04 03 2021

«Կարճ ասած»․ Քոչարյանը, Մանուկյանը, և Նիկոլի վախերը



 

Այսօր մի քանի իրադարձություն տեղի ունեցավ, որոնք շատ եմ կարևորում և ուզում եմ անդրադառնալ։ Նախ քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Վազգեն Մանուկյանին։ Պատճառն այն է, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդն է։ Փաստաբանը ճիշտ գնահատականը տալիս է՝ եթե Նիկոլը ունի քաղաքական հակառակորդ, ուրեմն էդ հակառակորդը պետք է ունենա քրեական գործ։ Ռոբերտ Քոչարյանը թիվ մեկ հակառակորդն է՝ ուրեմն պետք է բանտ նստի, Ծառուկյանը քաղաքական հակառակո՞րդ է, պետք է քրեական գործ ունենա, Սերժ Սարգսյանն էլ, Վանեցյանն էլ։ Իսկ Վազգեն Մանուկյա՞նն ինչ պակաս քաղաքական հակառակորդ է, հենա՝ ընդիմության միասնական թեկնածուն է, մի բան էլ իր վրա կարեք։ Սա վախկոտ մարդու կեցվածք է։

Որ Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար, չափազանց վախկոտ է, դրա մի ապացույցն էլ երեկ էր․ մարդը պետք է գնա ԱԺ, էլ շենքը ականապատում են լուսաձայնային նռնակներով, էլ դիպուկահարները նշանը բռնում են քաղաքացիների վրա, էլ Ալֆա ջոկատ, էլ 3 հազար ոստիկան։ Ուժի անհարկի ցուցադրում է խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Հիշում ե՞ք, Նիկոլ Փաշինյանը իր 100 ձեռքբերումներից մեկը համարում էր ԱԺ դարպասների բացելը ժողովրդի առաջ։ Երեկ սվարկայով փակեցին։ Նիկոլը չվերջացող վախերի մեջ է։ Նա իրեն երևի հանգիստ է զգում միայն երբ որևէ հակառակորդի վրա քրեական գործ կա, որովհետև ցանկացած պահի կարող է զանգել որևէ վնգստացողի ու պահանջել կալանք և այլն։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրել են մի քանի արտահայտությունների համար․ ասում են՝ հանրահավաքում խոսել ես պլան Բ-ի՝ ապստամբության մասին։ Բայց ապստամբություն չի արել։ Լավ, բացեք յութուբը, ֆեյսբուքը, տեսեք թե օրը քանի հարյուր հոգի է ասում, որ հանրահավաքի ճանապարհով դավաճանը չի գնա, պետք է ապստամբել, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում։ Եթե մարդը տեսնում է, որ իր հայրենիքը ծախել են, քաղաքական պայքարով էլ հարց չի լուծվում, ի՞նչ կոչեր պետք է անի։ Դա տրամաբանական է, դա ցանկացած իշխանություն պետք է իմանա, անգիր անի, որ եթե չես ուզում զայրացած ժողովուրդը անօրինականության ճանապարհով գնա, պետք է ինքդ նախաձեռնես օրինականը, հակառակ դեպքում այդ ամենը չես զսպի։ Կյանքի օրենք է։

Եթե ապստամբությունը, անհնազանդությունը, շենքեր մտնելը վատ է, հանցագործություն է, բա ինչո՞ւ ռադիոտուն մտնելու համար Նիկոլը չդատապարտվեց։ Երեկվանից բոլորը դրա մասին են խոսում։ Բա թուրքերը Սյունիքում խրամատ են փորում, նոր պատերազմի են պատրաստվում, մեր երկրի ղեկավարը միտինգ է անում, «դըմփ-դըմփ-հու» է անում, բա ի՞նչ կոչեր հնչեցնեն մարդիկ։ Այն, ինչ կատարվում է Վազգեն Մանուկյանի, Օնիկ Գասպարյանի, արդեն նաև Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդում է, այլ կարծիք չկա։

Մյուս իրադարձությունը․ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը դատի է տվել Արմեն Սարգսյանին՝ իրեն աշխատանքից ազատելու համար։ Նա ազատվել էր պաշտոնից նրա համար, որ խնդացել էր վարչապետի՝ Իսկանդերը՝ 10 տոկոսով պայթելու մասին անհեթեթ հայտարարության վրա։ Նախագահ Արմեն Սարգսյանը առանց հիմքերը ուսումնասիրելու ստորագրել էր վարչապետի՝ իրեն ուղարկած թուղթը։ Արդյո՞ք բանակի երկրորդ մարդուն հենց էդպես կարելի էր հանել։ Այն էլ այն դեպքում, երբ Նիկոլն ինքը Պուտինի զանգից այսինքն՝ կլիզմայից հետո ներողություն խնդրեց, թե՝ ես անմեղ եմ, ինձ սխալ զեկուցողներն են մեղավոր։ Վստահ եմ, որ Տիրան Խաչատրյանին նորմալ դատարանը կվերականգնի պաշտոնին։ Իմքայլականներն ասում են՝ առանց գեներալների էլ բանակը յոլա կգնա։ Էդպես ասում էին նաև մինչև պատերազմը ու էդպես էլ երկիրը վարի տվին ու թուրքին տվին։

Հաջորդը կորոնավիրուսային իրավիճակի ինֆորմացիան էր․ առողջապահության նախարարը կառավարության նիստում հայտարարեց, որ կա կորոնավիրուսի աճ, հաջորդ շաբաթ թիվը էլ ավելի կավելանա։ Ինչո՞ւ հաջորդ շաբաթ, որովհետև կորոնավիրուսը մինչև երկշաբաթյա ժամկետում է ի հայտ գալիս, և մինչև հաջորդ շաբաթ կերևա, թե Նիկոլի միտինգին ով ում վարակեց։ Նախարարն ասում է, որ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Նույն առողջապահության նախարարը, սակայն, Նիկոլին ոչ միայն չէր ասում՝ միտինգ մի արա, կորոնավիրուսը տարածվում է, այլև անձամբ մասնակցում էր էդ հողատուների խրախճանքի շքերթին։ Զավեշտն այն է, որ ուղիղ մի տարի առաջ էլ կորոնավիրուսը տարածվում էր, ու սրանք միտինգ էին անում։ Նոր բան չսովորեցին։ Իսկ մեր երկրում դիմակով շրջում են հիմա Նիկոլի դիպուկահարները միայն, որ դեմքները չճանաչեն հարևանները և ամոթանք չտան։ Անգնահատելի է Նիկոլի իշխանության դերը կորոնավիրուսի տարածման ու վնաս տալու մեջ։ Էս իշխանության անպատասխանատվության արդյունք է էս ամենը։ Իսկ պատվաստանյութի մասին դեռ խոսք չկա, չնայած ամբողջ աշխարհը պատվաստվում է արդեն։

Օրվա ամենակարևոր իրադարձությունը, իհարկե, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն էր ռուսական լրատվամիջոցներին, նոր մեսիջներով, նոր ասելիքով։ Նախ աննախադեպ էր ռուսական ԶԼՄ-ների հետաքրքրության առումով․ 20-ից ավելի լրատվամիջոց կար, որոշները, պարզվեց, անգամ մի քանի լրագրողով էին ներկայացել, մի մասը եկել էին հենց ասուլիսի համար։

Երկրորդ նախագահն ասում է՝ եթե այս իշխանությունն ունենար արժանապատվություն, ինքնասպանություն կգործեր կապիտուլյացիայից հետո կամ գոնե ծնկի կգար, ներողություն կխնդրեր ժողովրդից ու հրաժարական կտար։ Նախագահն ասում է, որ պետք է ընտրություն կատարել բանակի և Փաշինյանի միջև, ո՞րն է մեզ համար ավելի կարևոր։ Կարծիք է հայտնում, որ թեև գեներալները, խոսում են երկրի անվտանգության ակնհայտ սպառնալիքի մասին, սակայն պասիվ են։ Նախագահն ասում է՝ այս իշխանությունը, պրոֆեսոինալիզմ չունենալու պատճառով ու պլանավորած պարտության պատճառով, չի կարող նորմալ բանակցել։ Երկրորդ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ու նշում է, որ մենք պետք է գտնենք Ռուսաստանի հետ այնպիսի ինտեգրման բանաձև, որը թույլ կտա արագ վերականգնել մեր զինված ուժերը։ Այս իշխանությունը ոչինչ չի անում ու ոչինչ չի ասում, իր բոլոր կորուստներն ու ձախողումները թաքցնում է պետական գաղտնիք անվան տակ։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ սա վերջը չէ, սա անարդար խաղաղություն է, որը չի կարող չհանգեցնել պատերազմի։

Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև իր դեմ քրգործին, մեղադրանքին՝ ասելով․ մարտի 1-ի դեպքը «մանկական խաղ» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Մի քանի անգամ սահմանադրական կարգ տապալած Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է Երևան քաղաքում 21 օրով արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մեջ։ Սա աբսուրդ է։

Ինձ համար ամենակարևորներից էր նախագահ Քոչարյանի հաստատումը Փաշինյանի մասին․ Ռուս լրագրողի հարցին, թե ինչ կլինի Փաշինյանի հետ, եթե երկրորդ նախագահը հաղթի ընտրություններում, Քոչարյանը պատասխանեց․ «Վրեժխնդրությունը թույլ մարդկանց համար է»: Սա կարևոր մեսիջ էր մի մարդու համար, որը երեք տարի ղեկավարում է և բոլորին բռնելու մոլուցքով տարված՝ քանդում է երկիրը։ Հայաստանն առաջ չգնաց, ավելին, խրվեց ճահիճը հենց թույլ մարդու պատճառով։ Նիկոլը, իհարկե, պետք է դատվի մեր հայրենիքը թուրքին տալու և լիքը այլ հանցանքների համար, բայց դա չի լինի Սասուն Խաչատրյանի պես կարած գործ, այլ կլինի արդար պատիժ հանցանքների համար։ Սակայն Քոչարյանը, կարծես, վստահեցնում է, որ ինքն անձամբ դրանով չի զբաղվելու, «կարել» չի տալու, ինչպես սրանք։

Նախագահ Քոչարյանն ասում է՝ պետք է վերականգնել զինված ուժերը, կրկին դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Դրա համար պետք է արդյունավետ կառավարում: Դրա համար պետք է հանրության համախմբում և որոշումներ կայացնողները ունենան մտավոր ներուժ, ընդունակություն, լուծումների կարողություն։ Ռոբերտ Քոչարյանը վերահաստատեց, որ կմասնակցի, եթե ընտրություններ լինեն, իսկ մասնակցելուց էլ, կարծում է, որ կհաղթի։ Ասաց, որ ինքը բավականաչափ փորձ ունի Հայաստանի զարգացման կանխատեսելիությունը, կառավարելիությունը և դինամիկան ապահովելու համար։ Նրա կառավարման տարիները կասկածի տեղ չեն թողնում։ Այն ամենը, ինչ ասել է, արել է։ Դե հիմա էս մարդն էլ այդ տեսակ է։ Սրանց կարծես սովորեցինք, մեզ թվում է՝ բոլորն են սրանց նման։

Կարճ ասած՝ Հայաստանը կարող է այս ամենից դուրս գալ, կարող է ուղղել մեջքը։ Ուղղակի պետք է դավաճանները հեռացվեն, ծույլիկներն ու թույլիկներն էլ չընկնեն ոտատակ։ Պետք է, երկրին տեր կանգնող լինի։ Պետք է ուժեղ, ամուր բռունցք։ Արդյոք դուք ա՞յլ կերպ եք մտածում։

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ