26 03 2021

«Կարճ ասած»․ Սենսացիոն հրահանգները՝ մեկ տեղում․ Նիկոլի արդարադատության դեմքը



Օրենք, արդարություն, արդարադատություն. սրանք ամենաչարչրկված խոսքերից են այս իշխանության օրոք։ Բայց նաև 3 տարի շարունակ ամեն օր բռնաբարվել են հենց իրենց կողմից։Գրպանային արդարադատության մի սանդղակ է սահմանել Նիկոլ Փաշինյանը, ու դրանից ամեն օր մի քայլ վերև է թռնում։ Ասենք Փաշինյանը ցուցում է տալիս դատավորին, որ այսինչի դեմ գործ սարքեն․ բայց նա չի թողնում անգամ, որ դատավորը որոշի, թե ինչ ձևով գործը առաջ գնա, ինքն էլ հրահանգում է ուղին։

Ես հիմա կբերեմ բազմաթիվ օրինակներ․ընդամենը երկու ամիս առաջ էր՝մասնագիտական շրջանակներն ահազանգում էին, որ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու նպատակը դաստարաններում Նիկոլի աչք ու ականջ լինելն է, կեղծիք ու պատվեր տալը։ Խնդրեմ, երեկ իմացանք, որ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունենում վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և երկու քննիչների հետ ու էդ քննիչներն էլ քննում են Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը։ Իսկ ե՞րբ են այդ գործերը հարուցվել․ երբ Սյունիքը թուրքերին տալուց հետո Նիկոլի հրաժարականը պահանջեցին հենց այդ համայնքապետերը։

Հիմա ի՞նչ են անում Վարդապետյանն ու Ջհանգիրյանը իրավական համակարգի հետ։

Մարտի 10-ին աղմկահարույց տեսանյութ հրապարակվեց, որ նույն Աննա Վարդապետյանը ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործն է խմբագրում, ուղղումներ է անում, հրահանգներ է տալիս քննիչներին, անգամ նրանց է ուղարկում մեղադրանքի որոշումը։

Աննա Վարդապետյանը կամ Ջհանգիրյանը իրենք իրե՞նց համար են դա անում, ինքնագլո՞ւխ են դա անում։ Բնականաբար՝ ոչ։ Հիմա է՞լ ինչ գործեր կան, որ սրանք ուղղորդում են։

Արդարադատության նախարարը տեղյակ չէ, ասում է, որ ժամանակ չունի նման բաներով զբաղվելու, այսինքն՝ արդարադատությանը հետևելու համար։ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և քննիչի գաղտնազերծված նամակագրության առիթով հարուցվում է քրեական գործ ու գիտե՞ք որ մասով, ո՛չ, սիրելիներս Աննա Վարդապետյանին չէ մեղադրանք առաջադրվել, ոչ էլ քննիչին, ոչ էլ վարչապետին, այլ ընդամենը ապօրինի կերպով այդ ինֆորմացիան գաղտնազերծելու թեմայով։ Այսինքն, այն որ վարչապետի աշխատակազմից քննիչին ցուցումներ են տալիս, դա հեչ, այ բերեք հլը իմանանք այդ ո՞նց է այդ ինֆորմացիան դուրս ելել։ Հիշո՞ւմ եք ՀՔԾ ու ԱԱԾ պետերի խոսակցություը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի վրա գործ կարելու մասին, էդ օրերի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում էր, թե կարծիք չի հայտնի, որովհետև կարևորը ոչ թե այն է, թե ինչ են պայմանավորվում, այլ՝ որ ապօրինի են գաղտնալսել։ Դա նույնն է, որ օրինակ Նիկոլին հիմա բռնեն ճամպրուկով կաշառք վերցնելուց, բայց գործ հարուցեն, ընդամենը իմանալու համար թե այդ որտեղի՞ց են իմացել որ Փաշինյանը չամադանով կաշառք պտի վերցնի։

Մարտի 16-ին պարզ դարձավ, որ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, քանի որ անհիմն ու քաղաքական է համարել գործը։ Այսինքն, արդեն աշխարհն է վստահ, որ մեր երկրում մարտի 1-ի գործով քաղաքական պատվերներ են իջեցվել։ Խայտառակվում է երկիրը պատվերով դատելու արդյունքում, բայց սրանք իրենց համապատասխան դեմքի արտահայտությունը հագած, իրենց ավանակի տեղ են դնում։

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչական դատարանում բողոքարկել է իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Որոշում կայացնելուց առաջ դատավոր Մհեր Պետրոսյանին են այցելում ԱԱԾ աշխատողները։ Ավելին ասեմ՝ դատավորը որոշում է կայացնում, կառավարությունն ասում է՝ չեմ կատարում։

Նույն դատավորը դիմել է ԲԴԽ-ին, ասում է, որ իր նկատմամբ ճնշումներ կան։ Մարդը կյանքի համար սկսել է անհանգստանալ Օնիկ Գասպարյանի մասին որոշումից հետո։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանի կյանքը վտանգի տակ է հայտնվում նախագահ Քոչարյանի գործով որոշումից հետո, դատավորներ Դավիթ Գրիգորյանինն էլ, Արսեն Նիկողոսյանինն էլ։ Ավելին ասեմ, Դավիթ Գրիգորյանի ու Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ նաև ապօրինի քրեական գործեր հարուցվեցին։ Դատավորներին առերևույթ ճնշելու վերաբերյալ ո՛չ մի քրեական գործ, ո՛չ մի հետապնդում, արդարադատության նախարարությունը, դատախազությունը լուռ ու խուլ էին։ Իսկ երբ, Աննա Դանիբեկյանը Նիկոլի սրտով որոշումներ էր կայացնում, նախագահին կալանքի տակ էր պահում, ու երբ նրան փողոցում հանդիպելով հարցրել էին՝ վնգստում եք, թե չէ, անմիջապես կալանավորեցին էդ տղերքին, դատավորի վիրահատության վերաբերյալ իմ հաղորդումից հետո գործ հարուցվեց։

Դե հիմա ինձ ասեք, էսպիսի բաներ Սերժի վախտ կայի՞ն, քա՞նի դատավոր է Սերժի վախտ դիմել ու ասել, որ իր անվտանգությանը սպառնում են։ Էդքան ասում են Սերժի ժամանակ դատավորները հրահանգներ էին ստանում․ կարող է, և այդպես է, բայց բանն այն է, որ էն ժամանակ կային լիքը խոսակցություններ ու ոչ մի փաստ․ հիմա փաստը կա, բայց աչքիդ տեսածը հերքում են։Արդարադատության նախարար Բադասյան Ռուստամը էսքանից հետո ասում է, թե գործող իշխանության օրոք որևէ միջամտություն չի եղել դատական պրոցեսին, այդ ամենը եղել է 2018 թվականից առաջ: Էսքանից հետո էդ պատանուն էլ ի՞նչ ասես։ Սա՛ է Նիկոլը, իր բերած կադրերը ու իր պատկերացրած արդարադատության դեմքը, ժո՛ղովուրդ։

Ու զարմանալի է պատկան մարմինների քար անտարբերությունը․ ես բերեցի միայն արդարադատության նախարար աշխատող Ռուստամ Բադասյանին։ Բա մյուսնե՞րը։ Չկա մի հանցագործություն այս իշխանության կատարած, որը կհրապարակես ու դատախազությունը կարձագանքի, քրեական գործ կհարուցի, կքննի պատշաճ, պատասխանատվության կենթարկի։ Մի տեսակ թքած ունեն։Տպավորություն է թե Նիկոլի իշխանությունը, ոչ միայն Նիկոլի ու իր ընտանիքի համար է բարձրագույն արժեք, այլ նաև դատախազության, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Քննչականների և այլն։ Այսինքն՝ պետություն, մարդիկ, զոհեր, տարածքներ, գյուղեր, տներ, Հայրենիք, էդ սաղ հեչ, Նիկոլը դեռ ուզում է մնա վարչապետ, օգնենք իրեն։ Թե ինչի՞, չեմ հասկանում։

Այ, օրինակ, մամուլը, գրեց, որ Արսեն Թորոսյանը երբ առողջապահության նախարար էր ու նրա տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, կասկածելի հանդիպումներ են ունեցել։ Մի խոսքով, բանդա են ղեկավարել։ Երկու ամիս անցել է այս հրապարակումից ու ո՛չ մի քրեական գործ, ո՛չ մի արձագանք։

Սա Նիկոլի համար նորմալ կլինի հաստատ, կոմպրոմատը իր զենքն է, առնվազն մեկ հոգի՝ Միքայել Մինասյանը, հայտարարել է, թե որ տարիներ շարունակ Նիկոլին վճարել է իր ու իր ընտանիքի մասին չգրելու համար։ Բայց արդյո՞ք սա նորմալ է և սովորական է անգամ մեր դատախազության համար։

Մեկ այլ օրինակ․ պարզվում է, որ Երևանի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանը քրեական գործերից մեկով կալանքի հանձնարարական է տվել դատավոր Վահագն Մելիքյանին, ասել է՝ հետո՞ ինչ անչափահաս երեխա ունի, պետք է կալանավորես։ Արդյունքում անձը կալանավորվում է։ Երկու դատավորների խոսակցության վերաբերյալ քրգործ չկա։

Ստացվում է, որ մեր երկրում տարբեր համակարգերում, այդ թվում՝ իրավական համակարգում, հանցավոր խմբավորումներ կան, կան հանցավոր շահեր ու համագործակցություն։ Ու, հիմա ի՞նչ․ ողջ պետական համակա՞րգն է թաղված այս կոռուպցիայի մեջ։Մենակ էն, որ վարչապետն իր մոտ փակ հանդիպման է հրավիրում դատավոր-դատախազների ու քրեական գործի շուրջ խոսում, հերիք է լիովին պատկերացում կազմելու համար։ Ու էս ֆոնին արդեն մանկական խաղ է դատարանները շրջափակելը։

Գիտե՞ք ինչը հիշեցի․ 2019թ․ նոյոմբերին արդարադատության նախարար աշխատող Ռուստամ Բադասյանը հայտարարեց․ «Բացառված է, որ ՀՀ-ում գործող պաշտոնատար անձանցից որևէ մեկը ներգրավված լինի որևէ կրիմինալ շրջանակի մեջ, և դա չնկատվի»։ Բոլորն էլ նկատվում է, բայց՝ կուտակվում ապագայում քննվելիք քրեական գործերի փաթեթում։ Բա։ Այսպիսի բաներ։

Կարճ ասած՝ բոլոր նրանք, որոնք առնչվում են քրեական, քաղաքացիական, վարչական գործերի՝ մեղադրյալ են, տուժող են, վկա են, թե այլ կարգավիճակ ունեն, իմացեք՝ մեր երկրում արդարադատություն կատարվում է զանգով, պատվերով, թեկուզ հենց ձեր գործով։ Գոնե իմ բերծ փաստերը, հերիք են ու իրավունք են տալիս, այդտեսակ կարծիք ունենալ ողջ համակարգի նկատմամբ։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ