Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում իշխանական ու իշխանամերձ պատգամավորների ելույթները լսելիս ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե ելույթ են ունենում ֆեյքերի ՊՈԱԿ-ի աշխատողները։ Ազգային ժողովը բացարձակապես կապ չունի Հայաստանի այսօրվա օրհասական խնդիրների հետ․ նրանք մի առանձին պետություն են, լրիվ ուրիշ և քննարկում են հարցեր, որոնք միմիայն իրենց կոմպլեքսներից են առաջանում։ Սրանք 100 հատ օրենք են ընդունել կապիտուլյացիայից հետո, ու դրանցից համարյա ոչ մեկը կապ չունի Հայաստանի այսօրվա ամենահրատապ հարցերի հետ։ Բայց բոլոր քննարկումներն էլ անպայման փորձ են անում ատելություն քարոզել։
Մեզ արդեն մաշեցնում է գերիների թեման, մենք դրան զուգահեռ տեսնում ենք, որ ամեն օր որևէ հատվածով թշնամին առաջ է գալիս, Ադրբեջանի նախագահը ասում է, որ Զանգեզուրն արդեն իրենն է, տեղեկացանք, որ Կապանից 100 հեկտարից ավելի տարածք են վերցրել, տարբեր գյուղերի հատվածում հովիվ են գողանում-ահաբեկում։ Էս պահին մեր կառավարության ու Ազգային ժողովի անելիքները, քննարկելիք հարցերը ո՞րը պետք է լիներ, ձեր կարծիքով։
Բայց տես, որ պետության օրենսդիր մարմնում բազմաց ուսապարկերը էս բոլոր խնդիրները թողած, քննարկում են մեր պետության երկրորդ նախագահին, որը պաշտոնի չէ արդեն 13 տարի։ Չէ դուք հասկանում ե՞ք ինչով է զբաղված այս սորոսածին, գրանտակեր, գործակալների համբավով Ազգային ժողովը։ Նրանց, էս միամիտ ժողովուրդը վստահել է մեր այսօրվա ու վաղվա խնդիրների լուծելումը, սրանք պետությունը թաղել են ճահճի մեջ ու քննարկում են պետության ղեկավարին, որը 13 տարի է՝ ոչ մի պաշտոնի չէ մեր երկրում, բայց պաշտոնի եղած ժամանակ էլ երկիրը էն ձևի է պահել, այդ թվում՝ իրեն էսօր քննադատող էդ խաժամուժին, որ մինչև հիմա նրա արձանագրած ցուցանիշներին չեն կարողանում մոտենալ, բայց նրան են քննարկում։
Հարցն այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխող ուժը անհանգստացած է, որ վաղը էդ աթոռները, որոնք սոսնձել են իրենց քամակներին, պետք է փոխարինեն ու շատ հնարավոր է՝ փոխարինեն չոր իշաոտնուկներով, մի մասն էլ՝ բանտի կոյկեքով։ Սարսափում են էդ մտքից։ Սրանք այդպես էլ չսարսափեցին, երբ թշնամին մեր հայրենակիցների գլուխներ կտրեց տեսախցիկի առջև, չսարսափեցին ու չըմբոստացան, երբ թուրքը մտավ մեր գյուղերի տներից հանեց ընտանիքներ, երբ պարտվեցինք իրենց ղեկավարի թեթև ձեռքով, այլ սարսափում են որ պարգևավճարը շուտով չի լինելու։ Սրանք վախենում են, որ քաղաքացին համեմատում է իր էսօրվա ապրածն ու 15 տարի առաջ ապրածը ու տեսնում է, որ ինքը գնալով հետ է գնացել, ոչ մի դրական փոփոխություն չկա և կարող է Ռոբերտ Քոչարյանի հետևից գնա, որովհետև նրա հետ է հույս կապում։
Մեկը հարցնի՝ բա ինչո՞ւ եք զարմանում։ Դուք, երեք տարի շարունակ, ամեն օր խոսում եք ու խոսում, ամենուր խոսում եք, միշտ քննադատում ու ատելություն գեներացնում նախկինների նկատմամբ, բայց որևէ արդյունք ցույց չեք տալիս, հասցրել եք երկիրը ծայրահեղ վիճակի՝ անկազմակերպ, անիմաստ, ստորացված ու պարտված վիճակի։ Բա ի՞նչ եք ուզում։
Հանկարծ հայտ է ներկայացնում երկրորդ նախագահն ու տալիս կոնկրետ խոստումներ։
Ասում է՝ հնարավոր է ամբողջ Հայաստանն ապահովել աշխատանքով, ես դա կարող եմ։ Կարելի է պետականաշինությունը զարգացնել, ամբողջ Հայաստանը դարձնել շինհրապարակ։ Ասում է՝ ես կարող եմ մեկ ամսում կարգավորել գնաճը, ընդամենը մեկ ամսում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ աբսուրդ է, երբ երկրի բնակչության 30 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ, ու գյուղատնտեսության քաղաքակնությունը մշակող նախարարությունը փակվել է։ Սու՞տ է ասում, իհարկե ոչ։ Ասում է, ես կվերականգնեմ, բոլոր մասնագետներին տեղ կտամ ու այնպես կանեմ, որ գյուղացին ունենա օգուտ ու ոչ թե վնաս կրի։ Այսօրվա իրավիճակը ներկայացնում է ճիշտ ձևակերպումներով՝ գյուղացիների մի մասը վարկերի տակ է, մի մասը տուգանքների տակ է, մի մասն էլ քրեական գործերի մեջ է։ Ի՞նչ է, ինչոր մեկը համաձայն չէ՞ իր հետ։ Կարող է՞՝ այդպես չէ։ Ասում է՝ պետությունը կօգնի գյուղատնտեսությանը ոտքի կանգնել։ Գյուղացիներ, հիշեք ձեզ 15 տարի առաջ, հարցրեք փորձագետներին ու կասեն, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գյուղատնտեսությունը զարգացել է, իր ժամանակ է զարգացել, այդ մարդը գիտեր ինչ անել։
Ասում է՝ իշխանությունը քարոզում է Թուրքիայի հետ սահմանի բացում, բայց հենց բացվի, մեր գյուղացին է՛լ ավելի աղետալի վիճակում է լինելու։ Պետք է գյուղատնտեսության մակարդակը բարձրացնես, գոնե Թուրքիայի մակարդակին հասցնես սուբսիդավորումը և այլն և այլն, նոր բացես սահմանը։
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Հայաստանը 2,5 մլն փաստացի բնակչություն ունի ու հնարավոր է մեր երկիրը լավ պահել, եթե չխանգարենք գործարարներին, օգնենք և 140 միլիոնանոց ռուսական շուկան ու ԵՏՄ շուկան ճիշտ օգտագործենք։ Մեր երկիրը փոքր է և հնարավոր է ժողովրդին նորմալ պահելը։ Ինչ է՞, վա՞տ բան է ասում, թե՞ չի կարող անել։ Թե՞ վախենում են իմքայլականները, որ կարող է անել ու դրա համար են խառնվել իրար։
15 տարի առաջ նախարար, վարչության պետ, առաջատար և կրտսեր մասնագետ աշխատած մարդկանց հետ խոսում ես, ասում են ներդրողներն այնքան շատ էին, որ մի պահ արդեն նրանց աշխատանքը վերահսկելը դարձել էր դժվար։ Փող էր երկիր մտնում, ներդրում էր գալիս, որովհետև ներդրողների կատմամբ նորմալ վերաբերմունք էր, գործընկերային, ներդրումները պաշտպանված էին։ Այսօր ներդրում բացարձակապես չկա, ու պատճառը մասկի շոուներն էին, պատճառը էդ ձգտումն էր՝ ամեն ձև ցույց տալ, թե Սերժի, Քոչարյանի ժամանակ ներդրումները եղել են ապօրինի, գնում էին դիմակներով խուզարկության, ու 6 ամիս քրքրելուց հետո պարզում էինք, որ ոչինչ չի բացահայտվել, բայց ներդրողը արդեն նեղացել է մեր երկրից, մի մասն էլ՝ արդեն հեռացել։ Միայն վարչապետի մեկ հայտարարությունը, որ ամեն ներդրողի ԱԱԾ աշխատող եմ կցելու, դա Հայաստանի ներդրումային միջավայրի գերեզմանափորն էր։ Ու երկրորդ նախագահը խոստանում է, որ ներդրողների հետ լինելու է աշխատանք ու փոխվստահություն։ Հը՞, ուսապարկե՛ր, վա՞տ բան է ասում, ինչու եք այդքան խառնվել իրար։
Հայաստանը այս վիճակին հայտնվեց, որովհետև այսօր իշխող թիմը, բացի պոպուլիզմից, ոչ մի բանի մասնագետ չէ, ու ոչ էլ մասնագետներին է լսում, խորհուրդ չի ընդունում։
Երկրորդ նախագահը ասում է՝ ունեմ կոնկրետ ծրագրեր ու գիտեմ որը ինչպես անեմ։ Ու հազարավոր մարդիկ հավատում են, որովհետև ոչ մեկ անգամ են տեսել։ Ու նա ինքը շեշտում է՝ եթե վստահություն չունենայի, որ մենք ի վիճակի ենք կրկնել իմ հաջողությունները, չէի մասնակցի ընտրությունների։ Ու երկրորդ նախագահը գիտի, որ այս անգամ ավելի լավ պետք է անի։
Երկրորդ նախագահն ասում է, որ իր համար կարևորը աշխատող մարդն է, նա, ով աշխատանքի սեր ունի․ «ով չի ուզում աշխատի, թող ինձ ձայն չտա»։ Մենք տեսել ենք, որ այսօր իշխանության եկողները, տարիներ շարունակ քարոզել են աղքատություն, խեղճություն, թշվառություն։ Նիկոլ Փաշինյանն ինքը իր ելույթներով մարդկանց մղել է աղքատության, աղքատությունն է քարոզել։ Ասում էր՝ ժողովուրդ, դուք ամեն ինչ ճիշտ եք անում, բայց վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանել են։ Ու մարդիկ, որոնք չէին սիրում բազմոցից վեր կենալ, հա էլի՛, ասում էին։ Նույն մարդիկ էսօր էլ են բազմոցին պառկած, բայց այսօր իսկապես աշխատողներնել են բողոքում։
Մենք վերջին երեք տարում մեր պետության մեջ տեսած բոլոր բացասական բաները աչքի ու ականջի հետև ենք գցել, խոսացել ու բարձրաձայնել են սահմանափակ թվով մարդիկ։ Ու դրանք մեր խնդիրները կուտակել են իրար գլխի։ Միանգամից բոլորը պայթեցին ու տեսանք, որ երեք տարի բոլոր ոլորտներում եղել է փուչիկ ու սուտ։ Հիմա ամեն օր շատ թվով մարդիկ են փոխվում, վերադառնում իրական կյանք, լցվում փոխելու պատրաստակամությամբ։ Ու այս իշխող խմբակը վախենում է, որ ամեն օր մի քանի տոկոսով իջնում է իրենց ռեյտինգն ու բարձրանում է Ռոբերտ Քոչարյանինը։ Այ դա սարսափեցնում է։ Ու նրանք ինքնապահպանման բնազդով սկսում են ինչ-որ ձայներ արձակել, որոնք Նիկոլ Փաշինյանը ճիշտ կնբնորոշեր որպես վնգստոց։
Ժողովուրդ, մենք ուզում ենք, որ պարտության տարածը, պարտվածը հեռանա ու պատժվի։ Բայց միայն դա մեզ չի բերելու հանգստություն, մենք ուզում ենք, որ ապրենք անվտանգ, ապահով, որ առավոտ չարթնանաք ու մտածենք՝ վայ հեսա թուրքը կգա, հեսա գործից կհանեն, վայ, Ռուսաստանից դեպորտ արեցին, գնալու ենք սոված նստենք։ Ոչ ժողովուրդ, մի կյանք ենք ապրում ու ուզում ենք էդ կյանքը ապրել քիչ թե շատ բարեկեցիկ։ Մենք հասնելու ենք դրան։ Մենք տեսել ենք, որ նման բան հնարավոր է եղել։ Ես անձամբ, վստահ եմ որ հնարավոր է և հենց վաղը, բայց միայն սրանց գնալուց հետո։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ունի փորձ պատերազմի ու անվտանգության համարագրեր ձևավորելու, ունի հաջողված փորձ պետական կառավարման ոլորտում։ Երկրորդ նախագահը ռուսական ամենահաջողված ընկերության խորհրդի տնօրենների խորհրդի անդամ է, ապահովված մարդ, ինչի՞ն էր պետք գալ ու էլի մտնել այս ծանր բեռի տակ, այն էլ՝ քայքայված երկրի։ Գալիս է, որովհետև պատասխանատվություն է զգում ամեն մեկիս համար, մեր ապագայի համար, երկրի համար, չի կարողանում իր սովորական կյանքով ապրել, երբ նաև իր ջանքերով կառուցած երկիրը քանդում է մի անհայրենիքների խմբակ՝ մտածելով միայն իր անձնական խնդիրների մասին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը