Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի անվտանգության հարցը էս պահին ամենացավոտներից մեկն է, իշխանության արբանյակները անմիջապես վրա են տալիս, թե ժողովրդին մի վախեցրեք, պատերազմն ավարտվել է, մնում է սահմանները բացենք, առևտուր անենք ու հարուստ ապրենք։ Ադրբեջանը արդեն երրորդ զորամասն է բացել հենց Հայաստանի հետ սահմանին։ Ադրբեջանը խրամատներ է փորում մեր դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Խաղաղության ձգտող Ալիևի ինչի՞ն է պետք նոր խրամատները մեզ հետ սահմանին, եթե Աննա Հակոբյանն արդեն զենքերը զարդ է դարձրել ու կախել վզից։ Ասեք՝ հասկանանք, կարող է դուք ավելի շատ գիտեք, քան խելքը գլխին վերլուծաբանները։ Ադրբեջանը շարունակ զենքերի պայմանագրեր է կնքում։ Իսկ մե՞նք ինչ ենք անում։
Դուք տեղյա՞կ եք, թե Նիկոլը, բացի զոռով մարզեր այցելելուց, այստեղ քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործեր սարքելուց, ինչ է անում, ի՞նչ վիճակում են մեր սահմաները։ Ասեմ․ տեսանյութեր են հրապարակվում այն մասին, որ դիրքեր ենք տալիս, վրանի մեջ են քնում մեր զինվորները, տարրական պայմաններ չկան, շաբաթներով չեն լողանում, առաջնագիծը ամուր չէ։ Ադրբեջանցի սահմանապահները մտնում են մեր գյուղերը, գյուղապետն է գնում պաշտպանելու։ Նիկոլը զբաղված է քարոզարշավով։ Էս ամենը Ադրբեջանը տեսնում է՞, թե՞ չի տեսնում․ այս ամենը կատարվում է նրա քթի տակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հողերը տվեց, ու հիմա չեզոք գոտի անգամ չկա թշնամու հետ։
Պատգամավորը հարց է տալիս, թե՝ ինչու չունենք կահավորված առաջնագիծ, խրամատներ, մեր դիրքերը չեք ամրացնում, Նիկոլը սկսում է ցինիկանալ․ տենց լավ չէ, կորդինատներով տվեք Ադրբեջանին, թե որտեղ ինչի պակաս ունենք։ Չէ, որ դուք ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ եք խրել ու ձեզ թվում է, թե անտեսանելի եք, կարծում եք թշնամին չի տեսնո՞ւմ, որ քո գյուղը գյուղապետն է պաշտպանում, որ սահման չունես, խրամատ չունես։ Էդ որ Ադրբեջանը 3 հատ զորամաս է բացել մեր սահմաններին, ո՞նց իմացանք։ Տեսանք, Նիկոլ, տեսանք էնպես, ինչպես իրենք են տեսնում մեր սահմաններին դրանց բացակայությունը։
Բայց քանի որ խնդիրներին արձագանքելու փոխարեն ցինիկացար, հիմա ասեմ, թե ով է Հայաստանից ինֆորմացիա փոխանցում Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ կառավարության նիստ է անում ու ասում է, թե Հայաստանը ո՛ր սննդատեսակից քանի օրվա պաշար ունի։ Սա արդյո՞ք իշմար չէր Ալիևին։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ուղիղ եթերով հայտարարում էր, թե 40 մլն դոլարանոց զենք ունենք, որը չի աշխատում։ Ինչո՞ւ էր ասում, արդյո՞ք Ալիևին հասկացնելու համար չէր։ Պատերազմի ժամանակ ծառայությունն ավարտած բոլոր զինվորներին հրավիրում էր հավաքակայան ու ուղիղ եթերով ասում էր հասցեն։ Արդյո՞ք Ալիևին նշան չէր տալիս։
Նիկոլ Փաշինյանը իշխանություն գալու առաջին օրից Ալիևին բացահայտ ինֆորմացիաներ է տվել․ բացահայտ ու հիմա էլ է շարունակում տալ։ Հայաստանում հանձնաժողով են ստեղծում ապրիլյան պատերազմը քննելու համար, բազմաթիվ գաղտնի նյութեր են վերցնում հանձնաժողովի անդամները ու հետո իմանում ենք, որ պատահական մարդիկ են մասնակցում նիստերին, պատահական մարդ այդ նիստից հատված է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում։ Էդ ո՞նց է լինում։ Հայաստանում ԱԱԽ նիստ է տեղի ունենում ու մասնակցում է մարդ, որին անվանում են թուրքերի բացահայտված գործակալ, ու հերքումը չկա։ Նիկոլ Փաշինյանը միայն նրա համար, որ հեղինակազրկի գենշտաբի պետ Օնիկ Գասպարյանին, գաղտնի փաստաթուղթ է հրապարակում անվտանգության խորհրդի նիստից։
Բայց նա դրանով չի ավարտել, էսօր էլ է Ալիևին հա՛մ ինֆորմացիա տալիս, հա՛մ օգնում։ Մեկ ամսում 50 հազար ջահել մարդ, զենք բռնելու ունակ մարդ երկիրը լքում է, սա Ալիևին ազդակ չէ՞, որ Հայաստանը դատարկվում է, պատրաստվի՝ տեսնենք ինչ ես անում։ Կապիտուլյացիայի արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն արտագաղթում են, սա արդյո՞ք Ալիևին ցույց տալու համար չէ։ Արդեն լսում ենք, որ Ադրբեջանը որոշ հատվածներում դիրքերը առաջ է տալիս։ Էդ որ ռեստորանի գեներալին Պաշտպանության նախարար է դնում, ոչ մի լուրջ զինվորական այդ նախարարին լուրջ չի ընդունում, դա ու՞մ համար է անում, ի՞մ, ձե՞ր։ Իսկ կարող է՞ Ալիևի համար է, այդ անիմաստ մարուն դրել նախարար։ Կառավարությունը էն օրին է հասցրել երկիրը, որ թոշակը պարտքով է տալիս․ սա Ալիևին ուղղած մեսիջ չէ՞, որ չեմ կարող զենք գնել, փող չունեմ։
Իմ պատկերացմամբ, Փաշինյանն ու Ալիևը աշխատում են ձեռք ձեռքի տված, շուտով՝ նախընտրականի ժամանակ էլ դա կտեսնենք։ Փաշինյանը այնքան թափանցիկ է Ադրբեջանի հետ ու էնքան գաղտնապահ Հայաստանի քաղաքացիների հետ, որ արդեն կասկածներ է հարուցում՝ ո՞ւմ դրածոն է սա, որտեղի՞ց է եկել ու ո՞նց հայտնվեց Հայաստանում իշխանության ղեկին։ Ալիևը Արցախը վերցրեց, բայց Նիկոլը հա՛մ Արցախը տվեց, Հա՛մ Հայաստանն է թուլացնում։ Ժողովուրդ, ես ո՞նց բացատրեմ, որ դուք հասկանաք, որ էս մարդը մեր թշնամիների ամենացանկալի կադրն է Հայաստանում ու վախենում եմ ասել, բայց կարող է՞ ընդանհրապես հենց նրանց նշանակած կադրն է։ Ես ունեմ լիքը կասկածներ, որ Նիկոլ Փաշինյաընը Ալիևի ներդրված ականն է Հայաստանում։ Ու ձևական, դա շեղելու համար, հայտարարում է, թե ձեզանից մեկն եմ, տեսեք, ես էլ եմ տուժել պատերազմից, իմ տղան էլ է պատերազմի մասնակցել, ամենաթեժ տեղում։ Տղան այդ օրերին, ֆոտո էր հրապարակում, թե պատերազմի կեսին ոնց էր հանգիստը վայելում Արցախում, բունկերում, մոր հետ միասին։ Նիկոլ Փաշինյանի կինը բունկերի կամ հյուրանոցի լուսանկար էր հրապարակում երեք փափկասուն կանանց մասին, տեսնում էինք Աշոտիկը հետներն է։ Էդ ո՞նց է մասնակցել, այ տղա։ Մնացած մասնակիցներից միջնորդավորված էինք լուր ստանում, աշխատում էինք չզանգել, սրանք ուղիղ եթերներ էին մտնում, ուրախ լուսանկարներ հրապարակում, տակն էլ գրում՝ հաղթելու ենք։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իր գործունեության տարբեր փուլերում իրեն պահել է թշնամու պես՝ սկսած մարտիմեկյան իրադարձություններից, Ազգային ժողովում իր կեցվածքից, իշխանությունը զավթելուց, պատերազմի ընթացքում, կորոնավիրուսի ընթացքում և հիմա։ Արդյո՞ք թշնամու պես իրեն չէր պահում, երբ կորոնավիրուսից պաշտպանվելու խորհուրդ պինցետով ու տնական արաղով միջոց էր առաջարկու, երբ ասում էր՝ մեր զոհերը 4 հազար են, պլյուս-մինուսով։ Ասում է՝ բարեբախտաբար՝ հնարավոր է, որ մարդիկ մահանան կորոնավիրուսի պատվաստումից։ Էս մեր համազգային սգի պատասխանատուն, մեղավորն ու հանցակիցը խորհրդարանում իր մյուս հանցակիցների հետ ժեստերով, հումորով, ծաղրով խոսում է մեր պրոբլեմների մասին։ Բանակը քանդեց, ռազմական տեխնիկան փոշիացրեց ու ասում է՝ մեզ թվում էր, թե բանակ ունեինք, պարզվեց չունենք, բոլոր բոլորին մեղադրում է բացի իր վրա պատասխանատվություն վերցնելուց։
Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստան բերած չինական պատվաստանյութի մասին ու Ազգային ժողովում հռհռոցը կապել են, ԱԺ նախագահն ու փոխնախագահը իրար մատով են ցույց տալիս, թե՝ դու կպատվաստվես չինականով, իբր՝ անորակ է։ Հայաստանի իշխանությունը ԱԺ ամբիոնից ծաղրում է Չինաստանին, հասկանում ե՞ք։ Հիմա էս մարդիկ չե՞ն հասկանում ինչ է պետությունը, պետական հարաբերությունները, թե՞ Չինաստան-Արևմուտք էս համկամարտության ֆոնին պատվեր են ստացել Սորոսից վարկաբեկելու Չինաստանը։ Բա սա թշնամու քայլ չէ՞։
Էսքան լկտի պահվածքից հետո ամենալկտին թերևս նրա հայտարարությունն էր, որ պատրաստվում է ամեն գնով մնալ իշխանության։ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից բառացի հայտարարեց, որ ինքը զավթելու է իշխանությունը։ Նա ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի կարող փոխվել»։ Մարդ, որը իշխանության գալուց առաջ ու դրանից որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե որոշողը ժողովուրդն ա, ժողովուրդը եթե որոշի, ես պատրաստ եմ գնդակահարվել, հիմա՝ ընտրություններ է նշանակել, ու ընտրությունների այս փուլում, հայտարարում է, թե ոչ մեկին իշխանությունը չի տալու։ Ոչինչ որ հայրենիքը տվել է թուրքերին, ոչինչ որ 5 հազար տղու դրել է հողի տակ, բայց իշխանությունը չի զիջի, դա է ամենից կարևորը իր համար։ Ժողովրդի անունը շահարկելով իշխանության եկավ, ժողովրդից 10 հազարին տարավ դեպի մահ, շարունակեց չեղած իշխանությւոնը պահել ու հիմա ակնարկում է, որ ամեն ինչ անելու է, որ մնա պաշտոնին։ Պետք է՝ Հայաստանի կեսն էլ կզիջի Ալիևին։ Էդ ինչի՞ց որոշեցիր, որ դու մնալու ես։ Իրոք ժողովուրդն է որոշում, օրինակ՝ ես, ու ժողովուրդը քեզ քաղաքական աղբարկղն է նետելու։ Հայաստանում իշխանությունը փոխվելու է, պարտավոր է փոխվել, եթե Հայաստանում մնաց Նիկոլը, ուրեմն Հայաստանը պետություն չի ունենա, կդառնա Ադրբեջանի կցորդ։
Կարճ ասած՝ մենք ամեն օր համոզվում ենք, որ Հայաստանը զավթված է մեր թշնամիների կողմից։ Նրանք 5 հազար կյանք են զոհել, նրանք Հայաստան են զոհել, Արցախ են զոհել ու չեն բավարարվում, հիմա էլ ասում են՝ ժողովուրդ, նորից ինձ տվեք իշխանություն, Հայաստանի տարածքը ձեզ շատ է, էլի կրճատենք, 2,5 մլն բնակիչը շատ է, էլի փոքրացնենք։ Նիկոլ Փաշինյանը բացում է Եռաբլուրի դռները և ուզում է բազմապատկել տարածքը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը