեր երկրում։ Նիկոլը 70 տոկոսով պետության հերն անիծեց, այ հենց այդ անպատասխանատու պոպուլիզմի արդյունքում։ Կարևորը տոկոսը չէ, այլ՝ ինչ կարող եք անել։ Եվ դուք, ժողովուրդ, դուք էլ գնահատեք, թե ինչպիսի ղեկավարի ու թիմի պետք է ձայն տաք, սա կարևոր է։ Սիրում եմ-չեմ սիրում չկա, ղեկավարին չպիտի սիրենք՝ աղջիկ չենք տալիս, մեզ պետք է հետաքրքրի մեր լավ ապրելը, հայրենիքի ու մեր երեխաների անվտանգությունը և այլն, դա հենց այդ իշխանությունը պարտավոր է ապահովել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը