Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխանության մանրապճեղ գործիչները, արտահերթ ընտրություններում պարտության հոտն առնելով, սկսել են մարտավարություն փոխել․ սրանք պատերազմում պարտությունից հետո մկան ծակից դուրս չէին գալիս, իսկ հիմա խորհրդարանի ամբիոնից մատ են թափ տալիս, անպատկառ ելույթներ են ունենում, փորձում են հանրության ատելությունը, որ հիմա ամբողջությամբ իրենց կողմն է, տարածել աջ ու ձախ։ Մեր երկրում արդեն սվաղում են հողերը տալու թեման, պատերազմը ձախողելու թեման, բոլորին մեղադրում են, իրենք Աստծու գառ են։ Հանրության ուշադրությունը պատերազմում իրենց պարտությունից փորձում են շեղել այս անգամ դեպի դղյակները, «նախկինների» դղյակները։ Ասում են՝ մեղավոր չենք, որ հողերը ծախել ենք, ավելին՝ հողերը հեչ․ մեղավոր չենք, որ 5 հազար հոգու զոհ ենք տվել, նրանք էլ հեչ, մեղավոր չենք, որ անհետ կորածներ ունենք, նրանք էլ հեչ, մորգերում ման եկեք․ մեղավոր ենք, որ դղյակները չենք կարողացել բերել պետբյուջե։ Է՝ բերեիք։
Ժողովուրդ, դղյակի թեման շատ լավ մշակված խայծ է։ Թե բա՝ նախկինների դղյակները խոստանում ենք հետ բերենք։ Ստոպ․ էդ ո՞ւմ եք էշի տեղ։ Նախ որտե՞ղ եք հետ բերելու, գուցե ձե՞զ եք ուզում վերցնել։ Բայց նաև՝ ո՞ւմ և ո՞ր դղյակների մասին եք խոսում։
Հիմա անդրադառնում եմ Նիկոլ Փաշինյանի ու թիմի վերջին երեք նշանակումներին։ Արտակ Դավթյան․ նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Մարդը դղյակ ունի։ Արշակ Կարապետյան․ ընդամենը 2 օր առաջ իրավունքի ուժով Նիկոլը դարձրել է գենշտաբի պետի տեղակալ։ Դղյակ ունի։ Գագիկ Ջհանգիրյանին Նիկոլի խորհրդարանը ընտրել է ԲԴԽ անդամ, հիմա էլ ուզում են ԲԴԽ նախագահ նշանակել։ Գագիկ Ջհանգիրյանը դղյակ ունի մեկի փոխարեն մի քանիսը։ Մեկը վարձով է տվել Իրաքի դեսպանատանը։ Ասում են՝ դղյակ ունես, ասում է՝ գոմ է։ Էն մարդիկ, որ էսօր խոստանում են ինչ-որ դղյակներ վերադարձնել, հենց իրենք կասկածելի պայմաններում մի քանի դղյակ ունեցող այս մարդուն ընտրել են ԲԴԽ անդամ։ Ես չեմ ընտրել ԲԴԽ անդամ, նախկինները չեն ընտրել, դուք եք ընտրել։
Բա էլ ի՞նչ դղյակներից եք խոսում, էդ ո՞ւմ դղյակներից եք խոսում։ Հլը ասեք։ Էդ դղյակները նոր չեն կառուցվել, հնում են կառուցել, նախկինների ժամանակ, ու դուք նրանց պաշտոն եք տալիս։
Այս պահին կառավարության մի քանի պաշտոնյա, օրինակ՝ վարչապետը, ԱԺ նախագահը, բնակվում են դղյակում, նրանք պահում ենք մենք ու 2 մլն դոլար մեզանից գողացել են, ռեմոնտ են արել դրանք։ Այս պահին ազգային ժողովում նստած են մի քանի պատգամավորներ, որնք ապրում են դղյակներում, պետական պաշտոնյաների մեջ այս պահին կան մարդիկ, որոնք ունեն դղյակներ։ Ո՞ւմ եք ձեռք առնում։
Բայց այսօր էլ դղյակ ձեռք բերողներ կան։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան․ մամուլը գրել է, որ 2020 թվականի սեպտեմբերին 251 հազար դոլարով Ջրվեժում 3 հարկանի առանձնատուն է ձեռք բերել։ Երևանի էլիտար շենքերից մեկում էլ, էլի ըստ մամուլի, 150 քմ մակերեսով բնակարան է գնել, շքեղ Range Rover ավտոմեքենա է ձեռք բերել։ Սիմոնյան Ալեն, պատգամավորի աշխատավարձով ու պրեմյայով էդ ո՞ց ես հեղափոխությունից մեկ-երկու տարի հետո երկու հատ տուն գնում։ Գիտե՞ք ինչքան մեծ ներդրում է պահանջում հեռուստատեսություն ունենալը, էնպես չի, թե որևէ մեծահարուստ կարող է վաղը հեռուստատեսություն բացել։ Ազգային ժողովի պատգամավորի կինը էդ ո՞նց է հաջողացնում հեռուստատեսություն ունենալ։ Ասեք՝ իմանանք։ Ու դուք ուրիշից խոսելու իրավունք ունե՞ք։
Նիկոլ Փաշինյանի արներձագ Հրաչը․ մարդը առանձնատուն է գնել այսպես ասած՝ մեծահարուստների սիրելի վայր Ձորաղբյուրում։ Երբ էս տղեն դարձավ դեպուտատ, դերասանները ողբում էին, արդեն ասում էին՝ եթե Նիկոլն էդ որակի կադրերով է ուզում երկիր պահել, մեր վերջը եկել է։ Հրաչ ջան, բալիկ ջան, էդ ի՞նչ միջոցներով ես դղյակդ գնել։ Ես ներողություն եմ խնդրում մարդկանցից, որոնց պատմածը՝ Հրաչյայի մասին, պետք է հանրայնացնեմ։ Մինչ հեղափոխությունն ու պատգամավոր դառնալը Նիկոլի աներձագը դերասան էր աշխատում, կինոներում մասսովկա էր ապահովում կամ էպիզոդիկ դերեր։ Նկարահանման հրապարակում սովորաբար պերերիվ են նախատեսում նկարահանող հիմնական աշխատողների համար, փոխարինող անդամները կամ, ասենք, էպիզոդներում խաղացողներին կամ մասսովկա ապահողներին չեն հաշվում։ Հրաչյա Հակոբյանը, ասում են, միշտ գալիս էր այնպես, որ հաց ուտելու ժամին էդտեղ լիներ։ Ու իր համար նախատեսում էին ավել բաժին, որովհետև գիտեին՝ գալու է։ Էս մարդը ապրել է փորը պահելով սրա-նրա հաշվին։ Գործընկերները չեն հիշում, որ ծխող Հրաչը սիգարետ ունեցած լիներ, աջից-ձախից ուզում էր, հումորով ասում էին «էՍ-էն-Գէ» է ծխում՝ սրանից, նրանից, գետնից։ Հիմա էս մարդը դեպուտատ է։ Դղյակ է առնում․ միակ օգուտը էն է, որ նրանց հաշվին հաց չի ուտում, չի ծխում, բայց դա անում է արդեն իմ հաշվին, ձեր հաշվին։
Հեղափոխություն կոչեցյալից հետո ընդամենը այս կարճ ժամանակում հիմիկվա նախարար Ռոմանոս Պետրոսյանը, կոկորդիլոսագետը, անունն էլ մոռացա, տարբեր հրապարակումների համաձայն, տներ են ձեռք բերել։ Մարդիկ գնում են իմքայլական պատգամավորի տան դիմաց դավաճան գոռալու՝ հողերը ծախելու համար, հարևաններն ասում են՝ սխալ հասցեով եք եկել, նա նոր տուն է առել։
Դղյակի մասին խոսացողներ, որտեղի՞ց ձեզ էդ գումարները։ Ո՞ւմ եք ձեռք առնում։ Ալենի դղյակների, աներձագ Հրաչի դղյակի, Ջհանգիրյանի դղյակների, Շիշ բռնողի ու մյուսների՝ հեղափոխությունից առաջ ու հետո ձեռք բերված դղյակների, շքեղ բնակարանների գումարներով քա՞նի բեզպիլոտնիկ էր հնարավոր գնել։ Բեզպիլոտնիկների փողերը լցրել եք տակներդ ու երես ունեք տներից խոսելո՞ւ։ Ապառիկով հեռուստացույց առնողը դառնում է ԱԺ նախագահ ու տուն է գնում, թանկարժեք կահույքի թաննութներում ման գալիս։
Ես դեմ չեմ, ունեցեք, բայց ո՛չ մեր հաշվին, ո՛չ մեր պետության հաշվին։ Ու դա մի արեք նախկիններին քննադատելու ֆոնին։ Մանավանդ որ նախկինների գլուխն արդեն լվացել եք։
Գիտե՞ք հարցը որն է, պետք է պետությունը զարգանա, առաջ գնա ու եթե իշխանավորը փող ունի, գործերը լավացել են, ուրեմն դա պետք է լինի ժողովրդի գործերը լավանալուն զուգահեռ։ Հիմա ձեր գործերը լավանում են ամեն օր, մենք գնալով գոտիներս ենք ձգում, ու մեզ հետաքրքրում է՝ էդ ո՞նց ա լինում։ Էդ ո՞նց ա լինում, որ Ալեն Սիմոնյանը հեղափոխությունից հետո դղյակ է ձեռք բերում, Նիկոլի աներձագն էլ, բայց մեղադրում են նախկիններին։
Աբսուրդ ա։ Ժողովուրդ, ձեզ սադրում են սրանք։ Հիմա խնդրում եմ մի հատ բոլորդ ձեզ նայեք ու հիշեք նախկինում և հիմա։ Նայեք, թե ինչ ունեիք հեղափոխությունից առաջ, ինչ ունեք հեղափոխությոնիից երեք տարի անց։
Ձեզանից մի մասը կորցրել է աշխատանքը․ մի մասի պատճառը եղել է կորոնավիրուսը, մի մասի պատճառը եղել է պատերազմը, մի մասինը՝ սխալ, փնթի կառավարումը ու դրա հետևանքով տնտեսական ճգնաժամը։ Ձեզանից շատերը պահպանել են աշխատանքը, բայց կորցրել են ընտանիքի անդամի վատ կառավարած համաճարակի արդյունքում, 5 հազարին կորցրել ենք պատերազմի արդյունքում, 10 հազարից ավելի մարդ առողջությունն է կորցրել, տունն է կորցրել։ Մի մասը ազատությունն է կորցրել վատ դատարանների արդյունքում, մի մասը, միջին ապրող էր, դարձել է նպաստառու, գյուղացին մթերքի իրացման շուկաներն է կորցրել։ Ի վերջո, հեղափոխության արդյունքում մենք հայրենիք ենք կորցրել։ Ձեզանից քա՞նիսն է էս երեք տարում նոր գործ դրել։ Կրկնում եմ՝ նայեք դուք ինչ եք ստացել երեք տարում, էս ուսապարկերն ինչ են ստացել երեք տարում։ Սրանք ծաղկում են օր-օրի ու հենց դժգոհում եք, ասում են՝ նախկինները․․․
Ամեն մեկդ ձեզ համար՝ սկսած էն զոմբիներից, նիկոլականներից, նիկոլապաշտներից մինչև ամենավերջին իշխանավորը, նայեք-տեսեք ով ինչ ուներ հեղափոխությունից առաջ ու ինչ ունի հետո ու տեսեք, թե ում պետք է մեղադրեք։
Կարճ ասած՝ էն ամեն ինչում, որ սրանք մեղադրում են նախկիններին, նրանցից տասնապատիկ ավելն են արել բոլոր վատ իմաստներով՝ դղյակի, թալանի, պարգևավճարի, սուտ խոստումների, քուչի տղերքին ապավինելու, դատարաններին զանգելու, մարդկանց աղքատացնելու։ Դուք նեղացրել եք ու մեր երկրից հեռացրել եք բոլոր նրանց, ովքեր կարող էին մի բան ներդնել, աշխատատեղ ստեղծել։ Դուք նեղացրել եք բոլոր նրանց, ովքեր մեր երկրին պետք էին ու մնացել եք դուք՝ էդ անբան, անպետք խմբակով։ Ուրեմն չհամարձակվեք ձեր սխալների մեղքը բարդել ուրիշների վրա։
Հույս չունենաք, թե կարող եք ձեր արածները սղացնել։ Եվս մեկ-երկու ամիս ու դուք արդեն պատմության աղբանոցը նետված կլինեք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը